ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Համշենի անցյալի ու մշակույթի պատմագիրը

Համշենի անցյալի ու մշակույթի պատմագիրը
15.03.2024 | 09:13

Հայագիտության և հայ ազգագրության ու բանագիտության բնագավառի երևելի անուններից է ՍԵՐԳԵՅ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ. գիտնական, բանագետ, բարբառագետ, հրապարակախոս, «Ձայն համշենական» թերթի հիմնադիր խմբագիր, ով երիտասարդ տարիքից նվիրվել է քրիստոնյա և բռնի կրոնափոխված համշենահայության ուսումնասիրությանը, նրա բանավոր մշակույթը փրկելու բանահավաքչական աշխատանքին: Բանարվեստի այդ եզակի նմուշների մի մասը ամփոփվել է

2009 թ. ԵՊՀ-ի հրատարակած նրա «Կրոնափոխ համշենահայերի բարբառը, բանահյուսությունը և երգարվեստը (նյութեր և ուսումնասիրություններ)» աշխատության մեջ:

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Սերգեյ Վարդանյանը վերջերս հայագիտության անդաստանում ավելացրել է ևս մի կոթողային աշխատություն՝ «Բանահյուսական պատումի միջավայրը (Կրոնափոխ համշենահայերի մի զվարճապատումի տարբերակները)»:

ԱՆՁՆՈՒՐԱՑ ԳԻՏՆԱԿԱՆԻ ՎԻԹԽԱՐԻ ԳՈՐԾԸ

Սերգեյ Վարդանյանի կյանքի ու գիտական ժառանգության մասին պատմելը մի ամբողջ մենագրության նյութ կարող է ընդգրկել: Բավական է նշել, որ տասնամյակներ շարունակ նրա գիտական հետաքրքրությունները սևեռվել են Օսմանյան Թուրքիայում բռնությամբ կրոնափոխված համշենահայությանն առնչվող հիմնահարցերի մանրազնին հետազոտության և հրապարակման վրա, ինչը, բնականաբար, մեծ կամք ու անմնացորդ նվիրում պահանջող աշխատանք է: Թուրքիայի, Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի կրոնափոխ համշենահայերի մասին նրա հետազոտությունները տպագրվել են հայրենի և արտերկրի մամուլում, տարբեր գիտական ժողովածուներում:

1984 և 1987 թվականներին Ղրղզստանում, Ղազախստանում և Ռուսաստանում հայտնաբերել է իսլամադավան համշենցիների: Վտանգելով կյանքը՝ բազմիցս եղել է Թուրքիայի Արդվինի նահանգի Խոփայի և Բորչքայի գավառներում, գտել 20-ից ավելի հայախոս գյուղեր: ՈՒսումնասիրություններ կատարել նաև Ռիզեի և Էրզրումի նահանգների կրոնափոխ, թուրքախոս համշենցիների գյուղերում:

Սերգեյ Վարդանյանի հերթական՝ բանահյուսական պատումների միջավայրին նվիրված այս աշխատությունը կրոնափոխ համշենցիներից և XIX-XX դարերում տարբեր վայրերի քրիստոնյա հայերից գրառված, սյուժետային ընդհանրություններ ունեցող 37 անտիպ ու տպագիր զվարճապատումները համեմատելու և մեկտեղելու առաջին փորձն է: Գիտնականը բանարվեստի յուրաքանչյուր նմուշ քննության ենթարկելիս ներկայացրել է նաև բանասացների, բանահավաքների և հրատարակիչների, տվյալ պատումում հիշատակվող բնակավայրի, գործող անձանց մասին հետաքրքիր ու կարևոր տեղեկություններ. սա հեղինակի եզակի, նորարար մոտեցումներից է: Գիրքը ընթերցողի առաջ բացվում է հեղինակի գրած «Առաջաբան»-ով: Պատմական փաստերով Սերգեյ Վարդանյանը ներկայացնում է, թե ինչպես կրոնափոխ եղած հայերին թուրքերը կտրում էին բնօրրանից ու սփռում օտարախոս միջավայրում: Գրքում ընթերցողը, ուսումնասիրողները կտեսնեն, թե իր բացահայտած բանագիտական նյութերի մեկնություններից զատ ինչպես է գիտնականը դրանց հետքերը որոնել ժամանակի պարբերական մամուլում, հրատարակված այլ սկզբնաղբյուրներում, որոնք նույնպես վեր հանելով՝ ստեղծել է մի անքակտելի ամբողջություն: Քննության առնված հարուստ բանագիտական նյութերը և դրանց պատումների տարբերակներն ընդգրկում են լայն աշխարհագրություն՝ Համշեն, Մուշ, Արցախ, Ղարադաղ, Փերիա, Լոռի, Սյունիք, Նախիջևան, Ջավախք, Մոկս, Կեսարիա:

Սերգեյ Վարդանյանը գիտական շրջանառության մեջ դնելով կրոնափոխ համշենցիների բանահյուսության նմուշները և միաժամանակ ներկայացնելով քրիստոնյա հայերի շրջանում դրանց փոփոխակները, ասես հոգևոր կամուրջ է ստեղծում հայ ժողովրդի հատվածների միջև: Պատահական չէ, որ համշենցիների մասին անդրադարձներ են կատարել նաև այն գիտնականները, ովքեր եղել են հոգևորականներ: Գրքում նման ուշագրավ փաստերը բազմաթիվ են: Հիշատակության է արժանի այն, որ կրոնափոխ համշենահայերին անդրադարձած ամենահին գրավոր սկզբնաղբյուրը, որը գիտնականը հայտնաբերել է դեռ 1992 թ. Վենետիկի Մխիթարյան միաբանության մատենադարանում, Հայր Պողոս վարդապետ Մեհերյանի (1727, Մուշ, գ. Առինճ-1814, Վենետիկ) կենսապատումն է, որում 82-ամյա հեղինակը հիշատակում է նաև 35 տարի առաջ՝ 1776 թ. Համշենի Խևակ գյուղ իր այցելության և կրոնափոխ համշենցիների հետ հանդիպման մասին, թե ինչպես էին եկել Պատարագ լսելու:

Սերգեյ Վարդանյանի «Բանահյուսական պատումի միջավայրը (Կրոնափոխ համշենահայերի մի զվարճապատումի տարբերակները)» գիրքը միայն բանագիտական աշխատություն չէ: Այն նաև պատմագրություն է՝ նվիրված Համշենի անցյալին: Հեղինակը բազմաթիվ նյութեր է դրել գիտական շրջանառության մեջ՝ կապված Համշենի քրիստոնեական անցյալի հետ: Գրքի արժանիքներից է նաև գիտնականների կողմից մոռացության տրված մի շարք կարևոր փաստերի վրա ուշադրություն հրավիրելը, օրինակ՝ 1861 թ. 21 տարեկանում Գարեգին Սրվանձտյանցի երեք ամիս Շուշիում ապրելու, այդ մասին «Արծուի Վասպուրական» ամսագրում հոդված գրելու, նաև «Մեղու» տասնօրյա հանդեսում նրա տպագրած անստորագիր հոդվածի մասին, որում ասվում է, թե Մկրտիչ Խրիմյանը ութ օր քարոզել է Արցախում և հանդիպել է մի ժողովրդի, որի մեջ անարատ ու առատորեն փայլում էին հայության ձիրքերը, բնավորությունն ու սովորությունները: Նրանք ընդունակ էին, արի ու անվեհեր, շատ հասկացող: Նրանց մանուկներն ուշիմ էին, նրանց ծերերը՝ մարմնով առույգ, խելացի հանճարով, փորձված գլուխներով, նրանց երիտասարդները հզոր էին և հնազանդ, իրենց քաջասրտությունը պահում էին պարկեշտության քողի տակ:

Սերգեյ Վարդանյանը բանագետներին և ժողովրդին պարգևել է պատմա-ճանաչողական մեծ արժեք ունեցող աշխատություն: Իսկ վերջում ընթերցողի առաջ բացվում է տարբեր լեզուներով օգտագործված սկզբնաղբյուրների մի հսկայական ցանկ, որը համակարգելը, մշակելը պահանջել է երկար տարիների նվիրական աշխատանք:

Գիրքը արմատներով վանեցի գիտնականի տուրքն է ազգին ու նրա մշակույթին, որի կարևորագույն հատվածն է Համշենն իր պատմությամբ:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Հ.Գ.

Հայ բանագիտության անխոնջ նվիրյալի մասին սույն անդրադարձս լույս է տեսել Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմի «Շողակն Արարատյան» պաշտոնական ամսաթերթի հերթական՝ փետրվար, թիվ 2 համարում:

Տեղադրում եմ նաև հղումը՝

https://www.facebook.com/photo?fbid=741310764798506&set=a.424983286431257

Դիտվել է՝ 5501

Մեկնաբանություններ