Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ալիևի նոր պայմաններն ու դրանց հետևանքները

Ալիևի նոր պայմաններն ու դրանց հետևանքները
04.07.2024 | 18:13

Ալիևն Ադրբեջանում Կանադայի նորանշանակ դեսպանի հետ հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ հստակեցրեց արդեն իսկ բոլորիս հայտնի 1 առանցքային և 1 օժանդակ պայման (2-րդն առաջ կգա, երբ Հայաստանը բավարարի առաջին պայմանը):

Եթե դրանք Հայաստանը չբավարարի՝ «խաղաղության պայմանգիրը» նա չի ստորագրի:

* Հայաստանը պետք է փոխի սահմանադրությունը,

* Հայերի և ադրբեջանցիների վերադարձի իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար:

Ընդ որում, երկրորդին Ալիևն ադրադարձ կատարեց կանադացի դիվանագետի ուղիղ այն հարցին, թե հայերի Արցախ վերադարձի իրավունքի ապահովման ինչպիսի՞ նախադրյալներ կան։

Ալիևը շեշտեց, որ այդ իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար և որ պետք է ապահովել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչների Հայաստան վերադառնալու իրավունքը։

Ըստ նրա, ադրբեջանական բնակչությունը տարբեր փուլերում, վերջին անգամ՝ 1988 թվականին, Հայաստանի տարածքում ենթարկվել է էթնիկ զտումների, իսկ նրա նյութական և մշակութային ժառանգությունն ամբողջությամբ ոչնչացվել է:

Ստացվում է, եթե ըստ Ալիևի, «խաղաղության պայմանագրի» ամենակարևոր պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է, քանի որ «այն տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ», (չնայած, որ դա բնավ այդպես չէ) ավելին՝ անգամ, եթե ընդունենք, որ այդ պայմանը բավարարվում է, սակայն գործնականում նման սցենարի «հավանականությունը», այնուամենայնիվ, պահպանվում է, ապա վերջինս պետք է նվազագույնը այդքանը գիտակցի ու հասկանա, որ նման «ուլտիմատումի» բավարարման պարագայում անգամ նա իրեն ու իր երկրին այդուհանդերձ չի ձերբազատում հայկական հնարավոր ռևանշից:

Բայց դրանով նա գոնե կարողանում է հայի ձեռքով իր իսկ մայր օրենքից հանել Արցախ բառն ու Արցախի հետ կապող ցանկացած դրույթ ու հիշատակում:

Եվ հետո, եթե Հայաստանը դեռևս մերժում է այդ ուլտիմատումը՝ պատճառաբանելով, որ դա Հայաստանի ներքին գործերին միջամտություն է, որն անթուլատրելի է, ի՞նչ է անելու Ալիևը:

Չի ստորագրելու և հետո՞, պատերա՞զմ է սկսելու այդ պատրվակով:

Չեմ կարծում:

Նա նաև գիտակցում է, որ կոլեգա Փաշինյանն անգամ եթե այդ քմահաճույքը պատրաստակամ է բավարարել, միևնույն է՝ դա գերխնդիր է նրա համար, որովհետև այ դա արդեն համաժողովրդական հանրաքվեյով է տեղի ունենալու:

ՈՒրիշ տարբերակ չկա:

Սա Տավուշում տեղի ունեցած ձևական դելիմիտացիա դեմարկացիան չէ, որ ֆիկտիվ կատարի, «սղցնի գնա»:

Չնայած, որ դա էլ չի մարսելու…

Իսկ ինչ վերաբերում է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչների Հայաստան վերադառնալուն, ապա ժամանակին նման սցենարի իրականություն դառնալու պարագայում թվարկել եմ բոլոր վտանգներն ու անդառնալի հետևանքները:

Սակայն, դիտելով ադրբեջանական իշխանության «Baku TV» հեռուստատեսությամբ ցուցադրված հատուկ թողարկումն այս մասին, պարզ դարձավ, որ երևան են եկել նոր պահանջներ ու հայեցակարգեր:

ՈՒսումնասիրելով դրանք, հասկանալի է դառնում որ նոր, ավելի վտանգավոր դրսևորումներ ու երանգներ է այն ստացել:

Ըստ այդմ՝ ՀՀ Սահմանադրության մեջ պետք է կատարել, այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների (ըստ որոշ աղբյուրների այդ թիվը շուրջ 300 հազարն է) վերաբնակեցմանն» առնչվող 2 փոփոխություն.

* «Արևմտյան ադրբեջանցիների» անվտանգության ապահովում՝ օտարերկրյա միջնորդական առաքելության երաշխավորությամբ։ Հայաստանում պետք է տեղակայվեն զինված ուժեր այն երկրից, որը դաշնակից է Ադրբեջանին ու վայելում է վերջինիս վստահությունը:

Այստեղ հասկանալի է, որ խոսքը միանշանակ Թուրքիային է վերաբերում, որն էլ դրան պատրաստ է:

Ընդ որում, քանի որ Ադրբեջանը չի վստահում Հայաստանին, ինչ-որ փուլից սկսած «արևմտյան ադրբեջանցիները» պետք է ունենան իրենց սեփական անվտանգությունը կազմակերպելու հնարավորություն:

Ասել կուզի՝ Հայաստանում ստեղծվելու են ադրբեջանական զինված ստորաբաժանումներ:

* «Արևմտյան ադրբեջանցիների» ադրբեջաներենով կրթության, կրոնի ու դավանանքի, ինչպես նաև սեփականության իրավունքի ապահովում։

Հայաստանում լինելու են ադրբեջանական դպրոցներ, ադրբեջաներենը՝ պաշտոնապես թուլատրելի լեզու:

Նույն սկզբունքով վերջիններս պետք է ունենան գույքի և սեփականության ձեռքբերման, ինչպես նաև սոցիալ-տնտեսական նույն իրավունքները:

Թուլատրվելու է կառուցել հոգևոր-մշակութային կառույցներ (մզկիթներ, մինարեթներ):

Այսպիսով, սա ոչ այլ ինչ է եթե ոչ Հայաստանն օկուպացնելու կանխամտածված ու մշակված քաղաքականություն:

Պարզապես դա արվում է մարդասիրական քողի ներքո։

Ի դեպ, սրա «խաղաթուղթը» ամբողջությամբ հայաթափված Արցախն է:

Ալիևյան ռեժիմը սահմանել է նաև հետևյալը:

Որքան հայ պատրաստ է վերադառնալ Արցախ, այդքան թվաքանակի ադրբեջանցի պետք է հնարավորություն ստանա «վերադառնալ Արևմտյան Ադրբեջան»:

Այսինքն՝ քանակ քանակի դիմաց:

Եթե Արցախ վերադարձող հայերի համար վերականգնվում է գույքի և սեփականության հանդեպ իրավունքները, նույն տրամաբանությամբ էլ նրանց է ընձեռվելու այպիսի իրավունքներ ՀՀ-ում:

Ի դեպ, Ալիևն ունի արցախահայերին պատկանող գույքի ու սեփականության պետականացման ու տնօրինման հետ կապված խնդիր:

Այս պահին նա չի կարող հենց այնպես, ինչ-որ մեկին նվիրաբերի արցախահային պատկանող բնակարանը կամ սեփական տունը:

Այդ իսկ պատճառով է նաև, որ գյուղերում ու քաղաքներում կառուցում է առանձին շենքերով թաղամասեր:

Ընկալումը հետևյալն է:

Ալիևն այն հումանիստը չէ, որ բարեխղճորեն սպասում է, թե երբ արցախահայերը կժամանեն ու ադրբեջանցիների հետ դուռ-դրկից սկզբունքով համատեղ խաղաղ կհամագոյակցեն:

Ընդհակառակը՝ Ալիևը «բինգո է բռնել», քանի որ չէր կարող անգամ ենթադրել, որ պատմության մեջ առաջին անգամ Արցախն ամբողջությամբ կհայաթափվի:

Բայց և Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ դիտարկելով՝ դեռևս փաստ չէ, որ նա կարող է անկաշկանդ տնօրինել հայերի անշարժ գույքը:

Աշխարհն ասում է՝ հողն է քոնը, հողի վրայինը ունի տեր:

Մանավանդ, որ ադրբեջանական կադաստրում դրանք չկան:

Թե չէ Ալիևը վաղուց պետականացրել ու որպես ճոխ նվիրատվություն հանձնել էր հայերի անշարժ գույքն ու ունեցվածքն իր համաքաղաքացիներին:

Սակայն այստեղ կա մի մեծ բայց.

այս պահին Ստեփանակերտում բնակվում է 3 հազար ադրբեջանցի:

Նրանք ուժային ու մունիցիպալ կառույցներում աշխատողներն ու իրենց ընտանիքի անդամներն են:

Սեպտեմբերին նախատեսվում է Ստեփանակերտի մեծաքանակ բնակեցումը:

Ըստ որոշ աղբյուրների դա արվելու է հետևյալ հանգամանքները հաշվի առնելով.

* Բնակեցնել քաղաքն այնպես, որ անգամ հայերի վերադարձի դեպքում, ընդհանուր բնակիչների քանակը կազմի այնքան, որ գերադրող մեծամասնությունը լինեն ադրբեջանցիները:

Տեղական ինքնորոշման մարմինների ցանկացած ընտրությունների ժամանակ սկզբունքայնորեն պետք է հաղթի ազգությամբ ադրբեջանցի թեկնածուն:

Բացառվելու է ազգությամբ հայ քաղաքապետ լինելու հանգամանքը:

Եվ դա վերաբերվում է Արցախի բոլոր քաղաքներին:

Այդ առումով գյուղերում գուցե բացառություններ լինեն:

* Իսկ եթե արցախահայերն այդպես էլ չվերադառնան, ապա Ալիևին մնում է կամ օրենքի ուժով ապօրինի ու անօրինական համարել բոլոր շենք-շինությունները, սեփական տները և դրանց ապամոնտաժման որոշումներ կայացնել և քանդել դրանք, (որն իհարկե քիչ հավանական է) կամ օտարել, նոր հասցեագրումով, կադաստրային սեփականություններ ձևակերպել, պետականացնել ու ռեզերվացնել, իսկ ընթացքում վաճառել կամ նվիրաբերել դրանք:

Այդպես է արել Թուրքիան Արևմտյան Հայաստանում:

Ինչևէ, բարդ իրավիճակում ենք:

ՀՀ գործող իշխանություններն ուլտիմատում -ընտրության առաջ են կանգնած:

Իհարկե իրենց խելքի, արածի ու չարածի պատճառով:

Ըստ իս, եթե երկընտրանք, ապա փաշինյանական ռեժիմը կնախընտրի 2-րդի մերժումը:

Հայաստանում դեմոգրաֆիական փոփոխությունը որքան էլ առաջին հայացքից նրանց ձեռնտու է, այնքան էլ խնդիր է:

Գոնե դա կարծում եմ, որ նա գիտակցում է:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 5299

Մեկնաբանություններ