Աշխարհի պատմությունը ավելի ու ավելի մեծացող մասշտաբներով հնի կրկնությունն է՝ մրցակցության և անվտանգության իմաստներով։
Աշխարհաքաղաքական բնույթի այս ստրուկտուրային տեսակի կրկնության իմաստը կարելի է հասկանալ տվյալ պատմական ժամանակաշրջանի համար երկու գերհզորի արանքում մնացած կիսահզորից կազմված եռյակի ուժային դինամիկայի օրինակով։
Գերհզորների միջև մշտական մրցակցության և դրա հետ կապված լարվածության տատանումներն ու սրացումները և դրանց հետևանք պատերազմները բերում են մարդկային կորուստների ու ավերածությունների։
Բնական է նաև, որ գերհզորներից յուրաքանչյուրը աշխատում է նվազեցնել այդ կորուստներն ու ավերածությունները և դրա համար ամենից հարմարն է օգտագործել իրենց արանքում մնացած կիսահզորի հնարավորությունները՝ պատերազմները վարելով նրա տարածքում և իրեն էլ պատերազմի մասնակից դարձնելով։
Այս հարցը հիմնարար գիտական մեթոդներով բազմակողմանի անալիզի կարիք ունի, քանի որ մարդկության զարգացման հետ նման եռյակները մշտապես ուղեկցել են պատմությանը՝ որպես ստրուկտուրային կրկնություններ։
Այս հարցը իր հիմնարար նշանակությամբ նաև պետք է լինի աշխարհի որակական պատմության օրգանական մաս։
Մենք ինքներս, լինելով հիմնականում ցամաքային երկիր և այդ ու այլ պատճառներով տնտեսապես զիջելով մեր գերհզոր հարևաններին, մշտապես եղել ենք նման եռյակների կիսահզորը և այդ պատճառով էլ եղել ենք պառակտված, պատերազմների թատերաբեմ և դրանց ստիպված մասնակից։
Եթե այդ նույն տեսանկյունից նայում ենք ժամանակակից աշխարհին, ապա, սկսած ԽՍՀՄ-Արևմուտք մրցակցությունից և հակամարտությունից, որի ժամանակ աշխարհը բաժանվել էր սոցիալիստական ու կապիտալիստական լագերների և նրանց արանքում հայտնված մնացած աշխարհից, ապա դրանցով ձևավորվել էր մի աշխարհաքաղաքական եռյակ, որն ուներ նաև կայունության որոշակի պաշար։
Սոցիալիստական լագերի պառակտման և թուլանալու պատճառով ԽՍՀՄ-ի փլուզումից հետո աշխարհն անցավ միաբևեռ անկայուն ռեժիմի, որից հետո ներկայում ձևավորվում է հերթական եռյակը՝ մի կողմից Արևելքի ու Գլոբալ Հարավի և մյուս կողմից՝ Արևմուտքի ու այդ երկուսի միջև գտնվող մյուսների հետ միասին։
Ըստ որում, ինչպես հին աշխարհում, այնպես էլ ներկայում գերհզորների արանքի ձևականորեն նրանց կողմից չգրավված երկրներն ու տարածքները իրենց անվտանգության համակարգի անբաժան մասն են կազմում, վկան՝ պրոքսի պատերազմները։
Այն թեզը, թե իմպերիաների ժամանակն անցել է, ներկա աշխարհաքաղաքական տենդենցները հաշվի առնելով, պետք է համարել առնվազն ժամանակավրեպ, քանի որ ներկայում ձևավորվող բևեռներն ու աշխարհաքաղաքական բլոկները իմպերիաներ են՝ նոր պայմաններում։
Պավել Բարսեղյան