38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ի՞նչն է պատճառ դարձել մեր ժողովրդի անօրինակ ողբերգության

Ի՞նչն է պատճառ դարձել մեր ժողովրդի անօրինակ ողբերգության
24.04.2009 | 00:00

94 ՏԱՐԻ ՔՆԱԾ ԵՆՔ, ՇԱՏ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է…
ՆԱԽԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ
Հրեաները ողբում են իրենց Պատի առջև, իսկ մենք` աղոթում խաչի առաջ։
Կգա այն «երջանիկ» օրը, երբ աշխարհը, մեզնից զզված, կփակի իր ականջներն ու կգոռա. «Էլ չեմ ուզում լսել ձեր ցեղասպանության մասին», և վրա կհասնի «իսկական ճշմարտության պահը». մենք վերջապես կտեսնենք մեզ վերևից, ինչպես տեսնում են մեզ այլ մոլորակներից ու զարմանում մեր կարճատեսության ու միամտության վրա։ Աշխարհում մենք ունենք հանճարեղ ազգի համբավ, բայց ինչո՞ւ ենք մեզ պահում հիմարի նման։ 1915-ից անցել է համարյա մի դար` 94 տարի։ Մի՞թե դժվար է հասկանալ, որ աշխարհի ժողովուրդներին չեն հետաքրքրում մեր խնդիրները, և վերջ տալ ամբարտավան մուրացկանի մեր կեցվածքին։
Մի՞թե դժվար է ամբողջ ազգով որոշել գոնե 7 տարի «քեֆ» չանել ու սկսել կարդալ, անջատել հեռուստացույցն ու կարդալ, առաջին հերթին մեր աննման Աստվածաշունչը - լիանա՜լ Նրա Շնչով, հետո` մեր Հայրերին, որ հասկանանք կարդացածը, հետո` մեր քաջ Զինվորներին - առաջին հերթին, իհարկե, մեր փառապանծ Գարեգին Նժդեհին, քանզի նրան այդ հանճարեղ խոսելու և գրելու ունակությունը շնորհված է միայն ու միայն երկնային Հորից։ Իսկ հետո հարկավոր է մտածել ու նորից մտածել, քանզի մեզ 500 տարի պարտադրել են չմտածել, խորհել անցյալի ու ներկայի մասին, մեր հավերժ թշվառ վիճակի մասին, և անպայման անգիր անել մեր մոռացված աղոթքները (հիշե՛ք` մուսուլմաններն ամբողջ աշխարհում օրվա մեջ 5 անգամ (հի՛նգ) պարտադիր կերպով աղոթում են, ու Աստված լսում է այդ աղոթքները, քանզի դրանք մաքուր ու միամիտ սրտից են բխում)։ Իսկ որ իրենց հավատքը սխալ է և այլն, դա ուրիշ հարց է, բայց այսօր մենք պարտավոր ենք գոնե վերադառնալ 5-րդ դար` մեր ոսկեդարը, որի մասին արդեն մեր Հայրերը դժգոհությամբ են խոսում, ու կամաց-կամաց գտնել մեր կորցրած ճշմարտությունները, որոնց կորուստը հասցրեց մեզ այդ մեծ Զուլումին...
Մեզ բոլորիս հարկավոր է վերադառնալ մեր աղոթքին ու սպասել, մինչև Աստված բարեհաճի պատասխանել։
Եկեք հասկանանք` ոչ մի Օբամա չի կարող (եթե ուզենա էլ) մեզ օգնել։
Արթնանա՛նք, հայեր։
94 տարի քնած ենք, շատ վտանգավոր է։
Իսկ հիմա, այսքան անկեղծանալուց հետո, խնդրում եմ` կարդացեք Նժդեհի արդեն մոռացված խոսքը Եկեղեցու մասին ու եկեք մի քիչ մտածենք, մի քիչ դարդ անենք (Նժդեհի մականուններից մեկը եղել է «Դարդունի»), մի քիչ լրջանանք ու ինքնուրույն (հայավարի՛) մտածենք մեր մասին, մեր երեխաների մասին, մեր ապագայի մասին, որ հանկարծ չգա մեր գլխին նոր Զուլումը` այս անգամ` 2015-ը։
Դրանից հետո կարդանք մեր նոր ռուս եղբոր` Իվան Իլյինի խոսքը նույն բանի մասին` իր ուրույն ձևով։ Եվ նորից մտածենք ու նորից աղոթենք, քանզի մեզ շնորհված է մեծ պատիվ` կանգնելու խաչված Քրիստոսի առջև, ու դիմենք Իրեն` մեր կենդանի Փրկչին։ Դիմենք մեր բոլոր խնդիրներով` առօրյայից սկսած ու վերջացրած մեր ահավոր դարդերով` ընտանեկանից մինչև համաշխարհային։
Եվ Նա, տեսնելով մեր մաքուր սիրտը, անպայման կօգնի...
Սխալվել, չարաչար սխալվել է մեր Եկեղեցին` «տնանկ»ների և «սնանկ»ների բարոյականություն քարոզելով
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
Եկեղեցին վերագնահատումի պիտի ենթարկի քրիստոնեական սիրո իր սխալ ըմբռնումը, որպեսզի դադարի թուլությունը առաքինություն համարել և սպանել մեր ժողովրդի կամքը։
Սխալ է ըմբռնել եկեղեցին քրիստոնեական սիրո խորհուրդը և դրա հետևանքով ամբողջ դարեր պատճառ դարձել մեր ժողովրդի անօրինակ ողբերգության։
Սիրում է նա, ով ուժեղ է, ով հոգու առատություն ունի, ում ուժի բաժակը լցված է հորդելու, թափվելու աստիճան։
Արգասավոր չէ՛ թույլի սերը։
Քծնանքն է թույլի ներումը։
Քրիստոսը սիրում էր, որովհետև ուժեղ էր. նա սիրում էր, որովհետև սիրելու և ներելու չափ հզոր էր։
Նրա անձնական կյանքը պիտի դառնա Եկեղեցուն ուղեցույց։
Նրա մահվան խորհուրդը` հերոսական զոհաբերություն։
Նա զոհաբերեց, որովհետև գաղափարի հերոս էր։
Միայն արին, քաջը, միայն հերոսը կարող է զոհաբերել։
Անընդունակ է թույլը ինչպես սիրո, նույնպես և զոհաբերության։
Մի ժողովուրդ, որն ընդունակ չէ այս երկու առաքինության, դիպվածների կպարտի իր գոյությունը։
Քրիստոնյան նա՛ չէ, ով քրիստոնեական վարդապետության տարերքը սխալ է հասկացել, ընկել նախապաշարումների ցանցի մեջ և տկարացել կորչելու աստիճան, այլ նա, ում մեջ մի քիչ քրիստոսություն կա - մի կայծ ամենահզոր աստվածամարդու հոգուց։
Նա ամենակարողն էր, ամենահզորը. մենք առնվազն կարող և հզոր պիտի լինենք, որպեսզի կարողանանք սիրել և զոհաբերել։
Սխալվել, չարաչար սխալվել է մեր Եկեղեցին` «տնանկ»ների և «սնանկ»ների բարոյականություն քարոզելով։
Սրանից հետո սիրո և զոհաբերության ընդունակ արի ժողովրդի մասին պիտի խոսի, եթե ուզում է, որ քրիստոնեության հետքերը մնան Փոքր Ասիայում և Հայաստանում։
ՈՒժե՛ղ և արիակա՛ն ժողովուրդ, այնպիսին, որ ընդունակ լինի արհամարհել մահը հանուն իր սեփական գոյության։
Այսպիսով կապրի ոչ միայն հայությունը, այլև Հայոց եկեղեցին։
Ինքնապաշտպանությունը հայ ժողովրդի. ահա Հայ եկեղեցու նոր հավատամքը։
Չընդունե՞ց այս ճշմարտությունը, չքարոզե՞ց, չտարածե՞ց ամեն օր այս փրկարար գաղափարը, իր բոլոր միջոցներով չնպաստե՞ց մեր ինքնապաշտպանության գործին, կործանված է եկեղեցին։
Թող սուրը ձեր դառնա աղոթք, իսկ աղոթքը` սուր
ԻՎԱՆ ԻԼՅԻՆ
Նրանք ասում են, թե չի կարելի պայքարել չարագործի դեմ. դա մեղք է։ Այլ կարելի է միայն համոզել, աղաչել ու թախանձել։ Իսկ եթե նա, մոլուցքով լցված, չի լսում և շարունակում է բռնանալ, ուրեմն հարկավոր է ձեռքերը ծալել ու հնազանդվել` թող անխուսափելին կատարվի։
Փաստորեն, չարագործը պետք է լինի միայն ավելի համառ, ավելի հաստատակամ ու կատաղած, և նրա առաջ կբացվեն բոլոր ճանապարհները։ ՈՒ ինչքան ավելի մոլագար ու գազանաբարո է ոճրագործը, այնքան անկաշկանդ է, ինչքան քիչ է նրա ներքին զսպումը, այնքան մեծ է արտաքին անկաշկանդությունը։ Իսկ ինչո՞ւ։ Ինչո՞ւ է անխուսափելի այն, ինչ ցանկանում է սրիկան։ Ինչո՞ւ, եթե նա բռնաբարում է քրոջս, սպանում հորս ու եղբորս, պատվազրկում կնոջս ու աղջկաս, տանջում ու անարգում իմ հայրենիքը, ինչո՞ւ ես պետք է «ծալեմ ձեռքերս ու հնազանդվեմ»։ Ինչո՞ւ ես պետք է ընդունեմ դա որպես «անխուսափելի» մի բան։ Ինչո՞ւ ես պետք է խեղդեմ իմ մեջ և՛ սերը, և՛ կարեկցությունը, և՛ օգնելու ցանկությունը, և՛ անձնուրաց խոյանքը, և՛ ցասումը, և՛ անարգանքի զգացումն ու հնազանդվեմ։
Նրանք պատասխանում են.
-Որովհետև չարագործի հոգին Աստծո ձեռքում է, նա ենթարկվում է ոչ թե քեզ, այլ Աստծուն, և եթե Աստված չօգնեց նրան դառնալու գթաշարժ, ուրեմն այդպիսին է Աստծո կամքը, և դու պարտավոր ես ենթարկվել անխուսափելիությանը։
Բայց ինչպե՞ս։ ՈՒրեմն, եթե չարագործը չարագործում է, ապա դա Աստծո գործն է և Աստծո կա՞մքը։ Այո, նրանք հենց դա են ասում.
-Ոչ ոք իրավունք չունի դուրս գալու իր էության սահմաններից ու ներխուժելու ուրիշի վարքի մեջ, իսկ եթե որևէ մեկն անում է դա, ապա նա սեփականացնում է Աստծո իրավունքները, նա «սրբապղծորեն» Աստծո կամքի տեղն է գրավում (ասես նա թերի էր) իր կամքով, իսկ դա նշանակում է, որ նա «մերժում է» Աստծուն...
Երբ առաջին անգամ կարդում ես այս ամենը, զգում ես բարոյական գլխապտույտի նման մի բան։ Իսկ ի՞նչ է Աստված ուզում մարդկանցից` բարի՞ն, թե՞ չարը։ Աստված ուզում է, որ չարերն անարգել տանջեն բարիների՞ն։ Նա «իր կամքը» մեկընդմիշտ տվել է բոլոր երեխաներին, բոլոր հիվանդներին, բոլոր թույլերին, բոլոր արդարներին որպես անվիճելի ու անկասկածելի ձեռքբերում բռնաբարողներին ու ոճրագործների՞ն։ «Նրա կամքն» այն է, որ դա կատարվի առանց որևէ խոչընդոտի՞։ Ինչքան շատ ես մտածում այս մասին, այնքան սուր ես զգում, որ կանգնած ես ինչ-որ կրոնական խելագարության առջև։
Ակամա հարց է ծագում` ի՞նչ է, մի՞թե Աստված չարագործների Աստվածն է։ Եվս մի հարց` որտեղի՞ց է հայտնվել այդ հակաբնական, այդ անաստված ու սրբապիղծ ուսմունքը Աստծո մասին։ Մի՞թե հակաբնական չէ այն պնդումը, թե առաքինությունը չարագործությունը հանդուրժելն է։ Մի՞թե անաստված չէ այն միտքը, թե Աստծուն հաճելի է կեղծավոր հոգին, որը դավաճանում է իր մերձավորին հանուն սեփական «անթերիության»։ Քրիստոնեության մեջ ինչպե՞ս կարող էր ծնվել այդ պատկերացումը Աստծո մասին, թե Նա կամազուրկ, վախկոտ, դասալիք, դավաճան, «գերզգայուն» չդիմադրողների Աստվածն է։
Ով ցանկանում է ճիշտ լուծել չարին ուժով դիմադարձելու խնդիրը, պետք է առաջին հերթին մտածի այդ հարցը ճիշտ ներկայացնելու մասին։ Մարդկության պատմության ընթացքում տարբեր դարաշրջաններում ու տարբեր համայնքներում միշտ լավագույն մարդիկ զոհվել են չարագործների ձեռքով, և դա շարունակվում էր մինչև լավագույնների հակահարվածը։ Այդպես է եղել միշտ ու այդպես էլ կլինի միշտ. մարդու մեջ արմատացած չարը հաղթանակում է այնքան ժամանակ, քանի դեռ չի սանձահարվում դրսից` ուրիշների կողմից։
Հարկադրանքն ու կանխարգելումն անհրաժեշտ են նրա համար, որ արատավոր հոգու մեջ արթնացնեն իրավագիտակցությունը և բարոյական զգացումը, որոնցից յուրաքանչյուրը յուրովի տանում է դեպի իրական բարոյականություն կամ էլ յուրովի մոտեցնում է այն։ Այդ ուղին հերքողները պնդում են, որ այդ ճանապարհն անարդար է։ Դա ճիշտ է` բացարձակ բարոյականության գնահատման իմաստով և սխալ` գործնական ելք ցույց տալու իմաստով։ Հասկանալի է այն երազանքը, որ կատարյալ մարդը կարողանար կանգնեցնել ու վերափոխել ոճրագործին միայն հայացքով, խոսքով կամ շարժումով։ Դա շատ ազնիվ, բայց միամիտ երազանք է, քանզի արդարի հոգևոր ուժն ունի իր սահմանը կատարյալ չարիքի առաջ։
Սրի ուղին անարդար է, բայց ո՞վ է սարսափում այդ անարդարությունից, հայտարարում դա «չարագործություն» և փախչում դրանից։ Դա հենց այն մարդն է, որն ամբողջ կյանքում ոչ միայն ընդունել է ամեն մի անարդարություն, որովհետև դա «պետք» կամ «օգտակար» է եղել իրեն, այլ հիմա էլ հանգիստ խղճով մեղք է գործում «իր օգտի համար»։
Չարին դիմադրողը պետք է ընտրի հոգևոր տեսակետից անհրաժեշտ, թեպետ և անարդար ուղին։ Նա պետք է ընդունի առկա բարոյական անելանելիությունը և հաղթահարի այն զգացմունքով, կամքով, մտքով, խոսքով և արարքով։ Բարին ցանկանալով, նվիրված լինելով բարու գաղափարին` նա ստիպված է, հանուն իր կրոնական տեսակետից անսխալ նպատակի, վերցնել իր վրա անարդար արարքը։ Նրա դրությունը բարոյական տեսակետից ողբերգական է, և միայն ուժեղ մարդը կարող է գտնել ելքը։ Եվ նա վերցնում է իր վրա անարդարության բեռը, բայց ոչ թե իր համար, այլ հանուն Աստծո տնօրինության։ Դա այն ելքն է, որը նա գիտակցում է որպես հոգևոր փոխզիջում, և որը միաժամանակ նրա սխրանքն է, քանզի դա նրա կամքի մեծ, առարկայական լարումն է։ Այդ հոգու լարումը պետք է ոչ միայն նրա համար, որ սպանի չարագործին, այլև նրա համար, որ կարողանա դիմանալ այդ արարքի փաստին ու տանել դա ամբողջ կյանքի ընթացքում` չնսեմացնելով իր արարքը փոքրոգի հրաժարումով, բայց և չիդեալականացնելով նրա բարոյական բովանդակությունը։ Չարի ու նրա դեմ պայքարի ողբերգությունը վերացվում է հենց այդ սխրանքն ընդունելով ու իրականացնելով։ Եվ այդ սխրանքն այնքան վեհ է, ինչքան կատարողի մեջ կենդանի է Աստծո կատարելության ճառագայթով այն լուսավորելու ունակությունը։ Հարկավոր է տեսնել ոչ միայն իր լարման ու արարքի անհրաժեշտությունը, այլև այն մարդկային անելանելիությունը, որից և բխել է դա։
Չարի դեմ պայքարը պահանջում է հերոսություն, քանզի մարդը գիտակցորեն ստանձնում է անարդար դառնալու բեռը։ ՈՒ դա բավական չէ։ Մարդը, վերցնելով սուրը ոճրագործի դեմ, հերոսանում է նրանով, որ իր վրա է վերցնում աշխարհի բեռը` կանգնելով ողբերգական երկընտրանքի առջև, ինչը նրա համար չի թողնում բարոյական ելքի հնարավորություն, և ընտրելով սրի անարդար ու ծանր ուղին, այն ընդունում է որպես իր ճակատագիր։
Յուրաքանչյուր մարդ կոչված է հերոսաբար ընդունելու իր ճակատագիրը, քանզի նա իր երկրային կյանքում ստիպված է գործ ունենալ հորդորի չենթարկվող կատաղած չարի հետ։ Խույս տալ այդ ճակատագրից հնարավոր չէ։ Կա երկու հնարավորություն. կա՛մ անարժանորեն երեսը շրջել նրանից և վախկոտի պես իր դարն անցկացնել կուրության և փոքրոգության մեջ, կա՛մ էլ արժանավայել ընդունել այն` իմաստավորելով այդ ընդունումը որպես ծառայություն ու մնալ հավատարիմ իր կոչմանը։ Հենց դա է նշանակում` վերցնել սուրը հանուն Աստծո տնօրինության։
Այդ ճակատագրի ու սրի ընդունումով մարդը «զոհում է իր հոգին», բայց հաստատում իր ոգին և արժանապատվությունը։ Նա զոհում է իր հոգին ոչ միայն այն նվազագույն իմաստով, որ համաձայն է տալու իր երկրային կյանքը չարագործի դեմ պայքարելիս, այլև այն բարձրագույն իմաստով, որ ստանձնում է այդպիսի գործերի կատարման լուծը, որը նա, հնարավոր է, կկրի ամբողջ կյանքի ընթացքում, ցնցվելով ու գարշանք զգալով վերհիշելու պահին։ Նա ստանձնում է ոչ միայն մահվան, այլև սպանության բեռը, և սպանության բեռի մեջ` ոչ միայն այդ արարքի, այլև դրա որոշման, պատասխանատվության և մեղքի ամբողջ ծանրության դժնդակ լինելը։ Հոգևոր ճակատագիրն առաջնորդում է նրան դեպի սուրը։ Նա ընդունում է այն, և սուրը դառնում է նրա ճակատագիրը։
Այդ հերոսական երկընտրանքի լուծման մեջ նա արդար չէ, բայց իրավացի է: Քրիստոսը չէր կարգադրում վերցնել սուրը։ Նա հորդորում էր սիրել։ Բայց ոչ մի անգամ, ոչ մի բառով Նա չդատապարտեց սուրը` ոչ կազմակերպված պետականության իմաստով, որի համար սուրը ծայրահեղ պատժամիջոց է, ոչ էլ զինվորի պաշտոնի ու գործունեության իմաստով։ Ճիշտ է` առաքյալներին ասված էր, որ «սուրը վերցնողները կկործանվեն սրից»։
Այո, սուրը վերցնողները սպանվում են սրով, բայց հենց սերը կարող է ստիպել մարդուն ընդունել այդ կործանումը։ Սուր ընդունելը նշանակում է ընդունել մահը, ու նա, ով վախենում է մահից, չպետք է վերցնի սուրը։ Սակայն սիրո մեջ ոչ միայն վերանում է մահվան սարսափը, այլև բացվում են այնպիսի սկզբունքներ ու մղումներ, որոնք առաջնորդում են մարդուն դեպի սուրը։ Մահը պատիժ չէ միայն, նա նաև կենդանի չափանիշ է սուրն ընդունելու համար։ Քանզի սուրը վերցնելն իմաստ ունի միայն այն բանի համար, որ մարդուն ստիպում է մեռնել հանուն Աստծո տնօրինության։ Անիմաստ է, որ սուրը վերցնի այն մարդը, ով չգիտե և չունի աշխարհում իրենից ու իր անձնական կյանքից ավելի բարձր որևէ բան, ուստի ավելի ճիշտ կլիներ, որ նա դեն շպրտեր սուրն ու փախուստի դիմեր, թեկուզ դավաճանության գնով և չարագործի առաջ ստորանալով ու խոնարհվելով։ Նա, ով չի ընդունում սուրը, քայքայում է առաջին հերթին պետությունը։ Բայց իզուր է նա կարծում, թե դրանով կփրկվի փոխզիջումից, որովհետև դրանով նա միայն գերադասում է վախկոտ, դավաճան և կեղծավոր փոխզիջումը կամային, առնական, ինքնազոհ փոխզիջմանը։ Ոչ բոլորն են ընդունակ վերցնելու սուրը, պայքարելու դրանով և այդ պայքարում մնալու հոգևոր բարձրության վրա։ Դրա համար անհրաժեշտ են լավագույն մարդիկ, որոնք ունեն ազնվականություն և ուժ, քանզի թույլերը չեն կարող դիմանալ այդ բեռին, իսկ չարերը կդավաճանեն սրի իսկ կոչմանը։
Այդպես է ստեղծվում մարդկային երկրավոր կյանքի ողբերգական պարադոքսներից մեկը. հենց լավագույն մարդիկ են կոչված պայքարելու չարագործների դեմ, դիմադրելու նրանց չար կամքին, վերջ դնելու նրանց չար գործունեությանը և վարելու այդ պայքարը ոչ լավագույն միջոցներով, որոնց մեջ սուրը միշտ կլինի թերևս ամենաշիտակն ու ազնիվը։
ՈՒրեմն միայն լավագույն մարդիկ են ընդունակ կրելու անարդար լինելու այդ բեռը` չվարակվելով նրանից, գտնելով ու պահպանելով անհրաժեշտ չափը, հիշելով նրա անարդարության ու հոգևոր վտանգի մասին, գտնելով նրա դեմ անհատական ու հասարակական հակաթույներ։ Երջանիկ են, համեմատած պետական գործիչների հետ, վանականները, նկարիչները, փիլիսոփաները և այլք, քանզի նրանց շնորհված է արարել մաքուր ձեռքերով։ Եվ վերջիններս ոչ թե պետք է դատեն կամ մեղադրեն քաղաքական գործչին ու զինվորին, այլ պիտի երախտապարտ լինեն նրանց, որովհետև պետք է հասկանան, որ իրենց ձեռքերը մաքուր են սոսկ այն պարզ պատճառով, որ ուրիշների մաքուր ձեռքեր գտնվեցին անմաքուր արարքների համար։ Նրանք պետք է հիշեն, որ եթե բոլոր մարդկանց վախը մեղքի առաջ ավելի ուժեղ լիներ, քան սերը բարու նկատմամբ, ապա կյանքը երկրի վրա կդառնար անհնարին։
Ավարտելով այս ակնարկը` նորից վերադառնանք մեր առաջ ծառացած հարցին.
-Կարո՞ղ է մարդը, որը ձգտում է բարոյական կատարելության, դիմադրել չարին ուժով ու սրով։ Կարո՞ղ է հավատացյալ մարդը չդիմադրել չարին սրով ու ուժով։
Պատասխանը կարող է լինել միայն սա.
-Ֆիզիկապես չարին հակադրվելն ու այն կանխելը պետք է լինեն մարդու ուղղակի հայրենասիրական պարտականությունը, և նա իրավունք չունի խույս տալու դրանից։
Տպագրության պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 2797

Մեկնաբանություններ