Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

«Արյունով ազատագրված հողը պայմանագրերով հետ չի վերադարձվում»

«Արյունով ազատագրված հողը պայմանագրերով հետ չի վերադարձվում»
11.11.2008 | 00:00

«Իրավունք de facto» ԱԿՈՒՄԲՈՒՄ
Նոյեմբերի 2-ին արցախյան հարցով Մոսկվայում կնքված եռակողմ հռչակագիրն իր վրա է գամել ինչպես քաղաքական ուժերի, այնպես էլ հանրության սևեռուն հայացքը՝ դառնալով տարաբնույթ ու հակասական քննարկումների առարկա։
Երեկ «Արցախյան փակուղի» թեմայի շրջանակներում լրագրողներին իրենց դիտարկումները փոխանցեցին սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ՍԴՀԿ կենտրոնական վարչության ներկայացուցիչներ ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆՆ ու ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆԸ։

Փաստելով, որ ղարաբաղյան հակամարտությունը մեռյալ կետից տեղաշարժելու գործընթացն այսօր մտել է հապճեպ ու ոչ հայանպաստ կարգավորման փուլ, տիկին Սարգսյանը նշեց, թե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, հրապարակային հավաստիացումներին հակառակ, Ղարաբաղը պահելու ո՛չ ցանկություն ունեն, ո՛չ էլ հնարավորություն։ «Երբ խոսվում էր լեգիտիմ նախագահ ունենալու անհրաժեշտությունից, արմատական ընդդիմությունը շատ լավ հասկանում էր, որ, հակառակ դեպքում, Ղարաբաղի շուրջ խմորվող զարգացումները մեզ կանգնեցնելու են փակուղու առաջ՝ բացառելով հակամարտության հայանպաստ լուծումը։ Ընդդիմությունն այսօր բավականին զուսպ կեցվածք է որդեգրել՝ գիտակցելով պահի ողջ լրջությունը»,- ասաց ՍԴՀԿ ատենապետը՝ լրագրողների ուշադրությանը ներկայացնելով կուսակցության հայտարարությունը, որում, մասնավորապես, ասված է. «Բեռլինի, Սան Ստեֆանոյի, Լոզանի, Բաթումի, Ալեքսանդրապոլի, Մոսկվայի, Կարսի խայտառակ և հակահայ պայմանագրերի արդյունքում հայ ազգի ապաշնորհ ու ծախու ղեկավարների և գերտերությունների ջանքերով վաճառվեցին հայկական հողերը։ Այդ օրերից հարյուրամյակներ են անցել, սակայն պատմությունը նորից կրկնվում է։ Հաղթանակ տանելով պատերազմի դաշտում և այդ կերպ վերականգնելով հայի՝ որպես ազգ գոյատևելու իրավունքը, մեր երկրի ապաշնորհ ղեկավարներն ու գերտերությունները սեփական շահերը սպասարկելու նպատակով առևտրի են հանել Կիլիկյան թագավորությունից հետո առաջին անգամ հայ զինվորի արյունով ազատագրված տարածքները և կասկածի տակ են առել Արցախի ինքնորոշման իրավունքը։ Եռաբլուրում ննջող հայորդիները, ազատամարտում հաշմված մեր ընկերները երբեք մեզ չեն ների, եթե կնքվի հերթական խայտառակ և ազգադավ պայմանագիրը։ Մեր հայրենիքի օրգանական մաս կազմող շրջաններն առևտրի հանողները թող լավ հիշեն, որ պատմությունն ու գալիք սերունդները նրանց երբեք չեն ների։ Արյունով ազատագրված հողը պայմանագրերով հետ չի վերադարձվում»։
Գուրգեն Եղիազարյանը նախ անդրադարձավ մոսկովյան հանդիպումից առաջ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որը, ըստ նրա, կառուցված էր երեք խնդիրների շուրջ։ «Խնդիր առաջին՝ Լեռնային Ղարաբաղը պետք է գնա ինքնորոշման ճանապարհով։ Երկրորդ՝ եթե Հայաստանն ու Ղարաբաղն ունենան ընդհանուր սահման։ Եվ երրորդ՝ եթե միջազգային կազմակերպություններն ուղղակի գարանտ կանգնեն ԼՂՀ ժողովրդին։ Եվ սա ասվում է Մոսկվա գնալուց առաջ։ Ասվում է այն դեպքում, երբ մենք արդեն իսկ ընդհանուր սահման ունենք Ղարաբաղի հետ։ Այսօր Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը պետությունն է ու բանակը։ Այսինքն, Մոսկվա գնալուց առաջ նա արդեն քանդում է այս ամեն ինչը, հայտարարելով, թե սահման չունենք, և Արցախի ժողովրդի համար էլ պատասխանատու պիտի լինեն ինչ-որ միջազգային կառույցներ։ Իսկ ինչ վերաբերում է նրա բարձրացրած առաջին խնդրին, փաստորեն, խոսքն այն մասին է, որ մի հինգ-տասը տարի հետո հանրաքվեի միջոցով պետք է պարզեն Ղարաբաղի կարգավիճակը։ Այսինքն, մինչև Մոսկվա գնալն արված այս հայտարարությամբ մենք արդեն պարտված ենք։ Նա Մոսկվա գնում էր` իմանալով, թե ուր է գնում և ինչի համար, և Մոսկվայում էլ մենք մեր ձեռքով մի խայտառակ փաստ արձանագրեցինք՝ ֆիքսելով, որ այս հակամարտությունն ունի երկու կողմ։ Մինչդեռ եթե Լեռնային Ղարաբաղը դուրս է մղվում բանակցային գործընթացից, արդեն իսկ վերջին տասը տարվա փորձից մենք գիտենք, թե այս ամենն ուր է տանելու»։
Խոսելով տասը տարի շարունակ կեղծվող խայտառակ ընտրություններից և եվրոպացի «ջենթլմենների» կողմից այդ ընտրություններին տված «մեկ քայլ առաջ» գնահատականներից, Գուրգեն Եղիազարյանը եզրակացրեց, որ այդ ամենն արվում էր ժամ առաջ Արցախը մեր ձեռքից վերցնելու նպատակով, և վերջին գործընթացներն էլ տանում են հենց դրան։ ՈՒստի, բանախոսի համոզմամբ, Ղարաբաղի հարցը ոչ թե Սերժ Սարգսյանը պետք է լուծի, այլ մենք բոլորս և ամենից առաջ՝ արցախահայությունը։
«Քոչարյանի մուտքը Հայաստան նշանավորվեց նրանով, որ նա Լեռնային Ղարաբաղը դուրս մղեց բանակցային գործընթացից,- ասաց Վահան Շիրխանյանը։- Ի՞նչ ստացանք դրանից հետո։ Ստացանք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երկրորդ բանաձևը՝ 2008-ի մարտին, որով կոչ է արվում Հայաստանի Հանրապետությանը անհապաղ դուրս բերել զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի տարածքից, վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապահովել փախստականների վերադարձը։ Կոչ է անում նաև աշխարհի բոլոր երկրներին՝ չճանաչել դեֆակտո ստեղծված իրավիճակը, այն է՝ ԼՂՀ անկախությունը։ Սա էր Քոչարյանի «նվերը» Հայաստանին, որը ճանաչվեց ագրեսոր երկիր»։
Անդրադառնալով, այսպես կոչված, «մադրիդյան սկզբունքներին», որոնք, փաստորեն, նոյեմբերի 2-ին Մայենդորֆում ստորագրված հռչակագրի ատաղձն են ու ենթադրում են փոխզիջումների ճանապարհով հակամարտության կարգավորում, Վահան Շիրխանյանը լրագրողներին փոխանցեց իր տարակուսանքը։ «Ի՞նչ փոխզիջումների մասին է խոսքը։ Հողը՝ հողի՞ դիմաց։ Ճանապարհը՝ ճանապարհի՞ դիմաց։ Փողը՝ փողի՞ դիմաց։ Ի՞նչ փոխզիջումներ են դրանք։ Մեզ ասում են՝ հրաժարվեք Արցախից, հրաժարվեք ցեղասպանության ճանաչման գործընթացից (Թուրքիան է ասում), և մենք կբացենք Կարս-Գյումրի երկաթուղին, որը երեք օր կարող է աշխատել, չորրորդ օրը՝ փակվել, ինչպես դա եղավ Սպիտակի երկրաշարժին հաջորդած շաբաթվա ընթացքում, երբ Թբիլիսիից Լենինական տանող երկաթգիծը վնասված էր, Թուրքիայով պետք է տեղափոխվեր հումանիտար օգնությունը, իսկ նա սկսեց խոչընդոտել։ Հիմա այս նույն երկիրն ասում է՝ վերադարձրեք Արցախը, իսկ ես ճանապարհները կբացեմ»։
Լավ, իսկ ի՞նչ ճանապարհով պետք է լուծվի գորդյան թնջուկի վերածված արցախյան հակամարտությունը, եթե Հայաստանի ավանդական կուսակցություններից մեկի ներկայացուցիչները դեմ են փոխզիջումներին։ Չէ՞ որ պատմական փորձն է հուշում, որ առանց փոխադարձ զիջումների հնարավոր չէ վերջնական խաղաղության հասնել։
«Ո՞վ ասաց՝ դեմ ենք փոխզիջումներին»,- հակաճառեցին հնչակյանները, հավելելով, թե դեմ են այն զիջումներին, որոնք միջազգային կառույցներն ու Հարավային Կովկասում սեփական շահերին հետամուտ աշխարհաքաղաքական կենտրոնները փորձում են միակողմանիորեն պարտադրել Հայաստանին։
«Մենք սպասում էինք, որ միջազգային կառույցները կոնֆլիկտի հանգուցալուծման այնպիսի տարբերակ կառաջարկեն, որը կնպաստեր տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմանը,- պարզաբանեց Վահան Շիրխանյանը։- Բայց լուծման այն ճանապարհը, որով նրանք մեզ տանում են, նշանակում է, որ միջազգային կառույցներն Անդրկովկասում ական են դնում։ Մշտական գործող ական, որը կարող է պայթել իրենց ուզած պահին։ Այս ճանապարհով լուծում տալ ղարաբաղյան կոնֆլիկտին, նշանակում է, որ հաջորդ պատերազմը հակամարտող կողմերի միջև լինելու է շատ ավելի դաժան, շատ ավելի կործանարար՝ Անդրկովկասի բոլոր ժողովուրդների համար»։
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 2648

Մեկնաբանություններ