ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Կարմիր քարտ

Կարմիր քարտ
11.07.2008 | 00:00

ԻՆՔԸ «ԼՈԽ ԳՅՈՒԴՈՒՄ Ա»
Լրանում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման հարյուր օրը:
Արտաքուստ դանդալոշ թվացող այդ ժամանակի մեջ ահավոր շատ էին խտացումները: Քաղաքականությունը հնարավորի արվեստ է, ուր գեղարվեստը տեղ չունի: Բայց միևնույն է՝ դա «հարյուր օրվա մենություն» էր, որ առանձնապես պոկումի չվերածվեց, չբնորոշվեց հանրության-յուրայինների-հեռացածների-մնացածների հետ կառուցված վերջնական ու ճշգրիտ հարաբերություններով (ուշքի գալու խնդիր էլ կար, երևի): Բայց վերադասավորվելու շանս ստեղծվեց, և հարյուր օրվա ավարտին ինչ-ինչ դինամիզմ նկատվում է:
Անցնող ժամանակահատվածը երկու մեծ առանձնահատկություն ուներ: Մեկը՝ լավ: Մյուսը՝ վատ: Մնացյալ՝ կադրային «ռակիրովկաները», այլ հանգի սպասումները, մաքսա-հարկա-գերեզմանոցա-«զերծումները» լոկալ գործընթացներ են, որ գուցե դոմինոյի էֆեկտ ունեն, սակայն համակարգը հիմնարար առողջացման տանել դեռևս չեն կարող, որովհետև ասված է. գտիր պատճառը և ոչ՝ հետևանքը: Ինչն առայժմ չի արվում:
Հետաքրքիր էր նաև հարյուր օրվա արտաքաղաքական վեկտորը: Որքան էլ Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի շուրջը եռացող կաթսան մարտի մեկի ներքաղաքական «անկումի» մեջ հայտնված Հայաստանին անկյուն էր քշում, Սերժ Սարգսյանը կարողացավ մասնակի ճեղքել իր մեկուսացումը և արժանանալ Ռուսիո հնարավոր «բարեհաճությանը»: Հիմա որքան էլ գրվի-ասվի, թե Մեդվեդևն «ուզում» է սեպտեմբերի 21-ին ընտրություններ լինեն Հայաստանում կամ՝ Պուտինն ուզում է Քոչարյանը վերադառնա, այդ ամենն ընդամենը քաղաքական տրյուկներ են: Եվ հետո՝ մեծ հաշվով ի՞նչ գործ ունեն Մեդվեդևը կամ Պուտինը հայաստանյան ընտրությունների հետ, որ օր ու ժամ «նշանակեն»: Մեկ: Երկրորդ. Ռուսաստանն իր գլխացավանքը Հայաստանի հետ մարտի մեկով ու նախագահական ընտրություններով հիմնահատակ թուլացրած՝ իր դուռը տարած Սերժ Սարգսյանով այս փուլում ավարտեց: Ռուսաստանն այլևս ուրիշ գերցավ ու գլխացավանք ունի: Անունը՝ գազ: Նաև՝ ՆԱՏՕ:
Ադրբեջանն ու Վրաստանը «կորցնելու» վտանգի առաջ կանգնած, «աշխըրքիս» ողջ գազն ու նավթը տենչացող, վրաց-օս-աբխազական ճակատում համառ խաղեր տվող, արդեն իսկ Չեխիայում տեղակայված ռադարների տակ հայտնված, սեփական իմպերիոն-մոնոպոլ ամբիցիաներից խեղդվող Ռուսաստանին ու նրա նախագահին առայժմ պետք է հանդարտված Հայաստան: ՈՒստի այլ բան չէր մնում Ռուսիային, քան մի քիչ շնորհավորել Հայաստանի նախագահին, նախ՝ հեռագրով, ապա անձամբ՝ հեռախոսով… ծննդյան օրվա առթիվ: Մի քիչ թույլ տալ, որ «իրենց կողմերում կռված» Սերժ «Սարկիսյանն» իր հերթին ուղիղ Մոսկովից հեռագիր հղի Ստամբուլ՝ հայ-թուրք-ռուսական ավանդականորեն ձևավորված եռյակը «կազմաքանդելու», ռեֆորմատորական մոտեցումներ հանդես բերելու, Հայաստանի փայը պոկելու համար:
Կրեմլի հաշվարկը պարզ է. վերջինս նույնպես չի բացառում, որ դեմոկրատ Օբաման, որի ընտրվելու հավանակությունն անչափ մեծ է, այս անգամ իսկապես ամերիկյան օրակարգ մտցնի (առայժմ՝ օրակարգ) հայոց եղեռնի ճանաչման հարցը, որպեսզի տարածաշրջանում ամերիկյան լոտերը հասցնի մաքսիմումի: Ռուսաստանն էլ իր հերթին փորձում է տնտեսական հզոր «պարտնյոր» Թուրքիայի հետ «անձամբ առևտուր անել», և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունն իրենով անել: Ռուսիո ծանոթ ձեռագիր է դեռ անցած դարասկզբից: Ինչևէ:
Կրեմլի դուռը ծածկելուց անմիջապես հետո, ձեռը ոսկեհուռ բռնակից չվերցրած, Սերժ Սարգսյանը հաջորդ քայլով Աֆղանստան հայկական զորամիավորում ուղարկելու հրաման ստորագրեց նույն հարյուր օրվա ընթացքի մեջ: Ինչը, իհարկե, բավականին ուշագրավ է: «Առջևում» էլ Սերժ Սարգսյանի ֆրանսիական այցն է: ՈՒ թե այս ամենին գումարենք ԵԽԽՎ-ի տված վեց ամիսը, իսկ վեց ամսվա մեջ երկու հատ հարյուր օր կա, և խելամիտ օգտագործելու դեպքում լիովին հնարավոր է հարաբերական կայունություն ունենալ դասական ճշգրտությամբ խաղը շարունակող ընդդիմության հետ՝ երկիրը հանելով առկա իրավիճակից: Ինչն էլ, ըստ որոշ տեղյակների, կարծես թե իրականություն դառնալուն շատ մոտ է: Համագործակցությունը նկատի ունենք:
ՈՒ թերևս սա էր պատճառը, որ իր «հարյուրին» սպասող Ռ. Քոչարյանն ու նրան սպասարկող թիմը սկսեցին իրենց երևացնել: Նրանց հույսը երկրում անվերահսկելի վիճակի շարունակականությունն էր, որն էլ կստիպեր անդառնալիորեն թուլացած Սերժ Սարգսյանին՝ «ազգովին» խնդրել, որ Քոչարյանը վերադառնա, գա ու իր միակտղամարդկային բռունցքով «պարյադոկ» մտցնի հայոց լեռնաշխարհում, ուր նույն Քոչարյանն իր գնալուց առաջ «բարդակ», եթե ոչ՝ կազարմա ու սպանդանոց էր սարքել:
Բայց «միակտղամարդն» այս հարյուր օրն ավարտվելուն զուգընթաց հանկարծ հասկացավ, որ ինչպես զուր էին երիտթոշակառու չդառնալու, վարչապետ նկրտվելու իր հովիկները, նույնքան զուր են ընդդիմություն-իշխանություն սպասվող «կտտանքի» վրա ձեռները տաքացնելու իր վաղամեռիկ մուրազը, որովհետև գնալով գրեթե քաղաքակիրթ հարաբերություններ են հաստատվում ընդդիմության և իշխանության միջև. դե, ասենք, հենց միայն՝ ոստիկանություն-միտինգավորներ «մակարդակում»: Բայց կարծես՝ ոչ միայն: «Չար» լեզուները լիքը լավ բաներ են ասում այդ համագործակցության մասին: ՈՒ հենց սա է պատճառը, որ քոչարյանական կաստան սկսեց տոտալ-անկանոն-ջղաձիգ շարժումներ անելով առաջ գալ:
Քոչարյանական «կաքավումների» մասին քիչ ներքևում, այժմ մի աննշան պաուզա՝ նրա դիմապատկերի ֆոնին: Չլինելով գրագետ, հայախոս (այս վերջին հարցազրույցը նույնպես Քոչարյանը ռուսերենով է տվել), չտիրապետելով հայ տեսակի տիպաբանության գաղտնիքներին, չնույնացվելով հայ հողի հետ, չիմանալով հայ բնավորությունը, նիստուկացը, յուրացրած չլինելով հայ արժեհամակարգը... այսինքն` լինելով անչափ օտար, անգամ բոլորիս հրաժեշտ տալուց հետո նա շարունակում է իրեն պահել խիստ «տնավարի»՝ կրկին փորձելով ընտրել ենթագիտակցական այնպիսի տարածք, ուր տասը տարի շարունակ ալքիմիկ ռեակցիաներով եռացրել-բարձրացրել է հայ ընդերքում եղած ցածր էներգիան: Միջին վիճակագրական հայի այդ տեսակը տասը տարի կենսագործվեց բացարձակապես այդպիսի միջավայրում, որովհետև միայն նման «բիոլոգիական» միջավայրն է նրան հոգեհարազատ, այնտեղ է նա կարողանում կողմնորոշվել, դրսևորվել՝ քինոտ բնավորության ողջ բնատուր տաղանդով հանդերձ:
Բայց մարտի մեկն արդեն ցույց էր տվել, որ կարամազովյան այս ողջ «նիզստը» (Դոստոևսկու բնորոշումն է) հայ ժողովուրդն այլևս դեն նետել և ջրբաժան է գծել (ցավալի զոհերի գնով) իր և Քոչարյանի «ընդերքային» էներգիայի միջև: Հիմա, հինգ ամիս անց, Քոչարյանն այդ էներգիան առած էլի եկել-խոսում է նույն դիրքերից՝ «զառանցանք, ճղվել...». ասես ոչինչ չի եղել, ժամանակ չի անցել, իրավիճակ չի փոխվել, ու ինքն էլ դեռ «նախագա» է:
Փաստենք մեկ և ընդմիշտ` Սերժ Սարգսյանի հարյուր օրվա ամենամեծ ձեռքբերումն այն էր, որ նա Քոչարյանին ուղարկեց տուն՝ չնայած վերջինիս համառ պնդումներին: Իսկ իրադարձությունների սրընթաց ու ողբերգական զարգացումը տեղ չթողեց, որ գոնե մի քիչ ուրախանանք կատարված փաստի առիթով, և լավ էր, որ օրերս այն մեզ հիշեցրեց Տեր-Պետրոսյանը:
Եվ Քոչարյանի նոր ղալմաղալը, կուլտուրական ասած՝ «լաչառությունը», ամենևին էլ «նվիրված» չէր Տեր-Պետրոսյանին: Այդպես յուրովսան Քոչարյանը «տոնում» է Սերժ Սարգսյանի հարյուր օրը, ու ամեն բան փոքր-ինչ ջղաձիգ է ստացվում, որովհետև հարգարժան «վոինը» մտածում էր՝ Սերժն այդքան չէր ձգելու: Մի շտրիխ էլ ավելացնենք նրա դիմանկարին ու անցնենք քաղաքագիտությանը: Բանն այն է, որ Քոչարյանի մոտ «անցումները» պրիմիտիվ չպետք է լինեն. «ուղեկցող» երևույթները նրա ժամանակաշրջանի տարերքն են: Հիշենք՝ հոկտեմբերի 27-ին «ուղեկցում» էին կաթողիկոսական ընտրությունները: Պողոս Պողոսյանի սպանության կիրակի օրը Մյուռոնօրհնեքի օրն էր, Սերժ Սարգսյանի ինագուրացիան մարտի մեկի քառասունքին համընկավ:
Հիմա էլ, Տեր-Պետրոսյանին «ձերբակալելով», յուր 98-ի սխալն ուղղելով, Քոչարյանը «տոնում» է Սարգսյանի հարյուր օրը: Այդ առիթով ՀՀ երկրորդ նախագահն ի մասնավորի հարկ համարեց նշել, որ իշխանությունը և պատասխանատվությունը պետք է միասին լինեն, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը ցանկանում է մարտի մեկի իր հանցագործությունը ծածկել և դուր գալ իշխանություններին (և ո՞ւմ կովն է բառաչում մարտի մեկի առիթով): Համ էլ, որ ինքը լիներ (ա՜խ, եթե լինե՜ր) իշխանության, Գյուլին հաստատ չէր կանչի Երևանում տեղի ունենալիք ֆուտբոլային խաղը դիտելու:
Ո՞նց կանչի: Առայժմ ինքն է «կանչված»: Մարտի մեկի ժամանակավոր հանձնաժողով. տես՝ դաշնակցական ընկեր Արտյուշայի մտքերը: Ընդ որում, չի բացառվում, որ առաջիկայում նույն մարտի մեկի առիթով «ինքը» դառնա նաև «սակավն՝ ընտրյալներից». սրա համար էլ տես՝ օմբուդսմենի մարտի մեկի զեկույցը:
Քաղաքագիտացանք: Քոչարյանն անհանգստացած է և «իրավունք» ունի: Վայրկյանների ընթացքում նրա հին գվարդիան կարող է հայտնվել գիլիոտինի սեղանին: Ինքը ևս ձեռները ծալած նստած չէ: Երրորդ ուժ է ձևավորում: Որի ֆլանգները, ի դեպ, բավականին շատ են: Չմոռանանք, այնտեղ կարող ենք տեսնել երրորդ ուժի մասին հայտարարություն արած Ռուբեն Հակոբյանին ևս: Հարկավոր պահին այնտեղ կհայտնվի նաև «Բարգավաճը». մարդկային և ֆինանսական ինչ ռեսուրսով, առայժմ դժվար է ասել: Դժվարությամբ, սակայն խաղի մեջ կհայտնվի նաև ՀՅԴ-ն:
Քոչարյանը սողացող «ապստամբության» է պատրաստում նաև օլիգարխիային, որի շահերը վերջին շրջանում, այսպես ասած, «խախտվում» են հարկա-մաքսային մարմինների կողմից: Ճիշտ է, խոշոր տեղաշարժեր դեռ տեղի չեն ունեցել, սակայն նախորդ օրը Հմայակ Հովհաննիսյանն ստարտը տվեց, և սափրագլուխների հետքի վրա «կլռեցվի» օլիգարխների մեծ մասը:
Առաջ անցնենք և հիշենք օրերս Հյուսիսային պողոտայում սափրագլուխների կազմակերպած հաջորդական դեմարշը ևս: Մերձքոչարյանական ուժերը հզոր դեմարշ են սկսել նաև իրենց ազդեցության տակ եղող լրատվամիջոցներով:
Մի խոսքով. Քոչարյանը զգուշացնում և հիշեցնում է բոլորին` կա, լինելու է ոչ երիտթոշակառու: Իսկ ի՞նչ է ասում Քոչարյանը Ս. Սարգսյանին. զգուշացնում, կարմիր քարտ է ցուցանում՝ «կուժ ասեմ, կուլա, դու լսիր» տարբերակով՝ հասկացնելով, որ իր հետ կատակ անել պետք չէ: Ինքը շատ բանի կարող և ընդունակ է: Հիշո՞ւմ եք, Քոչարյանը մի ժամանակ նվնվում էր, թե որոշ թերթերում «վերլուծություններն այնպիսի ինտրիգներ են ներկայացնում, որ զարմանում եմ` մի՞թե ես այդպիսի քաղաքական հնարքների տիրապետում եմ... Ճիշտն ասած` չեմ տիրապետում»:
Ժպտո՞ւմ եք: Մի ժպտացեք: Այս անգամ էլ Քոչարյանն ասաց, որ շուտով լույս կտեսնի իր մասին գիրք. «Զվարճալի կլիներ նման գիրք տպագրվեր Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած տարիների մասին». ասում է «վոինը»՝ «խաչակիրների» մասին էպոպեա գրած գիտնական մարդու մասին:
Մենակ Քոչարյանը կարող է նման բաներ ասել։
Ժպտո՞ւմ եք: Ժպտացեք, ճիշտ եք անում. 97-ին, երբ Վազգենի անդուլ ջանքերով արդեն իսկ քաղաքական որոշում էր կայացվել, որ Քոչարյանին բերում են Հայաստան՝ վարչապետ. Երևանից Ստեփանակերտ Քոչարյանին են ուղարկվում մի շարք գրքեր՝ Մաքիավելի, Սենեկա… որպեսզի կարդա ու հայերենը «թյունինգ անի, յուղ չվառի՝ նյարդանա կլիզմաների, մոսկաների վրա». կարդա` զարգանա, ինտելեկտը համապատասխանեցնի Հայաստանի այդ օրերի իշխանությունների մակարդակին։ Հաջորդ օրը գրքերը Ստեփանակերտից կրկին հետ են դարձվում Երևան. «Ես լոխ գյուդում եմ»,- ասել էր գրքերը հետ վերադարձրած Քոչարյանը:
Բա:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 6956

Մեկնաբանություններ