ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Բուհի դիպլոմ չունեցող ուսուցիչներին ազատելը սահմանամերձ դպրոցներում դասապրոցեսի խնդիրներ է առաջացրել

Բուհի դիպլոմ չունեցող ուսուցիչներին ազատելը սահմանամերձ դպրոցներում դասապրոցեսի խնդիրներ է առաջացրել
15.01.2024 | 06:55

Տավուշի մարզի բազմաթիվ դպրոցներում, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գրության հիման վրա, աշխատանքից ազատվել են միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչներ։ Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթիի միջնակարգ դպրոցից տեղեկացա, որ աշխատանքից ազատվել է միջին մասնագիտական կրթությամբ ռուսաց լեզվի ուսուցչուհին, սակայն նրան փոխարինող, շաբաթական 11 դասաժամը պարապող ուսուցիչ չի եղել, Կոթիի դպրոցի տնօրինությունը ստիպված խնդրել է գյուղի կենսաթոշակառու, վաստակաշատ 74-ամյա ուսուցչուհուն, որ նա պարապի այդ դասաժամերը։

Անցյալ տարվա դեկտեմբերի 25-ին աշխատանքից ազատել են Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեպարի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ու անգլերենի միջնակարգ կրթությամբ ուսուցչուհիներին, ովքեր տասնամյակներ դասավանդել են այդ դպրոցում։ Անգլերենի թափուր դասաժամերն այժմ, պարապում է Նոյեմբերյան քաղաքից Ոսկեպար ժամանող ուսուցչուհի, իսկ մաթեմատիկայի շուրջ 22 դասաժամերը այս շաբաթվա ընթացքում չեն պարապվել։ Մաթեմատիկայի ուսուցչի թափուր հաստիքը զբաղեցնելու համար մի օր ուսուցուհի է եկել Ոսկեպարի դպրոց, սակայն նա որոշել է չաշխատել, Ոսկեպարի բազմաթիվ աշակերտներ այժմ մաթեմատիկայի դասաժամեր չեն ունենում։

Բուհի դիպլոմ չունեցող ուսուցիչներին աշխատանքից ազատելու հետևանքով Տավուշի մարզի հանրակրթական այլ դպրոցներում ևս խնդիրներ են ծագել։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3643

Մեկնաբանություններ