Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

«ՈՒզում եք ունենալ բարգավաճ Հայաստան, պիտի ընտրեք քաղաքակիրթ նախագահ»

«ՈՒզում եք ունենալ բարգավաճ Հայաստան, պիտի ընտրեք քաղաքակիրթ նախագահ»
26.12.2008 | 00:00

«...ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԼԻՆԵՐ, ԵՍ ՉԷԻ ԼԻՆԻ»
…և ոչ միայն մշակույթի մասին
ՀՀ ժողովրդական արտիստ, «Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի» ակադեմիկոս ԲԱՐՍԵՂ ԹՈՒՄԱՆՅԱՆՆ այս տարի հոբելյար է: Աշխարհահռչակ արտիստի հոբելյանական համերգն օպերայի և բալետի թատրոնում իսկական տոն էր նրա արվեստի երկրպագուների համար: Եթե նրա աստվածատուր ձայնն ու կատարողական վարպետությունը կարծել են տալիս, թե նա շատ տարբեր է շարքային մահկանացուներից, ապա մեր ժողովրդին, մեր երեկվան, այսօրվան և վաղվան առնչվող մտահոգությունները մերձեցնում ու հարազատացնում են նրա հետ շատ շատերին:
«ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԻՐ ՈՒՆԵՑԱԾ ԱՐԺԵՔՆԵՐԸ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ»
-Պարոն Թումանյան, արտիստի համար մեր պետության սահմանած ամենաբարձր` ՀՀ ժողովրդական արտիստի կոչումն եք կրում: Ձեր հիսնամյակի առթիվ պարգևատրվեցիք ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե հուշամեդալով: Ձեզ լիարժեք գնահատվա՞ծ եք զգում մեր հանրապետությունում:
-Այդ կոչումներն ու պարգևներն ինձ համար գնահատականներ չեն: Ձեր նշածներից բացի, ունեմ էլի բազմաթիվ պարգևներ ու մրցանակներ: Բայց ամենաբարձր և ռեալ գնահատականը ժողովրդի ծափահարությունն ու ընդունելությունն է: Թեև մեր ժողովուրդն իր ունեցած արժեքները հիմա չի ճանաչում, չի գիտակցում դրանց մեծությունը: Ամեն ինչի մեջ մի հեքիաթ կա՝ սկսած անիրական բաներից, վերջացրած ռեալ պատմությամբ՝ առնչվի դա եվրոպական, արաբական, հայկական, թե այլ ժողովուրդների մշակութային արժեքներին: Ժողովրդին դաստիարակում են այդ հեքիաթներով, ու այդ հեքիաթները հիմա մեզ մոտ քչանում են: Ինչ-որ անհասկանալի վա՜յ-վույի իշխանություն է այսօր, որ նման է սարսափելի երազի: Ահավոր բան է, երբ մարդ ամեն օր զարթնում է սարսափելի երազից: Հիմա ինձ որքանո՞վ կարելի է կոչել ժողովրդական արտիստ, որքանո՞վ են իմ ներկայացրած եվրոպական արժեքները ժողովրդական, դժվար է ասել:
-Ի՞նչն է աշխարհի մեծ բեմերը նվաճած Բարսեղ Թումանյանին վերադարձրել Հայաստան:
-Ես այստեղ եմ ծնվել, այստեղ եմ անցկացրել իմ մանկությունը: Իսկ մարդու մեջ առավել խոր տպավորվում է այն տեղը, որտեղ անցկացնում է մանկությունը: Իմ ամենասիրած քաղաքը Լոնդոնն է, այնտեղ ինձ շատ լավ եմ զգում: Իսկական քաղաք է: Լինելով հայ՝ կարող ես այնտեղ անգլիացու նման ապրել: Մարդիկ նույնիսկ մեծ հարգանքով, հիացմունքով են վերաբերվում քեզ, քո հայ լինելուն: Իսկ մեզ մոտ ոչ ոք ոչնչի վրա չի զարմանում. մենք ենք, որ կանք: Դա շատ վատ է, երբ չկա ձգտում դեպի բարձրագույնը, դեպի գեղեցիկը: Մերոնք երևի պիտի գնան երկրից դուրս, որ զգան իրենց ունեցած արժեքները: Երբ ես իմ երկրից դուրս եմ լինում, չեմ օտարանում նրանից, կարոտով եմ վերադառնում այստեղ: Ինձ դրսում պահող ոչինչ չկա:
«ՉԵՄ ԸՆԴՈՒՆՈՒՄ, ԵՐԲ ՈՐՈՇ ԹԵՐԹԵՐՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԵՄ ԻՆՉ-ՈՐ ԱՆՇՆՈՐՀՔ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ ԵՆ ԱՐՎՈՒՄ»
-Ընդդիմության փետրվարյան հանրահավաքներին Ձեր մասնակցությունը պայմանավորված էր Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական դիրքորոշման հանդեպ տածած համակրանքո՞վ, թե՞ մեր հասարակության կյանքում որևէ տեղաշարժի, որևէ բան փոխելու ակնկալիքով:
-Մի բան փոխելու ցանկությամբ էր պայմանավորված, իհարկե: Իմ այնտեղ գտնվելը չէր բացատրվում Լևոն Տեր-Պետրոսյանի անձով, անկախ այն բանից, որ նա շատ խելացի, պատրաստված, զուսպ մարդ է: Ե՛վ նրա կողքին, և՛ Սերժ Սարգսյանի կողքին կան թե՛ շատ լավ, թե՛ շատ վատ մարդիկ: Հիմնականում դրանք փառամոլ մարդիկ են, որ ձգտում են ինչ-որ աթոռների, և այդպիսիք, իմ կարծիքով, չեն կարող լավ ղեկավարներ լինել: Հանրահավաքի գնալով՝ ես կանգնեցի տառապած, աղքատ մարդկանց կողքին, որոնք իրական, լուրջ խնդիրներ ունեն, քծնամոլներ չեն: Լևոն Տեր-Պետրոսյանը չլիներ, Պողոսը լիներ, իմ այնտեղ հայտնվելու որոշումը դրանից չէր փոխվի: Մարդիկ խնդրեցին, որ գնամ, որովհետև ժողովուրդը շատ ոգևորված էր, և հույս կար, թե ինչ-որ բան հնարավոր կլինի փոխել: Խոսքը հեղափոխության մասին չէ, այլ ինտելեկտուալ, քաղաքակիրթ լուծում գտնելու մասին: Ես ընդամենը մի նախադասություն եմ ասել ժողովրդին. «Եթե ուզում եք ունենալ բարգավաճ Հայաստան, պիտի ընտրեք քաղաքակիրթ նախագահ»: Սա շատ կարևոր բան է: Չեմ կարող ասել, որ մեր նախկին և ներկա նախագահները խելացի ու քաղաքակիրթ չեն, բայց որքանո՞վ են կարողանում այդ քաղաքակրթությունը պահպանել: Ես նրանցից ոչ մեկի ընտրությանը չեմ մասնակցել, ձայնս ոչ մեկին չեմ տվել, կողմնապահություն չեմ արել ոչ մեկի հարցում և կարող եմ յուրաքանչյուրին գնահատել ըստ արժանվույն: Ես չեմ ընդունում, երբ որոշ թերթերում Սերժ Սարգսյանի դեմ ինչ-որ անշնորհք հրապարակումներ են արվում, հայհոյանքներ են տպագրվում: Նման ապուշությունները թուլացնում են ընդդիմության իմաստը: Ընդդիմություն հասկացությունն ինձ համար այլ բան է: Ամեն մարդու մեջ կա հակադրվելու մղումը: Անալիտիկ ուղեղն ինքնին արդեն հակադրություն է ենթադրում: Անգամ Աստծուն, Սուրբ գիրքը հասկանալու համար, պիտի հակադրվես, որ հասկանաս: Չհակադրվեցիր, չես հասկանա: Կընդունես ամեն ինչ այնպես, ինչպես ասվում է, բայց չես հասկանա: Ժողովրդի մի մասը, հակադրվելով մյուս մասին, չի փոխում իր իդեաները. բոլորի իդեաները նույնն են ու ծառայում են հայրենիքին: Իսկ ծառայել կարելի է տարբեր կերպ, կարող ես քառասուն տեսանկյունից ծառայել: Յուրաքանչյուրն իր նախընտրած կետից է ուզում սկսել ծառայությունը հայրենիքին, բայց ով էլ որ լինի նա, նրան անհրաժեշտ է հարուստ ու զարգացած Հայաստան: Իսկ առաջին քայլը, իմ կարծիքով, պիտի արվի քաղաքակրթության ուղղությամբ: Մենք պիտի ստեղծենք քաղաքակիրթ հասարակություն՝ միջին, ոսկե շերտը: Դրանից հետո շատ հարցեր կլուծվեն: Որոշ դեպքերում ես վիրավորում եմ ժողովրդին, որոշ դեպքերում հիանում ժողովրդով: Բայց շատ հարցերում մարդկանց պետք է ուղղորդել, որ նրանք կողմնորոշվեն, որ համոզված լինեն իրենց ցանկությունների մեջ: Եթե մեր ժողովուրդն ընտրում է ընդդիմությանը, պիտի համոզված լինի, որ ճիշտ ընտրություն է կատարել, վաղը չի փոշմանելու իր ընտրության հարցում: Պիտի հասկանան, որ Լևոնին կամ Սերժին չէ, որ ընտրում են: Լևոնն ու Սերժը եկող-գնացող են, պետությունը, երկիրն է մնայուն: Հայաստանն է մնայունը, և Հայաստանը ժողովրդով է Հայաստան: ՈՒրեմն` ժողովուրդը պիտի հստակ գիտակցի, թե որոնք են իր պահանջները: Այնինչ մեր ժողովուրդն անգամ հիմնի ընտրության մեջ չի կարողանում կողմնորոշվել: «Հայաստան, երկիր դրախտավայր» երգի մեջ կան հիմնին ամենաբնորոշ հատկանիշներ: Իմ կարծիքով` սա մաքուր արիական, մաժորային երաժշտություն է: Իսկ մենք ընկել ենք ինչ-որ նվնվոցների, խուճուճ բաների հետևից: Եթե ժողովուրդը դառնա խառնամբոխ, կնմանվի բոզբաշի: Ով ինչ ուզի, կգցի կաթսայի մեջ, ու եթե անգամ վերջում ճաշը համով ստացվի, միևնույն է, դա արդեն ճաշատեսակ չէ: Նման բաներից խուսափելու համար պետք է ուղղորդել հասարակությանը: Եթե ինքնահոսի թողեցին, դրանից լավ բան չի ստացվի:
«ՄԱՅԼԻ ՏՂԵՐՔ ԵՆ, ՀԱՇԻՎ ԵՆ ՄԱՔՐՈՒՄ»
-Հունաստանում վերջերս ոստիկանության ձեռքով սպանված ազգությամբ հայ մի երիտասարդի պատճառով ծայր էր առել զանգվածային դժգոհության անկառավարելի մի ալիք՝ հրդեհվում ու ավերվում էին շինություններ, ջարդուփշուր էին արվում մեքենաներ: Այս ամենի պատճառով, համաձայն տարածվող հաղորդագրությունների, ձերբակալվել է մի քանի տասնյակ մարդ, և չի գրանցվել ոչ մի զոհ, թեև այդ քաոսային իրավիճակն օրեր շարունակ չէր դադարում և ներառել էր մի քանի քաղաք: Մեր մայրաքաղաքում ինչո՞ւ հնարավոր չեղավ խուսափել զոհերից, երբ մարտի 1-ի գիշերը, այսպես կոչված, զանգվածային անկարգությունները տևեցին մի քանի ժամ միայն և ծավալվեցին ընդամենը մեկ-երկու փողոցում ու հրապարակում:
-Նման դեպքերում մարդիկ կարող են իրար սպանել նաև անձնական թշնամանքից դրդված, մի բան, որ ոչ մի կապ չունի ընդդիմության կամ քաղաքական պայքարի հետ: Մայլի տղերք են, հաշիվ են մաքրում: Կարող են մեկի խանութը պայթեցնել կամ թալանել զուտ անձնական նկատառումներով: Կարող են քաղաքական դիվերսիա անել. կատարողները կարող են իշխանական ճամբարից լինել, մեղքը վերագրել ընդդիմությանը կամ հակառակը: Վերջին հաշվով, ժողովուրդը հիմար չէ, հնարավոր չէ նրան երկար ժամանակ խաբել: Այդ տեսակ խաղերը ժողովրդի մոտ չեն անցնում: Միևնույն է, ճշմարտությունը մի օր մի տեղից դուրս է գալիս: Բայց մի բան անժխտելի է. ժողովուրդը ողբալի վիճակում է, հատկապես նրա ինտելեկտուալ զանգվածը: Առևտրականները շատ ավելի լավ են ապրում: Նրանց ո՛չ օպերա է պետք, ո՛չ գրադարան, ո՛չ թատրոն: Նրանք իրենց հաճույքները վայելում են այս կամ այն ռեստորանում, ուտում-խմում են, լսում ինչ-որ անհասկանալի երաժշտություն: Եվ, որպես կանոն, եթե անգամ դա «Եվրոպա» կոչվող ռեստորան է, միևնույն է, այնտեղ անճաշակ արևելյան երգեր են երգվում: Չգիտես ինչու, Հայաստանում երբեք հնարավոր չէ հակառակ բանը, ասենք՝ «Հավլաբարում» Կոմիտասի կվարտետը նվագի: Տարօրինակ բան է. երկիրը կարող է ունենալ Փափազյան, Հրաչյա Ներսիսյան, բայց «Օթելլո» բեմադրելիս դերերը տալիս են ինչ-որ ապաշնորհ դերասանների: Ալեգորիկ բաներ եմ ասում, աբստրակտ համեմատություններ եմ անում, բայց, իրոք, սա է մեր իրականությունը:
«ԻՄ ԳԵՐԴԱՍՏԱՆԸ ՇԱՏ ԲԱՆ Է ԿՈՐՑՐԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ, ԲԱՅՑ ԻՄ ՄԵՋ ՉԿԱ ՑԵՂԱՍՊԱՆՎԱԾԻ ԲԱՐԴՈՒՅԹ»
-Թուրք մտավորականների մի խումբ ստորագրահավաք է կազմակերպել՝ հայոց ցեղասպանությունը ճանաչելու և նախնիների կազմակերպած նախճիրի մեղքն իրենց խղճից մաքրելու մտայնությամբ: Ինչպե՞ս կարձագանքի սրան պաշտոնական Թուրքիան, ինչպե՞ս՝ թուրք ժողովուրդը:
-Արձագանքները տարբեր կլինեն: Չեմ ուզում կոպիտ բան ասել, չեմ ուզում ասել, թե ժողովուրդը ոչխար է: Բայց ժողովրդին ինչպես տանես, այնպես կգնա: Ղեկավարներից շատ բան է կախված: Ժամանակին ներքին քաղաքական խնդիրներ են եղել, որոնք հրահրել են ղեկավարները: Դրանց հետ ոչ մի կապ չունեին ո՛չ հայ, ո՛չ թուրք ժողովուրդները: Հային էլ կատաղեցնես, համոզես, որ աշխարհը հայերից է ստեղծվել, որը հայերն Աստծո ընտրյալ ժողովուրդն են, կարող են իրենց այնպիսի բաներ թույլ տալ, ինչպիսիի այսօր թույլ են տալիս հրեաները: Հրեաներին նման գաղափարներով զոմբիացրին ժամանակին, և այսօր նրանք ունեն աշխարհատիրական ազգային ծրագիր: Դա մի մեխանիզմ է, որ տարիներ շարունակ ծառայում է հրեաների ազգային շահերին: Նրանք իրենց պատմությունից միշտ հետևություններ են անում, եզրակացություններ են անում, դա գրանցում են որպես գիտություն, հայտարարում, որ իրենք Աստծո ընտրյալ ժողովուրդ են ու ամենաքաղաքակիրթ ձևերով տիրում են աշխարհին: Իսկ մենք հետևողական չենք, հեշտությամբ ենք ուզում ինչ-որ բաների հասնել: Ինչ-որ բանի հասնելու համար զրկանքների միջով պիտի անցնես, առանց զրկանքների ոչինչ չի տրվում: Մենք պատմության ընթացքում միշտ խոշոր անջրպետներ ենք ունեցել: Դրանք պիտի լրացվեն, որ հայը լիարժեք հայ զգա իրեն: Այսօր շատ է խոսվում այն մասին, թե պիտի մեր միջից դուրս մղենք ազգային լացի նոտաները, հերիք է՝ ինչքան նվնվացինք: Ավելի ուշ կասեն, թե պետք չէ այդքան խոշորացնել գենոցիդի խնդիրը: Բայց այս մասին պիտի սկզբից մտածեին: Այսօր արդեն այնքան է խոշորացել այդ խնդիրը, որ հնարավոր չէ դրանից հրաժարվել: Եթե պատերազմ ես հայտարարել, պետք է դրա տակից դուրս գաս: Իմ նախնիները Կարսից են, պապիս հայրը եղել է Անդրանիկի թիկնապահը, չորս եղբայրները դաշնակներ էին: Իմ գերդաստանը շատ բան է կորցրել ցեղասպանության պատճառով, բայց իմ մեջ չկա ցեղասպանվածի բարդույթը: Վերջին հաշվով, ես այդ ցեղասպանության արդյունք եմ: Հայրս էրզրումցի է, մորս հանդիպել է Կիևում: Ստացվում է՝ եթե ցեղասպանություն չլիներ, ես չէի լինի:
«ՈՉ ՄԵԿԻ ՎՐԱ ՉԵՍ ԿԱՐՈՂ ՀՈՒՅՍ ԴՆԵԼ, ԱՄԵՆ ԻՆՉ ՔՈ ՁԵՌՔԵՐՈՎ ՊԻՏԻ ԱՆԵՍ»
-2008-ը առավելապես մաժորայի՞ն, թե՞ մինորային հնչերանգով եք հիշելու:
-Ամեն տարի ավելանում ու կուտակվում են իմ չարած, չհասցրած բաները: Ինչքան մեծանում եմ, այնքան դրանք շատանում են:
-Ի՞նչ կմաղթեք մեր ժողովրդին տարեմուտից առաջ:
-Եթե մեր ժողովուրդն ուզում է ինչ-որ բանի հասնել, կցանկանայի, որ միշտ իր հետ կատարվածի պատճառները փնտրեր իր մեջ: Յուրաքանչյուր ազգ պիտի այդպես վարվի: Թող չմտածեն, թե ժամանակներն էին վատը, կառավարությունն այն չէր, ընկերներն էին դավաճան: Եթե ինչ-որ մեկը քեզ դավաճանել է, պատճառները քո մեջ փնտրիր, շրջանցիր այդ դավաճանությունը և նորովի դասավորիր քո ճանապարհը: Ամեն մարդ իր երազանքն ունի, ինչ-որ բանի մեջ է գտնում իր իդեալը: Եթե նա հզոր էգո ունեցավ (նկատի չունեմ էգոցենտրիզմը), կարող է ինքն իր ձեռքով իրականացնել այդ երազանքը:
-Ստեղծագործական ծրագրերի մասին ի՞նչ կասեք:
-Ծրագրերը շատ են: Բայց այս կյանք կոչվածն այնքան ժամանակ ու էներգիա է խլում, այնքան պարտականություններ է դնում մարդու վրա, որ երբեմն ամենափոքր ծրագրերն անգամ հնարավոր չի լինում իրականացնել: Ընդ որում, ոչ մեկի վրա չես կարող հույս դնել, ամեն ինչ քո ձեռքերով պիտի անես:
Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2028

Մեկնաբանություններ