Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Ա՛խ, այդ հին ու նոր նոտարիատները

Ա՛խ, այդ հին ու նոր նոտարիատները
24.10.2008 | 00:00

ԲԱՐԵՓՈԽՈ՞ՒՄ
Գնալով նոտարական գործունեության պահանջարկը հասարակության շրջանում մեծանում է, ինչը պայմանավորված է բնակչության կողմից իրականացվող գործարքների ծավալի աճով։ Սակայն որքան շատ ենք շփվում նոտարների հետ, այնքան ավելի ակնառու են դառնում ոլորտի խնդիրները։ Ինչ խոսք, նոտարը պետական չինովնիկ չէ, և նրան չես մեղադրի կոռուպցիայի մեջ՝ դասական իմաստով։ Բայց որ հաճախ նոտարներն արհեստականորեն գներ են բարձրացնում, փաստում են ոչ միայն նրանց հետ գործարք կնքողները, այլև վերադաս կառույցները։ Գուցեև սրանով են պայմանավորված այս բնագավառում նախատեսվող բարեփոխումները, որոնց առնչվող խնդիրների շուրջ զրուցեցինք ՀՀ արդարադատության փոխնախարար ԳԵՎՈՐԳ ՄԱԼԽԱՍՅԱՆԻ հետ։
-Ձեր գնահատմամբ` ինչպիսի՞ հիմնարար խնդիրներ կան ոլորտում։
-Նոտարական գրասենյակների գործունեության հետ կապված՝ հասարակության մեջ, կառավարությունում, արդարադատության նախարարությունում առաջացել են մի շարք խնդիրներ, որոնք ենթակա են շուտափույթ, բայց, միևնույն ժամանակ, հիմնավոր կարգավորման:
Այդպիսի խնդիրներից են նոտարական որոշ գրասենյակներում քաղաքացիների մեծ հերթերի գոյացումն ու դրանով պայմանավորված անհարմարությունները թե՛ քաղաքացիների և թե՛ աշխատակիցների համար: Մյուս խնդիրը Երևանի Բաղրամյան փողոցի նախկին N 1 նոտարական գրասենյակի մենաշնորհն էր՝ ժառանգության հարցերով գործառնությունների կատարման ոլորտում, որտեղ աշխատում էին ընդամենը մեկ խորհրդատու և ժառանգության հարցերով զբաղվող երեք նոտար:
Ոչ պակաս կարևորություն ունեցող մյուս հարցը նոտարական գրասենյակների մատուցած ծառայությունների և սպասարկման մակարդակի բարձրացումն է, որի ոչ այնքան բարվոք լինելու մասին են վկայում նաև 2008թ. հուլիսին տեղի ունեցած նոտարների թեկնածուների քննության արդյունքները, երբ 25 թեկնածուներից մասնակցեցին 21-ը, և ոչ ոք չկարողացավ հաղթահարել մրցույթը: Բողոքներ էին ստացվում, որ գրասենյակներում քաղաքացիները պատշաճ ձևով չեն կարողանում իրազեկվել մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող գումարների և տուրքերի, ինչպես նաև նոտարական գործառույթներ իրականացնելու համար նախապես պահանջվող ու անհրաժեշտ փաստաթղթերի առկայության մասին տեղեկատվություններին, քանի որ դրանց մասին ծանուցող պաստառները փակցված են բարձր տեղերում, փոքր տառատեսակով, երբեմն էլ՝ մոտենալու համար դժվար հասանելի վայրերում: Նշված խնդիրները լուծելու նպատակով իրականացվելու է բարեփոխումների ծրագիր։
-Բարեփոխումներ ասվածից մեր հասարակությունը մի տեսակ հիասթափված է։ Ո՞րն է երաշխիքը, որ այս բնագավառում իրականացվող բարեփոխումը գործնական բնույթ կունենա։
-Հասարակության և պետության շահերից ելնելով՝ վերը նշված և մի շարք այլ խնդիրներ կարգավորելու նպատակով կառավարությունն ու արդարադատության նախարարությունը ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ` ուղղված ոլորտի արմատական բարեփոխմանը: Այսպես, 2008թ. սեպտեմբերի 29-ին ՀՀ արդարադատության նախարարի ստորագրած և այսօր արդեն ուժի մեջ մտած N 145 հրամանով վերացել է Բաղրամյան փողոցի նոտարական գրասենյակի՝ ժառանգության հարցերով զբաղվելու մենաշնորհը: Հոկտեմբերի 15-ից հետո մահացած անձանց ժառանգության գործերով քաղաքացիներն այսուհետ պետք է դիմեն մահացողի բնակության վայրի նոտարական գրասենյակ: Այդ գրասենյակներում հստակ նշված կլինեն այն նոտարների տվյալները, ովքեր իրավասու են զբաղվելու այդ գործերով: ՀՀ բոլոր նոտարական գրասենյակներում մեծ տառաչափերով, միանման բովանդակությամբ և հասանելի տեղերում փակցված կլինեն նոտարական գործառնությունների և մատուցվող ծառայությունների համար գանձվող պետական տուրքերի և սակագների արժեքները, պահանջվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև գործառնության համար ներկա գտնվող անձանց կազմը` ոչ կարևոր անձանց ներկայությունից առաջացող լրացուցիչ հերթերից խուսափելու նպատակով:
Տրվել է հրահանգ, ըստ որի, քաղաքացիների ցանկությամբ, նրանք կարող են և իրավունք ունեն նախապես գրանցվելու ընդունելության համար իրենց առավել հարմար օրերին և ժամերին։
Երևանի նոտարական գրասենյակներում հայտարարություն կլինի այն մասին, որ եթե քաղաքացին հերթ առաջանալու դեպքում չի ուզում երկար սպասել տվյալ գրասենյակում, ապա նա իրավունք ունի դիմելու այլ նոտարական գրասենյակներ, որոնք զբաղվում են նույն հարցով: Այդ գրասենյակների ցանկն ու հասցեները փակցված կլինեն դրանց համար նախատեսված համապատասխան տեղերում: Վերջերս «Լատինական միջազգային նոտարիատի» միության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ ՀՀ արդարադատության նախարարությունում կազմակերպված սեմինարի ժամանակ նրանց կողմից առաջարկվել է՝ ավելացնել նոտարների թվաքանակը, որոնք մեզ մոտ հիմա 70-72-ն են: Հավանաբար, շուտով մենք ևս կգնանք դրան, սակայն հաշվի ենք առնելու նաև միջազգային փորձը, որի պրակտիկայում հայտնի են դեպքեր, երբ նոտարների թվի ավելացման պատճառով նրանցից շատերը մնում են անգործ։ Հաճախ էլ մեծ թվով հաճախորդ ունենալու ձգտումով նոտարական գրասենյակներն ու նոտարներն ընդունում են ցանկացած գործ, դրանց բոլորին շուտափույթ լուծում տալու մղումը պատճառ է դառնում մի շարք թերությունների, որոնք հետագայում հանգեցնում են դատական մեծ քաշքշուկների: Ուստի մեզ մոտ, հավանաբար, ՀՀ արդարադատության նախարարի հրամանով կավելանա նոտարների թվակազմն այն գրասենյակներում, որտեղ մեծ հերթեր են գոյանում, և մեծ քանակությամբ գործեր են մուտքագրվում: Վերանայվելու և բարելավվելու են նոտարների թեկնածուների հարցաշարերը, պարզեցվելու է այդ քննության ընթացակարգը, ապահովվելու է դրա թափանցիկությունն ու հրապարակայնությունը, ընդհուպ մինչև ԶԼՄ-ների ներկայությունը: Նախարարությունը մի շարք հասարակական կազմակերպությունների հետ կիրականացնի մոնիտորինգ, թե արդյոք ճի՞շտ են կատարվող գանձումները, սպասարկման մակարդակը համապատասխանո՞ւմ է քաղաքացիների շահերին, ինչպես նաև բոլոր այն հարցերի ուղղությամբ, որոնք հուզում են հասարակությանը, կառավարությանն ու արդարադատության նախարարությանը: Քաղաքացիները կտեղեկացվեն հնարավոր բողոքներին, առաջարկություններին, ցանկության դեպքում նաև քննարկումների համար կարող են որոշ պաշտոնյաների դիմել։
-Նոտարական գրասենյակներում կոռուպցիան ի՞նչ տեղ է զբաղեցնում, պարոն Մալխասյան։
-Դա պետական պաշտոնյաներին վերաբերող հանցանքի տեսակ է, իսկ նոտարները մասնավոր անձինք են: Նրանց կատարած ցանկացած ոչ իրավական քայլ, իրավախախտում հանգեցնում է համապատասխան պատժամիջոցի: Նոտարների նկատմամբ, ըստ կատարած իրավախախտումների, արդարադատության նախարարի հրամանով կարող է կիրառվել 1-ից 6 ամսով գործունեության կասեցում, իսկ որոշ դեպքերում` նաև գործունեության դադարեցում՝ դատական կարգով:
Օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ ցանկանում եմ առաջարկել պետական կազմակերպություններին և հատկապես բանկերին, որ նրանք թույլ տան քաղաքացիներին, ովքեր իրենց միջոցով գործարքներ են կատարում, դրանք իրականացնել ոչ միայն իրենց կողմից վստահելի նոտարի, այլև քաղաքացու ընտրած ու իր ցանկությամբ նշված նոտարի միջոցով, որովհետև դատական պրակտիկայում քիչ չեն այնպիսի դեպքերը, երբ քաղաքացիները բողոքում են, որ, ասենք, բանկի վստահված նոտարը կողմնապահ է գտնվել և պաշտպանել է բանկի շահերը։
Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2676

Մեկնաբանություններ