Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Տաթևի գաղտնիքները դեռ պետք է բացահայտել. իսկ դրանք գրված են մեր պատմության էջերում»

«Տաթևի գաղտնիքները դեռ պետք է բացահայտել. իսկ դրանք գրված են մեր պատմության էջերում»
16.10.2012 | 11:44

Լրացել է Հալիձոր-Տաթև ճանապարհը կարճող «ՏաԹևեր» ճոպանուղու երկու տարին: Երկկողմանի, հետադարձելի, անկանգառ ամենաերկար ճոպանուղու այցելուների թիվն անցել է 100 000-ը:
Ռուբեն Վարդանյանի ընտանիքի նախաձեռնած ծրագրերը միավորող «RVVZ» հիմնադրամի գործադիր տնօրեն ԱՐՏԱԿ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ խոսքով` ճոպանուղու բացումից հետո սկսվել է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին զբոսաշրջիկների մեծ հոսք: Որակական տեսակետից փոխվել են միջավայրը, Սյունիքի մարզը, կարելի է ասել, որոշակի առումով նաև` Հայաստանը:


-Ճոպանուղու գործարկումից հետո հարակից տարածքների բնակիչները (որքան ինձ հայտնի է` ավելի քան 5000 բնակիչ) ամեն օր մեկ երկկողմանի անվճար տոմս ձեռք բերելու, ճոպանուղուց օգտվելու հնարավորություն ունեին: Մինչդեռ հունիսի 1-ից թանկացել են «ՏաԹևերի» տոմսերը և վճարովի են դարձել նաև հարակից տարածքների բնակիչների համար: Ինչո՞վ է պայմանավորված գնային այսօրինակ փոփոխությունը:
-Այս տարվա հունիսի 1-ից ճոպանուղու տոմսերը թանկացել են բոլորի համար: Միակողմանի տոմսն այժմ արժե 3000 դրամ, երկկողմանի տոմսը` 4000: Սակայն, հաշվի առնելով այն, որ «RVVZ» հիմնադրամի բոլոր ծրագրերի հիմքում սոցիալական ձեռներեցության մոդելն է, հարակից համայնքների բնակիչների համար երկկողմանի ուղևորության արժեքը` 1000, միակողմանի տոմսինը` 500 դրամ սահմանվեց:
-Արտոնություններ ունեցող բնակիչներ կա՞ն:
-Հարակից համայնքի այն բնակիչները` բժիշկ, ուսուցիչ, ովքեր ճոպանուղուց օգտվում են որպես տրանսպորտային միջոցից, շարունակում են անվճար երթևեկել: Պետք է նշել, որ «ՏաԹևեր» ճոպանուղու գործարկման հանդիսավոր արարողության ժամանակ ներդրողները պարտավորվեցին 1 տարի հարակից համայնքների բնակիչներին տրամադրել անվճար տոմսեր, սակայն այս առավելությունից վերջիններս օգտվեցին 1,5 տարի: Որոշումը դժվարությամբ է կայացվել: Բայց այս կերպ մի փոքր ավելի ներդրումներ կկարողանանք ուղղորդել «Տաթև» հիմնադրամին: Ի դեպ, Տաթևի զբոսաշրջային գոտում իրականացվող ծրագրերը շահույթ չեն հետապնդում, գոյացած հասույթն ուղղվում է «Տաթև» հիմնադրամ` Տաթևի վանական համալիրը վերանորոգելու համար:
-Այնուհանդերձ, ճոպանուղին, ըստ Ձեզ` էկզոտիկ տրանսպորտային միջո՞ց է, թե՞ պարզապես արագ է, անվտանգ և կարճում է ճանապարհը, որը երբեմն փակվում է փլուզումներից:
-Ճոպանուղին տարեկան մի քանի անգամ անցնում է անվտանգության փորձաքննություն` թե՛ տեղական, թե՛ արտասահմանյան հեղինակավոր կառույցների կողմից: Այնպես որ, կարող ենք վստահ ասել, որ ճոպանուղին առաջին հերթին անվտանգ տրանսպորտային միջոց է: Բացի այդ, «ՏաԹևերը» կրճատում է գրեթե 40 րոպե տևող ոլորաններով ուղին` այն դարձնելով մոտ 12 րոպե տևող թռիչք Որոտանի գեղատեսիլ կիրճի վրայով, թռիչքի հաճույքն էլ այն էկզոտիկ է դարձնում: Սակայն ամենակարևորն այն է, որ «ՏաԹևերը», թևեր տալով, միացնում է առանց այդ էլ յուրահատուկ 2 բնական տեսարժան վայրեր` Տաթևի հրաշագեղ վանական համալիրն ու Որոտանի կիրճը: Կարծում եմ` ճոպանուղու պարագայում ամենակարևորն այս միավորման գաղափարն է:
-«ՏաԹևերի» Հալիձոր կայանի հարակից տարածքում գործում է սրճարան-ռեստորան: Գնային առումով մատչելի՞ է այն այցելուների համար:
-«Տաթևատունը» ստեղծվել է այն նպատակով, որ տեղանքում զբոսաշրջային ծառայություններն ավելի ամբողջական լինեն, ուստի հաշվի են առնվել միջին վիճակագրական այցելուի պահանջները: Պետք է նաև նշել, որ «Տաթևատունը» տեղանքում միակ հաստատությունն է, որը Սյունյաց աշխարհի բարիքները յուրովի է ներկայացնում, մատուցում է դրանք եվրոպական չափանիշներին համապատասխան: «Տաթևատան» առաքելություններից մեկն էլ Սյունիքի հարուստ խոհանոցի վերածնունդն է, ինչը, թերևս, առաջնային զբոսաշրջային հետաքրքրություններից մեկը կդառնա հետագայում:
-Զբոսաշրջիկների աննախադեպ հոսք ապահովող Տաթևը որքանո՞վ է ներկայանալի զբոսաշրջիկներին մատուցվող ծառայությունների որակի տեսակետից:
-Ծառայությունների որակի բարելավումն ընդհանրապես շարունակական գործընթաց է, և մենք պարբերաբար աշխատում ենք այդ ուղղությամբ: Մեր 55 աշխատակիցներից 54-ը Գորիսի և հարակից համայնքների բնակիչներ են, որոնք պարբերաբար մասնակցում են որակավորման դասընթացների:
-Տաթևը զերծ չի մնում նաև առեղծվածներից. Օրիոնի գոտի, հնագույն քաղաքի ավերակներ, մարդկության պատմության սկիզբ և այլն: Զբոսաշրջիկներին գրավելու միջոց են նաև Տաթևի գաղտնիքները, համագործակցության եզրեր գտնո՞ւմ եք նորօրյա առասպելներ որոնողների հետ:
-Տաթևն ինքնին այնքան հետաքրքիր է, այնքան կարևոր, այնքան իրական պատմություններ կան Տաթևի հետ կապված, որ նոր լեգենդներ ու առասպելներ հորինելու կարիք չկա: Մենք աշխատում ենք մի շարք կառույցների հետ, այդ թվում` Ամերիկյան համալսարանի «Հայ գրականության թվանշային գրադարանի»: Այդ համագործակցության արդյունքում կուտակված տեղեկատվությունը համադրում ենք զբոսաշրջային արդյունք ստեղծելու մեր փորձառության հետ: Կարող եմ ասել, որ Տաթևի գաղտնիքները դեռ պետք է բացահայտել, իսկ դրանք գրված են մեր պատմության էջերում:
-Ի դեպ, առասպելների սիրահարներն ասում են, որ ամսվա մեջ մեկ-երկու անգամ ճոպանուղին ընթացքի ժամանակ մի քանի րոպեով կանգ է առնում: Ըստ նույն աղբյուրների` տարօրինակ «կանգառների» պատճառը ոչ ոք չի կարողանում բացատրել:
-Ճոպանուղու կանգառները պայմանավորված են քամու ուժգնությամբ: Դա անվտանգության ավտոմատացված համակարգի կողմից իրականացվող կանգառ է, որի ընթացքում կարգաբերվում է համակարգը` քամու համապատասխան ուժգնության պայմաններում ճոպանուղին գործարկելու համար:
-Աշխարհում քանի՞սն են երկար ճոպանուղիները, կա՞ որոշակի շփում, համագործակցություն:
-Աշխարհի երկար ճոպանուղիները շատ են, դրանք «ամենա-ամենա» կարող են համարվել մի շարք դասակարգումների համաձայն: Պաշտոնական համագործակցություն այդ կառույցների հետ մենք չունենք, սակայն հետևում ենք նրանց հաջողություններին, մասնավորապես, դրանց շուրջ ձևավորվող զբոսաշրջային գոտիների ստեղծմանը` հաջող փորձը մեզ մոտ կիրառելու նպատակով:
-Առաջիկա ծրագրերի մասին…
-Առաջիկայում կառաջարկենք նոր զբոսաշրջային արդյունքներ` ժայռամագլցման, հեծանվային երթուղիներ, քայլարշավներ կազմակերպելու համար արդեն իսկ նշագրվել են մեկ տասնյակ ուղիներ: Զբոսաշրջային ինֆորմացիոն կենտրոն կստեղծենք, որտեղից այցելուները կկարողանան ձեռք բերել տեղանքի մասին մանրամասն պատմող բրոշյուրներ, նաև Տաթև կատարած իրենց անմոռանալի այցելության մասին փաստող հուշանվեր: Համայնքային ծրագրերի շրջանակներում կգործարկվի «Աֆեյան ընտանիքի մշակութային կենտրոնը»: Այստեղ կիրականացվեն տարբեր մշակութային իրադարձություններ համայնքի ներկայացուցիչների և հյուրերի համար:

Զրույցը`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 5401

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ