ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«Չի բացառվում, որ եկող տարի լույս տեսնի «Տագնապ-2»-ը»

«Չի բացառվում, որ եկող տարի  լույս տեսնի «Տագնապ-2»-ը»
15.01.2013 | 12:01

Վերջերս ընթերցողի սեղանին դրվեց դերասանուհի, արձակագիր ԱՆԱՀԻՏ ԹՈՓՉՅԱՆԻ «Տագնապ» վեպը: Գրողների տանը կայացավ գրքի շնորհանդեսը: Տարբեր մեկնաբանություններ, կարծիքներ հնչեցին: Առանցքում, սակայն, «Էրոտի՞կ վեպ է, թե՞ էրոտիկ չէ» հարցն էր:

-Ի վերջո, որոշվե՞ց վեպի ժանրը:
-Էրոտիզմի սահմաններն անսահմանելի են: Ամեն ինչ հարաբերական է: Էրոտիկան, որպես մշակույթի տարր, տարբեր հասարակություններում տարբեր է ներկայացված՝ կախված երկրի սովորույթներից, բարքերից և նույնիսկ կլիմայից ու աշխարհագրական դիրքից: Օրինակ, հին ժամանակների ճապոնացին էրոտիկ էր համարում այն բանաստեղծությունը, ուր նկարագրվում էր լուսնի փայլը գետի վրա: Ինչ վերաբերում է «Տագնապ»-ին, ապա Եվրոպայում ընկալվեց որպես հոգեբանական սիրավեպ, «սիրո պանծացում»:
-Այնուհանդերձ, ինքներդ ի՞նչ կասեք` ավելի շատ էրոտի՞կ, թե՞ հոգեբանական վեպ է «Տագնապը»:
-Հոգեբանական սիրավեպ էրոտիկ էներգիայով… Երբեմն ընթերցելիս հանկարծ զգում ես, որ էներգիան գնում է ոչ թե քեզնից դեպի տեքստ, այլ հակառակը՝ տեքստից դեպի քեզ: Ասես տեքստը էներգիա է պարունակում, ինչպես կենդանի արարած: Դա այն թաքնված էրոտիկ էներգիան է, որ տանում է ընթերցողին, լիցքավորում և թույլ չի տալիս կտրվել գրքից: Լինում է և հակառակը. արվեստի գործը, գրականությունը ոչ թե տալիս են, այլ խլում ընթերցողի էներգիան:
Քնարական պոեզիայի և վեպերի հիմքում հիմնականում էրոտիկան է: Կարելի է թերևս զանազանել բարձրակարգ և ցածրակարգ էրոտիկան, կախյալ այն բանից, թե ինչն է սիրո մեջ գերիշխողը` կոպիտ զգայակա՞նը, թե՞ հոգևորը: Իմը երկրորդն է:
-Ի միջի այլոց, Ձեր վեպի լույս տեսնելուց հետո մամուլում հոդվածներ հայտնվեցին, որոնցում խոսվում էր էրոտիզմի մասին գրականության և արվեստի մեջ: Կարո՞ղ ենք ասել, որ «Տագնապը» հարուցեց այդ անակնկալ հետաքրքրությունը:
-Այդ հետաքրքրությունն անակնկալ չէր. խնդիրը վաղուց հասունացել էր: Արդեն քանի՜ տարի է` գրքեր են լույս տեսնում, ֆիլմեր նկարվում՝ էրոտիզմի բացահայտ տարրերով: ՈՒրիշ բան, որ շատ գործերում էրոտիզմը, ես կասեի ավելի շատ գռեհկության, անճաշակության, չտեսության, վերջապես, գավառականության դրոշմն է կրում… Մեր հասարակությունն այս հարցում նման է անփորձ մի պատանու, որի առջև միանգամից բացվեցին բոլոր արգելված դռները, և նա, բորբոքված, հիվանդագին երևակայությամբ, առանց հասկանալու ձգտում է միաժամանակ մտնել այդ բոլոր դռները: Մինչդեռ էրոտիզմը բարձր և նրբին կուլտուրա է, դրան հասնելու և ընկալելու համար ընթերցողն ու հանդիսատեսը պիտի երկար ճամփա անցնեն, կյանքի փորձ և գիտելիքներ կուտակեն:
Սակայն ստույգ է, որ «Տագնապ»-ից հետո բարձրաձայնվեցին էրոտիզմի մասին խոսակցությունները մամուլում: Իմ վեպը, թերևս, սադրիչ դեր խաղաց այդ հարցում:
-Գրականագետ Սուրեն Դանիելյանի բնորոշմամբ` վեպը կարդալուց հետո մենք կարիք ունենք ինքներս մեզ ճանաչելու և՛ իբրև տղամարդ, և՛ իբրև կին: Ո՞Ւմ է ուղղված «Տագնապը». ավելի շատ տղամարդո՞ւն, թե՞ կնոջը:
-Էրոտիկան ենթադրում է հիմնականում երկու սեռերի մասնակցությունը, երբեմն նույնիսկ ավելին, ինչպես իմ վեպի դրվագներից մեկում: ՈՒստի «Տագնապը» ուղղված է բոլոր սեռերին: Ե՛վ տղամարդուն, և՛ կնոջը, և՛ նույնիսկ պատանիներին, որոնք նոր են կյանք մտնում:
-Դուք հիացմունքով եք խոսում Ձեր հերոսի մասին, ով կարողանում է կնոջն ասել` ես եմ մեղավոր: Խոսքը սիրո՞ մասին է:
-Խոսքը սիրո մեջ ցուցաբերված պարկեշտության մասին է: Ազնվության և իր սխալը գիտակցելու և խոստովանելու քաջության մասին: Երբ նման կոնֆլիկտային իրավիճակներում մարդիկ հիմնականում փորձում են ուրիշի մեղքն իրենց վրա վերցնել, նման պահվածքն առավել քան ասպետական է: Ահա թե ինչու է նա իմ հիացմունքն առաջացնում: Որպես կանոն, մեր «մաչոյական» հասարակության մեջ տղամարդն է միշտ իրավացի: Անկախ այն բանից` մեղավո՞ր է, թե՞ ոչ: Ի դեպ, մեր քաղաքակրթության դեգրադացիայի կարևորագույն պատճառներից մեկն ասպետականության կորուստն է: Եվ ոչ միայն տղամարդ-կին հարաբերություններում:
-Ձեր բոլոր գրքերում ընթերցողը փնտրում է իրեն ծանոթ և անծանոթ Անահիտ Թոփչյանին: ՈՒղղակի իմաստով: Եվ էական չէ` հերոսուհին հոգեբուժարանո՞ւմ է հայտնվում, թե՞ պլաստիկ վիրաբույժի օգնությամբ փոխում է իր դեմքը: Ինչո՞վ եք սա բացատրում:
-Դա բնական է: Իմ հերոսուհիները շատ նման են ինձ: Ոչ թե իրենց կյանքով և կենսագրությամբ, այլ գենետիկայով: Որքան ուզում ես բացատրիր, հասկացրու, զգուշացրու, նույնիսկ հեղինակավոր, համաշխարհային համբավ ունեցող մարդկանց մտքերը մեջբերելով, որ «Պատմությունը մի վեպ է, որ տեղի է ունեցել, իսկ վեպը` մի պատմություն, որ կարող էր տեղի ունենալ», միևնույն է, շարունակում են քեզ փնտրել տեքստում: Երևի բեմում վաղուց չեն տեսնում ինձ, կարոտել են և գրքերում են որոնում:
Հետաքրքիր է՝ եթե ինձ չճանաչեին որպես հեղինակի, ո՞ւմ պիտի փնտրեին: Կարծում եմ՝ իրենց համար անհայտ և անդեմ ոմն մեկին, որը գրել է այդ գործը: Այնպես որ, ես այլևս ուշադրություն չեմ դարձնում: Ինչ կուզեն թող մտածեն: Ես դրանից վեր եմ հիմա: Ինչ խոսք, առաջ հուզվում էի և զայրանում: Ի դեպ, հաճույքով և հոյակապ կխաղայի վեպերիս կերպարները, չէ որ ինքս եմ ստեղծել նրանց:
-Ձեր տողերում ինքնակենսագրական տարրեր փնտրող ընթերցողի մեջ չարակամնե՞րն են ավելի շատ, թե՞ նրանք, ովքեր իրապես սիրում, հետաքրքրվում ու փնտրում են դերասանուհի Անահիտ Թոփչյանին:
-Հավանաբար՝ երկուսն էլ: Իսկ ավելի շատ՝ միամիտները: Մի՞թե ես այնքան պարզունակ եմ, որ իմ կենսագրությունն ի ցույց դնեմ բոլորին: Մի՞թե կյանքում ոչ մի ուրիշ հետաքրքիր բան չկա՝ ինձնից բացի: Մի խոսքով, դա շատ բարդ և նուրբ խնդիր է: Ի դեպ, կարդացեք «Հաշվեհարդար» պատմվածքս «Հայելի» ժողովածուից: Այնտեղ հեղինակ-պերսոնաժ խրթին հարաբերություններն են ներկայացված: Իսկ իմ պատմվածքների բազմաթիվ և բազմազան հերոսուհինե՞րը… Նրա՞նց մասին ինչ կասեք: Եթե այդ բոլորը ես եմ, ապա ո՞վ եմ ես:
Եթե ընթերցողը փորձեր հասկանալ՝ ինչ է ստեղծագործական պրոցեսը, այս բոլոր հարցերն ավելորդ կդառնային:
-Գրքում խաշի տեսարան կա, որտեղ կանայք վերհիշում են անցյալի կարճատև, խենթ, վտանգավոր սիրավեպերը: Ձեր կարծիքով` մենք գործ ունենք հայ կնոջ նո՞ր կերպի հետ: Թե՞ այս կերպի մասին պարզապես չի խոսվել:
-Դա հավերժական նյութ է: Այդ «կերպը» միշտ էլ եղել է: Պարզապես մեր գրականությունը չի «նկատել», չի խոսվել այդ մասին:
-Հայ կինը ազատություն ձեռք բերեց 90-ականների՞ց: Վեպն առիթ է տալիս խորհելու սրա մասին: Մինչդեռ կինն ազատ է եղել դեռ Ադամի, Եվայի ժամանակներից:
-Կարծո՞ւմ եք: Նոր տարվա օրերին տեղի՞ն է արդյոք այս լրջագույն և ցավոտ խնդրի մասին խոսելը: Եվ այնուհանդերձ, փորձեմ պատասխանել: Ընդհանրապես ամբողջ աշխարհում մարդն ազատ չէ, ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեծ մասամբ տղամարդն է խոչընդոտում կնոջ ազատագրմանը: Մեր տղամարդկանցից շատերը դեռևս դուրս չեն եկել տոհմատիրական բարքերի կաշկանդումներից: Իմ խորին համոզմամբ` կինը դաստիարակչական մեծ առաքելություն ունի՝ տղամարդուն մարդ դարձնելու, խոսքը, իհարկե, ազատագրված կնոջ մասին է, որը գիտակցում է իր եսը: Իսկ կնոջ այդ տեսակը, համոզված եմ, առկա է Հայաստանում:
-Գրականագետներից մեկը ցանկություն հայտնեց, որ Ձեր հաջորդ գրքի հերոսուհին չլինի դերասանուհի: Հետևելո՞ւ եք նրա խորհրդին:
-Գրողը երևի գիտի, թե ինչու է այսպես կամ այնպես գրում: Իմ մտահղացումը թերի կլիներ, եթե հերոսուհիս դերասանուհի չլիներ: Ֆեդրայի պատմությունը պարզապես դուրս կընկներ սյուժեից: Վեպի ողնաշարը կկոտրվեր: Բացի այդ, ես սիրում եմ ամեն ինչ բարդացնել, երկու պլանի վրա աշխատել: Այդ սովորությունը դեռևս բեմից է գալիս: Միապլան կերպարներն ինձ հետաքրքիր չեն: Եվ հետո, ինչո՞ւ է դա այդպես անհանգստացնում գրականագետին: Մի՞թե իմ պատմվածքների բազմաթիվ հերոսուհիները չապացուցեցին, որ ես կարող եմ գրել ուզած «մասնագիտության» մասին: Իսկ եթե կուզեք իմանալ, իմ հերոսներն են ինձ ընտրում, ոչ թե ես՝ նրանց: Խորհուրդները կարող են երբեմն օգտակար լինել, բայց ես գերադասում եմ անսալ իմ ներքին ձայնին: Որն ինձ առայժմ չի խաբել:
-Ձեր ո՞ր գիրքն է ամենից շատ քննադատվել:
-Եթե «քննադատվել» ասելով նկատի ունեք գրախոսվելը, ապա՝ «Անհետացումը». մոտ տասն անդրադարձ ունեցավ Սփյուռքում և Հայաստանում: Իսկ եթե նկատի ունեք բացասական կարծիքները, ապա նման բան երբեք չի եղել ոչ իմ արտիստական, ոչ էլ գրական կարիերայում:
-«Տագնապը» թարգմանվե՞լ է:
-Ռուսերեն տարբերակն արդեն վաղուց պատրաստ է տպագրության: Մյուս լեզուներով՝ ընթացքի մեջ է:
-Շարունակություն ենթադրվո՞ւմ է: Ձեր գրքերը կարծես ինչ-որ անտեսանելի թելով կապված են իրար:
-Կա այդպիսի գաղափար: Իմ հերոսները պահանջում են, որ իրենց վիպական կյանքը շարունակվի. նրանք դեռ ասելիք և անելիք ունեն այս կյանքում: Ահա ևս մի ապացույց, որ նրանք են ինձ ընտրում մարմնավորվելու համար: Ես ընդամենը նրանց մեդիումն եմ: ՈՒստի չի բացառվում, որ եկող տարի լույս տեսնի «Տագնապ-2»-ը:
-Ձեր «Մարաթոն» պատմվածքը բեմադրվել է Փարիզում: Ինչպե՞ս եք գնահատում ներկայացումը` իբրև դերասանուհի և իբրև գրող:
-Դրական եմ գնահատում: Շատ հետաքրքիր և անսպասելի ներկայացում է:
-Ինքներդ չե՞ք բեմադրի Ձեր գործերից:
-Սիրով: Բայց… Դուք երևի տեղյակ չեք, որ թատրոնը շատ թանկ հաճույք է Եվրոպայում:
-Հայաստանյան բեմադրիչներից առաջարկներ չե՞ք ստացել:
-Ոչ: Չհաշված սերիալները, որոնցից հրաժարվել եմ: Նյութը չբավարարեց:
-Գրականություն, թատրոն, կյանք: Որտե՞ղ է ավելի դժվար «ապրելը»:
-Ամենուր, եթե խստապահանջ ես ինքդ քո հանդեպ և կոմպրոմիսների չես գնում:
-Վերջերս Դուք մասնակցեցիք երկու տարին մեկ Մարսելում տեղի ունեցող «Գրքի սալոնին»: Ինչպիսի՞ն են տպավորությունները, «Տագնապն» ինչպե՞ս ընդունվեց այնտեղ:
-Նախ, պիտի ասեմ, որ Մարսելից առաջ հայկական գրքի երկու ուրիշ սալոններ եղան՝ Սևրում և Փարիզում, որոնց նույնպես հրավիրված էի՝ ստորագրելու իմ երկու վեպերը` «Անհետացում» և «Տագնապ»: Երեք սալոններն էլ հրաշալի անցան: Ինչ վերաբերում է իմ վեպերին, ապա ջերմորեն ընդունվեցին: Առիթից օգտվելով պիտի ասեմ, որ «Տագնապ»-ն առայժմ գրախոսվել է միայն Սփյուռքում: Արդեն մի քանի լուրջ հոդվածներ են տպագրվել՝ բավական բարձր գնահատությամբ: Հայաստանում էլ անդրադարձեր եղան, բայց առայժմ՝ հարցազրույցներ:
-Դուք, իհարկե, գիտեք, որ մեր թերթի համացանցային տարբերակում զետեղված հատվածը «Տագնապ»-ից աննախադեպ թվով մուտք է ունեցել: Սա Ձեզ բան չի՞ ասում:
-Շատ բան է ասում: Նշանակում է, որ ընթերցողները լրջորեն հետաքրքրված են, իսկ քննադատներն… առայժմ ամոթխած լռում են:
Ինչ-որ առումով հասկանում եմ նրանց. այդ նյութը համալսարանական մեր ծրագրերում ընդգրկված չէ: Նրանք դեռևս պատրաստ չեն:
-Նոր տարին Ֆրանսիայո՞ւմ եք դիմավորել: (Կարող եմ ենթադրել, որ Նոր տարին դիմավորել եք հայաստանյան ժամանակով):
-Երկու անգամ եմ դիմավորել: Նախ՝ հայաստանյան, այնուհետև՝ ֆրանսիական ժամանակով:
-Ի՞նչ տվեց 2012 թվականը` առհասարակ:
-«Տագնապ» վեպը, Ալ. Թոփչյանի «Բանկ Օտոմանը» ռուսերեն՝ Մոսկվայում՝ իմ թարգմանությամբ, և «Մարաթոն» ներկայացումը փարիզյան բեմում:
-Ի՞նչ ծրագրեր ունեք նոր տարվա համար:
-Ծրագրեր շատ կան` և՛ թատերական, և՛ գրական: Վերջապես պետք է տպագրեմ վեպերս և պատմվածքներս ռուսերեն և ֆրանսերեն, որ վաղուց պատրաստ են: Աստված ուժ և կարողություն տա:


Զրույցը`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 5174

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ