ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հարված գոտկատեղից ներքև

Հարված  գոտկատեղից  ներքև
06.02.2024 | 19:16

Հայ գրականությունից «հայ» բառը հանելը հարված է գոտկատեղից ներքև, ինչու՞, որովհետև ես համոզված եմ՝ սա պատահական փորձ չէ և այն, եթե ողբերգական չլիներ, պետք է ասեի՝ զավեշտալի է: Պատճառաբանությունը, թե հայ գրականությունը համաշխարհային գրականության մի մասն է, և այդ պատճառով հայ գրականությունը ներառում ենք համաշխարհային գրականության մեջ, նախ նշանակում է հայկական դպրոցում նեղացնել՝ հայ գրականության ընդգրկումների շրջանակը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշել է գրականագետ, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դասախոս Սերժ Սրապիոնյանը:

«Հայ գրականության ծրագրերում ընդգրկված հեղինակների բավականին լուրջ խնդիր կա: Ինչպես հայ գրականությունից վտարել են հնագույն հելլեննական, հռոմեական գրականությունը, այնպես էլ վտարել են մեր գրականության արմատը:

Չկա Մաշտոցը, որը մեր գրականության սկզբնավորման արմատն է, չկա Խորենացին, որը հայրենասիրության մեծագույն սկզբնավորողն է, Եղիշեն, որը գեղարվեստական ոճի մեր մեծագույն հիմնադիրն է: Մենք ունեցե՞լ ենք իրավական երկիր դառնալու ցանկություն թե ոչ․ այո, ունեցել ենք այդպիսի ցանկություն և իրագործել ենք, և դա արել է Մխիթար Գոշը:

Միջնադարյան գրականությունից թողել են երկու անուն՝ Սայաթ նովա և Նահապետ Քուչակ, այն էլ ոչ ուսումնասիրության համար, այլ մյուս հեղինակների երկերի հետ համեմատելու նպատակով:

Դրա փոխարեն Գրիգոր Սաշյանի՝ Գրիգի «Հիսուսի կատուն» են դրել և մի ամբողջ ժողովածու պարտադիր ուսուցման համար: Ես ժամանակակից գրականությունը ամենևին այդ տղայի գրականությամբ չեմ պատկերացնում: Պատկերացնում եմ այսօրվա գրականության որոշիչ դեմքերի՝ Հուսիկ Արայի, Խաչիկ Մանուկյանի, Լևոն Ջավախյանի գրականությամբ: Այդ գրողների անուններն անգամ չկա: Միայն Խաչիկ Մանուկյանից մեկ բանաստեղծություն է դրված, իսկ Գրիգից՝ մի ամբողջ ժողովածու»,-ասաց Սերժ Սրապիոնյանը:

Գրականագետը նշում է, որ գրականության նոր չափորոշչով տարբերակված չեն գրական ժանրերը և սեռերը.

«Միտումնավոր խառնաշփոթ ձևով են ներկայացրել նաև գրական ժանրերի և սեռերի ճանաչման խնդիրը: Ներկայացված չեն առասպելները, չկա կատակերգություն և դրամա տարբերակումը: Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար» կատակերգությունը բերել և ներդրել են դրամա ժանրի տակ, այսպիսի ձախավերություն հայ դպրոցը իր սկզբնավորման օրից չէր տեսել, եթե տերթոդիկյան մասը հանենք:

Իմ տարիներին, եթե հայ մարդն անգիր չիմանար Մովսես Խորենացու «Ողբ»-ի որոշիչ հատվածը, նա չէր համարվում գրականություն սովորած աշակերտ, եթե այդ արժեքները հանում ենք և տեղը այլ կասկածելի արժեքներ ենք դնում, ես ստիպած եմ դրա տակ միտում փնտրել, որովհետև այդպես կրթության և դպրոցի հիմքերը կարող է քանդել հատուկ ծրագրով առաջնորդվողը: Եվ ես ահա հայտնում եմ իմ կասկածանքի մասին՝ չե՞ն ստացել արդյոք կասկածելի դրամական կառույցներից գրանտներ և հանձնարարություններ՝ քանդելու հայ դպրոցի բովանդակային հատվածը»:

Գրականագետին մտահոգում է այն փաստը, որ գրականության դասագրքում ներառված չեն ռուս գրականության հեղինակները.

«Ի վերջո ռուս գրականությունը ի՞նչ հիմունքով է վտարվել մեր դպրոցից և փոխարենը անգլիական գրականության ինչ -ինչ դեմքեր են մտել, ո՞ր չափանիշով, ի՞նչ պատճառաբանություն կարող ենք տալ: Կարո՞ղ ենք փաստարկել, որ ռուս գրականությունը համաշխարհային գրականության հետ կապ չունի՝ չեն կարող:

Խորհրդային դպրոցի մերժումը ևս սխալ է, որովհետև այդ դպրոցի գրականության այնպիսի դասավորվածություն կար, որ հայ երեխան հասկանում էր մեր գրականության կապը՝ ռուս և արտասահմանյան գրականության հետ, ինչն այսօր ջնջում, քերում են մեր հիշողությունից: Հայ այն աշակերտը, որը այս չափորոշիչներով կմտնի դպրոց և կավարտի, այլևս հայկականության հետ որևէ հոգևոր, մտավոր և գենետիկ կապ չի կարող ունենալ: Ավելին ասեմ՝ հեգնանքով կվերաբերվի մշակութային բարձր արժեքներին»,-նշեց նա:

Սերժ Սրապիոնյանը նաև իր մտահոգությունը հայտնեց, որ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան միավորվել է «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի մեջ.

«Հայ ժողովրդի պատմության մեջ խցկեցին «Հայ եկեղեցու պատմություն» առարկան, կամաց- կամաց կհայտարարեն, որ սա համաշխարհային պատմության մի մասն է և կխցկեն այլ երկրների պատմությունների մեջ և շիլաշփոթ, բորշային մի զանգված կդնեն հայ աշակերտի գլխին և մտքում, և հայ աշակերտը կսկսի չհասկանալ, որտեղ է սկսում հայը և որտեղ է վերջանում»,-ընդգծեց նա:

Սկզբնաղբյուրը` tert.am

Դիտվել է՝ 4324

Մեկնաբանություններ