Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Հայ արձակի ամենասիրված հեղինակը (այսօր արձակագիր ՐԱՖՖՈՒ ծննդյան օրն է)

Հայ արձակի ամենասիրված հեղինակը  (այսօր արձակագիր ՐԱՖՖՈՒ ծննդյան օրն է)
25.04.2023 | 21:42

Արդեն երկու դար Րաֆֆին կարողանում է իր ստեղծագործություններով ընթերցասիրության կայծեր նետել մարդկանց սրտերում և ոգեշնչել։

Տխուր և ուրախ դեպքեր վիպասանի կյանքից.

ՏԵՐ ԹՈԴԻԿԻ ՆԱԽԱՏԻՊԸ

Փայաջուկի գյուղական դպրոցում եղել է մի վանեցի ուսուցիչ, որի մոտ գյուղի առաջավոր մարդկանց որդիները մի քիչ հայերեն էին սովորում, այն էլ գրաբար: Այդ դպրոցի վարժապետն անվանի էր նրանով, որ «գավազանավ երկաթյավ» չէր պատժում իր աշակերտներին, այլ միայն ապտակահարությամբ:

Ահա այդ դպրոցում էր սովորում Հակոբը (Րաֆֆին):

Մի անգամ էլ չի դիմանում՝ տեսնելով, թե ինչպես է վարժապետը ընկերոջը պատժում: Կառչելով վարժապետի օձիքից՝ շնչասպառ գոռում է․

-Հերիք մեզ տանջես:

-Դու ինչու՞ ես խառնվում, Հակոբ, երբ ես իմ աշակերտներին ապտակում եմ, - ասում է ուսուցիչը, - քեզ չեմ պատժում:

- Միևնույն է,- պատասխանում է պատանի Րաֆֆին,- մի օր էլ ինձ այդ օրին կգցես:

Ճիշտ է, վարժապետը չի համարձակվում պատժել Հակոբին՝ Մելիք-Միրզայի որդուն, բայց նա դուրս է գալիս դպրոցից ու ուսումը շարունակում Թիֆլիսում:

«ԻՄ ՀԱԿՈԲԻ ՀԱՏԸ ՈՂՋ ՍԱԼՄԱՍՏՈՒՄ ՉԿԱ»

Րաֆֆին մանկության օրերին հանդուգն էր և սրամիտ: Դպրոցից տուն վերադառնալով՝ նա երբեք հանգիստ չէր մնում: Բացի իր համար հատուկ մանկական խաղեր և զվարճություններ որոնելուց, նա ստիպում էր տատին ու մորը, որ շարունակ զրույցներ, առասպելներ և հեքիաթներ պատմեն, ու ինքն էլ ուշադիր լսում էր:

Րաֆֆին նկարչական ձիրք և ճաշակ ուներ: Նկարում էր մարդկանց պատկերներ, ծաղիկներ, քարտեզներ և այլն: Հատկապես սիրում էր հրացան գործածել և ձի հեծնել, որ սովորել էր հենց իրենց տանը: Սովորելու հարցում այնքան հաջողակ էր, որ թե ծնողներին և թե ուսուցչին զարմացնում էր:

Րաֆֆին, որպես ուշիմ պատանի, սկսել էր հորը շատ հարցերում օգնել։ Ամբողջ ընտանիքի աչքը Րաֆֆու վրա էր՝ որպես հոր արժանավոր հաջորդի, իսկ հայրը՝ Մելիք-Միրզան էլ հաճախ ասում էր. «Իմ Հակոբի հատը ողջ Սալմաստում չկա»:

Ըստ Րաֆֆու ընկերոջ՝ Ավագ ԱՎԹԱՆԴԻԼՅԱՆԻ հուշերի

ԴԵ ՀԻՄԱ ԷԼ ԳՆԱՑԵՔ ԱԿԱՆՋՆԵՐԴ ԽՈՒԶԵՔ

Երբ Րաֆֆին դասավանդում էր «Արամեան» դպրոցում, երբեմն-երբեմն քաշում էր աշակերտների մազերը: Մի օր աշակերտները խուզում են գլուխները և ուրախ, երջանիկ սպասում են ուսուցչին:

Րաֆֆին ներս է մտնում և, նկատելով այդ խորամանկ խաղը, քմծիծաղ է տալիս, ապա՝ մեկին կանչում դաս պատասխանելու: Աշակերտը կմկմում է, տեղ-տեղ սխալվում:

Վիպասանը քաշում է ականջից և ասում.

– Դե հիմա էլ գնացեք ականջներդ խուզեք:

ԱՆՆԱ

Րաֆֆին հանդիպում է իր ապագա կնոջը՝ Աննային, 31 տարեկանում։

ՈՒրմիայի դպրոցի ավարտական հանդեսի ժամանակ Րաֆֆին լսում է Աննայի երգը և որոշում, որ նա է լինելու իր կինը։

Ասորի քրիստոնյա քարոզչի դուստր էր Աննան։ Րաֆֆին պարզում է, որ աղջիկը նշանված է մի բժշկի հետ, բայց չի հուսահատվում, այցելում է Աննայի հորը։ Եվ երբ դուրս է գալիս տնից, Աննայի նշանածը մեծ քարով թիկունքից հարվածում է։ Րաֆֆին ուշաթափ ընկնում է։ Աննայի հայրը նրան տանում է տուն և խնամում։ Այդ ընթացքում Րաֆֆին հայտնում է իր մտադրության մասին և դրական պատասխան ստանում։

Աննան շատ շուտ է սովորում հայերեն խոսել և գրել։ Երբ Րաֆֆին մահանում է, նրա գրական ժառանգությունը հրատարակելու պատասխանատու գործը ստանձնում է Աննան։ Նա ամուսնու մասին նաև հուշեր է գրել, բայց մեզ հասել է միայն մի փոքրիկ հատված, որտեղ երևում է նրա անմնացորդ նվիրումը ամուսնու նկատմամբ։

ՄՏԱՓՈԽՎԱԾ ՄԱՐԴԱՍՊԱՆԸ

Մի անգամ Րաֆֆու սենյակ են ուղարկում վարձու մարդասպանի՝ Քարամին։ Գիշերվա լռության մեջ Քարամը մտնում է Րաֆֆու սենյակն ու հետևում, թե ինչպես է իր զոհը անդադար գրում՝ չնկատելով ավազակի ներկայությունը։

Ավազակի վրա ազդում է այդ տեսարանը։ Նա Րաֆֆուն ասում է․

- Ինձ ուղարկել են քեզ սպանելու, բայց ես գործ չունեմ այն մարդկանց հետ, որոնք սրի փոխարեն գրիչ են շարժում։ Վեր կաց, շտապիր, քեզ քաղաքից հեռացնեմ։

ՔԱՋ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԸ

Րաֆֆին քաջ ճանապարհորդ էր՝ պատրաստ դիմակայելու յուրաքանչյուր մարտահրավերի։ Մի անգամ Րաֆֆին գիշերում է մի տանը, որի տերը ուզում էր նրան կողոպտել։ Նա Րաֆֆուն հարցնում է․«Ի՞նչ կանեիր, եթե մեզ վրա ավազակներ հարձակվեին»։ Րաֆֆին ամեն ինչ հասկանում է և ցույց տալով իր ատրճանակը՝ ասում է, որ ցույց կտար իր զենքի զորությունը։

Ավազակը հասկանում է, որ պետք չէ նրա հետ գործ բռնել։

ԽՂՃԻ ԽԱՅԹ

Հայ երիտասարդությանն իր վեպերով ոգեշնչող Րաֆֆին ապրում էր նյութական ծանր պայմաններում: Նրա ուսերին էր ծանրացած նաև Պարսկաստանում գտնվող հարազատների նյութական հոգսը: «Պարտքերի մեջ խեղդվել եմ, աշխարհս կատարյալ դժոխք է, դժոխք: Սակայն ես իմ գրչից չեմ բաժանվի...»,- ասում էր նա:

Օրերից մի օր ընտանիքի անդամների քաղցը հագեցնելու համար Րաֆֆին հարևան հացավաճառից ամաչելով հաց է պարտքով խնդրում: Հացավաճառը, որ կարդացել էր Րաֆֆու գործերը, բայց անձամբ չէր ճանաչում նրան, մերժում է և հանդիմանում: Այդ դեպքից կարճ ժամանակ անց Րաֆֆին մահանում է: Նրա մահը տակնուվրա է անում ամբողջ Թիֆլիսը: Այդպիսի մարդաշատ թաղում Թիֆլիսը դեռ չէր տեսել:

Րաֆֆու թաղումից հետո է, որ օտարներն ասում էին. «Հայերը չգիտեն լավ պահել իրենց գործիչներին, գիտեն միայն լավ թաղել...»:

Հացավաճառը հասկանում է, որ մերժել է իր սիրելի վիպասանին, որի գործերը կարդում էր մեծ հափշտակությամբ, և սկսում է տանջվել խղճի խայթից: Մի օր էլ գնում է Րաֆֆու կնոջ մոտ և ասում․

-Տիկին Աննա, Ձեր ամուսնուն պարտք եմ 20 ռուբլի: Նրան խոստացել եմ գումարի դիմաց մի ամբողջ տարի հաց ուղարկել Ձեր տուն...


ՐԱՖՖՈՒ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

Իր ճանապարհորդությունների ընթացքում Րաֆֆին հավաքել էր երեք հազարի հասնող հին դրամներ, հազվագյուտ իրեր:

Վիպասանի մահից հետո նրա այրին՝ Աննան, ֆինանսական դժվարությունների պատճառով որոշում է վաճառել այն: Նա մեկնում է Պետերբուրգ՝ հավաքածուն այնտեղ վաճառելու նպատակով, ապա խորհուրդ են տալիս ուղևորվել Լոնդոն՝ ավելի թանկ վաճառելու համար։ Սակայն Լոնդոնում գրպանահատները գողանում են ողջ հավաքածուն: Խեղճ կինը դիմում է ոստիկանություն, բայց ապարդյուն․․․

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4787

Մեկնաբանություններ