Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փետրվարի 5-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ կապված Ադրբեջանում պահվող հայ գերիների՝ զինծառայողների ու քաղաքացիական անձանց վերադարձի հրատապության հետ: Պաշտպանը նշել է, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ հայ հասարակությանը ու հատկապես գերիների ընտանիքներին հոգեկան տառապանքներ պատճառելու ու լարվածություն առաջացնելու նպատակով: Դրանից բացի, Պաշտպանը դեսպանին է ներկայացրել մարդու իրավունքների խախտումները սահմանների որոշման գործընթացում:
Մարդու իրավունքների պաշտպանը դեսպանին տեղեկացրել է, որ իրենց ուշադրության կենտրոնում են նաև Արցախից Հայաստան տեղափոխված անձանց իրավունքների երաշխավորման հարցը։ Օրինակ՝ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է տեղեկատվական ուղեցույց պատերազմի հետևանքով տեղահանված մարդկանց համար։
Առաջիկայում կհրապարակվի նաև արտահերթ զեկույց, որտեղ տեղ են գտել երկրում ռազմական դրություն հայտարարվելու օրվանից սկսած Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացված և մինչ օրս իրականացվող անհատական դիմումների (գրավոր և բանավոր) քննարկման, սոցիալական ցանցերի մշտադիտարկման, Հայաստանում Արցախից տեղահանված անձանց բնակության վայրեր (կացարաններ, ժամանակավոր կայանման կետ, մասնավոր տներ) իրականացված այցերի արդյունքում արձանագրված կարիքները, ինչպես նաև նրանց իրավունքների ապահովման խնդիրները:
Կողմերը ընդգծել են երկու կառույցների միջև բարձր համագործակցությունն ու փոխադարձ վստահությունը, ինչպես նաև պայմանավորվել են խորացնել համագործացկությունը մարդու իրավունքների պաշտպանության հարցերում։