Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ոգևորություն` համեմված հիասթափությամբ

Ոգևորություն` համեմված հիասթափությամբ
08.10.2012 | 20:23

Երևան-Սյունիք ձգվող երկար ու դժվարանցանելի ճանապարհը մեզ տարավ այն պատմական ու հեքիաթային վայրերը, որտեղ երբեք չէի եղել:
Մեր շրջագայության առաջին կանգառը Սիսիանի չքնաղ բնության հուշարձան Շաքիի ջրվեժն էր: Մեքենան մեծ դժվարությամբ էր առաջ շարժվում քարքարոտ ու խորդուբորդ ճանապարհով, մոտենում էինք մի վայրի, որտեղ մեզնից առաջ հազարավոր զբոսաշրջիկներ եղել էին արդեն ու, անկասկած, ճաշակել նույն զգացողությունը, ինչ մենք: Որպես բացառիկ հուշարձան, ջրվեժը, թերևս, ամենագրավիչ ու գեղատեսիլ վայրն է Սյունիքի մարզում, որով զմայլվելու համար տարածքում գոնե նվազագույն պայմաններ պետք է ստեղծվեն, եթե, իհարկե, այն դիտարկում ենք որպես զբոսաշրջության ակտիվ գոտի: Ամենաքիչը լեռնագնաց պետք է լինել` հաղթահարելու այն զառիվերը, որը տանում է դեպի ջրվեժ: Հողի ու փոշու մեջ կորած, սահելով ու սողալով, վայր ընկնելով, դե, իհարկե, մեկս մյուսին օգնելով` մի կերպ տեղ հասանք: Մինչ այդ լսել էի, որ Շաքին լիարժեքորեն չի գործում (ջրային պաշարներն ուղղվում են հիդրոէլեկտրակայանի շահագործմանը) անգամ ամռան եղանակին, երբ բազմաթիվ զբոսաշրջիկներ են այցելում տեսարժան վայր: Գիտեի, որ ջրի հոսքը դադարեցված է, և այդ ճանապարհային դժվարությունը հաղթահարող զբոսաշրջիկը հիասթափված հետ է դառնում` ականատես լինելով բարձունքից ծորացող ջրի մեկ-երկու շիթերի: Իհարկե, մենք վայելեցինք ջրվեժի ողջ գեղեցկությունը, հիացանք ինչպես հարկն է, քանի որ նախապես խնդրել էինք` մի քանի րոպեով բաց թողնել ջուրը, բայց, միևնույն է, ավելի հպարտ կլինեինք, եթե այդ նույն զմայլանքը ճաշակեին նաև դրսից եկած զբոսաշրջիկները:
Մենք` հայի սովորությամբ, սիրում ենք հիանալ ուրիշի ունեցածով, իսկ այն գանձերը, որոնցով մենք ենք հարուստ, չենք ուզում փայփայել և նույն այդ հպարտության զգացումով ի ցույց դնել օտարին: Արդեն քանի տարի խոսվում է տարածքը հանգստյան գոտի դարձնելու, փոքրիշատե պայմաններ ստեղծելու մասին, բայց առայսօր ոչինչ չի ձեռնարկվում: Եկողի աչքերի առջև հառնում է 18 մետր բարձրությամբ երբեմնի չքնաղ Շաքիի խղճուկ և անշուք պատկերը` շրջապատված անխնամ ծառ ու թփով։
«Զորաց քարերը» կամ, ինչպես սովոր ենք ասելու, Քարահունջը, գտնվում է Սիսիանից 3 կմ հեռավորության վրա: Քարահունջը աշխարհի հնագույն աստղադիտարաններից է: Երեք հեկտար տարածքում դասավորված հսկայական քարերը, որոնցից շատերի վրա կան անցքեր, հնում օգտագործել են որպես աստղերն ուսումնասիրելու միջոց, գործածվել մինչև քրիստոնեության ընդունման ժամանակաշրջանը: Քարերն ստացել են նաև «Հայկական Սթոունհենջ» անվանումը: Նկատենք, որ նրանց նկատմամբ մեծ է հատկապես դրսից եկող զբոսաշրջիկների հետաքրքրությունը: Աստղադիտարանը հյուրերի պակաս չի զգում, մեր այցի ընթացքում էլ բազմաթիվ օտարերկրացիներ կային, որոնք մանրակրկիտ զննում և լուսանկարում էին զարմանահրաշ քարերը: Մինչդեռ այստեղ դարձյալ նույն անբարեկարգ ճանապարհային վիճակն է: Գլխավոր մայրուղուց մինչև քարերը տանող մոտ 1,5 կմ ճանապարհն ստիպված ես ոտքով անցնել, այն ոչ միայն հոգնեցուցիչ է, այլև անհարմար` նույնիսկ ավտոմեքենաների համար: Եվ սա մենք անվանում ենք տեսարճան վայր ու ամեն տարի մեծ թվով հյուրեր ընդունում, ի՞նչ կարևոր է` տեղացի՞, թե՞ օտարերկրացի: Զարմանալին այն է , որ տեսարժան վայրը հսկող որոշ սրտացավ մարդիկ, հողի ու փոշու մեջ, չէին մոռացել տնկել մի ցուցանակ, որի վրա մեծ-մեծ տառերով, որպեսզի այցելուների աչքից չվրիպի, գրված էր. «Քարերին ձեռք չտալ, մաքուր պահել տարածքը»: Հետաքրքիր է` ո՞ւմ փայլուն գաղափարն է այս «խորիմաստ» և ոչինչ չասող ցուցանակը: Ինձ համար այդպես էլ հարց մնաց` տեսնես ինչո՞ւ են այդքան անհանգստացել տարածքի պահապանները. զգուշանում են, որ ձեռքի հպումից քարերի արտաքին տեսքը կփչանա՞, փոշի՞ կնստի, խազ կքաշվի, թե՞ հնուց մնացած գանձեր կան դրանց տակ: Անհասկանալի է:
Տարածքի հոգացող և քարերին այդպես խնամքով վերաբերվողներն ավելի լավ է ասֆալտապատեին 1,5 կմ ճանապարհը, նոր մտածեին ցուցանակների մասին: Թե՞ ցուցանակ փակցնելը մեծ գործ են համարում։


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 6958

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ