38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հայաստանի մարզիկները խախտեցին օլիմպիական լռությունը

Հայաստանի մարզիկները խախտեցին օլիմպիական լռությունը
15.08.2008 | 00:00

ՊԵԿԻՆԻ 29-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ
Վերջապես մեր բակում էլ տոն եղավ։ 29-րդ խաղերի երրորդ օրվանից մեդալների համար մղվող պայքարին սկսեցին մասնակցել նաև մեր հանրապետության ներկայացուցիչները։
Առաջին քայլը դեպի պատվո պատվանդան կատարեց երևանցի դինամոյական Ռոման Ամոյանը։ Վաստակավոր մարզիչ Համլետ Հովհաննիսյանի և Խորհրդային Միության վաստակավոր մարզիչ Հարություն Խաչատրյանի սանը, չնայած իր երիտասարդ տարիքին (սեպտեմբերի 3-ին կլրանա 25-ը), հասցրել է մասնակցել երիտասարդների աշխարհի երկու առաջնությունների և տուն վերադառնալ չեմպիոնական պարգևներով, 2003, 2005 թվականներին արծաթե մեդալներ նվաճել Եվրոպայի առաջնություններում, 2006 թվականին Մոսկվայում անցկացված եվրոպական ստուգատեսից տուն դառնալ Հին աշխարհի ուժեղագույնի տիտղոսով, իսկ այս տարի էլ Տամպերեում կրկնել իր արծաթե վերելքը։ Այս տարի 55 կգ քաշային ըմբիշի համար ամեն ինչ սկսվեց հաջող։ Գլխավորը՝ անցյալ տարի ստացած ուսագոտու ծանր վնասվածքն այլևս իրեն զգացնել չէր տալիս, ու թեև մարզիկները մեծ մեկնարկներից առաջ խոստումներ չեն տալիս, սակայն նա խոստացավ, որ Պեկինից առանց մեդալի տուն չի վերադառնա։ Եվ ահա օգոստոսի 12-ին մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի մրցումների առաջին իսկ օրը մեր ըմբիշը կատարեց իր խոստումը և արժանացավ բրոնզե պարգևի։ Սիդնեյի օլիմպիական խաղերից հետո առաջին անգամ մարզասերները տեսան, թե ինչպիսին է Հայաստանի պետական դրոշը։
-Ես հավատում էի Ռոմանի հաջողությանը,- զրույցի ժամանակ ասաց ավելի քան կես դար ըմբշամարտին նվիրած Հարություն Խաչատրյանը,- Ռոմանը նոր միայն սկսում է վայելել մեծագույն հաղթանակների քաղցրությունը, և այս առումով Պեկինն առայժմ նրա մարզական կենսագրության ամենապայծառ կանգառն է։ Տա Աստված, որ Լոնդոնը դառնա Պեկինի շարունակությունը, միայն թե այս անգամ բրոնզը փոխարինվի ավելի ազնիվ մեդալով։
Սա ասում է մի մարդ, ով ժամանակին երջանկահիշատակ Ալբերտ Մնացականյանի հետ դեպի մեծագույն հաղթանակներ է տարել աշխարհի կրկնակի չեմպիոն Բենուր Փաշայանին, բարսելոնյան օլիմպիադայի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն և բազմակի մրցանակակիր Ալֆրեդ Տեր-Մկրտչյանին և էլի շատ ուրիշների։ Այնպես որ չի կարելի նման մասնագետի խոսքերին չհավատալ։
Ռոմանի բրոնզե վերելքը տեղի ունեցավ վաղ առավոտյան, իսկ ահա օրվա երկրորդ կեսին պայքարի մեջ մտան մինչև 69 կգ քաշային ծանրորդները։ Այստեղ Հայաստանը ներկայացնում էր Տիգրան Գևորգի Մարտիրոսյանը։ 20-ամյա գյումրեցի ծանրորդն էլ իր մարզական կարիերայի ընթացքում հասցրել է նվաճել մեդալների մի ամբողջ հեղեղ, սահմանել պատանիների ու երիտասարդների մեկ տասնյակից ավելի համաշխարհային ռեկորդներ, իսկ այս տարվա Եվրոպայի առաջնությունում էլ վայելեց նաև առաջինը լինելու բերկրանքը։ Պեկինում էլ Տիգրան կրտսերից ակնկալում էին օլիմպիական մեդալ, և նա հուսախաբ չարեց իր բազմահազար երկրպագուներին։ Պոկում և հրում վարժություններում համապատասխանաբար բարձրացնելով 153 և 185 կգ` երկամարտի 338 կգ արդյունքով ճանաչվեց երրորդը՝ անձնական քաշով միայն արծաթե պարգևը զիջելով ֆրանսիացի Դաբային, ում հաղթել էր Եվրոպայի այս տարվա առաջնությունում։
Իր երիտասարդ թիմակցից հետ չմնաց նաև անցած մրցաշրջանի մեր գլխավոր հերոսը՝ 77 կգ քաշային կարգի Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Գևորգ Դավթյանը։ Վաստակավոր մարզիչ Վահան Բիչախչյանի սանի համար, ճիշտ է, պայքարի ընթացքն այնպես չստացվեց, ինչպես կցանկանար։ Գևորգն իր վեց մոտեցումներից միայն երկուսում կարողացավ գլխավերևում պահել ծանրաձողը։ Պոկում վարժությունում դա կատարեց առաջին, իսկ հրում վարժությունում վերջին՝ երրորդ մոտեցման ժամանակ՝ համապատասխանաբար ցույց տալով 165 և 195 կգ, և երկամարտի 360 կգ արդյունքով ճանաչվեց երրորդը։ Եվ այսպես, Վարդան Միլիտոսյանից, Յուրի Վարդանյանից, Իսրայել Միլիտոսյանից և Գևորգ Դավթյանից հետո Տիգրանը դարձավ հինգերորդ գյումրեցի օլիմպիական մեդալակիրն այս մարզաձևում։ Այս քաշային կարգում յոթերորդ տեղը գրավեց մեկ այլ գյումրեցի՝ Արա Խաչատրյանը (353 կգ)։
Բռնցքամարտի մրցաշարում իր առաջին հանդիպումն անցկացրեց 48 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը։ Երևանցի մարզիկը համոզիչ առավելության հասավ կամերունցի մրցակցի նկատմամբ և դուրս եկավ 1/8 եզրափակիչ։
Ցավոք, հունահռոմեական ըմբիշների պայքարի երկրորդ օրը ոչնչով չուրախացրին Արմեն Ադիկյանը (66 կգ) և Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ)։
Երեկ Հայաստանի մարզիկներից ասպարեզ դուրս եկան միայն հունահռոմեական ըմբիշներ Յուրի Պատրիկեևը (120 կգ) և Դենիս Ֆորովը (84 կգ)։ Երրորդ տեղի համար պայքարում Պատրիկեևը հաղթեց շվեդ Յալման Շյոբերգին և մեր հավաքականին պարգևեց չորրորդ բրոնզե մեդալը։
Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը Բրազիլիայի հավաքականի հետ բաժանում է 38-39 տեղերը։
***
Պեկինում իր ֆանտաստիկ հաղթարշավն է շարունակում ամերիկյան սպորտի հպարտությունը՝ լողորդ Մայքլ Ֆելպսը։ Մինչև խաղերի մեկնարկը Ֆելպսը խոստացել էր նվաճել ութ ոսկե մեդալ և արդեն հասցրել է դրանցից հինգը նվաճել։ Առայժմ դժվար է ասել, թե ամերիկացի «ոսկե ձկնիկը» որքանով կիրականացնի իր երազանքը, սակայն արդեն այն, ինչ նվաճել է Աթենքում ու Պեկինում, վեր է երևակայությունից։ Օլիմպիական խաղերի թե անտիկ և թե ժամանակակից պատմության ընթացքում դեռ ոչ մի մարզիկի չի հաջողվել նվաճել 11 չեմպիոնական պարգև, և միանգամայն տեղին կլինի ասել, որ նման մարզիկներ ծնվում են առնվազն 3 հազար տարին մեկ։
***
Պեկինում իրենց հաղթարշավն են շարունակում նաև չին մարզիկները, ինչը բոլորովին էլ անակնկալ չէ։ Վեցօրյա պայքարից հետո նրանք նվաճել են 22 ոսկե, 8 արծաթե և 5 բրոնզե մեդալ։ Ամերիկացիներն իրենց ակտիվում ունեն 10 ոսկե, 9 արծաթե և 15 բրոնզե, Գերմանիան` 7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե պարգև։ Ռուսաստանի հավաքականն առայժմ ընդամենը երեք անգամ է վայելել հաղթանակի բերկրանքը։
***
Այսօր մեր օլիմպիական հույսերի հերթական օրն է։ Ծանրամարտի մրցումներում պայքարի մեջ կմտնեն Հռիփսիմե Խուրշուդյանը (75 կգ) և 85 կգ քաշայիններ Տիգրան Վարդանի Մարտիրոսյանն ու Էդգար Գևորգյանը։ Այսօր վերջապես պայքարի մեջ կմտնեն նաև «սպորտի թագուհու» ասպետները։ Նշանավոր «Թռչնաբույնը» խոստանում է համաշխարհային և օլիմպիական ռեկորդների հերթական հեղեղը։ Մրցումների առաջին օրը Հայաստանից մեկնարկ դուրս կգա Անի Խաչիկյանը։ Նա կմասնակցի 100 մ վազքի մրցումներին։
Հովհ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5798

Մեկնաբանություններ