Exit poll-երը կանխատեսում են ձախերի դաշինքի հաղթանակը Ֆրանսիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում և երկրորդ տեղը՝ նախագահական դաշինքի համար, մինչդեռ աջ պոպուլիստական «Ազգային միավորումն» իր զինակիցներով, որոնք արդեն պատրաստվում էին կառավարություն ձևավորել, գտնվում է երրորդ տեղում։ Այս մասին է վկայում Elabe-ի կանխատեսումը, որն արվել է BFMTV-ի, RMC-ի և La Tribune Dimanche-ի պատվերով։ Ifop-ը նույնպես կանխատեսում է նմանատիպ արդյունքներ։               
 

Չպե՛տք է առաջնորդվել այսօր մի դոլար ներդնելու, վաղն անմիջապես երկուսը ստանալու սկզբունքով

Չպե՛տք է առաջնորդվել այսօր մի դոլար ներդնելու, վաղն անմիջապես երկուսը ստանալու սկզբունքով
14.10.2008 | 00:00

ԱՐՑԱԽԸ ԵՐԲԵՎԷ ՉԻ ՀԱՄԱՁԱՅՆԻ ԱՅԼ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԱՑԻ
Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի շուրջ աննախադեպ ակտիվություն է նկատվում։ Այդ հանգամանքը, անշուշտ, պայմանավորված է տարածաշրջանային զարգացումներով։ Աստիճանաբար բավական ակնհայտ է դառնում լուրջ հակադրությունը մի կողմից` ԱՄՆ-ի ու Եվրամիության, մյուս կողմից, որքան էլ տարօրինակ է, ռուս-թուրքական համագործակցության միջև։ Հենց համագործակցության, որովհետև Մոսկվայի և Անկարայի գործողություններն ակնհայտորեն համադրված են։ ՈՒշադրության է արժանի թեկուզ այն հանգամանքը, որ Ռուսաստանի ակտիվ ջանքերով ասպարեզ եկած «կարգավորման» նոր նախագծով հայկական կողմերին, փաստորեն, փորձ է արվում պահանջ առաջադրել՝ Ադրբեջանին հանձնել ԼՂՀ անվտանգության գոտին կազմող բոլոր տարածքները, նույնիսկ ներառյալ Լաչինը։ Ընդ որում, առանց ԼՂՀ կարգավիճակի հստակեցման, ինչն ինքնին ենթադրում է Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու մտադրություն։ Մյուս կողմից էլ հենց այս խորապատկերի վրա Թուրքիայի նախագահը հերթական անգամ հայտարարում է, որ չնայած հայ-թուրքական երկխոսության փորձերին, Անկարան չի բացի Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ «օկուպացված տարածքները Ադրբեջանին չեն վերադարձվել»։
Այս ամբողջ գործընթացում կարծես ամենից քիչ նկատի է առնվում հակամարտության անմիջական կողմ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, նրա հայ ազգաբնակչության դիրքորոշումը։ Մինչդեռ ԼՂՀ նախագահն արդեն մի քանի անգամ հարկադրված է եղել ուրիշի սեփականությունը «խուրդել» փորձող կողմերին հասկացնել, որ Արցախը երբևէ չի համաձայնի այլ կարգավիճակի՝ պետական անկախությունից բացի, ներառյալ Հայաստանի հետ անմիջական սահմանի պարտադիր առկայությունը։ Այս ամենով հանդերձ, կարգավորման գործընթացում Հայաստանից հնչող որոշ պաշտոնական հայտարարություններ էլ Արցախում մտահոգության առիթ են դարձել բնակչության բավականին լայն խավերի շրջանում։ Անշուշտ, մարդկանց, այդ թվում` ազատամարտի վետերանների մի մասը համարում է, որ Հայաստանի դիրքորոշումը տվյալ փուլում դիվանագիտական խաղ է։ Եվ եթե ասվում է, թե Ադրբեջանի հնարավոր ներդրումները Ղարաբաղում կարող են փոխել արցախցիների դիրքորոշումը, ապա սա զուտ դիվանագիտություն է, բայց եթե արցախահայության շահերից չբխող արմատական զիջումներ պահանջվեն, Երևանը դրան երբեք չի գնա։ Սակայն կա նաև իրավիճակի այլ ընկալում, որն այլ տրամադրությունների պատճառ է դառնում։ Այսինքն, որ Հայաստանը միջազգային ճնշմանը չդիմանալով, աստիճանաբար սկսում է տեղի տալ, ինչը էական բարդություն է ստեղծելու ԼՂՀ-ի համար, որը սեփական շահերի պաշտպանության արմատական դիրքորոշման մեջ կարող է և միայնակ մնալ։ Այս իմաստով Հայաստանի իշխանությունները թերևս պիտի նկատի ունենան Ղարաբաղի հայության հնարավոր արձագանքը, և որ Երևանից հնչող որոշ պաշտոնական տեսակետներ շատ երկիմաստ ընկալման են արժանանում։
Մանավանդ որ սոցիալ-տնտեսական կացությունը ԼՂՀ-ում ավելին ցանկանալու տեղ թողնում է։ Տնտեսական վիճակն Արցախում էապես զիջում է ոչ միայն Երևանին, այլև հանրապետության առանձին մարզերի։ Աշխատավարձերը, թոշակները, նպաստները ԼՂՀ-ում նույնն են, ինչ որ Հայաստանում։ Այսինքն՝ պետական սոցիալական քաղաքականության տեսանկյունից սկզբունքային տարբերություն չկա։ Տնտեսության ոլորտում որոշ տեղաշարժ արձանագրվել է, որը համեմատաբար նկատելի է հատկապես Ստեփանակերտում։ Քաղաքում բավականին ակտիվ բնակարանային շինարարություն է ընթանում, այսօր արդեն գործում են Երևանին չզիջող մի քանի ռեստորաններ, սրճարաններ։ Բայց նաև ակնհայտ է աշխատատեղերի խիստ պակասը։ Հիմնական ներդրումները փաստորեն իրականացվում են առավելապես սպասարկման ոլորտում։ Այդ թվում սփյուռքահայ կապիտալի կողմից հիմնականում ուշադրություն է դարձվում հատկապես հյուրանոցային բիզնեսին։ Անշուշտ, տուրիզմը կարևոր ոլորտ է և շատ զարգացած երկրների բյուջեում լուրջ տեսակարար կշիռ ունի, սակայն պատերազմից տուժած Ղարաբաղում տուրիստներ գրավող և պատշաճ տեսքի բերված կամ լիարժեք վերականգնված տեսարժան վայրերն այնքան էլ շատ չեն։ Բացի այդ, այս ոլորտը որևէ երկրում բազմահազար աշխատատեղեր ապահովելու հուսալի միջոց չէ, ցանկացած պարագայում տնտեսության հիմնական բաղադրիչը և սոցիալական հարցերի լուծման արդյունավետ ձևն արդյունաբերության զարգացումն է։ Իսկ այդպիսի ներդրումները, այնուհանդերձ, անցած տարիներին Ղարաբաղում քիչ են։ Փաստորեն, հայաստանյան ընկերություններից հիմնական ներդրողներ են հանդիսացել «Վալեքս գրուպը», որը կառուցել է Դրմբոնի լեռնահանքային կոմբինատը, «Ֆլեշ» ընկերությունը, որը հիմնել է «Ստեփանակերտի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն։ «Արցախ գրուպ» ընկերությունը վերջերս հիմնել է գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման ևս մի կոմբինատ։ Սրանք աշխատատեղ ապահովող հիմնական ընկերություններն են, հատկապես նրանք, որոնք միաժամանակ կապված են գյուղատնտեսության հետ, այսինքն՝ մթերում են գյուղացու աշխատանքի արդյունք հանդիսացող բնամթերքը։ Հայաստանյան մնացած, այդ թվում հարուստ ընկերությունները, փաստորեն, խուսափում են Ղարաբաղում ներդրումներ անելուց, այն դեպքում, երբ գրեթե անտեր մնացած ամբողջական ոլորտներ կան։ Թեկուզ նույն լեռնահանքային արդյունաբերությունը, որը խորհրդային տարիներին ընդհանրապես որևէ զարգացում չի ունեցել։ Այսինքն, կան համապատասխան, ընդհանրապես չշահագործված պաշարներ, քանզի սովետական Ադրբեջանը հայկական ինքնավար մարզում աշխատատեղեր ստեղծելու և դրանով հայերի գոյության պայմանները բարելավելու խնդիր, բնականաբար, չուներ։ Այսօր Արցախն անկախ է, սակայն այդ ոլորտի զարգացման համար, որ կարող է դառնալ ԼՂՀ-ի տնտեսության հիմնական քարշուժը, երկարաժամկետ ներդրումներ են պետք։ Հայաստանում կան գործարարներ, որոնց միջոցներն ավելի քան բավարար են թեկուզ ևս մեկ լեռնահանքային կոմբինատ կառուցելու Ղարաբաղում, զարգացնելու հարակից ենթակառուցվածքը, ստեղծելու նույնիսկ վերամշակող արդյունաբերություն, որը հնարավորություն կտար արտահանել ոչ թե հումք, այլ պատրաստի արտադրանք։ Բայց տեղից շարժվող չկա, չնայած ԼՂՀ-ի էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է այդ ոլորտում եղած պաշարների մասին տեղեկատվություն։ Իսկ հայաստանյան խոշոր ընկերությունների մեծ մասի բացարձակ անտարբերությունը համապատասխան մթնոլորտ է ստեղծում նաև սփյուռքում, ուր արդեն շատ լավ տեղյակ են հայաստանյան մեծահարուստների հնարավորություններին։ Եվ եթե վերջիններս ակտիվ մասնակցության փոխարեն «գցում-բռնում են»՝ շարունակաբար հաշվարկելով հնարավոր ռիսկերը և առաջնորդվելով այսօր մի դոլար ներդնելու, վաղն անմիջապես երկուսը ստանալու սկզբունքով, սփյուռքը, բնականաբար, դառնում է է՛լ ավելի զգուշավոր՝ ներդրումային քաղաքականության առումով։ Արդյունքում նույն արցախահայության տարբեր շերտերի մեջ ստեղծվում է տպավորություն, թե Ղարաբաղը պահելու հարցում Հայաստանն այնքան էլ շահագրգիռ չէ։
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2835

Մեկնաբանություններ