Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Ցատկ դեպի 4-րդ հազարամյակ

Ցատկ դեպի 4-րդ հազարամյակ
19.08.2008 | 00:00

ՊԵԿԻՆԻ 29-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ
ԵՎՍ վեց օր, և Պեկինի օլիմպիական խաղերը կդառնան պատմություն։ Պեկինի կայծերը, որոնք այս օրերին սփռվել են ողջ աշխարհով մեկ, կսկսեն բորբոքել մի նոր «հրդեհ», որն ուղիղ չորս տարի անց կբռնկվի Լոնդոնում։ Սա՝ 2012 թվականին, իսկ առայժմ 29-րդ խաղերի մայրաքաղաքում շարունակվում է ֆանտաստիկ ռեկորդների շքահանդեսը, որը մասնագետներն անգամ դժվարությամբ են «մարսում»։
Դրանցից առաջինը, անշուշտ, ամերիկացի լողորդ Մայքլ Ֆելպսի աներևակայելի ռեկորդն է՝ մեկ օլիմպիադայում ութ ոսկե դափնի։ Նման խելահեղ հաջողության ոչ անտիկ և ոչ էլ ժամանակակից օլիմպիական խաղերում ոչ մեկին չէր հաջողվել հասնել։ Լեգենդար ամերիկացին Աթենքի օլիմպիական խաղերում հող նախապատրաստեց ապագա հաղթանակների համար՝ նվաճելով վեց ոսկե և երկու արծաթե մեդալ և այժմ գլխավորում է բոլոր ժամանակների օլիմպիական խաղերում չեմպիոնական պարգևներ նվաճած մարզիկների ցուցակը։ Նա ամբողջ հինգ ոսկե մեդալով առաջ է անցել խորհրդային մարմնամարզուհի Լարիսա Լատինինայից, ֆինն լեգենդար աթլետ Պաավո Նուրմիից, ամերիկացի լողորդ Մարկ Սպիտցից և աթլետ Կառլ Լյուիսից։ Նկատենք, որ նշված մարզիկներն այդ հաջողությանը հասել են ոչ թե երկու, այլ մի քանի խաղերում։
-Իմ կյանքում շատ բաներ եմ երազել, անգամ դրանցից մի քանիսը նշել նոթատետրում, սակայն ամենամեծ երազանքս սա էր եղել, և այն իրականացավ։ Հիշում եմ, երբ սովորում էի դպրոցում, ուսուցիչներս միշտ ասում էին, որ կյանքում ոչ մի բանի չեմ հասնի։ Ես երբեք իմ մասին նման կարծիք չեմ ունեցել և ապացուցեցի, որ ուսուցիչներս ճիշտ չէին։ Գիտեմ՝ մինչև խաղերի մեկնարկն էլ իմ հայտարարությունները ոչ ոք լուրջ չէր ընդունում, սակայն ես ապացուցեցի, որ անհնարին ոչինչ չկա։ Պարզապես անհրաժեշտ է մինչև վերջ գնալ նպատակների իրականացմանը և դիմանալ մրցումների, առավել ևս՝ օլիմպիական խաղերի խելահեղ լարվածությանն ու ծանրաբեռնվածությանը...
Պեկինի երկրորդ զարդը ճամայկացի ՈՒսեին Բոլտի համաշխարհային ռեկորդն էր 100 մետր վազքում։ Բոլտն իր առաջին համաշխարհային ռեկորդը սահմանեց այս տարվա մայիսի 31-ին՝ Նյու-Յորքում անցկացված մրցումներում ցույց տալով 9,72 վայրկյան արդյունք, և հայտնվեց մարզաշխարհի ուշադրության կենտրոնում։ Եվ ահա նշանավոր «Թռչնաբնում», առանց մեծ ճիգերի, ճամայկացի արագավազորդն աշխարհի և օլիմպիական խաղերի ռեկորդը հասցրեց 9,69 վայրկյանի։
Պեկինում տեղի ունեցավ ևս մեկ իրադարձություն, որը դուրս չմնաց մարզաշխարհի ուշադրությունից։ 1500 մետր ազատ լողաոճում առաջ անցնելով մի շարք լեգենդար մարզիկներից, այդ թվում` ավստրալացի Գրանտ Հեկետից, չեմպիոնի տիտղոսը նվաճեց ՈՒսամա Մելուին։ Թունիսցի նորահայտ աստղը տարածությունն անցավ համաշխարհային և օլիմպիական նոր ռեկորդով՝ 14.40,84 վայրկյան։ Մելուին դարձավ իր երկրի ողջ պատմության մեջ առաջին օլիմպիական չեմպիոնը։
-Սա ուղղակի անհավատալի է,- արցունքների միջից ժպտալով` ասաց համաշխարհային լողի նորահայտ աստղը։- Այս երանելի պահին իմ երկիրը սպասում էր վաղուց, և դրա համար ես անչափ երջանիկ եմ։
Նման պահերի վաղուց են սպասում նաև մեր հանրապետության մարզասերները։ Ահա արդեն երրորդ օլիմպիադան է, որ մեր մարզիկներին ոչ մի կերպ չի հաջողվում երրորդ տեղից վեր բարձրանալ։ Դատելով այն բանից, որ բարձր տեղերի հավակնող մեր մարզիկներն արդեն հավաքել են ճամպրուկները, ուզում ենք թե ոչ, պետք է սպասենք ևս չորս տարի։ Պեկինում վերջին օլիմպիական բրոնզը մեր հանրապետությանը բերեց գյումրեցի միջին քաշային Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը։ Տիգրան Մեծը, ինչպես սովորաբար նրան կրտսեր Տիգրանից տարբերելու համար ասում են բոլորը, 85 կգ քաշային կարգում պոկում և հրում վարժություններում համապատասխանաբար բարձրացնելով 177 և 203 կգ, երկամարտի 380 կգ արդյունքով Հայաստանին բերեց 5-րդ բրոնզե մեդալը։ ՈՒրախալի է, իհարկե, որ մեր մարզիկները հինգ բրոնզե ակնթարթ պարգևեցին մեզ։ Մինչև այժմ լավագույն արդյունքը գրանցվել էր 16 տարի առաջ, Բարսելոնում, սակայն այն ժամանակ նվաճած չորս դափնիներն առավել ազնիվ փայլ ունեին։ Ծանրորդ Իսրայել Միլիտոսյանը, ըմբիշ Մնացական Իսկանդարյանը և հրաձիգ Հրաչյա Պետիկյանը տուն վերադարձան ոսկե, իսկ մեկ այլ ըմբիշ՝ Ալֆրեդ Տեր-Մկրտչյանն, արժանացավ արծաթե պարգևի։
Պեկինում, այնուամենայնիվ, հայ մարզիկի հաջողվեց նվաճել չեմպիոնի տիտղոսը։ Ոչինչ, որ այն ուղևորվեց ՈՒկրաինա։ Փոքր տրամաչափի հրացանի 50 մետրից վարժությունում 600 հնարավորից խոցելով 599 նիշ, իսկ եզրափակիչ տասը կրակահերթում վաստակելով ևս 103,7 միավոր, 702,7 միավորով օլիմպիական չեմպիոն հռչակվեց Արթուր Այվազյանը։
Արթուրը ծնվել է 1973 թվականին, Երևանում, հրաձգությամբ սկսել է զբաղվել 1985 թվականից։ Հայաստանի վաստակավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի սանը երկու տարի անց, Ալմա-Աթայում անցկացված տղամարդկանց Խորհրդային Միության առաջնությունում նվաճեց այդ նույն վարժության չեմպիոնի կոչումը՝ 600 հնարավորից խոցելով 598 նիշ։ 1989 թվականին, միջնակարգն ավարտելուց հետո, ընդունվեց Լվովի ֆիզկուլտուրայի ինստիտուտը, քանի որ Երևանում հրաձգության բաժանմունք չկար, և Խորհրդային Միության փլուզումից հետո մնաց Լվովում։ Առաջին խոշոր հաջողությունը եկավ 1994 թվականին, երբ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Այսօր Արթուր Այվազյանի կուրծքը զարդարում է աշխարհի չեմպիոնի երեք ոսկե դափնի։ Դրանցից վերջինը նա նվաճեց օլիմպիական խաղերի մեկնարկից երկու ամիս առաջ։ Նախկին երևանցու համար Պեկինը չորրորդ օլիմպիական կանգառն էր՝ նրա օլիմպիական ոսկե երազանքների իրականացման ամենաերջանիկ քաղաքը։
Աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոնն այժմ բնակվում է Սիմֆերոպոլում։ 35-ամյա մարզիկն առայժմ չի շտապում հրաժեշտ տալ զենքին։ Այս մարզաձևում 35-ը ոսկե տարիք է, և նա դեռ ասելիք ունի համաշխարհային հրաձգությունում։
Իսկ ի՞նչ ասելիք ունեն մեր այն մարզիկները, ովքեր արդեն այսօրվանից կմտնեն պայքարի մեջ։ Խոսքը վերաբերում է ազատ ոճի ըմբիշներին, որոնցից առաջինը գորգ դուրս կգա 2005 թվականի Եվրոպայի չեմպիոն, 2006-ի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 60 կգ քաշային Մարտին Բերբերյանը։ Կկարողանա՞ արդյոք 28-ամյա ըմբիշը կրկնել այս հաջողություններից որևէ մեկը, ցույց կտան գոտեմարտերը։ Հիշեցնենք, որ այս մարզաձևում գորգ դուրս կգան նաև Սուրեն Մարկոսյանն ու Հարություն Ենոքյանը։
Մեր վերջին՝ 25-րդ մասնակիցը Մելիք Ջանոյանն է։ Գյումրեցի նիզականետորդը մեկնարկի դուրս կգա օգոստոսի 21-ին։
Հովհ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5929

Մեկնաբանություններ