Գրականագետ, «Զանգակ» հրատարակչության գրական ծրագրերի համակարգող, «Նամակներ պարետին» նախագծի հեղինակ ՀԱՅԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ հետ զրուցել ենք ամիսներ առաջ հայտարարված պատմվածքների մրցույթի մասին, որի արդյունքում ընթերցողի սեղանին է դրվել «Նամակներ պարետին» ժողովածուն։
-Ի՞նչ նպատակ էր հետապնդում այս նախագիծը։
-Նախագիծը կյանքի կոչեցինք՝ հաշվի առնելով արտակարգ դրությունն ու այդ ընթացքում մարդկանց ակտիվությունը սոցիալական ցանցերում։ Երբ հրապարակվում էին պարետի ցուցումները, մարդիկ սոցիալական ցանցերում այդ ամենին պատասխանում էին հումորային գրառումներով, երբեմն՝ դժգոհությամբ, ընդվզումով։ Մտածեցինք, որ ստեղծագործական ներուժի այս կուտակումները կարող են գրականություն դառնալ։ Մրցույթը հայտարարեցինք ապրիլի 9-ին, շարունակվեց մեկ ամիս՝մինչև մայիսի 9-ը։ Ստացանք 120 պատմվածք։ Մասնագիտական ժյուրին ընտրեց 66-ը։ Դրանք մեկուկես ամիս՝ ամեն օր հրապարակվում էին «Զանգակի» ֆեյսբուքյան էջում։ Հետո ժյուրին ընտրեց 20 լավագույն պատմվածքները, որոնք տեղ գտան «Նամակներ պարետին» ժողովածուում։
-Հայտարարության մեջ նշված էր, որ լավագույն գործերի հեղինակների հետ կշարունակեք համագործակցել։ Այսինքն՝ նպատակ կար նաև նոր անուննե՞ր հայտնաբերելու։
-Այո, այդ նպատակն էլ ունեինք, փորձեցինք խթանել արտակարգ դրության օրերին ժամանակավորապես դադարեցված համագործակցությունները գրական դաշտի և ընթերցողական շրջանակների հետ։ Գրքում տեղ գտած պատմվածքների հեղինակներից մի քանիսի հետ արդեն սկսել ենք համագործակցությունը, մասնավորապես, օրերս հրատարակել ենք Թերեզա Ամրյանի «Այն եզդի կնոջ ճամպրուկը» վեպը։ Ընթացքի մեջ է համագործակցությունը նաև Գևորգ Տեր-Գաբրիելյանի, Սոնա Մանուսյանի հետ։ Հուսամ՝ ապագայում նրանց գրքերն էլ կհրատարակենք։
-«Նամակներ պարետին» ժողովածուում տեղ գտած ստեղծագործություններն ավելի շատ վավերագրակա՞ն նշանակություն ունեն, թե՞ գեղարվեստական։
-Դրանք այս օրերի վավերագրություններ են, բայց գեղարվեստական վավերագրություններ։ Կարող է թվալ, թե նամակներ են` ուղղված պարետին։ Կան գործեր, որ հենց այդպես էլ վերնագրված են՝ «Նամակ պարետին», «Նամակ իսկական պարետին», բայց իրականում դրանք պատմվածքներ են՝ գեղարվեստական ստեղծագործություններ, որ ունեն դիպաշար, կերպարներ և գեղարվեստական այլ առանձնահատկություններ։
-Քո ժամանակի մեջ քո ժամանակի մասին գրելը բարդ չէ՞։
-Իհարկե, որոշակի բարդություն կար, որովհետև գեղարվեստական ստեղծագործությունը լոկ ինչ-որ փաստը չէ, այլ դրա գեղարվեստական վերացարկումը։ Կարծես որոշակի ժամանակ է պետք, բայց տեսնում ենք, որ այս սահմանային, լարված իրավիճակը նպաստել է, որ վավերագրությունից՝ փաստից մինչև գրականություն տարածությունը որոշակիորեն կարճվի, և մենք իսկապես ստանանք գեղարվեստական ձևաբովանդակային ամբողջություն ունեցող պատմվածքներ։
-Քաղաքական ենթատեքստով կամ ընդգծված քաղաքական պատմվածքներ մրցույթին ներկայացվե՞լ են։
-Ընդգծված քաղաքական ստեղծագործության պարագայում, երբ շատ է հրապարակախոսությունը, լրագրությունը, վավերագրականությունը, գրականությունից մի փոքր հեռանում ենք։ Քանի որ մեր նպատակն էր գեղարվեստական գործեր ընդգրկելը,առավելություն տվեցինք դրանց: Քաղաքական ինչ-ինչ բաներ կարող ենք տեսնել ընտրված գործերում, բայց ոչ այդպես ակնառու։ Մտահոգություններ են, ստեղծված իրավիճակի պատկերներ, մեղավորների փնտրտուքներ: Այդ ամենը ներկայացված է գեղարվեստական ձևի մեջ և պետք է այդպես էլ ընկալվի։ Թեև եթե պարետը կամ այլ պաշտոնյաներ ընթերցեն գիրքը, կարող են որոշակի եզրակացություններ անել։
-Համավարակից հետո շրջադա՞րձ է լինելու արվեստի, գրականության մեջ՝ հետաքրքրությունների, թեմաների, լեզվի առումով։
-Վաղ է այդ մասին խոսել, դեռ չգիտենք`ինչ կլինի, կինոֆիլմեր գուցե նկարահանվեն, այլ ստեղծագործություներ լինեն։ Նկատեցինք, որ նկարիչներն էին ակտիվ այս ընթացքում։ Անպայմանորեն այս ամեն ինչը մեծ ազդեցութուն կգործի արվեստի վրա, և այս պատմվածքներում էլ իրականության պատկերման, տրամադրությունների փոփոխություններ որոշակիորեն տեսնում ենք։ Մեր հեղինակների ստեղծած հերոսները աշխարհն այլ կերպ են սկսում տեսնել։ Արտակարգ դրության պայմաներում մարդը կարծես մի պահ կտրվեց առօրյայից ու ժամանակ ունեցավ զգալու, գնահատելու, արժևորելու այն, ինչ ունի, նաև հասկանալու, թե ինչպես կարող է դժվարությունները հաղթահարել։ Պատմվածքներում մենք տեսնում ենք, որ մարդը շատ ուժեղ արարած է, կարող է հաղթահարել ցանկացած դժվարություն և առաջ գնալ։ Մարդուն ապրելու հույս, ապագայի նկատմամբ հավատ, մարդասիրություն ու կարեկցանք ներշնչելը թերևս գրականության ամենակարևոր գործառույթներից է: ՈՒւրախ ենք, որ ժողովածուի պատմվածքներում այս ամենը կա:
Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ