Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

«Մեր երկրի իրականությունը գրողի համար նախանձելի իրականություն է»

«Մեր երկրի իրականությունը գրողի համար նախանձելի իրականություն է»
26.12.2008 | 00:00

ԺԱՄԱՆԱԿԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆ
Հաճախ է խոսվում այն մասին, որ այսօր չի ստեղծվում լավ գրականություն, չունենք հեղինակություն վայելող գրողներ։ Այսօր գրական դաշտն ավելի շատ հարուստ է ինտրիգներով, բամբասանքներով, նեղ-անձնական քննադատությամբ։ Ասում են` բնական է։ Բայց վսեմ բաների մասին գրողից ժողովուրդը սպասում է նաև վսեմ արարքներ ու գործեր։ Դա էլ է բնական։ Ի՞նչ է, այնուամենայնիվ, սպասվում գրականությունից, որո՞նք են գրողին գրականություն բերող հիմնական խնդիրները։ Այս և նման հարցերի շուրջ է մեր զրույցը արձակագիր ՎԱՐՈՒԺԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ։ Նա երկար տարիներ «Գարուն» ամսագրում աշխատել է գլխավոր խմբագիր։ Հինգ գրքի հեղինակ է։
-Ի. Բաբելն ասել է. «Հարկ չկա, որ լավ հնարված պատմությունը նմանվի կյանքին, կյանքն իր բոլոր ուժերով ձգտում է նմանվել լավ հնարված պատմության»։ Ի՞նչ կասեք այդ մասին։
-Կա նման մտայնություն, որ գրողի ստեղծածին պետք է մարդիկ մտովի, իրենց իմացությամբ հետևեն։ Գրողն ինքն էլ իբրև անհատ կախված է ժամանակից, հանգամանքներից։ Սա նշանակում է, որ միահեծան չի կարող մարդկանց առաջնորդել և, ի վերջո, երբեք ոչ ոք չի ասում` այս գաղափարը վերցրեք դավանեք։ Խոսքը, իհարկե, կարգին գրականության մասին է։ Երբ տոնի, Արցախի հաղթանակի մասին գրում են ոտանավոր, անգամ վեպ, սա դեռևս գրականություն չէ։ Քանի որ գրականությունը, ժամանակի առումով, իբրև հիմք ավելի մեծ ըմբռնում է, քան այսօր թևածում է մեր կյանքում։ Այն ապրում է մարդկանց հայտնի գոնե ժամանակի երեք ոլորտներում։ Ոչ թե այսօր գնացինք, հաղթեցինք, և ստեղծվեց այս գործը։ Պարզապես երևի դա էլ է պետք, որ կոչվի այսօրվա գրականություն։ Վաղը դա չի երևա։ Բայց որևէ կուսակցություն` իշխանության գլուխ կանգնած, գրողից հենց դա է պահանջում։ Նրանց համար գրողները մոդայիկ մարդիկ են, այսօր մոդան այս է ասում, պետք է անեն։ Չեն հասկանում գրողի բովանդակության անվերջությունը։ Պատահական չէ, որ մեծ գրողներին երբեմն նմանեցնում են Աստծուն։ Քանի որ ոչ թե ստեղծում են խոսք, գաղափար, այլ կյանք։
-Բայց ստեղծո՞ւմ են արդյոք։
-Թվում է` գրողը պիտի առանձնանա և լուռ ու մունջ ստեղծագործի։ Գրողը նման է զանգի լեզվակի։ Զանգի կաղապարը կոչվում է հասարակություն, ժողովուրդ, մարդիկ։ Որքան էլ լեզվակը հրաշալի այս ու այն կողմ խփվի, զրնգալու համար կաղապար է պետք։
-Եվ ինչո՞ւ չկա այսօր այդ զանգը։
-Նախ և առաջ գրողը չի կարողանում իսկապես դառնալ այդպիսի լեզվակ։ Մենք այսօր դեռևս 16-րդ դարի զանգի մեջ ենք։ Դրա համար ոչ ոք չի լսում մեր ձայնը։ Աշխարհն այսօր հայ գրողից արդեն ուրիշ ձայն է պահանջում։ Պետք է լավ գործ գրել, իսկ «լավ» ասվածը մեծ բան է, մոտավորապես նման է «ընդհանրապես» բառին։ Անորոշության մեջ են թաքնված գյուղը, մարդիկ։ Հարց են տալիս բոլորը։ Բայց գրողը չպետք է հարց տա։ Գրողը պետք է տա պատասխան։ Դրա համար պիտի լինի չափազանց գրագետ, կյանքը ճանաչող։ Դա պահանջում է ոչ թե ընթերցողը, այլ գիրը, գրականությունը։ Գրողի ամեն բառը պիտի մտածված լինի` ինչո՞ւ այս բառը, ոչ թե մյուս։ Գրականությունը դաժան աշխատանք է։ Մարմինը սահմանափակ է երևակայության համեմատ։ Որտե՞ղ է սահմանափակվում երևակայությունը։ Ոչ մի տեղ։ Նա ուզում է երևալ և դրսևորվելու համար ունի մեկ կեղև այս ոլորտում` բառը։ Նա բոլոր բառերի տակ է։ Բայց այդ բառերից նրանք են զրնգուն հնչում, որոնք տվյալ պահին պետք են և ճիշտ են ընտրված։
-Այսինքն` բնատուր շնորհ է պետք։
-Տաղանդ է պետք և համարձակություն։ Այսօր մեր դարը մեկ բան է ուզում մեզնից` համարձակություն։ Տասը տարուց ի վեր մարդիկ վատ են ապրում, բոլորը սոված են, այսինքն` ունեն հացի խնդիր, բայց ավելի լավ վեպ, քան Պերճ Պռոշյանի «Հացի խնդիրն» է, ոչ ոք չի կարողանում ստեղծել։ Որովհետև այսօրվա որևէ գրող այդքան գրագետ չէ (կյանքի գրագիտության մասին է խոսքը), չի կարողանում ուշադիր լինել այս կամ այն երևույթի նկատմամբ։ Իսկ դա նշանակում է ապրել։ Ասենք, Խորենացու «Ողբը». ինչպիսի՜ ածականներ է նա գտել, որ մինչև այսօր բնորոշում են կյանքը։ Եվ քանի՜ սերունդ է ապրում, անցնում այդ ստեղծած բառերի պատրանքներով։ Երբ մարդուն դուր է գալիս որևէ խոսք, մոտեցում, նա ակամա նմանակում է, որովհետև ինքն առավել դիպուկ չի կարող ասել այդ դարձվածքը։ Այսինքն` մնում է նրա ձեռքի տակ։ Գիտենք, որ գոյություն են ունեցել ստրկատիրություն, ճորտատիրություն։ Այսօ՞ր ինչատիրություն է, չես կարող անվանել։ Անուն ունի, իհարկե, բայց համարձակություն է պետք` դեմ դուրս գալու համար այլոց պատրանքներին։
Աստված, որ ստեղծել է գիշեր-ցերեկը, դրանք ձրի չի տվել։ Դրանք պահանջում են հատուցում։ Ինչո՞վ ենք հատուցում անձրևը, ձյան գեղեցկությունը... Տառացիորեն ոչնչով։ Այդ ամենը բեռի նման նստած է մարդկանց ուսերին։
-Թե՞ պարգև է։
-Պարգև չէ։ Այն, ինչ որ չի անվանվում, պա՞րգև է։ Ո՞ր մի առաքինության համար։
-Երևի դրանք Աստծո գիտենալու բաներն են։
-Գրողը պարտավոր է, Աստծո չափ չասեմ, բայց կեսի չափ կյանք իմանալ։
-Ի՞նչ կասեք ընթերցողի մասին։
-Այսօր տպագրվում են ավելի շատ գրքեր, քան խորհրդային տարիներին։ Բայց ո՞ւր են այդ գրքերը. կամ չկան, կամ էլ գիրքը կա, փող չկա, որ գնեն։ Արտաքուստ թվում է տարբեր, բայց մեկն է խնդիրը, որն ունի սկիզբ, ընթացք, արդյունք։ Գրողը ոչ թե երկու, այլ երեք քարերի արանքում է տանջվում։ Այդքան հարցերի ինչպե՞ս պետք է գտնի պատասխան։ Նրանից ուզում են հեշտ անելի, համարյա բան չանելի պատասխան, ինչը մոդայիկ է։ Գրողն ունի ամենակարևոր բանը` խիղճ։ Նա չի կարող հենց այնպես պատասխան տալ։ Դրա համար նրա խոսքը դառնում է անհավատալի, անհամոզիչ։ Ո՞րն է համոզչականությունը, ինչո՞ւ չունի։ Խնդրի կեսը քոնն է, կեսը` գրողինը։ Ընթերցողը պետք է կարդա ուշադիր, հոգատար։ Դա ծանր է։ Մարդուց կենտրոնանալ է պահանջում։
-Կյանքն այսօր թույլ չի տալիս...
-Բայց պահանջում է, չէ՞։ Այդ պահանջներին պիտի պատասխան տաս, պիտի կարողանաս ապրել։ Մեր առաջ այնքան հարցեր են ծառացել, որ հինգ կյանքը հերիք չի անի այդքան հարցերի պատասխանը տալու համար։ Դրա համար, օրինակ, ինքնասպաններն այսօր ավելի շատ են։ Ինչո՞ւ։ Կյանքն առաջ ավելի հրաշալի՞ էր։ Իհարկե` ոչ։ Կյանքը երբեք հեշտ ու հրաշալի չի եղել։ Ընդամենը կարողացանք մի փոքր ցրել կոմունիզմի պատրանքը։ Մի փոքր, ոչ էությամբ։ Քանի որ այսօր ստեղծված նոր իշխանությունները (աշխարհի մասին է խոսքը) բոլորը հիմնված են կոմունիզմի փշուրների վրա։ Հրաշալի իդեա է։ Բայց ո՞վ պիտի ապրի, դա չեն մտածում։ Կամ` ժողովրդավարություն կոչվածը։ Այդ տեսությունները, որ գրում են, չեն մտածում` դա ապրելի՞ է, թե՞ չէ։ Դրա համար ժողովուրդը պիտի կարողանա, չասեմ ընդդիմանալ, համարձակություն ունենալ, ասել` այո կամ մի քիչ այո, ոչ կամ մի քիչ ոչ։ Այսինքն` շարժման տեղ ունենա։ Մինչդեռ չունի։ Այս հարցերի, որ ծագում են մարդկանց առաջ, կեսը նախորդ դարերից է գալիս, կեսը այս դարից, կեսն էլ` ապագայից։ Մարդն ապրում է այդ երեք դարերի մեջ։ Գրողը պիտի կարողանա տալ այդ երեք ժամանակներից եկող հարցերի պատասխանները։ Կարո՞ղ ենք այսօր գործ անել, որտեղ կա համապատասխան դեպք։
-Դոստոևսկու գրականությունը...
-Նրանք էլ հենվում են աշխարհում արդեն եղած հայտնի գրականության վրա։ Դոստոևսկին հենվել է հատկապես Աստվածաշնչի վրա, իսկ այնտեղ շատ պատասխաններ կան։ Գրողը պետք է իմանա` ինչ է եղել իրենից առաջ։ Օրինակ, գրաբարը չոր երեք ժամանակներից բացի ուներ նաև ենթաժամանակներ։ Այդպիսի հոգատարությամբ էին ապրում և ստեղծագործում, իսկ հիմա զլանում են անգամ կարդալ։ Այսօրվա կարգախոսը դարձել է հարմարավետությունը, բարեկեցությունը, որ իբրև խայծ գործածվում է գովազդներում։ Գովազդը խոսք է և ազդում է մարդկանց ենթագիտակցության վրա։ Բայց կյանքը երբեք էլ բարեկեցիկ չէ, թեև ձգտում ենք դրան։ Որևէ ժամանակահատվածում մարդն այնքան վախ չի ունեցել, ինչպես այսօր։ Ինչի՞ց են վախենում։ Ընդամենն իրենց տգիտությունից։ Այսօր միակ արժեքը դարձել է փողը, փողի դիմաց ի՞նչ են հատուցում։ Աշխատանք։ Մի քայլ առաջ գնանք։ Աշխատանքն իրենց կյանքն է, խելքը, ուժը։
-Բայց մի՞թե դա նորմալ չէ կամ բնականոն։
-Իհարկե` նորմալ չէ։ Կյանքը փոխարինվում է փողով։ Փողն էլ խորհրդանիշ է։ Այսօր Աստված չկա։ Բոլորը կռապաշտ են, 4-րդ դարի էժան կռապաշտներ, 4-րդ դարում ինչքա՜ն ականջներ կային, բայց այսօր եղած թիվը գերազանցում է։
-ՈՒրեմն, այնուամենայնիվ, կա հոգևոր պահանջ։
-Այո, բայց ինչո՞ւ են գնում դեպի աղանդները, ինչո՞ւ եկեղեցու գիրկը չեն գնում։ Բնական չէ՞, որ մրցակցություն կա եկեղեցու և աղանդների միջև։ Եկեղեցին հիմնված է դեռևս հին ավանդույթների վրա և դրանցով, ըստ իրենց, յոլա են գնում։ Մեկ դար էլ ու կպրծնի, չկա...
-Շատ հոռետեսական չէ՞ մեր զրույցը։
-Հոռետես մարդն է դարձել այսօր։ Եթե իրականությունն եմ ասում, ուրեմն, հոռետեսությո՞ւն է։
-Մեր երկրի իրականությունն ինչպե՞ս կբնորոշեիք։
-Ես դատավոր չեմ։
-Որպես գրող։
-Մեր երկրի իրականությունը գրողի համար նախանձելի իրականություն է։ Տարին հինգ վեպ պիտի ստեղծվեր։
-Այսինքն` երկրի վատ վիճակը լա՞վ նյութ է գրողի համար։
-Երկրի վիճակը վատ չէ, երկրի ոստերն են ցրված, ավազով չեն ծածկված, հարթ չեն։ Դա պիտի տեսնի գրողը։ Որ չեմ տեսնում, ի՞նչ անեմ, հոռետե՞ս եմ, ուրեմն։
-Իսկ կա՞ն այսօր այդպիսի գրողներ։ Կարո՞ղ եք նշել մեկ կամ երկու անուն։
-Անուններ չկան, որ նշեմ։ Եթե իմ ասած հարցերից մեկ-երկուսին պատասխան տա որևէ գրող իր գործերում, այնտեղ որոնեք անուններ։
-Դուք ինքներդ, որպես գրող, ի՞նչ եք անում, որ մի բան փոխվի։
-Ես մեկ բան եմ անում` կոփում եմ իմ համարձակությունը։
Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 1847

Մեկնաբանություններ