Exit poll-երը կանխատեսում են ձախերի դաշինքի հաղթանակը Ֆրանսիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում և երկրորդ տեղը՝ նախագահական դաշինքի համար, մինչդեռ աջ պոպուլիստական «Ազգային միավորումն» իր զինակիցներով, որոնք արդեն պատրաստվում էին կառավարություն ձևավորել, գտնվում է երրորդ տեղում։ Այս մասին է վկայում Elabe-ի կանխատեսումը, որն արվել է BFMTV-ի, RMC-ի և La Tribune Dimanche-ի պատվերով։ Ifop-ը նույնպես կանխատեսում է նմանատիպ արդյունքներ։               
 

18 մեդալ ՀՀ անկախության 17-ամյակին

18 մեդալ ՀՀ անկախության 17-ամյակին
26.09.2008 | 00:00

ԾԱՆՐԱՄԱՐՏ
Հայաստանի անկախության հռչակման 17-ամյակը յուրօրինակ նվերով նշեցին երկաթախաղի հայ վարպետները։ Ալբանիայի Դուրես քաղաքում անցկացված ծանրամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում մեր պատվիրակները նվաճեցին տարբեր հարգի 18 մեդալ և, թիմային հաշվարկով զիջելով միայն Ռուսաստանի Դաշնության ընտրանուն, գրավեցին երկրորդ տեղը։ Մրցահարթակ դուրս եկած մեր 12 ծանրորդներից յոթը բարձրացավ պատվո պատվանդան։ Նրանցից հատկապես մեծ հաջողության հասավ Առաքել Միրզոյանը՝ աշխարհի, Եվրոպայի և օլիմպիական խաղերի չեմպիոն և բազմակի մրցանակակիր, համաշխարհային 12 ռեկորդների հեղինակ Օգսեն Միրզոյանի որդին։ 69 կգ քաշային մարզիկը պոկում և հրում վարժություններում համապատասխանաբար բարձրացնելով 140 և 170 կգ, երկամարտի 310 կգ արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն՝ նվաճելով խաղարկված բոլոր բարձրագույն պարգևները։
77 կգ քաշային կարգում երկամարտի 327 կգ արդյունքով երրորդը ճանաչվեց Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սան Աղասի Աղասյանը։ Նա մեկ՝ բրոնզե մեդալ ևս նվաճեց հրում վարժությունում՝ բարձրացնելով 181 կգ։
85 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էին գյումրեցի Աղվան Մելիքյանն ու սևանցի Արամ Անդրիկյանը։ Նրանցից հատկապես հաջող հանդես եկավ առաջինը։ Պոկում վարժությունում նրա լավագույն արդյունքը 153 կգ էր, հրում վարժությունում՝ 193 կգ, որը նրան արծաթե պարգև բերեց, իսկ երկամարտի 346 կիլոգրամն առաջնության երրորդ արդյունքն էր։ Ինչ վերաբերում է Անդրիկյանին, ապա նա ընդամենը մեկ կիլոգրամով հետ մնաց թիմակցից և բավարարվեց 4-րդ տեղով։
Շատ ավելի հաջող հանդես եկան մեր ծանր քաշայինները։ Մինչև 105 կգ քաշայինների հիմնական պայքարը ծավալվեց Սևակ Սահակյանի և Ռուսաստանի ներկայացուցիչ Դավիթ Բեջանյանի միջև։ Ռուսաստանցի մեր հայրենակիցը հատկապես հաջող հանդես եկավ հրում վարժությունում` 24 կիլոգրամով առաջ անցնելով Սևակից և երկամարտում նվաճելով չեմպիոնի կոչումը, իսկ մեր մարզիկը ճանաչվեց երկրորդը՝ անձնական քաշով առաջ անցնելով Լեհաստանի ներկայացուցիչ Դանիել Դոլեգայից։
Սևակն արծաթե մեդալներ նվաճեց նաև պոկում և հրում վարժություններում, համապատասխանաբար բարձրացնելով 171 և 201 կգ։
Գերծանր քաշային կարգում հավաքականի գլխավոր մարզիչ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Աշոտ Դանիելյանը լուրջ ակնկալիքներ ուներ իր հերթափոխից՝ արարատցի Ռուբեն Ալեքսանյանից, սակայն այս անգամ առաջնությանը շատ ավելի լավ էր նախապատրաստվել ՌԴ ներկայացուցիչ Եվգենի Պիսարևը։ Եվրոպայի նորընծա չեմպիոնը երկամարտում հավաքեց 431 կգ։ Նա առաջինն էր նաև պոկում և հրում վարժություններում՝ համապատասխանաբար բարձրացնելով 197 և 234 կգ։ Ալեքսանյանին հասան խաղարկված արծաթե պարգևները։ Երկամարտի նրա արդյունքն էր 412 կգ, իսկ պոկում և հրում վարժություններում՝ 187 և 225 կգ։
Խաղարկված մեդալներից անմասն չմնացին նաև մեր մարզուհիները։ Քասախի հանրահայտ դպրոցի սաները նվաճեցին երեքական արծաթե և բրոնզե մեդալ։ 58 կգ քաշային կարգում մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալ նվաճեց Լիանա Մանուկյանը։ Պոկում վարժությունում նա 86 կգ արդյունքով երկրորդն էր, իսկ հրում վարժության 107 կգ և երկամարտի 193 կգ արդյունքները նրան երրորդ մրցանակներ բերեցին։ 63 կգ քաշային կարգում Հեղինե Եփրեմյանը երկրորդն էր երկամարտում (195 կգ) և պոկում վարժությունում (88 կգ), իսկ հրում վարժությունում կանգնեց պատվո հարթակի երրորդ աստիճանին (107 կգ)։
Ավելացնենք, որ Եվրոպայի առաջնության մասնակիցներից չորսը՝ Ռուբեն Ալեքսանյանը, Արամ Անդրիկյանը, Ռուբեն Մամոյանը և Հեղինե Եփրեմյանը, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսանողներ են, ասել է թե` հետագայում էլ իրենց կյանքը կապելու են դյուցազնամարտի հետ։
Ալբանիան ծանրամարտի հայկական դպրոցի հերթափոխի այս մրցաշրջանի երկրորդ կանգառն էր։ Մինչ այդ, հունիս ամսին, նրանք հաջող քննություն հանձնեցին նաև Կոլումբիայի Կալի քաղաքում անցկացված աշխարհի առաջնությունում, որտեղից տուն բերեցին յոթ արծաթե և երեք բրոնզե մեդալ։ Առաքել Միրզոյանը, Արամ Անդրիկյանը և Ռուբեն Ալեքսանյանը տուն վերադարձան աշխարհի փոխչեմպիոնի տիտղոսով, իսկ Սևակ Սահակյանն արժանացավ երկամարտի բրոնզե պարգևին։
Եվ այսպես, երկաթախաղի հայ վարպետներն օլիմպիական տարում աշխարհի, Եվրոպայի առաջնություններից և Պեկինի օլիմպիական խաղերից տուն բերեցին տարբեր որակի 54 մեդալ, ինչն աննախադեպ հաջողություն է հայկական ծանրամարտի պատմությունում։ Այս հաջողությունները հույս են ներշնչում, որ 2012 թվականին Լոնդոնում անցկացվելիք 30-րդ օլիմպիական խաղերի համար ունենք հուսալի հերթափոխ, որը շարունակում է Յուրի Վարդանյանի, Օգսեն Միրզոյանի, Վարդան և Իսրայել Միլիտոնյանների, Յուրի Սարգսյանի, Աշոտ Դանիելյանի ոսկե ավանդույթները։
Ի դեպ, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 17-րդ տարեդարձի կապակցությամբ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ձեռք բերած ակնառու նվաճումների համար օլիմպիական խաղերի, ինչպես նաև աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Յուրի Նորայրի Վարդանյանը պարգևատրվել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով` ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով։
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում նշանակալի ներդրումների, ինչպես նաև 2008 թ. Պեկինի 29-րդ օլիմպիական խաղերի մասնակից հայ մարզիկների ֆիզիկական բարձր պատրաստականության ապահովման գործում ծանրակշիռ ավանդի համար ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչման են արժանացել ՀՀ բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը, ՀՀ ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանը և ՀՀ հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը։
Բացի այդ, Պեկինի 29-րդ օլիմպիական խաղերում ձեռք բերած ակնառու հաջողությունների համար ՀՀ նախագահը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով է պարգևատրել հունահռոմեական ոճի ըմբիշներ Ռոման Ամոյանին, Յուրի Պատրիկեևին, ծանրորդներ Գևորգ Դավթյանին, Տիգրան Գ. Մարտիրոսյանին, Տիգրան Վ. Մարտիրոսյանին, բռնցքամարտիկ Հրաչիկ Ջավախյանին։
Հովհ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3686

Մեկնաբանություններ