Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Նավթի գները և աշխարհաքաղաքական զարգացումները

Նավթի գները և աշխարհաքաղաքական զարգացումները
31.10.2008 | 00:00

ԳԼՈԲԱԼ ԽՄՈՐՈՒՄՆԵՐ
Ինչպես ամենուր, տնտեսության մեջ ևս պատահականությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ չգիտակցված անհրաժեշտություն: Այն, ինչ տեղի ունեցավ նավթի գների հետ ժամանակային առումով, ոչ թե համընկավ ֆինանսական ճգնաժամի առաջին փուլի հետ, որը շատ պարզունակ բացատրություն կարող էր լինել, այլ, մեր համոզմամբ, դրա տրամաբանական հետևանքն էր: Արդեն առիթ ունեցել ենք ներկայացնելու մեր կանխատեսումն առ այն, որ ԱՄՆ-ի իշխանությունների հաստատած 700 մլրդ դոլարից ավելի արժողությամբ «Փրկության ծրագիրն» ու դեմոկրատների առաջարկած 150 մլրդ դոլար արժողությամբ քննարկման փուլում գտնվող՝ լրացուցիչ միջոցառումների փաթեթը՝ ԱՄՆ-ի տնտեսության առողջացման սցենարները, մեր կարծիքով, խիստ վտանգված են։ Այսօր այդ կանխատեսումն արդեն իրականություն է: Վստահության կորուստն անցնող շաբաթ նոր հարվածներ հասցրեց միջազգային ֆինանսական շուկաներին, և լավատեսության համար առայժմ լուրջ հիմքեր չկան: Իսկ հիմա` զուգահեռների մասին: Հիպոթեքային շուկան իր զարգացման մեջ բնականից ավելի արագ աճի տեմպեր էր գրանցում, և ոչ ոք չփորձեց զսպել դրանք` հետագայում մեղմելու կանխատեսվող սրընթաց անկումը: Նույն միտումը գրանցվեց նաև նավթի վաճառքի պարագայում: Մինչ նավթ արդյունահանող երկրների ընկերակցությունը (OPEC) արհեստական դեֆիցիտ ստեղծելու և նավթի գները բարձրացնելու նպատակով կրճատում էր արդյունահանման և վաճառքի ծավալները, կարիք կար մտահոգվելու նաև հակազդեցություններով: Եթե OPEC-ի անդամ երկրներն ի վիճակի են «խաղալու» նավթի առաջարկի հետ, ապա ներմուծող երկրներն ապացուցեցին, որ եղած դեպքում, առանց ալյանսներ ստեղծելու, նրանք էլ կարող են «խաղալ» պահանջարկի հետ` էականորեն կրճատելով այն և մեկ բարել նավթի գինը հասցնելով 70 ԱՄՆ դոլարի: Հիշեցնենք, որ նավթի գների աննախադեպ բարձրացումը հարկադրեց ներմուծող երկրներին՝ նախ անցնել նավթի սպառման ավելի խնայողական համակարգերի, իսկ հետո նաև ավելի գործնական քայլեր ձեռնարկել այլընտրանքային աղբյուրների օգտագործման ուղղությամբ, ինչպես նաև վերսկսել սեփական հանքավայրերի շահագործումն այն երկրներում, ուր հնարավոր է: Մի շարք երկրներ այսօր փորձում են սպառվող պաշարներ ներկայացնող նավթին հակադրել (որտեղ դա հնարավոր է) վերարտադրվող պաշարներ ներկայացնող ածուխը՝ դրա համար կիրառելով ավելի արդիական սարքավորումներ: Բացահայտելով իրենց իրական նպատակները, որոնք միանգամայն տարբերվում են պաշտոնապես հայտարարված նպատակներից, OPEC-ի անդամ երկրները հոկտեմբերի 24-ի որոշմամբ 1,5 մլն բարելով կտրուկ կրճատեցին մատակարարման ծավալները, դրանով իսկ անթաքույց անցնելով շուկայի (այդ թվում` համաշխարհային) օրենքներին միանգամայն հակասող հովանավորչական քաղաքականության: Հետաքրքրական է, որ նման քայլից առաջինը դժգոհեցին ոչ թե անցումային կամ զարգացող տնտեսություններ ունեցող պետությունները, այլ հենց ԱՄՆ-ը, որն օժտված է տնտեսությունն արտաքին հարվածներից պաշտպանելու ավելի մեծ հնարավորություններով: Իրադարձությունների նման ընթացքը կարող է հանգեցնել ոչ միայն լարված դիվանագիտական հարաբերությունների, այլև ընդհարումների, որոնք ևս չի կարելի բացառել տեսանելի ապագայում: Մինչ այդ լուրջ փոփոխություններ կարող է կրել նավթ արդյունահանող երկրների աշխարհաքաղաքական դերակատարությունը` դրանով իսկ նպաստելով ավելի լուրջ գլոբալ վերադասավորումների: Մյուս կողմից, տնտեսական ճգնաժամերը հարմար առիթ են՝ ավելի ցայտուն դրսևորելու այն իրողությունները, գործընթացները և միտումները, որոնք տևականորեն գտնվել են տեսադաշտից դուրս: Համաշխարհային ընկերավարական համակարգի փլուզումով սկսված երկբևեռ աշխարհից միաբևեռ աշխարհին անցումը, կարծես, մոտենում է իր տրամաբանական ավարտին: Միաբևեռ աշխարհից բազմաբևեռ աշխարհի ձևավորման համաշխարհային միտումն այս փուլում ավելի է հստակվում՝ խոստանալով շրջադարձային զարգացումներ:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր

Դիտվել է՝ 7718

Մեկնաբանություններ