Հայկական ճարտարապետության պատմության չգերազանցված և հոյակերտ տաճարը
12.06.2020 | 02:45
Զվարթնոցի երբեմնի վեհաշուք տաճարը գտնվում է Վաղարշապատից երեք կիլոմետր դեպի արևելք, Երևան-Էջմիածին խճուղու հարավային կողմում։ Կառուցվել է տեղանքի նկատմամբ յոթ աստիճան (սալահատակի հետ) բարձրացված հարթակի վրա և իրենից ներկայացրել է եռաստիճան, բազմանիստ, հետզհետե նվազող տրամագծերով երեք գլանային ծավալների ներդաշնակ ամբողջությամբ կենտրոնագմբեթ հորինվածք:
Տաճարն ունեցել է հինգ մուտք, որոնք, ըստ ավանդույթի, ասոցացվում են հող, ջուր, օդ, արև և հոգի տարրերի հետ, բայց, ըստ մեկ այլ ավանդության, տաճարի հիմքում Տիրոջ ձեռքի պատկերն է. արևելյան վեհարանը խորհրդանշում է ափը, իսկ հինգ մուտքերը՝ հինգ մատները:
Եկեղեցու 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանների բարձրության և տրամագծի վերաբերյալ ուսումնասիրողները հայտնել են տարբեր տեսակետներ, սակայն, ընդունված տեսակետի համաձայն, տաճարն ունեցել է 45 մ բաձրություն և 35 մ 75 սմ տրամագիծ:
Զվարթնոցի արտաքին հարդարման հիմնական մոտիվներից մեկը որմնակամարաշարն է եղել, որը շրջանցել է տաճարն ամբողջությամբ՝ զարդարելով նրա երեք հարկաբաժինները։ Առաջին հարկում զույգված սյուներ են եղել, իսկ երկրորդում և երրորդում՝ մեկական։ Զվարթնոցի որմնակամարաշարը հետագայում (հատկապես 11-13-րդ դդ.) դարձել է հայկական տաճարների արտաքին հարդարման կարևոր տարրերից մեկը։
Հորինվածքի առաջին աստիճանն ունեցել է 32 նիստ, որոնց անկյունները ձևավորված են եղել զույգ կիսասյուներով՝ հենարան հանդիսանալով բարդ կամարաղեղների համար։ Նիստերից յուրաքանչյուրին արված է եղել լուսամուտի մեկական կամարակապ բացվածք, որոնցից վերև ձգվել է առաջին հարկաբաժինը պարփակող գեղեցիկ զարդաքանդակներով մշակված քիվը: Ի դեպ, 32 լուսամուտներից եկեղեցին լուսավորել են միայն 28-ը, իսկ մյուս չորսը եղել են խուլ՝ գտնվելով մայր մույթերի հետնամասում: Ճոխ հարդարանքով աչքի է զարնել առաջին հարկը, մյուս երկուսն ունեցել են առավել զուսպ հարդարանք։
Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ աստիճանի թմբուկներն արտաքուստ կազմված են եղել 32, իսկ երրորդ աստիճան հանդիսացող գմբեթաթմբուկը՝ 16 նիստերից։ Տաճարի գմբեթը ծածկված է եղել կարմիր կղմինդրով:
Եկեղեցին կառուցվել է երեք գույնի տուֆից՝ սև, դարչնագույն և մոխրագույն։ Պատերը շարվել են կրաշաղախով, որի ամրության համար նրան խառնել են փշրած վանակատ (օբսիդիան. այն թրծելիս դառնում է առավել թեթև)։ Ըստ վկայություններից մեկի՝ եկեղեցին կառուցվել է նախատեսվածից մեկ մետր բարձր. նկատի է առնվել կրաշաղախի օգտագործման պարագայում շարվածքի՝ ժամանակի ընթացքում աստիճանաբար նստելու միտումը։
Ճակատների, եզրագոտիների, լուսամուտների ու քիվերի մակերեսները զարդարված են եղել նռնաքանդակներով և խաղողաքանդակներով, որոնք, տաճարի արտաքին հարդարանքի հիմնական տարրերը լինելով, ունեցել են նաև սիմվոլիկ-գաղափարական իմաստ: Նուռը խորհրդանշում է զարթոնք, շարժում, գարուն, պտղաբերություն, լիություն, նռան ծառը՝ Դրախտային այգին, իսկ խաղողը՝ Հիսուս Քրիստոսին՝ մեռնող և հարություն առնող աստվածությունը: Զվարթնոցի չորս արծվաքանդակ խոյակներով սյուները (արծիվները երկու գույգ են կազմում, որոնք չեն կրկնում մեկը մյուսին, նայում են միմյանց և կարծես հսկում են տաճարը), որոնք եզակի են վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության մեջ, նույնպես սիմվոլիկ-գաղափարական իմաստ են ունեցել. արծիվը խորհրդանշում է հաղթանակը, ուժը, ազատությունը և հարության գաղափարը։ Համաձայն ուշ անտիկ պատկերացումների, երբ արծիվը ծերանում է, բարձրանում է դեպի արևը և ընկղմվելով սրբազան աղբյուրի մեջ՝ վերակենդանանում է։ Այդ է պատճառը, որ վաղ միջնադարում Քրիստոսին նույնացնում էին նաև արծվի հետ։ Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում արջի պատկերը, որը Հայաստանում նույնացվել է մեռնող և հարություն առնող աստվածության հետ։
Զարդագոտուց ներքև՝ որմնակամարների աղեղների հատման անկյուններում, խոյակներից վերև քանդակված են եղել 32 պատկերաքանդակ՝ շինարարական զործիքները ձեռքերին: Այժմ պահպանվել են այդպիսի 9 պատկերաքանդակ, որոնցից մեկի ձախ հատվածում փորագրված է «Յոհան» հայատառ մակագրությունը։ Կարծիք կա, որ Զվարթնոցի պատկերաքանդակների շարքում տեղ գտած հոգևորականի հագուստով այդ պատկերը ներկայացնում է Տրդատ Գ-ին, քանզի վերջինս, Լուսավորչի կողմից մկրտվելիս, ստացել է «Հովհաննես», հունացված տարբերակով՝ «Յոհան» անունը։ Իսկ պատկերված է հոգևորականի հագուստով, քանի որ նա կյանքի վերջին տարիներին հեռացել է Սեպուհ լեռան Այրք կոչված վայրը՝ ընդունելով հոգևոր աստիճան։ Հնարավոր է, որ Զվարթնոցի քանդակների շարքում եղել է նաև Գրիգոր Լուսավորչի պատկերը, քանի որ Ս. Մնացականյանը խոսում է հոգևորականի հագուստով մեկ այլ քանդակի մասին, բայց քանի որ պատկերաքանդակներից միայն յոթն են պահպանվել լավ վիճակում, ապա ավելի ստույգ հնարավոր չէ նկարագրել այն։ Չի բացառվում, որ Զվարթնոցի զարդագոտում ներկայացված պատկերները ներկայացրել են երկրում հավատի ընդունման, հաստատման և տարածման ջատագովներին՝ Տրդատի և Լուսավորչի գլխավորությամբ։ Իսկ թե ինչու պատկերված մարդիկ գործիքներ ունեն իրենց ձեռքին, պարզ է դառնում Ագաթանգեղոսի նկարագրություններից, որը Գրիգոր Լուսավորչին և Տրդատին ներկայացնում է որպես «շինարարների»՝ հավատի և Եկեղեցու կառուցողների։
ՈՒշագրավ է արևի մեծ ժամացույցը, որը տեղադրված է եղել տաճարի հարավային պատի վրա: Ժամացույցի վերևի հատվածում փորագրված է սաղմոսից քաղված բանաձևը. «Աղոթեսցեն առ Տէր ամենայն սուրբ ի ժամ ընդունելի»: ժամացույցի ներքևի հատվածում՝ ձախից աջ, թվերի փոխարեն դասավորված են հայերեն այբուբենի տառերը՝ Ա-ից մինչև ԺԲ ¥1-ից մինչև 12¤: ժամացույցի մեջտեղում տեղադրված ձողի ստվերի շարժով օրվա տարբեր պահին ցույց է տրվել ժամը:
Զվարթնոց տաճարի հատակագծի հորինվածքային ձևը հավասարաթև խաչն է եղել, որը, ի տարբերություն միջնադարյան մյուս կենտրոնագմբեթ եկեղեցիների, ոչ թե ուղղանկյուն, այլ շրջանաձև պարագծում ներգծված կառույց է: Հավասարաթև խաչի երեք թևերը կիսաշրջանաձև դասավորված վեց սյունաշարեր են եղել, որոնք միմյանց հետ կապված են եղել յոթ կամարներով:
Վեցական սյուները կանգնեցված են եղել գրանիտե խարիսխների վրա՝ պսակված գեղեցիկ զամբյուղահյուս խոյակներով, որոնք իրար միացնելու համար օգտագործվել է արճիճ:
Զամբյուղահյուս խոյակների երկու կողմերում՝ շրջանակների մեջ, քանդակված են մոնոգրամներ (վարպետանիշ) և հավասարաթև խաչեր: Թորամանյանը նշում է, որ Զվարթնոցի վրա աշխատել են շատ վարպետներ, որոնք էլ եկեղեցու քարերի վրա քանդակված թողել են իրենց վարպետանիշերը։ Դրանցից մի քանիսը հունարեն տառերի նման են, մի քանիսն էլ հիշեցնում են հայերեն տառեր։ Սրանից կարելի է եզրակացնել, որ Զվարթնոցի վրա աշխատել են թե՛ հույն և թե՛ հայ քարտաշ և որմնադիր վարպետներ։
Տաճարի արևելյան խաչաթևը կիսաշրջանաձև հոծ պատ է: Ինչպես բոլոր հայ քրիստոնեական եկեղեցիներում, այնպես էլ այս եկեղեցում, արևելյան խաչաթևում է տեղավորվել ավագ խորանը: Խորանի հոծ պատը, համաձայն ուսումնասիրությունների, հարդարված է եղել որմնանկարով, իսկ խորանը՝ խճանկարով, որտեղ օգտագործվել է ոսկեգույն սմալտա (գունախիճ՝ գունավոր՝ այդ թվում ոսկեգույն և արծաթավուն, խորանարդիկների կամ թերթերի տեսքով անթափանցիկ ապակի ՝ խճանկարներ ստեղծելու համար)։ Խճանկարը, որից հասել են միայն խաչը պատկերող դրվագներ (ամբողջությամբ միայն մեկը), հանդիսացել է զարդագոտու մաս։ Իսկ հայտնաբերված որմնանկարի դրվագները իրենցից ներկայացրել են մարմարի ֆակտուրայի նմանակում։ Ամենայն հավանականությամբ Զվարթնոցում փորձ է արվել նմանակելու բյուզանդական տաճարների ներքին հարդարանքի մաս կազմող մարմարյա պատերը։ Կարելի է միայն երևակայել, թե ինչ ուժեղ ներգործություն է ունեցել տաճարը ներս մտնողների վրա՝ հաշվի առնելով ներքին շքեղ հարդարանքն ու առատ լուսավորությունը, որ ներս է թափանցել բազմաթիվ պատուհաններից։
Տաճարի կենտրոնում գտնվել է սբ Գրիգոր Լուսավորչի մասունքապահոցը (պետք է նշել, որ այս մտքի հետ ոչ բոլոր ուսումնասիրողներն են համաձայն), որը եղել է նաև մկրտության ավազան:
Տաճարի ներսում հայտնաբերվել է նաև մեկ այլ մկրտության ավազան, որը գտնվել է տաճարի հարավ-արևելյան մույթի հետևում:
Խաչաթևերի միմյանց մոտենալու հատվածներում՝ տաճարի կենտրոնից հավասար հեռավորության վրա, տեղադրված են եղել թմբուկը և կոնաձև գմբեթը կրող չորս հզոր մույթեր, որոնց հետևում գտնվել են վերոնշյալ թևատարած արծվաքանդակ խոյակները կրող առանձին կանգնած սյուները: Դրանց վրայից սկսվելով՝ դրսի պատին զուգահեռական կորությամբ դեպի աջ և ձախ կողմերն են ձգվել աղեղներ, որոնք հանգել են խաչաթևերի մեջտեղի սյուներն իրար միացնող կամարների վրա: Այս ութ հզոր երկկոր թաղերով ստեղծվել է ավելի փոքր՝ երկրորդ շրջանագծային հիմքը, որի վրա բարձրացել է տաճարի երկրորդ հարկաբաժնի պատկերը: Այս խիզախ մտահղացման շնորհիվ ճարտարապետության պատմության մեջ առաջին անգամ իրականացվել է խաչից անցումը շրջանագծին՝ քարե կոնստրուկցիաների միջոցով:
Զվարթնոցի մայր մույթերը, արծվախոյակավոր ու խաչաթևերի սյուները, կապվելով վերոհիշյալ կրկնակի կորություն ունեցող կամարների ու թաղերի հետ, կազմել են միաձույլ ամբողջական համակարգ, որի շնորհիվ հարյուրավոր տոննաների քաշ ունեցող ծանրությունը կրող տարրերն աշխատել են միաժամանակ և համատեղ:
Եկեղեցու արևելյան հատվածում կառուցվել է մի ուղղանկյուն կառույց, որը բոլորակ տաճարի հետ հաղորդակցվել է ընդհանուր պատի վրա առկա երկու դռներով: Այդ կառույցի շուրջ ուսումնասիրողների կարծիքները տարբեր են. ոմանք կարծում են, որ այն եղել է ավանդատուն (հանդերձարան), իսկ որոշ ուսումնասիրողներ պնդում են, որ այդ ուղղանկյան կառույցում են տեղավորել տաճարի երկրորդ հարկաբաժին տանող աստիճանները: Բայց պետք է նշել, որ տաճարի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ վեր բարձրացող աստիճանների ոչ մի հետք չի հայտնաբերվել տաճարի թե՛ ներսում և թե՛ շրջապատում։ Մյուս կողմից, այն շինարարական տեխնիկան, որի հիման վրա կառուցված է տաճարը, ինքնին բացառում է երկրորդ հարկի գոյության հնարավորությունը։
Տաճարի անմիջական հարևանությամբ, արևմտյան կողմում, ջրհորն է, որի խորությունը 49 մ է։ Այն ջրով է ապահովել ողջ համալիրը։
Միջնադարյան Հայաստանի աշխարհիկ ճարտարապետության կարևորագույն կառույցներից մեկն է հանդիսանում Զվարթնոց տաճարից հարավ-արևմուտք գտնվող կաթողիկոսական պալատը, որի մեջ մտել են մի շարք բնակելի և օժանդակ սենյակներ: Կաթողիկոսարանն ունեցել է երկու մեծ դահլիճ. առաջինը գահասրահն է, որը եղել է թաղածածկ, երկրորդը սյունազարդ սրահն է, որից պահպանվել են միայն սյուների խարիսխները, և ենթադրվում է, որ այդ սրահը եղել է սեղանատուն: Դահլիճներին կից եղել են տնտեսական բնույթի սենյակներ՝ ճաշասրահ, խոհանոց, նկուղներ: Կաթողիկոսական պալատի արևելյան հատվածում տեղավորված են եղել եկեղեցու սպասավորների համար բնակելի և կենցաղային բնույթի ինը սենյակներ՝ շրջապատված լայն սյունասրահով:
Զվարթնոցի կաթողիկոսական պալատը Հայաստանում պահպանված 7-րդ դարի ամենամեծ քաղաքացիական շինությունն է։
Բնակելի սենյակներին կից կառուցվել է նաև բաղնիք (այն ավելի ուշ է կառուցվել)։ Բաղնիքը բաղկացած է եղել երկու ինքնուրույն թևեր ունեցող սրահներից՝ աշխարհիկ սպասավորների և հոգևոր դասի համար: Սրահների միջև ընդհանուրը եղել են միայն կրակարանն ու տաք ջրի կաթսան: Բաղնիքն ունեցել է գեղեցիկ հարդարանք և Հռոմում ընդունված «հիպոկաոստ» ստորգետնյա ջեռուցման համակարգ։
Բավականին մեծ արժեք է ունեցել համալիրից քիչ հարավ-արևելք գտնվող քարաշեն, փայտածածկ, եռանավ հնձանը: Հնձանը բաղկացած է եղել հինգ մեծ հնձանափոսերից ու խաղողի ճզմման յոթ հարթակներից: Հորերը և հարթակները եղել են կրաշաղախով պատված, և հարթակներն ունեցել են որոշակի թեքություն դեպի հորերը: Իսկ հորերն ունեցել են երկկողմանի առվակներ: Հարթակների վրա խաղողը տրորվել է, և առվակների օգնությամբ հյութը հոսել է հորերի մեջ: Հորերը եղել են տարբեր չափերի և, ըստ երևույթին, նախատեսված են եղել տարբեր տեսակի խաղողների համար: Արդեն պատրաստի գինին պահպանվել է կավից պատրաստված մեծ կարասների մեջ:
Ի դեպ, Զվարթնոց տաճարի հարավային կողմում 1936-1937 թթ. ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի նախագծով և հնագետ Կարո Ղաֆադարյանի ղեկավարությամբ կառուցվել է Զվարթնոց թանգարանային շենքը, որի բացումը կատարվել է 1937 թ. նոյեմբերի 7-ին: Սկզբում այն ունեցել է փոքր ցուցադրություն` ձևավորված մեկ սրահի մեջ` 80 քմ մակերեսով: 1988 թ. ճարտարապետ Լ. Սադոյանի նախագծով սկսվել են թանգարանային շենքի ընդարձակման աշխատանքները, և այն գրեթե քառապատկվել է, իսկ 2003 թ. ավարտին են հասցվել թանգարանային շենքի հարդարման աշխատանքները: Այժմ ցուցադրության համար թանգարանն ունի 3 սրահ. երկուսը՝ մշտական, իսկ մեկը` ժամանակավոր և շրջիկ ցուցադրությունների կազմակերպման համար:
Որպես վերջաբան՝ ցանկանում եմ մեջբերել Թորամանյանի միտքը. «Երբ բյուզանդական արվեստի գլուխգործոց ս. Սոփիան կանգնեց, Հուստինիանոսը ինքնակալն էր 64 նահանգներու, որոնց մեկին — Եգիպտոսի մեկ տարվան տուրքով զարդարվեցան տաճարի ներքին շարժական զարդերը։ Իսկ Հայաստանը, հազիվ հավասարվող Բյուզանդիայի մեկ նահանգին, կանգնեց հայ ճարտարապետության գլուխգործոց Զվարթնոց մը, որը թեև շատ հեռու կմնա ս. Սոփիայի համար թափված ոսկիի կույտերեն յուր նյութական արժանիքով, այնուամենայնիվ, իբրև հանճարի անօրինակ հղացում, ճարտարապետության մեջ իբրև բնաշխարհիկ նմուշ միշտ պիտի մրցի ս. Սոփիայի հետ՝ յուր արվեստագիտական բարձր արժանիքներով»։
Լյուսյա ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Օտարները Հայոց կղզի կկոչեն. հոն ամեն ինչ հայկական է և հայ անունին համար․ Բարի եկար, Հայրենակից
- Օտարները Հայոց կղզի կկոչեն. հոն ամեն ինչ հայկական է և հայ անունին համար․ Բարի եկար, Հայրենակից
- Օտարները Հայոց կղզի կկոչեն. հոն ամեն ինչ հայկական է և հայ անունին համար․ Բարի եկար, Հայրենակից
- Օտարները Հայոց կղզի կկոչեն. հոն ամեն ինչ հայկական է և հայ անունին համար․ Բարի եկար, Հայրենակից
- Օտարները Հայոց կղզի կկոչեն. հոն ամեն ինչ հայկական է և հայ անունին համար․ Բարի եկար, Հայրենակից
- Օտարները Հայոց կղզի կկոչեն. հոն ամեն ինչ հայկական է և հայ անունին համար․ Բարի եկար, Հայրենակից
- Օտարները Հայոց կղզի կկոչեն. հոն ամեն ինչ հայկական է և հայ անունին համար․ Բարի եկար, Հայրենակից
- Օտարները Հայոց կղզի կկոչեն. հոն ամեն ինչ հայկական է և հայ անունին համար․ Բարի եկար, Հայրենակից
- Ժամանակակիցները նրան կոչում էին ռուս Լեոնարդո դա Վինչի, մեր ժամանակների Պասկալ, դարի համր բարձրաքանդակ, սարսափելի ժամանակաշրջանի հանճար, նոր Լոմոնոսով․․․
- Ժամանակակիցները նրան կոչում էին ռուս Լեոնարդո դա Վինչի, մեր ժամանակների Պասկալ, դարի համր բարձրաքանդակ, սարսափելի ժամանակաշրջանի հանճար, նոր Լոմոնոսով․․․
- Ժամանակակիցները նրան կոչում էին ռուս Լեոնարդո դա Վինչի, մեր ժամանակների Պասկալ, դարի համր բարձրաքանդակ, սարսափելի ժամանակաշրջանի հանճար, նոր Լոմոնոսով․․․
- Զարեհ Մութաֆյանի տեսած Հայաստանը
- Ժամանակին նրա մասին ողջ Փարիզն էր խոսում. Սերովբե-Լևոն Քյուրքչյան
- Մեր կյանքն անցնում է սպասումով
- Միմար Սինան․ Էվկլիդեսի և Միքելանջելոյի հայ համարժեքը
- Հայկական ճարտարապետության պատմության չգերազանցված և հոյակերտ տաճարը
- Հայկական ճարտարապետության պատմության չգերազանցված և հոյակերտ տաճարը
- Մեր պատմության մետաղյա ասպետները
- Գեթսեմանի մատուռի հետքերով
- Դամիրյան-Թադևոսյան մանկավարժական տոհմի դարավոր պատմությունը
Մեկնաբանություններ