Exit poll-երը կանխատեսում են ձախերի դաշինքի հաղթանակը Ֆրանսիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում և երկրորդ տեղը՝ նախագահական դաշինքի համար, մինչդեռ աջ պոպուլիստական «Ազգային միավորումն» իր զինակիցներով, որոնք արդեն պատրաստվում էին կառավարություն ձևավորել, գտնվում է երրորդ տեղում։ Այս մասին է վկայում Elabe-ի կանխատեսումը, որն արվել է BFMTV-ի, RMC-ի և La Tribune Dimanche-ի պատվերով։ Ifop-ը նույնպես կանխատեսում է նմանատիպ արդյունքներ։               
 

«Մեր մոտեցումը սեփական ճակատագրի նկատմամբ ավելին է, քան Ադրբեջանի էներգետիկ պաշարները կամ այլ հանգամանքներ»

«Մեր մոտեցումը սեփական ճակատագրի նկատմամբ ավելին է, քան Ադրբեջանի էներգետիկ պաշարները կամ այլ հանգամանքներ»
10.10.2008 | 00:00

«ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ՉԻ ՍՊԱՌԵԼ ԻՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
«Իրավունքը de facto»-ի հարցերին է պատասխանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ
-Պարոն նախագահ, նախ անդրադառնանք ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին։ Մեկ տարուց ավելի է, ինչ պաշտոնավարում եք, ինչպիսի՞ն է Ձեր տպավորությունն այդ ընթացքում բանակցային պրոցեսից։ Ի՞նչ դրական կամ բացասական զարգացումներ են հնարավոր։
-Նախ արձանագրենք, որ մեր դիրքորոշումը՝ հաստատված շատ տարիներ առաջ, չի փոխվել։ Դա մեր երկրի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումն է։ Ժողովուրդն ու իշխանություններն անում են ամեն ինչ՝ հատկապես դա իրականություն դարձնելու համար։ Դա է մեր ուղենիշը տնտեսության ոլորտում և առհասարակ բոլոր ուղղություններով վարվող քաղաքականության մեջ։ Իմ համոզմամբ՝ մենք հասնելու ենք դրված նպատակին, պարզապես ժամանակի խնդիր է։
-Սակայն հիմնախնդրի կարգավորման գործընթացում վերջին շրջանում ուրվագծվում է մի կարևոր հանգամանք։ Եղան առաջարկներ դիվանագիտական, հատկապես փորձագիտական շրջանակներից՝ հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձևաչափից։ Հատկապես ռուսական լրատվամիջոցներով կա որոշակի քարոզչություն, թե այդ ձևաչափը 16 տարվա ընթացքում իրեն չի արդարացրել, քանի որ հիմնախնդիրը լուծում չի ստացել։ Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունն այդ կապակցությամբ։
-Մենք համամիտ չենք այդ տեսակետին, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարողացել կամ չի կարող բանակցային գործընթացը տրամաբանական ավարտին հասցնել։ Մինսկի խումբը, մեր համոզմամբ, չի սպառել իր հնարավորությունները, և այդ մասին մենք հանդես ենք եկել պաշտոնական հայտարարությամբ։ Վերջին հաշվով հիմնախնդրի լուծումը կամ հակամարտության կարգավորումը միայն բանակցային ձևաչափով չեն պայմանավորված, այլ կողմերի համապատասխան դրսևորումներով։ Եթե ԵԱՀԿ Մինսկի խումբը փոխարինվի այլ բանակցային ձևաչափով, բայց Ադրբեջանը շարունակի վարել նույն քաղաքականությունը, դա կրկին փաստելու է, որ ձևաչափը չէ պատճառը։ Կոնկրետ Մինսկի խմբի հետ կապված՝ մենք համարում ենք, որ նա ունի հնարավորություններ՝ հարցն իր լուծմանն արժանացնելու։ Եվ եթե խոչընդոտ կա, ապա դա այն է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն անմիջականորեն չի մասնակցում բանակցություններին։
-Դա Ադրբեջանի դիրքորոշման պատճառով է։ Բայց համանախագահներն այցելում են նաև Ստեփանակերտ, Դուք հնարավորություն ունեք շփվելու նրանց հետ։ Մտադի՞ր եք ավելի վճռական պահանջել, որ ԼՂՀ մասնակցությունը բանակցություններին լինի լիարժեք և առարկայական։
-Մեր կողմից նման առաջարկ ներկայացվել է Մինսկի խմբի համանախագահներին։ Այո՛, մենք համարում ենք, որ նրանք պետք է օգտագործեն իրենց ազդեցությունն ու լիազորությունները՝ հնարավորինս կարճ ժամանակահատվածում վերադառնալու բուդապեշտյան գագաթաժողովի որոշմանը։ Ըստ այդ որոշման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է լինի բանակցությունների լիարժեք մասնակից, հանդես գա իբրև բանակցությունների կողմ։ Մենք հուսով ենք, որ շահագրգիռ աշխատանք այդ ուղղությամբ կտարվի։
-Արցախում՝ չգիտեմ, բայց Հայաստանում կա մտահոգություն այն կապակցությամբ, որ հատկապես ռուսական փորձագիտական և դիվանագիտական շրջանակներում շատ է խոսվում, որ եթե Ադրբեջանը ռուսական «Գազպրոմի» հետ համագործակցության պայմանագիր ստորագրի, Մոսկվան պատրաստ է օժանդակելու, որ ԼՂՀ-ն վերադարձվի Ադրբեջանի ենթակայության տակ։
-Չեմ կարծում, որ մի կողմից էներգետիկ պաշարները, իսկ մյուս կողմից մեր ժողովրդի՝ իր անկախ պետությունն իր հայրենիքում կառուցելու հաստատակամությունը կարող են համարժեք լինել։ Մեր մոտեցումը մեր սեփական ճակատագրի նկատմամբ ավելին է, քան Ադրբեջանի էներգետիկ պաշարները կամ այլ հանգամանքներ։
-Դուք նախկինում զինվորական էիք, կանգնած եք եղել ԼՂՀ զինված ուժերի ձևավորման ակունքներում։ Ինչպիսի՞ն է իրավիճակն այսօր շփման գծում։ Մեկ-երկու տարի առաջ կար մտահոգիչ երևույթ, երբ ադրբեջանական կողմն ինքնակամ առաջ էր բերում դիրքերը։ Ի՞նչ իրավիճակ է հիմա։
-Շփման գծում ժամանակ առ ժամանակ, ցավոք, լինում են միջադեպեր։ Ադրբեջանական կողմից զինադադարի վերջին ակնհայտ խախտումը եղել է մարտի 3-ի լույս 4-ի գիշերը։ Համոզված եմ՝ բոլորը տեղյակ են, թե ինչպիսին է եղել մեր հակազդեցությունը։ Մեր ժողովուրդը կարող է վստահ լինել, որ ԼՂՀ անվտանգության ուժերը, հատկապես պաշտպանության բանակը, ի վիճակի են համարժեք պատասխան տալու ցանկացած ոտնձգության և ապահովելու մեր երկրի անվտանգությունն ու խաղաղությունը նրա բնակիչների համար։
-Ցանկացած քաղաքական կարգավորում ենթադրում է փոխզիջումներ։ Ո՞րն է այն սահմանը, որից այն կողմ ԼՂՀ-ն չի դիմի ոչ մի զիջման։
-Սկսենք նրանից, որ երբ խոսվում է փոխզիջումների մասին, անթույլատրելի է դրա տակ ենթադրել կամ հասկանալ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Փոխզիջումն իր մեջ պարունակում է երկկողմանի համալիր միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծում, և դա առաջին հերթին վերաբերում է Ադրբեջանի դիրքորոշմանը։ Վերջին հաշվով, Ադրբեջանը պատրա՞ստ է ճանաչելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, թե՞ ոչ։ Մեր դիրքորոշումը կախված է լինելու այս հարցի վերաբերյալ Ադրբեջանի մոտեցումից։ Մենք միշտ ասել ենք դա, մնացած հարցերն արդեն բանակցությունների խնդիր են։
-Հայաստանի դիրքորոշումը կարգավորման գործընթացում Ձեզ բավարարո՞ւմ է։
-Հայաստանն անկախ պետություն է և, բնականաբար, վարում է և վարելու է այդ կարգավիճակից բխող քաղաքականություն։ Այսօր բանակցություններում Հայաստանը ներկայացնում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերը, բայց այդ ամենը լիարժեք չէ։ Այն պարզ պատճառով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը բացակայում է բանակցությունների անմիջական գործընթացից։ Դա չի կարող բավարար պայմաններ ստեղծել հարցի լուծման համար։ Թեպետ Հայաստանը, ինչպես ԵԱՀԿ Մինսկի խումբը, աշխատում է բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման համար։
-Անդրադառնանք Արցախի տնտեսական վիճակին։ Ընդհանուր առմամբ և առանձին ուղղություններով ի՞նչ փոփոխություններ եք պատրաստվում նախաձեռնել տնտեսության ոլորտում։
-Հասկանալի է, որ տնտեսական կացությունը, չնայած կատարված աշխատանքներին, մենք բավարար համարել չենք կարող։ Խնդիրները բազմաթիվ են։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պատերազմի ընթացքում և՛ մարդկային, և՛ տնտեսական շատ մեծ կորուստներ է կրել։ Անցած ժամանակահատվածում և այսօր իշխանության գործողություններն առաջին հերթին ուղղված են եղել պատերազմի հասցված վերքերը բուժելուն։ Տնտեսությունը զարգացնելու համար անհրաժեշտ է այն վերականգնել, ինչն արդեն բարդ խնդիր է։ Սա նրա համար չեմ ասում, որ հուսահատության տպավորություն թողնի, ընդհակառակը, մենք լավ հիմքեր ունենք բավական շոշափելի քայլերով առաջ գնալու համար։ Երբ ավարտենք տնտեսության վերականգնումը, զարգացմանը խթանումն ավելի հեշտ կլինի։
-Վերջին տարիներին կարծես հեռանկարային է դառնում լեռնային մետալուրգիան, որն առաջ Արցախում զարգացած չի եղել։ Մեկ ձեռնարկություն արդեն գործում է, զարգացման ի՞նչ հեռանկար կա` լեռնահանքային պաշարների շահագործման առումով։
-Չեմ թաքցնում, լեռնահանքային արդյունաբերությունն այժմ մեզ մոտ դիտվում է որպես շատ հեռանկարային ճյուղ, և այդ ոլորտում շոշափելի առաջընթաց կա։ Լեռնահանքային առաջին ձեռնարկությունը, որ հիմնել է «Վալլեքս» խումբը և կոչվում է «Բեյզ Մեթըլս», Լեռնային Ղարաբաղի ամենախոշոր հարկատուն է։ Միաժամանակ, այդ ձեռնարկության շնորհիվ ներմուծվեցին նոր առաջատար տեխնոլոգիաներ։ Դա հնարավորություն տվեց հազարից ավելի մշտական աշխատատեղեր ապահովել։
Ինչ վերաբերում է պաշարներին, ապա դրանք թույլ են տալիս, որ այս ճյուղը Լեռնային Ղարաբաղում դառնա տնտեսության հիմնական ճյուղերից մեկը։ ԼՂՀ էկոնոմիկայի նախարարությունն այս ընթացքում լրատվամիջոցներով տեղյակ է պահել հանրությանը պաշարների և դրանց շահագործման հնարավոր հեռանկարների մասին։ Հասկանալի է, որ մենք միայն կողջունենք այս ոլորտում ներդրումները։
-Իսկ հնարավո՞ր է կազմակերպել վերամշակող արդյունաբերություն։
-Գյուղատնտեսության ոլորտում այդ ուղղությամբ առաջին հաջողված քայլն արդեն կատարված է։ «Արցախ գրուպ» ընկերությունը հիմնել է գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման ձեռնարկություն՝ տարեկան 15 մլն տարա արտադրողականությամբ։ Ես սա համարում եմ կարևոր ձեռքբերում։ Իհարկե, կառավարությունը գյուղատնտեսության ոլորտը խթանելու համար բազմաթիվ ծրագրեր ունի նախապատրաստած, առանձին ուղղություններով այդ աշխատանքը շարունակական ընթացքի մեջ է։
-Արցախը Հայկական լեռնաշխարհի հացառատ շրջաններից մեկն է եղել միշտ։ Ի՞նչ վիճակ է հիմա, նախկին տարիների համեմատ՝ արդյունքների ինչ-որ բարելավում կա՞ այս ոլորտում։
-Կառավարությունը հատկապես հացաբույսերի մշակման հետ կապված հատուկ քաղաքականություն է իրականացնում։ Ցորենի մասով նախնական տվյալներով կարող եմ ասել, որ անցած տարվա համեմատ՝ մենք բավական լավ ցուցանիշներ ունենք։ Ճիշտ է, կլիմայական առումով տարին էլ բարենպաստ էր, բայց առաջին հերթին կառավարության ձեռնարկած համալիր միջոցառումների արդյունքում հաջողվել է լավ բերք ապահովել։ Անցած տարի մեկ հեկտարից միջինը ստացվել է 11 ցենտներ ցորեն, այս տարի մեկ հեկտարից միջինը՝ 21,5 ցենտներ։ Լավ հեռանկարներ կան եգիպտացորենի մշակումը զարգացնելու առումով, այդ ուղղությամբ նույնպես ծրագիր իրականացվում է։
-Արցախում կենսաթոշակները, նպաստները, աշխատավարձերը նույնն են, ինչ Հայաստանում։ Բայց, հեռանկարի առումով, Դուք ինչպե՞ս եք տեսնում սոցիալական բլոկի խնդիրների լուծումը։
-Այն եզրահանգումները և ծրագրերը, որոնք մշակվել են մասնագետների մասնակցությամբ, ժամանակի ընթացքում ապացուցեցին իրենց արդարացվածությունը։ Սոցիալական լարվածություն, անշուշտ, կա, բայց մենք միաժամանակ գիտակցում ենք, որ միայն դա աստիճանաբար մեղմելու ճանապարհով կարող ենք հասնել տնտեսական իրական զարգացման։ Այդ զարգացմանը հավատալու համար մարդիկ փոփոխություն պիտի տեսնեն իրենց ամենօրյա կյանքում։ Դժվարությունները, իհարկե, շատ են, որովհետև մեր բնակչության զգալի մասը հաշմանդամներն են և զոհված ազատամարտիկների ընտանիքները, որոնց նկատմամբ ընդգծված ուշադրություն կա, և դա լինելու է շարունակական։
-Յուրաքանչյուր նորաստեղծ ընտանիքի 300 հազար դրամ հատկացնելու Ձեր որոշումը, ասում են, բազմապատկել է Արցախում ամուսնությունների թիվը։
-Այո՛, 3-4 անգամ։ Սա ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված քայլերից մեկն էր, և այսօր ունենք որոշակի արդյունքներ։ Նման ծրագրեր էլի կան, որոնց ուղղությամբ աշխատանքները շարունակաբար իրականացվելու են։
-Արցախ-սփյուռք հարաբերությունների մասով. սփյուռքի հայության կողմից բարեգործական, իսկ հիմա արդեն ներդրումային ակտիվություն կա։ Սակայն ներդրումները կարծես միայն տուրիզմի ոլորտում են արվում։ Ինչո՞ւ։
-Տնտեսական գործունեության համար բարենպաստ դաշտ ստեղծված է, և սփյուռքի մեր հայրենակիցներն ակտիվորեն մասնակցում են։ Կցանկանայինք, որ այդ մասնակցությունը, իհարկե, ավելի մեծ լիներ։ Մենք երախտապարտ ենք նրանց, ովքեր բոլոր անցած տարիներին աջակցել և աջակցում են Լեռնային Ղարաբաղին` բարեգործական և ներդրումային ծրագրերով։ Բայց մեծ է ցանկությունը, որ մեր սփյուռքահայ հայրենակիցների մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական կյանքին լինի ավելի լայն և բազմաբնույթ։ Պայմաններ դրա համար ստեղծված են։
-Որպես մեր զրույցի վերջաբան, ի՞նչ կուզեիք ասել Հայաստանի բնակիչներին։
-Մայր Հայաստանի մեր քույրերին և եղբայրներին կմաղթեմ, որ ավելի հաճախ այցելեն Արցախ։ Ոչ միայն գործնական հարցերով, այլև առհասարակ։ Այցելեն ընտանիքներով, երեխաների հետ։ Ավելի հաճախ առիթ ունենանք Ստեփանակերտում տեսնելու Հայաստանի մեր մտավորականությանը, մշակույթի գործիչներին։ Մենք մի ընդհանուր հայրենիք ունենք, և այդ հայրենիքի այս հատվածում՝ Լեռնային Ղարաբաղում, ամենաուրախալի պահերը լինում են այն ժամանակ, երբ Հայաստանի և սփյուռքի մեր հայրենակիցները գալիս են Արցախ՝ երկիրն ավելի լավ ճանաչելու, ժողովրդի հետ շփվելու համար։ Այդ կապն է, որ մեզ պահելու է միասնական։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ
Երևան-Ստեփանակերտ-Երևան

Դիտվել է՝ 2735

Մեկնաբանություններ