Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

«Էլյա՛, լաո՛, ես էս տարի հաստատ կմեռնիմ, հըմը քզի կպատմիմ իմ ու Անդրանիկ փաշի սիրո մասին»

«Էլյա՛, լաո՛, ես էս տարի հաստատ կմեռնիմ, հըմը քզի կպատմիմ իմ ու Անդրանիկ փաշի սիրո մասին»
24.04.2023 | 21:23

Դուռեն չկարողացավ մատներով հողը փորել և միայն խճերով շտապ ծածկեց սովից հենց նոր մահացած աղջկա դիակը: Մի մազափունջ հասցրեց կտրել ու գրպանում պահել: ՈՒզում էր երկնքին նայել ու էլի փառք տալ, որ գերդաստանի քառասուն հոգուց գոնե տղան փրկվել է, բայց օդում աչքերը սառեցին։ Ձորաբերանով դեպի իրեն էին արշավում մի քանի ասկյար: Դուռեն տղային շտապ թաքցրեց մացառուտում, թաշկինակը մտցրեց բերանը, որ ձայն չհանի: Հետո սկսեց ավելի դանդաղ քայլել, իբր չի նկատել ասկյարներին:

-Տալվորիկի Համզեի բարեկամն է,- Դուռեին անմիջապես ճանաչեց ասկյարների համար թալանը հավաքող քուրդը:

-Գյավո՛ւր, էդ ո՞նց ես փրկվել, ձեր քոք ու բուս պիտի կտրենք,- վնգստաց արնակալած աչքերով ասկյարն ու հրացանի խզակոթն ատելությամբ իջեցրեց կնոջ դեմքին: Դուռեն ցավից գալարվեց, բայց չընկավ: ՈՒժերը հավաքեց ու զզվանքով թքեց ասկյարի դեմքին: Բերանում փշրված ատամները թքի հետ արնախառը շրմփացին ասկյարի աչքերին: Ասկյարը նույն վնգստոցով սրբեց դեմքը և սրով մի վայրկյանում բացեց Դուռեի որովայնը. «Թող կամաց-կամաց մեռնի, կարճ տառապանքը քիչ է տալվորիկցու համար»։ Թալանչին Դուռեի ծոցից հանեց փոքրիկ «Նարեկը» ու զզվանքով շպրտեց: Գրպանում իրենց համար թանկարժեք ոչինչ չգտավ. անթալան մեռելն ո՞ւմ է հարկավոր: Շտապ հեռացան` պիղծ հայհոյանքներով ապականելով օդը։

«Տե՛ր Աստված, մեռա՞ծ եմ, թե՞ երազ է»,- մի աղոտ միտք մշուշեց Դուռեին: Մի կերպ նստեց: Շոշափեց որովայնը: Աղիքները դուրս էին եկել: «Տե՛ր, ուժ տուր հասնեմ ձորաբերանին, ու մի քանի վայրկյանից ամեն ինչ կվերջանա»,- Դուռեն կամաց մոտենում էր փրկարար անդունդին։ Հանկարծ ականջին երեխայի լացի ձայն հասավ, ծանոթ էր։ Սթափվեց, հիշեց ամեն ինչ, նույնիսկ ասկյարի արյունոտ դեմքը, սրի փայլը։ Ձայնի ուղղությամբ չորեքթաթ շտապեց: Երեխան այնքան էր տանջվելով անձայն լացել, որ թաշկինակը թրջվել, բերանից դուրս էր եկել: Դուռեն վիրավոր առյուծի նման ձգվեց` հայացքը շրջելով երկնքին: ՈՒզում էր դառնորեն անիծել հայի անզոր Աստծուն, ամենքին ու ամեն ինչ, բայց ժամանակ չկար: Տղային փրկել էր պետք: Այդ միտքը ջնջել էր ցավի զգացողությունը: Գրպանում միշտ թել ու ասեղ էր պահում: Նա դուրս եկած աղիքները տեղավորեց որովայնում և սկսեց կարել: Սովից այնքան էր նիհարել, որ մաշկը ձգելու հարկ չկար: Այդպես նա գլգիլի պարկի բերանը կամ պատռված տեղերն էր կարում: Հետո ցավազրկող խոտեր ու ծաղիկներ հավաքեց, վերքը մշակեց, բուժիչ և ուժ տվող բույսեր կերավ։ «Նարեկը» համբուրեց, ծոցում տեղավորեց և, տղային գրկած, շարժվեց Անդրանիկ փաշի գնացած ճանապարհով: Ոլորանին շրջվեց, կամեցավ հայացքով հրաժեշտ տալ աղջկա շիրմին, հանկարծ մի մութ ձայն նրան հուշեց... Տղան կապտել էր: Երեխային պառկեցրեց ծաղիկների վրա և շտապեց քիչ հեռվում աղմկող զուլալ առվակից ջուր բերելու: Կաշվե գդակով ջուր վերցրեց ու շտապեց տղայի մոտ: Դեմքին ջուր շաղ տվեց, շփեց ճակատը: Երեխան չշարժվեց, շուրթերի արանքից արյան առաջին կաթիլներն ընկան։

-Քու պստիկ սիրտ չդիմացավ էս մեծ ցավին, իմ անո՜ւշ բալա,- գոռաց Դուռեն ու, առանց ժամանակ կորցնելու, գրկեց տղայի դեռ տաք մարմինը և շարժվեց դեպի աղջկա շիրիմը: Խճերը մի կողմ քաշեց, եղբորը տեղավորեց քրոջ կողքին, մի մազափունջ կտրեց, դրեց գրպանը և խճերով նորից ծածկեց։ Երկրորդ օրը հասավ գաղթականների խմբին:

Անդրանիկ զորավարը ցնցվեց, երբ Համզե Պճուկից լսեց Դուռեի ողջ պատմությունը: Դուռեին շա՜տ վաղուց գիտեր: Երբ ինքը Տալվորիկի զինագործ Համզեի մարագում հրացանի խզակոթերն էր տաշում, գեղեցկուհի Դուռեն հաճախ էր հյուր գալիս հարազատներին: Կաքավի պես գեղեցիկ էր, սևաչ ու սլացիկ, հաճախ էր դռան արանքից Անդրանիկին ժպտում։ Մի օր նրանց հայացքները օդում իրար հանդիպեցին, երկար մնացին այդպես, վախենում էին շարժվել կամ հայացքները փախցնել, հանկարծ երազը կցնդեր։ Այդ օրվանից մորաքրոջ պատրաստած թանը ավելի շատ Դուռեն էր ցանկանում հասցնել մարագում զենք նորոգող շապինգարահիսարցուն։ Հետո Դուռեին հարս տարան հարևան գյուղ։ Դուռեն գնաց, բայց աչքերը մնացին Անդրանիկի հետ։ Դրանից հետո, ով թան էր բերում, Անդրանիկը վերցնում էր կուժը, աչքերը փակ շուրթերին մոտեցնում, ու նրան այնպես էր թվում, թե կուժը հենց նոր վերցրեց Դուռեի ձեռքից։

-Զորավա՛ր, ինչպես կարգադրել էիք` զորքին նոր հասած տալվորիկցի գաղթական կինը ինքն է,- ասաց համհարզը և շտապ դուրս եկավ:

-Փաշա՛, մատաղ էղնիմ քզի,- հազիվ շշնջաց Դուռեն ու ընկավ Զորավարի ձեռքերին:

-Դուռե՛, իմ հոգի՛ն, դու իմա՞լ ես դիմացե էդ ամեն ինչին,- գլուխը դողացող Դուռեի ուսին դրեց Զորավարը:

Դուռեն խոնավություն զգաց իր այտին։ Մարմնով մի ծանոթ ու երբեք չմարող ջերմություն անցավ։ Անդրանիկի մտքերը թռան հասան Համզեի մարագ. դռան արանքից ժպտում էր կաքավի աչքերով Դուռեն` թանի կուժը կրծքին պինդ սեղմած։

-Դուռե՛, ֆիդայական կռիվ էգուց-էլօր կպրծնի, ես էլ կարգին չգիտեմ, թե ինչ է լինելու, ուր եմ գնալու: Դու բոլորին կորցրիր, Դուռե, արի ինձ հետ, դու հերոս ես։ Աշխարհ մի օր հաստատ մի քիչ կխաղաղվի, Աստված մեզ հետ։

-Փաշա՛, դու զենքի հետ ես պսակվել ու ազգի համար ես, քո կռիվ դեռ չի պրծել, ես իմա՞լ բեռ դառնամ քզի։ Ես կաբրիմ իմ ցավի հետ` մինչև հասնիմ իմ էրեխեքին։ Փաշա՛, քար ու խճով ծածկեցի իմ անուշ բալեքին, բայց արդեն ջուն ու ջանավարի բաժին են դարձել, դրա համար քո կռիվ վերջ չունի,- Զորավարի հոգնած աչքերին նայեց Դուռեն։

Զորավարի երթից գաղթականների մի խումբ առանձնացավ. նրանց մեջ էր նաև Դուռեն: Խումբը օրեր ու գիշերներ գնաց, հետ նայելով առաջ գնաց, մինչև հասավ Ռուսի հող` Վլադիկավկազ։

«Էրգրից, հայ ու Հայաստանից էդքան հեռու իմա՞լ ապրինք»,- մի օր իրար հարցրին սասունցիք ու բռնեցին հետդարձի ճամփան: Մեկ-երկու տարի որտեղ ասես ապրեցին, բայց էդ հող ու ջրի հետ չհաշտվեցին:

-Ամենահարմարը Ալեքսանդրապոլի գավառի Թալինի շրջանի Աշնակ գյուղն է: Հենց Էրգրի ճամփի վրա է, Մասիսն էլ` աչքի դեմ։ Էրգրի ճամփեն որ բացվի, էստեղից շուտ կհասնենք,- վճռեցին սասունցիք ու գյուղը մաքրեցին թուրքերից։

Պճուկը Դուռեին իրենց տուն տարավ:

-Դու հիշո՞ւմ ես, թե Տալվորիկում ես ինչ լավ օճառ էի եփում: Էս գյուղի ժողովուրդ օճառ չունի, մեղք է, ինձ համար մի ղազան ճարի,- անելիքը հաստատ որոշած մարդու վճռականությամբ մորաքրոջ տղային խնդրեց Դուռեն: Հաջորդ օրը գյուղի բոլոր ընտանիքները մեկական օճառ ստացան: Բոլոր թաղերում երեխաներին այդ օրը օճառով լողացրին, գույնը վաղուց փոխած ցնցոտիները լվացին։ Փախեփախից հետո Դուռեն առաջին անգամ իրեն ուրախ զգաց: Հետո սկսեց մոտակա գյուղերը շրջել:

-Դուռե քույրի՛կ, շուտ-շուտ արի, որ շատ լողանանք,- հարևան գյուղերում հարազատի պես էին դիմավորում նրան։

...«Ժողովո՛ւրդ, պատերազմ է, Գերմանիան հարձակվել է Սովետի վրա»,- լուրը սև օձի նենգությամբ արևագալին սողոսկեց աշնակցիների երդիկն ի վար։ Կամավոր գնաց նաև Դուռեի մորաքրոջ որդին` Մելիքը: Կինը մահացել էր, տանը չորս երեխա կար։

-Պճո՛ւկ ախպեր, Մելիք գնաց ֆրոնտ, անմեր տուն ու չորս երեխա, ես գնում եմ Մելիքի որբերին պահեմ,- պատասխան չակնկալելով` վճռեց Դուռեն և, վերցնելով ղազանը, գնաց Մելիքի տուն:

Իրիկունը երեխաներին հավաքում էր թոնրի շրթին, ու երբ տասնյակ կարկատաններով տեսքը փոխած վերմակով ծածկում էր արդեն աչքերը փակ երեխաներին, օդի մեջ մատները դողում էին, թվում էր, թե խիճ է ափերի մեջ, իր երեխաներին է թաքցնում, ուր որ է ասկյարները կհասնեն։ Դուռեն կամաց թեքվում է, լսում նրանց շնչառությունը և համոզվում, որ ասկյար չկա, բայց դե, հիմա էլ ասկյարի մյուս տեսակն է եկել` ֆաշիստը։ Երկուսն էլ ասկյար են։

Պատերազմն ավարտվեց, իսկ Մելիքից զավակներին մնաց ընդամենը եռանկյուն մի սև ծրար։ Կարոտի ու տառապանքի օրեր, ամիսներ ու տարիներ գլորվեցին։ Դուռեին թվում էր, թե մինչև էսօր ասկյարները դեռ իր հետևից վազում են, ու մինչև մահվան օրը իր համար փախեփախ է։ Վերջապես Դուռեն պարեց. Մելիքի առաջնեկի` Դիմիկի հարսանիքն էր։ Ձեռքերը շարժում էր օդի մեջ ու երկնքին նայում: Դա մերթ փառաբանության աղոթք էր` հարսանեկան կանաչ-կարմիրի, մերթ անպատասխան հարց էր սասունցուց երես թեքած Աստծուն, մերթ անեծք էր դառնում` իրեն հետևող ասկյարներին։ Հարյուր տարեկան Դուռեն պարում էր։

Հինգ օր հետո նորահարս Էլյան ալյումինե կլոր տաշտի մեջ նստեցրեց Դուռեին` լողացնելու։ Որովայնի մեծ ու կոպիտ սպին տեսնելով` չհամբերեց. «Նանե՛, էդ ի՞նչ դանակով է բժիշկը քեզ վիրահատել, ու ինչ վատ են կարել»:

-Լաո՛, էդ դանակ ասկյարի կեռ թուրն էր, կարողն էլ ես էի,- տաք ջրի առաջին ամանից «օխա՜շ, օխա՜շ» ասելով` Դուռեն սկսեց պատմել։

Նորահարսն այնքան դանդաղեցրեց լողացնելը, մինչև Դուռեն ավարտեց իր կյանքի անհավատալի պատմությունը:

...1958 թվականն էր: Հարյուր հինգ տարեկան Դուռեն իր մոտ կանչեց հարսին.

-Էլյա՛, լաո՛, ես էս տարի հաստատ կմեռնիմ, հըմը քզի կպատմիմ իմ ու Անդրանիկ փաշի սիրո մասին։ Երբ պատմությունն ավարտեց, բարձի տակից հանեց երկու փունջ մազ. «Էս իմ էրեխեքի մազերն են, կդնես իմ ծոցի մեջ, նոր կթաղեք ընձի: Մեկ էլ` էս գդակն է էրգրից հիշատակ մնացել, կթողիմ քզի: Էդ գդակ զորավոր է, նեղ օրից կփրկի քզի»: Մեկ ամիս անց, երբ գերեզմանոցում վերջին հրաժեշտն էին տալիս Դուռեին, Էլյան հարազատներին պատմեց գդակի զորավորության մասին: Մի փոքր տնտղելուց հետո հարազատները նկատեցին, որ գդակի անկյունի կարը ինչ-որ բան է հուշում: Բացեցին, մեջը ոսկի էր լցված նեղ օրվա համար։

Հարազատները ցնցվել էին, իսկ Դուռեն հողի տակից ժպտում էր...

Թեհմին ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 7022

Մեկնաբանություններ