38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ընտրազանգվածի սեգմենտացիան` առաջիկա քաղաքապետական ընտրությունների համատեքստում

Ընտրազանգվածի սեգմենտացիան` առաջիկա քաղաքապետական ընտրությունների համատեքստում
10.04.2009 | 00:00

ԵՐԵՎԱՆԻ ԸՆՏՐԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ
Մոտենում է Երևանի քաղաքապետի ընտրությունների օրը, սակայն մինչ օրս վերլուծական շրջանակներում այդ ընտրությունների հավանական ելքի հետ կապված` պահպանվում է լռություն և անորոշություն: Ընդ որում, որքան շատ քաղաքական ուժեր հայտնեցին ընտրություններին իրենց մասնակցել-չմասնակցելու հանգամանքի մասին, այնքան մեծացավ այս ընտրությունների հավանական ելքի հետ կապված անորոշությունը, և, հետևաբար, ավելի բարդացավ դրա արդյունքների կանխատեսումը:
Չնայած մեր հանրապետությունում ընտրական երևույթների վերլուծության դժվարություններին` կապված մեզանում այդ քաղաքական գործընթացի չկայացածության և այդ քաղաքական ինստիտուտի նկատմամբ հանրության վստահության բացակայության հետ, այնուամենայնիվ, կարելի է փորձ կատարել` ուրվագծելու առաջիկա ընտրություններում ուժերի հավանական բաշխումները, երևանյան ընտրազանգվածի սեգմենտացիան և այդ համատեքստում ընտրությունների հավանական ելքը: Բացի այդ, Երևան քաղաքն աչքի է ընկնում մի շարք հետաքրքիր ընտրական առանձնահատկություններով, որոնց անդրադառնալը փոքր-ինչ հստակեցումներ կմտցնի գալիք ընտրությունների արդյունքները կանխատեսելու գործում:
Նախ և առաջ անհրաժեշտ է նշել, որ այս ընտրությունները հաստատապես կտարբերվեն հանրապետությունում անկախությունից ի վեր տեղի ունեցած բոլոր մակարդակի ընտրություններից ոչ միայն քաղաքական դաշտում առկա լարվածության պատճառով (որին գնալով նպաստում է նաև ֆինանսատնտեսական ճգնաժամի արդյունք հանդիսացող աճող սոցիալական լարվածությունը), այլ նաև վերջին նախագահական ընտրությունների ընթացքում քաղաքական դաշտի կառուցվածքի և վերջինիս գործոնների` այս կամ այն քաղաքական բևեռին իրական պատկանելությունը «ջրի երես» դուրս գալու պատճառով: Քանի որ երևանյան (և ոչ միայն) ընտրազանգվածի մոտ նախագահական վերջին ընտրությունների ընթացքում «պատռվեցին» քաղաքական որոշ գործիչների «դիմակները», ինչը և արմատապես փոխեց մեր հանրապետության, այդ թվում` Երևան քաղաքի ընտրազանգվածի սեգմենտացիան: Եվ կարելի է չկասկածել, որ այս վերջին հանգամանքն է՛լ ավելի է մեծացնում առաջիկա ընտրությունների արդյունքների հետ կապված անորոշությունը:
Առաջիկա ընտրությունների առանձնահատկությունը պայմանավորված է նաև նրանով, որ Երևան քաղաքն իր ընտրական բնութագրիչներով էապես տարբերվում է հանրապետության գրեթե բոլոր շրջանների ընտրական բնութագրիչներից, բացառությամբ, երևի, Գյումրու, Վանաձորի և մի քանի այլ ռեգիոնալ կենտրոնների, որտեղ ընտրութուններն աչքի են ընկնում որոշակի օրինականությամբ: ՈՒստի քաղաքապետի գալիք ընտրությունների ելքի մասին քիչ թե շատ պատկերացում կազմելու համար նախ և առաջ անհրաժեշտ է կտրվել մեր հանրապետությունում մինչ այժմ կայացած ընտրությունների արդյունքների շուրջ ձևավորված կարծրատիպերից և շեշտադրումը տեղափոխել Երևան քաղաքի ընտրական բնութագրիչներին:
Ընդհանրապես, եթե խոսենք Երևանի ընտրական բնութագրիչների մասին, ապա կարող ենք միանշանակորեն այն անվանել համապետական նշանակության «պոլիտոգենեզի կենտրոն», այսինքն` մի կենտրոն, որտեղ ծնվում և որտեղից ողջ հանրապետությունով մեկ տարածվում են քաղաքական պրոցեսները, ինֆորմացիան և ազդակները: Այս առումով Երևանն առավելապես տարբերվում է հանրապետության մյուս բոլոր շրջաններից, որոնք առավելապես հանդես են գալիս որպես այս կենտրոնից դուրս եկող քաղաքական ինֆորմացիայի, ազդակների «սպառող», և դրանով իսկ ընտրական պրոցեսներում դրսևորում պասիվ դերակատարում: Ընդ որում, այս պոլիտոգենեզի գործառույթը չափազանց կարևոր է քաղաքապետական ընտրությունների համատեքստում, քանի որ պոլիտոգենեզի գործառույթը ենթադրում է նաև այդ կենտրոնում հանրության քաղաքական ակտիվության ամենատարբեր ձևերի` հանրահավաքների, ցույցերի, «քաղաքական զբոսանքների» պերմանենտ առկայություն, ինչն ընտրազանգված պահելու և քաղաքական պայքարը շարունակելու չափազանց կարևոր գործոն է, ուստի հիշյալ գործոնը կարևոր նշանակություն կունենա առաջիկա ընտրություններում, տարբերելով այն մյուս շրջանների ընտրական պատկերից, քանի որ նախագահական վերջին ընտրությունների ընտրարշավի ընթացքում բավական էր շրջել հանրապետության տարբեր շրջաններում, պատկերացում կազմելու համար դրանցում առկա ինֆորմացիոն վակուումի կամ էլ վերջինս միայն իշխանական քարոզչական մեքենայի կողմից համալրվող, հիմնականում ընդդիմադիր թեկնածուին վարկաբեկող և նրա նկատմամբ բացասական վերաբերմունք ձևավորող տեղեկատվությամբ: Բացի այդ, Երևանն իր ընտրական բնութագրիչներով մյուս շրջաններից տարբերվում է նաև նրանով, որ լինելով պոլիտոգենեզի կենտրոն, այստեղ գրեթե բոլոր համապետական ընտրություններն անցկացվում են քիչ թե շատ թափանցիկության պայմաններում, որի մասին է վկայում այն հանգամանքը, որ այստեղ ընդդիմության ստացած քվեների գումարային մեծությունը գրեթե միշտ գերազանցում է իշխանության թեկնածուի կամ կուսակցության ստացած քվեների գումարը:
Այսպես, խորհրդարանական վերջին ընտրություններում հիմնական ընդդիմադիր ուժերի (ՕԵԿ, «Ժառանգություն», «Դաշինք», ՆԺԿ, ՄԱԿ) ստացած քվեները Երևանում կազմում էին ավելի քան 123 հազար, մինչդեռ իշխանական ՀՀԿ-ի քվեները` մոտ 109 հազար, իսկ ահա նախագահական վերջին ընտրություններում ընդդիմադիր թեկնածուների (Տեր-Պետրոսյան, Բաղդասարյան, Գեղամյան, Կարապետյան, Մանուկյան, Մելիքյան, Հարությունյան) ստացած քվեների գումարային մեծությունը կազմեց ավելի քան 246 հազար, մինչդեռ իշխանության թեկնածու Սերժ Սարգսյանի քվեները կազմեցին մոտ 237 հազար:
Եթե հաշվի նստենք վերջին թվերի հետ, ինչպես նաև եթե փաստենք այն հանգամանքը, որ վերջին նախագահական ընտրություններում Ս. Սարգսյանի թեկնածությունը պաշտպանում էր նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի ընտրազանգվածը մոտավոր գնահատումներով Երևանում կազմում է ավելի քան 57 հազար ընտրող (վերջին խորհրդարանական ընտրություններում), ապա կարելի է եզրակացնել, որ իշխանության կուսակցության և նրա թեկնածուի հնարավորություններն առաջիկա ընտրություններում ավելի փոքր են, քանի որ ԲՀԿ-ն քաղաքապետի այս ընտրություններում հանդես է գալիս առանձին ընտրացուցակով:
Վերը խոսելով նախագահական վերջին ընտրությունների ընթացքում քաղաքական դաշտի կառուցվածքի հստակեցումների մասին, դրա համատեքստում պետք է նշել, որ այդ հստակեցման արդյունքում, երբ ՕԵԿ-ը կրկին հայտնվեց իշխանական ճամբարում, նրա ընդդիմադիր կեցվածք ունեցող ընտրազանգվածը, ըստ էության, «փոշիացավ», արդյունքում այս քաղաքական ուժը վերածվեց զուտ ֆորմալ գոյացության: Իսկ առաջիկա ընտրությունների համատեքստում դա լուրջ հարց է, քանի որ ՕԵԿ-ի և Ա. Բաղդասարյանի ընտրազանգվածը Երևան քաղաքում մինչև վերջին պրոցեսները կարելի էր գնահատել մոտ 70 հազար ընտրող: Եվ կարելի է չկասկածել, որ այդ ընտրազանգվածի զգալի մասն այս ընտրություններում իր քվեն կտա արդեն այլ` ռեալ ընդդիմադիր թեկնածուի, քանի որ այդ ընդդիմադրի ընտրազանգվածի պատկերացմամբ` ՕԵԿ-ն արդեն իշխանական ռեժիմին և կուսակցությանը սպասարկող քաղաքական ուժ է:
Ինչ վերաբերում է այս ընտրություններին «Ժառանգության» չմասնակցելուն (որը խորհրդարանում հայտնվեց առավելապես շնորհիվ Երևանի իր ընտրազանգվածի` ստանալով ավելի քան 53 հազար քվե), ապա այս դեպքում ևս պետք է նշել, որ նրա ընտրազանգվածը նույնպես, Ա. Բաղդասարյանի ընտրազանգվածի մի մասի հետ, իր քվեն կտա ՀԱԿ-ի ընտրացուցակին, քանի որ այսօր երևանյան ընտրազանգվածի համար որպես իրական ընդդիմություն են հանդես գալիս միայն Հայ ազգային կոնգրեսը և նրա առաջնորդը:
Ինչ վերաբերում է դաշնակցությանը, ապա հարկ է նշել, որ Երևան քաղաքում այս ուժն ունի բավական լուրջ ընտրազանգված (ավելի քան 35 հազար ընտրող), ինչպես նաև քարոզչության բավական լավ հնարավորություններ («Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը): Ընդ որում, ՀՅԴ-ն այն ուժն է, որի ընտրազանգվածը բավական կայուն է, ուստի, դրա հետ կապված, կարելի է կանխատեսել, որ այս քաղաքական ուժի ընտրազանգվածը կկրի աննշան փոփոխություններ: Իսկ այդ փոփոխություններից առավել հավանականն այն է, որ Տեր-Պետրոսյանի թեկնածության առկայության պայմաններում ՀՅԴ-ն, ինչպես և վերջին նախագահական ընտրություններում, ներքուստ կաշխատի ՀՀԿ-ի և նրա թեկնածուի օգտին: Ընդ որում, այս վերջինն առավելապես կարելի է պնդել նաև ՕԵԿ-ի առնչությամբ:
Սակայն Երևանում ընտրությունների արդյունքները խիստ տարբերվում են նաև համայնքից համայնք, ինչն արդյունք է ինչպես սուբյեկտիվ գործոնների, այնպես էլ ցանկացած խոշոր քաղաքին բնորոշ օբյեկտիվ սոցիալ-տարածքային բևեռացվածության: Ընդ որում, այս գործոնների արդյունք հանդիսացող Երևանի ընտրական-տարածքային բևեռացվածությունն իր բնույթով կարծես կրկնում է հանրապետությունում առկա «կենտրոն-ծայրամաս» (Երևան-մարզեր) ընտրական բևեռացվածությունը, որի դեպքում Երևանն առավելապես քվեարկում է ընդդիմության օգտին, իսկ շրջանները` առավելապես իշխանական կուսակցության և թեկնածուի: Այսպես, ստորև բերված աղյուսակից, որտեղ ներկայացված են 2008 թ. նախագահական ընտրությունների արդյունքները Երևան քաղաքի համայնքներում, տեսնում ենք, որ ընդդիմության թեկնածու Տեր-Պետրոսյանն առավել լուրջ հաջողություններ է ունեցել Երևանի կենտրոնում և դրան հարակից համայնքներում, և վերջիններում նրա ստացած քվեները Ա. Բաղդասարյանի քվեների հետ գերազանցել են իշխանության թեկնածուի ստացած քվեները: Բայց ահա Ս. Սարգսյանն առավելապես հաջողել է ծայրամասային համայնքներում:
Ընդ որում, այս պատկերը եթե կարող է մասնակիորեն արդյունք լինել սուբյեկտիվ գործոնների (ինչպես, օրինակ, Էրեբունու նախկին թաղապետ Մ. Սեդրակյանի գործոնը համապատասխան համայնքում), այնուամենայնիվ, պետք է փաստել, որ քաղաքի նման ընտրական-տարածքային բևեռացվածություն առկա է աշխարհի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում: Եվ մեզանում այսպիսի պատկեր կարելի է ակնկալել նաև առաջիկա ընտրություններում:
Իսկ այն, որ ՀՅԴ ընտրազանգվածը չափազանց կայուն է, հիմնավորում է նաև այն փաստը, որ (ինչպես տեսնում ենք նույն աղյուսակից) ՀՅԴ թեկնածու Վ. Հովհաննիսյանի օգտին քվեարկության մակարդակը նախագահական վերջին ընտրություններում Երևանում համայնքից համայնք ունեցել է աննշան տարբերություններ, այսինքն` այս ուժի օգտին քվեարկությունը ենթակա չի եղել ներհամայնքային կոնյունկտուրային պրոցեսներին:
Ամփոփելով` նշենք, որ ընտրական այն պատկերը, որն այս հրապարակման մեջ վերագրվեց Երևանին, էապես կարող է փոխվել, քանի որ այն դատողությունները, որոնք արվեցին, հիմնված էին լոկ ընտրական վիճակագրության վրա, որը մեր հանրապետությունում ոչ միշտ է արտահայտում ընտրազանգվածի իրական սեգմենտացիան, բացի այդ, անգամ եթե արտահայտեր, այնուամենայնիվ, քաղաքական պրոցեսները հաճախ ունենում են այնպիսի կտրուկ զարգացումներ, որոնք 180 աստիճանով փոխում են քաղաքական իրադրությունը: Բացի այդ, առաջիկա ընտրությունների նախընտրական շտաբների կազմավորումը, կարգախոսների և նախընտրական ծրագրերի կազմումը և հստակեցումը դեռևս գտնվում են նախնական փուլում, և միայն շտաբների կազմավորման և ծրագրերի հրապարակման ու բուն նախընտրական քարոզչության սկսվելու դեպքում կարելի է ավելի հստակ պատկերացում կազմել Երևանում առկա քաղաքական իրադրության, ընտրողների քաղաքական տրամադրությունների, ընկալումների ու սպասումների մասին և առավել ևս` կանխատեսել այդ ընտրությունների արդյունքները:
Հուսիկ ՂՈՒԼՅԱՆ

Դիտվել է՝ 3283

Մեկնաբանություններ