Ո՞վ է ասել, թե ազգերի վրեժն ունի վաղեմության ժամկետ։
Ոչ միայն գաղափարական դաշտում, այլև գենետիկ մակարդակում ոչինչ չի մոռացվում։
Մեր պատերազմը երբեք էլ ավարտված չի եղել:
Հերոս ԱՐԱՄԱՅԻՍ ՈՍԿԱՆՅԱՆՆ իր կյանքն ապրեց ու անմահացավ հենց այդ գիտակցումով` ապրել թշնամուն ՈՉ ՄԻ ԹԻԶ ՀՈՂ ՉԶԻՋԵԼՈՎ։
Նա գիտեր, որ ոչ միայն ազատագրված Արցախն է ազգային սրբություն, այլև դեռ ճամփա ունենք մինչև Մեծ Հայքի մյուս պատմական «աշխարհները»։
Ծնվել է 1996 թ. Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում:
2014 թ. հուլիսի 14-ին զորակոչվել է բանակ՝ ծառայության անցնելով Արցախում՝ Մարտունու զորամասերից մեկի նռնականետային դասակում։
Անմահացել 2016 թ. հունվարի 9-ին՝ թշնամու դավադիր հարձակմանը դիմադրելիս:
-Մենք հայրենիք չունենք զիջելու,- սա էր հերոսի հավատամքը:
Արամայիս Ոսկանյանի տեսակը դաստիարակել է վաստակաշատ մանկավարժ տիկին ԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ, որ տարիներ ի վեր Գավառի մանկատանը դաստիարակել է հայրենասեր ու ազգաճանաչ սերունդներ, հայոց մայր, ում այս կյանքում հերոսամայր կոչումը բաժին հասավ։
Այսօր` հոկտեմբերի 27-ին հերոսամայր տիկին Անուշ Հակոբյանի ծննդյան տարեդարձն է։
Ամեն տարի այս օրը հերոսամայրն իր էջում տեղադրում է անմահ հերոսի լուսանկարն ու գրում ընդամենը մեկ տող.
«Ես դեռ նշելու եմ իմ ծննդյան օրը՛, Ո Ր Դ Ի Ս...» ։
Այո, սիրելի հերոսամայր, մենք դեռ նշելու ենք Ձեր տարեդարձը Արցախի Մարտունիում, որտեղ Արամայիս Ոսկանյանը և իմ քեռու զավակը` Կոլյա Նիկողոսյանը մնացին հավերժ դիրքապահներ...մեր պայքարն անվախճան մի ուղի է, քանզի Հողն ունի հիշողություն և իր բնիկ տիրոջն է սպասելու։
Մեր անմահների գունդը մեզնից պահանջում է լինել պահանջատեր և մեր պատմությանն իրավատեր ժողովուրդ։
Եվ մենք այդ ուժը ստանում ենք հենց Ձեզ նման հայոց մայրերից, որ իրենց գաղափարներով մեզ միշտ հիշեցնում են, թե ով է Հայը և ինչպիսին չպիտի դառնա, որքան էլ թշնամի ուժերն ուզենան խեղել մեր ազգային -հոգևոր դաշտը և մեզ շեղել մեր ընթացքից...
Հիշու՞մ եք` մոտ երկու տարի առաջ Ձեզ հետ զրուցելու առիթ ունեցա մեր ազգային գոյապայքարի մասին։ Եվ Դուք ասել էիք այս խոսքերը.
-Բոլոր ժամանակներում հայը ծնվել, ապրել և արարել է դժվարագույն պայմաններում, կռիվ տվել մի բուռ հողի, վաղվա խաղաղ կյանքի, գալիք սերունդների արժանապատիվ ապրելու իրավունքի համար։ Մեր հերոս որդիներն իրենց նախնիների գործի արժանի հետնորդներն էին, կուռ արժեհամակարգի և ազգային գաղափարախոսության կրողները։ Նախնյաց վրեժը դեռ եռում է և պիտի եռա մեր վաղվա հայ երիտասարդների երակներում, կորսված հայրենիքի կանչը պետք է կոչնակի, համառ պայքարը պետք է շարունակվի և պսակվի արդարացի հաղթանակով՝ փոխհատուցելով այդքան դառնացած, սգավոր կյանքեր, խեղված ճակատագրեր, անմեղ հոգիներ։
Մեր որդիների օրինակով պետք է կրթվեն, դաստիարակվեն վաղվա զինվորները՝ չհանձնվելու, չհանձնելու պատասխանատվությամբ: Հաղթանակի ձգտումով կրկնապատկված հզորությամբ կուզեմ տեսնել մեր երկիրը կերտողներին։
Մենք պարտավոր ենք Հայրենիքն ազատագրած բոլոր զոհերի առաջ, մենք պետք է վաստակենք և վերահաստատենք մեր իրավունքը՝ ապրել այս հողում՝ ոչ մի դեպքում թշնամու առաջ ծնկի չգալով, մեր պետական սահմաններն ինքներս գծելով, դիվանագիտական և ուժային լծակներ կիրառելով, պահանջներ թելադրելով, պայքարելով ու ապրելով:
ՈՒզում եմ՝ արժանապատիվ հայերը լուծեն մեր խիզախ
նվիրյալների վրեժը:
...Սիրելի Հերոսամայր, վստահ եղեք , որ Արամայիսի և մեր բոլոր անմահ քաջերի կերպարը ձևավորելու է այն ազգային, արժանապատիվ պետությունը, որը կգնա մեր պատմական իրավունքները վերականգնելու ճանապարհով։
Եվ եթե այսօր ինչ-որ ուժեր մեզ համոզում են, թե Հայոց ցեղասպանությունը և Արևմտյան Հայաստանը պետք է մոռանալ և Արցախն էլ թերթված էջ է, առնվազն ապազգային, ես կասեի` հանցավոր տեսակներ են, որոնք ևս պիտի պատասխան տան Ձեր հերոս որդուն և մեր անմահացած բոլոր եղբայրներին։
Մենք ոչ թե բռնազավթված Հայրենիքը մոռանալու, այլ հողահավաքի գաղափարով ենք մեր սերունդներին դաստիարակելու` մշտապես կրկնելով Արամայիս Ոսկանյանի խոսքերը.
-Մենք ոչ մի թիզ հող չունենք թշնամուն տալու...
Շնորհավորում եմ Ձեր տարեդարձը, սիրելի տիկին Անուշ։ ՈՒզում եմ ապրեք երկար տարիների կյանք, որ տեսնեք մեր ազգի վերածնունդը և Արցախի վերադարձը` առայժմ առնվազն Արցախի:
Խոնարհումս:
Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ