Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Թշնամուն հաղթել առանց արյունալի մարտի

Թշնամուն հաղթել առանց արյունալի մարտի
13.01.2009 | 00:00

«ԳԱԶԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ» ՆԱԽԱՇԵՄԻՆ
Նոր` 2009 թվականի առաջին իսկ օրերը, ինչպես երբեք, հարուստ էին համաշխարհային նշանակության քաղաքական իրադարձություններով։ Այս իրողությունը միանշանակ վկայում է, որ 2009-ը լինելու է նոր ճգնաժամերի, բայց միաժամանակ նաև նոր հնարավորությունների տարի, ինչպես տարբեր տարածաշրջանների, այնպես էլ խորհրդային տարածքի պետությունների համար։ Ավելին, համաշխարհային իրադարձություններից այսօր առավելապես ուշադրության կենտրոնում են արաբա-իսրայելական հակամարտության նոր թեժացումը Մերձավոր Արևելքում և ռուս-ուկրաինական գազային հակամարտությունը։ Երկու գործընթացներում էլ ակնհայտորեն առկա են գլոբալ մարտահրավերների և խորքային հակասությունների տարրեր Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների դաշտում։
Մեր տարածաշրջանում արևմտյան աշխարհի հետ Մոսկվայի հակադրության խորացման տեսանկյունից նշանակություն կարող է ունենալ հունվարի 9-ին Վաշինգտոնում Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված խարտիան` ռազմավարական գործընկերության մասին։ «Գազային պատերազմի» մոլուցքով բռնված ռուսական մամուլը գործնականում չլուսաբանեց այս իրադարձությունը, իսկ ռուսական փորձագիտական շրջանակները «համեստորեն» լռեցին Հարավային Կովկասում ռուսական դիվանագիտության այս հերթական տապալման մասին։ Սակայն փաստաթուղթը, որն ստորագրել են Վաշինգտոնն ու Թբիլիսին, բովանդակային առումով այնքան հագեցած է հեռանկարային ծրագրերով, որ, ամենայն հավանականությամբ, իր նշանակությունը կունենա ոչ միայն Վրաստանի համար։ Այն լուրջ սրբագրումներ կմտցնի տարածաշրջանի բոլոր պետությունների արտաքին քաղաքականության մեջ, և կարելի է ենթադրել, որ լայն արձագանք կունենա ամբողջ ԱՊՀ-ում։ Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի կազմում բալթյան երկրների ընդգրկվելուց առաջ էլ համագործակցության այդպիսի խարտիա ստորագրվեց ԱՄՆ-ի, Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի միջև։
«Մենք պայմանավորվել ենք համագործակցել պաշտպանական ոլորտում, անվտանգության բնագավառում, տնտեսական և էներգետիկ հարցերում, հումանիտար խնդիրների շուրջ և մշակույթի ասպարեզում»,- հայտարարեց ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը վրաց-ամերիկյան խարտիայի ստորագրման ժամանակ։ Բացի այդ, նա հատուկ ընդգծեց, որ ԱՄՆ-ը մշտապես աջակցել և աջակցելու է Վրաստանի անկախության և տարածքային ամբողջականության ապահովմանը, նրա ինտեգրացիային ՆԱՏՕ և եվրոպական կառույցներ։ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն իր հերթին հայտարարեց, որ խարտիայի ստորագրումը Վրաստանի համար պատմական պահ է. «Մենք վաղուց ենք երազել այսպիսի փաստաթղթի մասին, որը կամրապնդեր մեր ձգտումը դեպի քաղաքակիրթ աշխարհ։ Մենք շնորհակալ ենք ԱՄՆ-ին աջակցության համար և լավ ենք հասկանում, որ սա ոչ միայն պարգև է, այլև պարտավորություն` կառուցելու լիբերալ և ժողովրդավարական պետություն»։ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նույնպես պահը բաց չթողեց հայտարարելու. «Երբեք նախկինում վրաց-ամերիկյան հարաբերություններում չի օգտագործվել «ռազմավարական գործընկերություն» տերմինը։ Սա շատ կարևոր քայլ է Վրաստանի դիրքերի ամրապնդման առումով։ Այս փաստաթուղթը երկարաժամկետ է, քանի որ ԱՄՆ-ի ինչպես ներկա, այնպես էլ ապագա վարչակազմի հետ բոլոր հիմնական հարցերի շուրջ եղել է տեղեկատվության փոխանակում և համակարգում»։
Անշուշտ, վրաց-ամերիկյան հարաբերությունները որոշակիորեն բնորոշող այս փաստաթուղթը դեռ մեկ անգամ չէ, որ կդառնա մանրամասն վերլուծության առարկա։ Սակայն այդ խարտիայի նույնիսկ մակերեսային ուսումնասիրությունն արդեն իսկ ցույց է տալիս, որ ամերիկացիները մտադիր են «լրջորեն և երկարաժամկետ» ամրապնդվել Վրաստանում` տարածաշրջանում իրենց աշխարհաքաղաքական նպատակներն իրագործելու համար։ Խարտիան մասնավորապես հռչակում է. «ՈՒժեղ, անկախ և ժողովրդավարական Վրաստանը, որը տիրապետում է պատասխանատու պաշտպանական ուժերի, կարող է ունենալ իր ներդրումը ոչ միայն Վրաստանի բոլոր քաղաքացիների անվտանգության և բարեկեցության ապահովման առումով, այլև ողջ ազատ ու խաղաղ Եվրոպայում»։ Փաստաթուղթը կազմված է հինգ հիմնական կետերից, որոնք առնչվում են տնտեսությանը, էներգետիկային, անվտանգությանը, եվրոպական կառույցների ինտեգրացմանը և մշակութային համագործակցությանը։ Եթե առանձնացնելու լինենք առավել կարևոր հատվածները, ապա պաշտպանական և անվտանգության համագործակցության վերաբերյալ մասնավորապես նշվում է, որ ԱՄՆ-ը և Վրաստանը ծրագրում են իրականացնել համապատասխան ծրագիր այս ոլորտում փոխգործակցությունն ընդլայնելու համար, և դա ուղղված է լինելու Վրաստանի ներուժի ամրապնդմանը։ Կողմերն ընդգծում են, որ մտադիր են մշակել կառուցվածքային ծրագիր օպերատիվ փոխգործակցության մասին, մասնավորապես, ՆԱՏՕ-ի և Վրաստանի միջև։ Այս կետի շուրջ մանրամասնումը հանգում է հետևյալին. «Ընդունելով գլոբալ խաղաղության և կայունության համար վտանգների առկայությունը, հիշելով Վրաստանի և Ռուսաստանի պարտավորությունների մասին միմյանց նկատմամբ ուժ չօգտագործելու վերաբերյալ, ինչն ամրագրված է օգոստոսի 12-ի հրադադարի հրամանագրով, ԱՄՆ-ը և Վրաստանը մտադիր են ընդլայնել պաշտպանության և անվտանգության բնագավառում համագործակցության ծավալները` այդ վտանգները հետ մղելու, խաղաղության և կայունության ապահովման համար»։ Ընդգծվում է նաև, որ Վրաստանի և ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչությունների միջև կապերի համագործակցության խորացմամբ ԱՄՆ-ն աջակցելու է պաշտպանական և անվտանգության ապահովման ոլորտներում Վրաստանի օրինական պահանջների բավարարմանը, ներառյալ ՆԱՏՕ-ի ուժերի հետ համապատասխան համագործակցությունը։
Բոլոր այս դրույթները ձեռք են բերում հատուկ նշանակություն, եթե նկատի ունենանք այն տեղեկատվությունը, որ վրացական կողմը միաժամանակ բանակցություններ է վարում երկրի տարածքում ամերիկյան ռազմաբազաներ տեղակայելու վերաբերյալ։ Ըստ շրջանառվող լուրերի, Վրաստանի գործող նախագահն առաջարկում է այդ բազաները տեղակայել 90 տարի ժամկետով։ Չնայած այն հանգամանքին, որ վրացական իշխանությունները շարունակաբար հերքում են այդ լուրերը, իսկ Վաշինգտոնում ստորագրված ռազմավարական գործընկերության խարտիայի տեքստում էլ որևէ կոնկրետ բան չկա բազաների վերաբերյալ, թեման դրանով բոլորովին էլ չի փակվում։ Մանավանդ որ նույն խարտիայի տեքստում հստակ ամրագրված է, որ ստորագրող կողմերը պարտավորություն են ստանձնում օգնելու միմյանց անվտանգության ապահովման ոլորտում, ինչը ցանկացած պահի կարող է նախադրյալ հանդիսանալ գլոբալ փոփոխությունների համար։
Պակաս հետաքրքիր չեն նույն խարտիայի այլ դրույթներ, որոնք վերաբերում են մասնավորապես էներգետիկայի և առևտրի ոլորտներում համագործակցությանը։ Ամենից առաջ ԱՄՆ-ը և Վրաստանը ողջունում են էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտում հարավային միջանցքի ի հայտ գալը և պատրաստակամություն հայտնում ուսումնասիրելու Վրաստանում էներգիայի արտադրության հնարավորությունները, ինչպես նաև ամրապնդելու էներգետիկ տրանզիտի անվտանգությունը Վրաստանի տարածքով դեպի եվրոպական շուկաներ։ Միաժամանակ նշվում է. «ԱՄՆ-ը և Վրաստանը մտադիր են զարգացնել գոյություն ունեցող համագործակցությունը, այդ թվում` Ադրբեջանի և Թուրքիայի հետ, որի արդյունքը դարձան Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Սուփսա նավթամուղների կառուցումը, ինչպես նաև Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի հիմնումը։
Այս համագործակցության նպատակն է ստեղծել նոր հարավային միջանցք, որպեսզի Վրաստանը և մնացած Եվրոպան հնարավորություն ունենան դիվերսիֆիկացնելու բնական գազի ներկրումը Ադրբեջանից և Կենտրոնական Ասիայից»։
Ռուսաստանի արձագանքն այս փաստաթղթին առայժմ բավականին իներտ է։ Սակայն դժվար չէ ենթադրել, թե Կրեմլի համար, որը շարունակաբար փորձում է իրեն համադրել ԽՍՀՄ-ի հետ և ձգտում մշտապես իր ազդեցության գոտում պահել նախկին խորհրդային հանրապետությունները, որքան բացասական նշանակություն ունի այս փաստաթուղթը։ Այն, բնականաբար, անընդունելի է Մոսկվայի համար և ծայրահեղ լարվածություն կառաջացնի ռուս-վրացական հարաբերություններում, քանի որ Ռուսաստանի արձագանքը, անշուշտ, կլինի խիստ բացասական։ Ավելին, ուշադրության է արժանի այն փաստը, որ անցած տարեվերջին, ռուս-ուկրաինական «գազային պատերազմի» նախաշեմին ԱՄՆ-ը և ՈՒկրաինան նույնպես ստորագրեցին իրենց հարաբերությունները կանոնակարգող համանման խարտիա, որը դարձյալ կողմնորոշում է Կիևին դեպի ՆԱՏՕ։ Այս փաստաթուղթը վրաց-ամերիկյան համատեղ խարտիայի նման ընդգրկում է համագործակցության լայն ոլորտներ, տնտեսությունն ու անվտանգությունը, եվրոպական ինտեգրացիան և պաշտպանական համագործակցությունը։ Կան ոչ անհիմն կարծիքներ, որ դրա շնորհիվ ընդլայնվելու է ամերիկյան ներկայությունն ՈՒկրաինայում, մանավանդ Ղրիմում, ուր, ամերիկացիների պնդմամբ, իրենք ունենալու են «դիվանագիտական ներկայություն»։ Թե ինչ հետևեց այս ամենին, արդեն հայտնի է ԶԼՄ-ներից, հատկապես ձմեռվա կեսին սառչող Եվրոպայից։
Եվ, այնուհանդերձ, ինչպես ժամանակին նշել է չինական հայտնի ռազմական տեսաբան Սուն Ցզին, պատերազմի բարձրագույն արվեստը այն է, որ կարողանաս թշնամուն հաղթել առանց արյունալի մարտի։ Այս իմաստությունը, ամենայն հավանականությամբ, այնքան էլ չեն ողջունում Մոսկվայում, քանի որ էներգետիկ սուրը պատյանից արդեն դուրս է բերված, և Ռուսաստանը ցույց է տալիս, որ մտադիր է գործել իրեն բնորոշ ձևով ու մեթոդներով։ Արդյոք այդ հաղթանակները պյուռոսյան չե՞ն դառնա, ցույց կտա ժամանակը։ Աբխազիայում և Հարավային Օսիայում պատերազմից հետո Մոսկվան շատ երկարաժամկետ կտրվածքով, եթե ոչ հավիտյան, կորցրեց Վրաստանի վրա ազդելու իր հնարավորությունները։ «Գազային պատերազմը», փաստորեն, միայն խթանելու է էներգետիկ հոսքերը դիվերսիֆիկացնելու եվրոպացիների ցանկությունը և ավելի է ամրապնդելու «Նաբուկո» նախագիծն իրագործելու արևմտյան մտադրությունները։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 2320

Մեկնաբանություններ