Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

«Հիմա պետք էր, չէ՞, մի խելագար, որն իր վրա վերցներ այդ ծանր բեռը»

«Հիմա պետք էր, չէ՞, մի խելագար, որն իր վրա վերցներ այդ ծանր բեռը»
18.11.2008 | 00:00

«Իրավունք de facto» ԱԿՈՒՄԲՈՒՄ
Այսպես բնութագրեց իր նախաձեռնությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացի ՍԵՐԳԵՅ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, ով լրագրողներին «Իրավունք de facto» ակումբ էր հրավիրել ոչ այն է սենսացիոն-սկանդալային, ոչ այն է պատվիրովի-պրովոկացիոն հայտարարություն անելու համար։ «Մարտի 1-ի հավաքը ֆրանսիական դեսպանատան մոտ կազմակերպել եմ ես»,- ծանրումեծ հայտարարեց նա։
ՈՒ մինչ ասուլիսի մասնակիցներս «փիքր» էինք անում՝ տեսնես ի՞նչ կա իրականում քաջ զինվոր Շվեյկի մոտիվներով արված այս հայտարարության տակ, քաղաքացիական սուպերակտիվ կեցվածքով ներկայացող քաղաքացի Խաչատր-յանը մի՜ քիչ նախապատմություն ներկայացրեց նախամարտիմեկյան իրադարձություններից։
«2004-ին, երբ արդեն պարզ էր, որ բախում է սպասվում իշխանությունների ու ժողովրդի միջև, ես՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիս, հանդես եկա մի նախաձեռնությամբ. կլոր սեղան կազմակերպել հետևյալ ձևաչափով. Լևոն Տեր-Պետրոսյան, Վազգեն Մանուկյան, Ստեփան Դեմիրճյան, Արամ Զավենի Սարգսյան և Ռոբերտ Քոչարյան։ Ինչու այս անձի՞նք։ Որովհետև նրանք բոլոր համապետական ընտրությունների հիմնական դերակատարներն են։ Անձամբ հանդիպել եմ Վազգեն Մանուկյանին և բավականին ծավալուն զրույց ունեցել։ Հանդիպել եմ Ստեփան Դեմիրճյանին, նույնպես մտքեր փոխանակել, նաև առաջարկություններ փոխանցել Արամ Սարգսյանին։ Լևոն Տեր-Պետրոսյանին հանդիպել այդպես էլ չկարողացա, բայց զրույց ունեցա Դավիթ Շահնազարյանի հետ, հուսալով, որ նա իմ առաջարկությունն անպատճառ կփոխանցի Տեր-Պետրոսյանին։ Չեմ կարողացել անձամբ հանդիպել նաև Ռոբերտ Քոչարյանին, բայց հանդիպել ու զրուցել եմ Աղվան Հովսեփյանի հետ։ Ասելիքս այն է, որ 2004-ի բախումը կանխել այդպես էլ չհաջողվեց, քանի որ վերոհիշյալ անձինք, երևի, անլուրջ ընդունեցին կլոր սեղանի շուրջ հավաքվելու իմ նախաձեռնությունը։ Արդյունքում ունեցանք այն, ինչ ունեցանք՝ 2004-ի ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը՝ մեծ ցավ բոլորիս համար։ Եվ զարգացման դինամիկան այնպիսին էր, որ հաջորդ բախումն ակնհայտորեն ավելի լուրջ էր լինելու, ինչը և երկար սպասել չտվեց իրեն։ 2007-ին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մուտք գործեց քաղաքական դաշտ և իր առաջին ելույթն ունեցավ Ազատության հրապարակում, պարզ էր, որ բավականին լուրջ ընդհարում է սպասվում։ Ես՝ նվաստս, «Իրավունք» թերթի նոյեմբերի 9-12-ի համարում հանդես եկա «Մի ծուռ ուղերձ» խորագիրը կրող հոդվածով՝ որպես քաղաքացի իմ գնահատականը տալով ստեղծված իրավիճակին և փորձելով կանխատեսել, թե ինչ կպատահի, եթե, այնուամենայնիվ, տեղի ունենան բախումներ։ Ներկայացրել էի նաև, թե ինչ պիտի անել այդ ամենը կանխելու համար ու նաև մատնանշել էի, թե որտեղ է կուտակվելու այդ պարպված էներգիան։ Ցավոք, ես հասկացա, որ քաղաքացու խոսքն այս երկրում ոչ մի արժեք չունի։ Եվ, ինչպես ասում են, խոսքից անցա գործի։ Մարտի 1-ին, երբ ժողովուրդն արդեն հավաքվել էր ֆրանսիական դեսպանատան մոտ, իրավիճակը չէր ենթարկվում այլևս ո՛չ Տեր-Պետրոսյանին, ո՛չ Քոչարյանին։ Այդ իրավիճակն արդեն իր դերն ուներ։ Այժմ, հենց այս պահից, հենց այս ասուլիսից սկսած՝ մենք կանգնած ենք ճամփաբաժանի առջև։ Ճանապարհներից մեկը մեզ տանում է դեպի ավելի լայնամասշտաբ բախում, որը ես արդեն կկոչեմ քաղաքացիական պատերազմ՝ իր բոլոր բացասական հետևանքներով։ Եթե այս մտավախությունը չլիներ, ես այստեղ չէի լինի և ոչինչ չէի նախաձեռնի։ Մյուս ճանապարհը մեզ տանում է դեպի, այսպես ասեմ՝ պայծառ ապագա, և մենք 88-ից մինչև 2008-ն ընկած այս ցիկլից դուրս ենք գալիս յոթ անգամ հզորացած։ Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները սպասում են նորանոր հաղթանակների, և այդ հաղթանակները սարերի հետևում չեն։ Եվ ի՞նչ, հիմա պետք էր, չէ՞, մի խելագար, որն իր վրա վերցներ այս պատասխանատվությունը և փորձեր այդ ծանր բեռն իր ուսերին տանել»։
Ազգը քաղաքացիական պատերազմից փրկելու դարակազմիկ առաքելությունն իր բոլորովին էլ ոչ վտիտ ուսերին առած երկրիս հպարտ քաղաքացի Սերգեյ Խաչատրյանին էն-էն է՝ հարցախեղդ էինք անելու, բայց նա առինքնող ժպիտով խնդրեց այսօր բավարարվել նրանով, ինչ ինքը ներկայացրեց, քանի որ «դեռ ժամանակը գալու է հարցերի, և մենք, երևի, դեռ կհանդիպենք»։ «Ես վստահ եմ, որ ամեն ինչ դեռ առջևում է»,- հավելեց խորին խորհրդավորությամբ։
«Բա որ չհասցնե՞ք»,- «տագնապեց» «Հայկական ժամանակի» Հայկ Գևորգյանը։
«Հացպանյանն էլ ասաց՝ հարցեր մի տվեք, հիմա գիտեք որտեղ է»,- գործընկերոջ տագնապը կիսեց «Տարեգիր» թերթից Գայանե Առուստամյանը։
«Ես այստեղ եմ Աստծո կամքով և օգնությամբ, կարծում եմ՝ ամեն ինչ նորմալ է լինելու»,- լրագրողներին «միամտացրեց» քաղաքացի Խաչատրյանը։
«Փաստորեն, պնդում եք, որ մարտի 1-ի հավաքը Դուք եք կազմակերպել»,- ևս մեկ անգամ «սենսացիան» ցանկացավ ճշտել «Ժամանակ Երևանի» լրագրող Հեղինե Մանուկյանը։
«Մարտի 1-ի հավաքը ֆրանսիական դեսպանատան մոտ կազմակերպել եմ ես»,- դոնքիշոտավարի քաջ-անվախ երկրորդեց ակումբի հյուրը։
«Չեք կարծո՞ւմ, որ հատուկ մարմինները շուտով կհետաքրքրվեն Ձեզնով»,- մարդկայնորեն մտահոգ հարցրինք «առյուծի սիրտ կերած» մեր հայրենակցին։
«Եթե որևէ մեկին կհետաքրքրի, թե ոնց եմ ես դա արել, կպարզաբանեմ նշածս ձևաչափի առաջ։ Կհավաքվե՞ն այդ հինգ անձինք՝ խաղաքարտերը կբացեմ։ ՈՒրիշ ոչ մեկի առջև ոչ մի խաղաքարտ չեմ բացի։ Այդ թվում՝ հատուկ մարմինների։ Առավել ևս, որ իմ գործողություններում հանցակազմի որևէ տարր գոյություն չունի։ Իսկ այսօր այս հայտարարությամբ ես կանգնեցնում եմ ժամացույցը»,- «գրոսմայստերական» վերջին քայլը գրանցեց Սերգեյ Խաչատրյանը՝ տնային վերլուծությամբ իր «գաղտնի խոդը» կռահելու հոգսը զիջելով լրագրողներիս։
Պատկերացնում եմ՝ ի՜նչ վերլուծական «գամբիտներ» են հայտնվելու վաղվա թերթերում։
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 2337

Մեկնաբանություններ