Թե ինչպես ես անզգուշաբար կործանեցի ԽՍՀՄ-ը
21.02.2020 | 00:38
Այս անգամ կփորձենք քննարկել հելիոֆիկացիայի ծրագրի փորձնական կիրառության հեռանկարը՝ Հայաստանի ու Արցախի մեկական բնակավայրերում: Ժամանակին աշխարհի հելիոֆիկացիայի ծրագիրը որոշել էինք սկսել Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղից՝ ստանալով հայրենիքի նվիրյալ գյուղապետ Հրաչ Աճեմյանի համաձայնությունը: Ծրագիրը չսկսվեց մեկ աննշան պատճառով. փող չկար, ֆինանսավորումը չգտանք: Հիմա կարծես թե պահանջվող գումարը կա: «Հայաստան» համահայկական հիմնադրամը 2019 թվականին նպատակային գումարներ է հանգանակել՝ Հայաստանի երեք մարզերում ու Արցախում արևային գործը առաջ տանելու համար: Մենք էլ կփորձենք օգտվել այդ գումարներից, ինչը կլինի և արդարացի, և կարևոր ոլորտի զարգացման համար: Որտե՞ղ և ինչպես ծախսել այդ գումարները, եթե ոչ Հայաստանի և Արցախի հելիոֆիկացիայի վրա: Մեր տրամադրության տակ մի այսպիսի որոշում կա, որը կներկայացնեմ բառ առ բառ:
«ՀՀ Շիրակի մարզի Անի համայնքի ավագանի
Որոշում 13
24 հունվարի 2020 թվական
«Հայաստան» համահայկական հիմնադրամին առաջարկություն ներկայացնելու մասին
Քննարկելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայքի Սառնաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարի՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով հայկական մշակման արևային կայաններով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրը հելիոֆիկացնելու նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամին առաջարկություն ներկայացնելու մասին դիմումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթներով.
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է`
առաջարկություն ներկայացնել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ հիմնադրամի միջոցներով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրը հայկական մշակման արևային կայաններով հելիոֆիկացնելու նպատակով:
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար՝ Ա. Գևորգյան»։
Միանգամից ասեմ, որ Անի համայնքի երիտասարդ ղեկավարի որոշումը համարձակ է, ճիշտ է ու տեղին: Չեմ թաքցնի, այն արվել է իմ ներկայացրած «Աշխարհի հելիոֆիկացիան սկսենք Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղից ու Արցախից» ծրագրի քննարկման արդյունքում: Ավագանին ընդունել է, որ այն կօգնի, առաջին հերթին, լուծելու Անի համայնքի տնտեսական ու սոցիալական չլուծված խնդիրները՝ կազմակերպելով հայկական մշակման արևային կայանների արտադրությունը՝ փոքր սերիայով և դրանց կիրառությունը Սառնաղբյուրում՝ տների (գյուղում կա 810 տուն), դպրոցի (496 դպրոցականներով), մանկապարտեզի (120 երեխա և ևս 40 երեխա, որոնց համար առայժմ տեղ չկա, գյուղը դեմոգրաֆիայի խնդիրներ չունի, մշտական աճ է տալիս՝ ապագա զինվորներ ծնելով ու կրթելով նաև հայոց բանակի համար) ջեռուցման համար: Կարելի է մտածել արևային էլեկտրակայանների, ջեռուցվող գոմերի, արևային էներգիայով աշխատող սպանդանոցների, արևային էներգիայով աշխատող պահածոների գործարանների ստեղծման, գոմաղբից բիոգազ ու բիոհումուս (օրգանիկ գյուղատնտեսության համար) և հազար ու մի այլ կիրառական խնդիրների մասին: Սառնաղբյուրում կա գյուղի ջրամբարից ոռոգման ջրի բարձրացման խնդիրը, որն առայժմ իրականացվում է 70 և 340 կՎտ հզորությամբ երկու պոմպերով:
Սառնաղբյուրը Հայաստանի գեղատեսիլ վայրերից է, որտեղ կարող են զարգանալ և էկոտուրիզմը, և առողջարանական տուրիզմը:
Այստեղ են գտնվում 8-րդ դարի Կարմիր վանքը, որի մոտ 1918 թվի մայիսին կասեցվել է թուրքական զորքերի առաջխաղացումը, 5-րդ դարի Սուրբ Հակոբ եկեղեցին, հինավուրց ավետարանը, 19-րդ դարի գործող եկեղեցին: Այստեղ են գտնվում սառը, բացարձակ մաքուր և բուժիչ ջրերով հայտնի բազմաթիվ աղբյուրներ: Հայրենական պատերազմի տարիներին այստեղ են բուժվել տարբեր հիվանդություններով տառապող մարդիկ:
Տուրիզմի զարգացման տեսակետից կարևոր կլինի արևային խոհանոցի հիման վրա սրճարանների և արևային «մորժային» լողավազանների գործարկումը: Սառնաղբյուրը տաղանդավոր ու հայրենասեր մարդկանց ծննդավայր է, տվել է մի շարք պետական ու ռազմական գործիչներ, բազմաթիվ գիտնականներ, գրողներ, մարզիկներ, ինժեներներ (նաև տողերիս հեղինակին), բժիշկներ:
Պետք է հասկանալ, որ աշխարհի հելիոֆիկացիան անխուսափելի է, վաղ, թե ուշ այն սկսվելու և արագորեն տարածվելու է աշխարհով մեկ, բազմաթիվ առումներով ճիշտ կլիներ, որ այն սկսվեր Սառնաղբյուրից և Արցախի որևիցե գյուղից: Դա կարևոր կլիներ քաղաքական նկատառումներից ելնելով՝ հաշվի առնելով էկոլոգիական անհետաձգելի խնդիրների լուծման ու մարդկության գոյությունը պահպանելու հրամայականը, որը, որքան էլ ցավոտ լինի, ունի լուծման մեկ հուսալի ճանապարհ. դա արևային էներգիայի նպատակային ու մասսայական օգտագործումն է կենցաղում, գյուղատնտեսության մեջ (օրգանիկ գյուղատնտեսություն) և արդյունաբերությունում, որը մենք բնութագրել ենք մեկ ընդհանուր տերմինով՝ կոչելով այն հելիոֆիկացիա: Հելիոֆիկացիայի այլընտրանքը չկա, գոյություն չունի, հույս ունեմ, որ շատ շուտով մենք դա կապացուցենք Սառնաղբյուրի օրինակով:
Տեսեք, թե ինչ է կատարվում Ավստրալիայում, Եվրոպայում ու համայն աշխարհում՝ կլիմայի փոփոխության պատճառով: Կլիմայի փոփոխությունը, ըստ ճապոնացի գիտնականի 2019 թվի հրապարակման, հանդիսանում է մարդկության գոյությանը սպառնացող վտանգներից երկրորդը ՝ ատոմային պատերազմից հետո: Իմ կարծիքով, այստեղ կարելի է տեղերի փոփոխության կատարել՝ առաջին տողով նշելով կլիմայի փոփոխությունը և, դրա հետ կապված էկոլոգիական աղետը: Ատոմային պատերազմը, ճիշտ է, առավել վտանգավոր է, որովհետև մարդկության հարցերը կլուծվեն միանգամից ու խիստ ցավոտ ձևով, բայց, ամեն դեպքում, այն կանխարգելելի պրոցես է, որովհետև անխուսափելիորեն տուժելու են դրանց նախաձեռնողները, առաջին հերթին: Դա է այն հիմնական պատճառը, որ 3-րդ համաշխարհային պատերազմը տեղի չի ունենում. չնայած ատոմային գերտերությունների գերպատրաստվածությանը, առաջին հարվածը շահեկան դարձնելու էյֆորիային, այս հարցում ռիսկի գնալը դժվար է:
Կլիմայի փոփոխության վտանգը «սկսվելու» կարիքը չունի, այն արդեն սկսվել է ու հաջողությամբ, դանդաղորեն, բայց հաստատուն քայլերով առաջ է տանում մարդկության դանդաղ մահվան գործը, արդեն կան առաջին ախտանշանները։ Ո՞րն է ելքը: Ելքը մեկն ու միակն է. պետք է սկսել երկրների ու աշխարհամասերի հելիոֆիկացիան: Հարց՝ ի՞նչն է պատճառը, որ այդքան պարզ ու ակնհայտ պրոցեսը դեռևս չի սկսվում նույնիսկ էներգետիկ ռեսուրսներից զուրկ և հելիոֆիկացիայի գաղափարի հայրենիքը հանդիսացող Հայաստանում: Իրոք, հելիոֆիկացիայի գաղափարը ծնվել է Հայաստանում, ու բոլոր նախադրյալները կային այն իրագործելու և էկոլոգիական աղետից խուսափելու, մարդկությանը գոյատևելու ճիշտ ճանապարհ ցույց տալու համար: Աշխարհի հելիոֆիկացիան կարող էր սկսվել Սառնաղբյուրից դեռևս 2008 թվի հունվարի 19-ին, երբ այդ գաղափարն ու ծրագիրն անմիջականորեն, ուղիղ աչքերին նայելով ներկայացրի ՀՀ ապագա նախագահ Սերժ Սարգսյանին: Բայց չեղավ։ Իսկ ինչու՞ այդ պրոցեսը չսկսել 2020 թվից, երբ դրա ֆինանսական հնարավորությունները կան: Բայց այստեղ էլ հարցերն ու հարցականները շատ են, այլ նկատառումներ կան, որտեղ գլխավոր դերը կարող է տրված լինել նորին մեծություն կոռուպցիային: Այդ հիմնադրամում արևային էներգիայի տակ հասկանում են միայն արևից էլեկտրական էներգիա ստանալու աշխարհում քաջ հայտնի ու շատ ծեծված տարբերակը՝ ֆոտովոլտային էլեմենտների կիրառմամբ: Սա ճանապարհ չէ, մեր, առանց այդ էլ հյուծված, տնտեսությունը դրանից շատ բան չի ստանա, աշխարհում ոչ մեկին դրանով չես զարմացնի ու հրապուրի:
Ս.թ. փետրվարի 12-ին ՀՀ ԱԺ-ում դարձյալ խոսում էին այլընտրանքային էներգետիկայից, ավելի ստույգ՝ համապատասխան օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին: Քննարկման առարկա էր դարձել ոլորտում պետական գնումները կազմակերպելու խնդիրը, որը, ըստ պատգամավորների, պետք է անել այնպես, որ «առաջնությունը տրվի էներգախնայող տեխնիկային՝ LED լամպերից սկսած, ֆոտովոլտային էլեմենտներով վերջացրած»: Ելույթ ունեցող պատգամավորները կարծես թե փորձում էին ցույց տալ այլընտրանքային էներգետիկայում իրենց ունեցած (ավելի ճիշտ կլինի ասել՝ չունեցած) գրագիտության աստիճանը, բայց խնդիրը միայն գրագիտության աստիճանի մեջ չէ: Բազմաթիվ ելույթներից ես կառանձնացնեմ երկուսը. Միքայել Մելքումյանինը՝ «Բարգավաճ Հայաստանից» և Հովիկ Աղազարյանինը՝ «Իմ քայլից»:
Հովիկ Աղազարյանը խոսեց այլընտրանքային էներգետիկայի բնագավառում աշխատող տեղական արտադրողների շահերը պաշտպանելու մասին՝ հավանաբար նկատի ունենալով նաև մեր հելիոֆիկացիայի ծրագիրը: Այդ «հավանաբարը» ես հեռախոսով ճշտեցի ու շնորհակալություն հայտնեցի, որ մեր աշխատանքների մասին հիշում է, իր մտահոգությունը մի քիչ երկչոտ ձևով, բայց արտահայտում է: Միքայել Մելքումյանի ելույթը ավելի կոնկրետ ու «լոբբիստական» էր, իր «միամիտ» պարզաբանումները բարձրաձայնելով նա պաշտպանում էր չինական կիսահաղորդչային էլեմենտներով ֆոտոպանելներ արտադրող «Մուլտի Սոլար» ՍՊԸ-ի բիզնես շահերը: Եթե Նիկոլ Փաշինյանը արևային տեխնիկան պատկերացնում է միայն «տաք ջուր ու հոսանք տվող» սարքերի սահմաններում, ապա Միքայել Մելքումյանինի պատկերացումները ավելի կոնկրետ են, տարածվում են միայն ֆոտոպանելների վրա, ինչու՞, մի՞թե արդեն սկսվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքած գումարները յուրայինների շրջանակում մեջ-մեջ անելու գործընթացը:
Նշեմ, որ «Մուլտի Սոլարի» սեփականատերերն են Գագիկ Ծառուկյանը և ամերիկացի իմ վաղեմի ծանոթ Զարեհը՝ 50/50 փայաբաժիններով: Զարեհի բիզնեսի թեման եղել է թեթև արդյունաբերությունը, ժամանակին գնել էր Մարալիկի մանվածքային ֆաբրիկան, Երևանի տեքստիլ ֆաբրիկան և մի քանի այլ ընկերություններ, բայց մեծ հեռանկար էր տեսել այլընտրանքային էներգետիկայի ոլորտում։ Սկզբում մտածում էր զբաղվել հողմային էլեկտրակայաններով և, ի վերջո, կանգ առավ ֆոտոպանելների արտադրության վրա, բարձր մակարդակով մի արտադրություն է կազմակերպել Առինջում։ 80-ին մոտ այդ ամերիկացին աշխատում է օրը 18 ժամ և պատանեկան եռանդով, փառք ու պատիվ Զարեհին՝ իր հայրենանվեր գործերի համար:
Հայաստանում ներկայումս գործում են ֆոտոպանելների արտադրության երկու լիարժեք արտադրամասեր, որտեղ չինական կիսահաղորդչային էլեմենտների բազայի վրա հավաքվում են տարբեր չափերի ու հզորությունների ֆոտոպանելներ: Կան նաև երկու տասնյակի հասնող այլ ընկերություններ, որոնք զբաղվում են ֆոտոպանելների ներկրմամբ ու տարածման բիզնեսով: Դրանցից մեկը պետք է զբաղվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի փողերի յուրացմամբ ու «մսխելու» սուրբ գործով, մասնագետների նեղ շրջանակներում արդեն հայտնի է ապագա մրցույթի հաղթողի անունը: Վերջերս եմ զրույց ունեցել Զարեհի հետ ու առաջարկել միասին մասնակցել այդ մրցույթին՝ ներկայացնելով հելիոֆիկացիայի ծրագիրն ամբողջությամբ: Պարզվում է՝ դա հնարավոր չէ: Խոսքը մրցույթում հաղթելու մասին չէ, այլ ընդամենը մասնակցության անհնարինության մասին, այնպիսի սահմանափակող պայմաններ են դրվում, որ հելիոֆիկացիայի ծրագիրը չի կարող ներկայացվել:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ներքին «խոհանոցից» մի սփոփիչ տեղեկություն, ամեն դեպքում, հաջողվեց ստանալ. Արցախի և Հայաստանի երեք մարզերի իշխանություններին է վերապահված որոշելը, թե արևային որ ուղղությամբ են ծախսվելու հիմնադրամի հավաքած գումարները: Այս ինֆորմացիան պատճառ դարձավ, որ ես նախաձեռնեցի Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայրի հելիոֆիկացիայի խնդիրը օրակարգ մտցնելու կազմակերպչական գործողությունները: Ասեմ միանգամից, առանձնակի պատրանքներ չունեմ, թե այդ գումարներից հնարավոր կլինի հատկացումներ ստանալ հելիոֆիկացիայի ծրագիրը մեկ-երկու գյուղերում իրագործելու համար, բայց դրա համար պայքարելը պետք է, որովհետև այն կարող է շրջադարձային նշանակություն ունենալ աշխարհի հելիոֆիկացիան Հայաստանից ու Արցախից սկսելու համար և լուծելու մեր այն կարևոր խնդիրները, որոնք դեռևս չեն գտել իրենց լուծումները:
Խոսքը Հայաստանի արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և ընդհանուր տնտեսությունը մղջավանջային իրավիճակից դուրս բերելու ու լուծում տալու այնպիսի կարևորագույն խնդիրներին է վերաբերում, ինչպիսիք են մարդկանց սոցիալական վիճակի բարելավումը, երկրի միջազգային հեղինակության բարձրացումը, աշխատանքի միջազգային բաժանման մեջ մեր դերակատարումն ունենալը և այլն: Հելիոֆիկացիայի ծրագրի իրականացումը, թեկուզ մեկ գյուղի կամ գյուղի մեկ թաղամասի մակարդակով, թույլ կտա վստահություն ձեռք բերել ու երկրի տնտեսությունը առաջ տանել այնպիսի հեռանկարային ուղղությամբ, ինչպիսին է արևային տեխնոլոգիաների (ուշադրություն դարձրեք` արևային տեխնոլոգիաների, բայց ոչ արևից հոսանք ստանալու) զանգվածային օգտագործումը աշխարհով մեկ: Այստեղ է թաքնված մեր հաջողության, երկրում իրական տնտեսական հեղափոխություն իրականացնելու բանալին: Այդ բանալին ես պատրաստ եմ նվիրելու նրանց, ովքեր պատրաստ կլինեն այդ վիթխարի ծրագրի իրականացմանը: Իսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամի մրցույթներին մասնակցելու առանձնակի ցանկություն չունեմ, դրանցից կուշտ եմ, մեկ անգամ արդեն մասնակցել եմ ՀՀ նախագահի մրցանակի մրցույթին, որտեղ, ըստ իմ բացահայտումների, մրցանակները վաճառվում են: Դա իմ ոճի մեջ չէր, ինչի պատճառով էլ գործերս հետ վերցրի, բայց նամակով բողոքս ու զայրույթս հայտնեցի ՀՀ նախագահ կոչվածին ու ժողովրդի կարծիքի սիրահարին:
Ի միջի այլոց, 11 ամիս է անցել, բայց նամակիս պատասխանը դեռևս չեմ ստացել՝ մինչև մեկ ամիս տևողության ողջամիտ ժամկետների պարագայում, ինչը օրենքով է սահմանված: Փաշինյանը վերջերս «որպես անձնական վիրավորանք» որակեց Վահագն Վերմիշյանի կաշառակերության փաստը՝ դրանով իսկ հերքելով իր հերթական սուտը, թե Հայաստանում կոռուպցիան վերացվել է:
Վերմիշյանի դեպքը չէր լինի, եթե իրավապահ մարմինները ուշադրություն դարձնեին ՀՀ նախագահի մրցանակները «ատկատներով» բաժանելու պրակտիկայի վերաբերյալ իմ հայտարարությանը, կառուպցիայի դեմ պայքարը պետք էր սկսել ՀՀ նախագահի ու ՀՀ վարչապետի գրասենյակներից: Նույն քոլի պղպեղ է եղել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամը, կարող եք չկասկածել, որ այդպես շարունակելու են աշխատել՝ հետապնդելով նույն նպատակը. մսխել հիմնադրամից ստացված գումարները և հույս ու հավատով սպասել հաջորդ դրամահավաքներին: Կոնկրետ դեպքում, հանուն դրամահավաքային հաշվետվության, չինական կամ այլ երկրների արտադրության ֆոտոպանելներ կտեղադրվեն մեր միամիտ հայերի տանիքներին՝ խոստանալով զրոյացնել էներգիայի ծախսերը, չի լինի, չի ստացվի, որովհետև կիսահաղորդչային տեխնիկայի կիրառությունը հատուկ գիտելիքներ ու մոտեցումներ, որակ, էֆեկտիվություն ու հուսալիություն է պահանջում, որտեղ շըփ-թըփ բիզնեսի կանոնները չեն աշխատում: Ասածս կփորձեմ ավելի պարզ ու հանրամատչելի ձևով բացատրել:
Հայաստանում ֆոտովոլտային էլեմենտները տեղադրվում են շենքերի տանիքներին՝ առանց հաշվի առնելու դրանց աշխատանքի առանձնահատկությունները: Նախ, դրանք պետք է տեղադրվեն որոշակի անկյան տակ, որպեսզի հնարավոր լինի խուսափել p-n անցումների գերտաքացումից, սև գույնի կիսահաղորդչային էլեմենտները հիանալի ձևով կլանում են արևի ջերմային էներգիան և տաքանում: Արևային էներգիայի մի մասը (20 տոկոսից պակաս, տեսական սահմանը 28 տոկոս է) կլանվում է էլեկտրոնների կողմից (ներքին ֆոտոէֆեկտ), մյուս 80 տոկոսը կլանվում է կիսահաղորդչային էլեմենտի կողմից (ֆոնոնային կլանում), ինչը բերում է p-n անցումների անցանկալի տաքացման: Մինչև 55օC տաքացումը համարվում է ընդունելի, բայց ոչ ցանկալի, որովհետև ֆոտովոլտային ռեժիմում աշխատելու էֆեկտիվությունը կտրուկ ընկնում է հետևյալ համամասնությամբ՝ 0,5 % 1օC տաքացման դիմաց, ավելի բարձր ջերմաստիճաններում այդ համամասնությունը կտրուկ աճում է՝ 10օC-ի դեպքում ֆոտոէլեմենտների էֆեկտիվությունը նվազում է կրկնակի: Մեր ընթերցողները կարող են հաշվել կամ «աչքաչափով» որոշել, թե ամռանը Երևանում քանի աստիճանով կբարձրանա սև ֆոտոէլեմենտի ջերմաստիճանը, որը դեռևս գումարվելու է շրջակա միջավայրի ջերմաստիճանին: Շոգ եղանակներին ֆոտոէլեմենտները շատ վատ են աշխատում, նաև բազմակի կորցնում են իրենց ծառայության ժամկետը՝ յուրաքանչյուր 10օC աճի դիմաց (Արենիուսի օրենք):
Արևից էլեկտրական էներգիա ստանալու հարցերով ինձ մոտ էր եկել մի արաբ գիտնական՝ Սուդանից, որը դիսերտացիան պաշտպանել էր Կիևում: Նրան խորհուրդ տվեցի ծանոթանալ Պարիս Հերունու «Արև» ծրագրին, դա աֆրիկացիների համար կլիներ ճիշտ լուծում, իսկ մենք կունենայինք ևս մեկ հսկայածավալ շուկա՝ հայկական արտադրության արևային էլեկտրակայանները վաճառելու համար: Տիեզերքում աշխատող ֆոտոպանելների սառեցման խնդիրը ավելի հեշտ է լուծվում։ Նման մի գիտահետազոտական աշխատանք ես կատարել եմ Մոսկվայի «ԾԼնԾ» ուսումնական ինստիտուտում: Օդի բացակայության պայմաններում ֆոտոպանելներից ջերմահեռացում չի կատարվում, նրանք արագ տաքանում են ու կորցնում իրենց էֆեկտիվությունը: Խնդիրը լուծվում է հասարակ ձևով, ֆոտոպանելները պարբերաբար, երեսուն րոպեն մեկ, 180 աստիճանով շրջում են դեպի արևի հակառակ կողմը՝ արբանյակների հետ, և տաքացած մասերը տեղափոխում են կրիոգենային ջերմաստիճանի տիրույթ (հեղուկ օդի եռման 800K ջերմաստիճանից ցածր, 193օC), այսպիսով հնարավոր է լինում ստանալ ավելի նպաստավոր ջարմաստիճանային ռեժիմներ:
Մեր ստեղծած DVH տիպի կոմբինացված արևային համակարգերում օգտագործել ենք ֆոտոպանելների ջերմաստիճանային կարգավորման տիեզերական փորձը. մեր համակարգերի վրա տեղադրված ֆոտոպանելները (դրանք օգտագործվում են սարքերի ավտոմատիկայի սնուցման, նաև էլեկտրական էժան էներգիա ստանալու համար) պտտվում են դեպի արևը (առավոտյան ժամերին և օրվա վերջում) իսկ օրվա տապին թեքվում են այնպես, որ ֆոտոէլեմենտների ջերմաստիճանը թույլատրված սահմաններից չբարձրանա: Այսպիսով հնարավոր է դառնում ապահովել ֆոտոպանելների բարձր արդյունավետությունը, երեք անգամ ավելի, քան դա ստացվում է տանիքներին գամված ֆոտոպանելների դեպքում: Արև չեղած ժամանակ մեր կոնստրուկցիաներում ֆոտոպանելները շրջվում են գլխիվայր, ինչը թույլ է տալիս ազատվել մթնոլորտի բացասական ազդեցությունից ու մի քանի անգամ երկարաձգել ծառայության ժամկետը:
Ցավոք, մեր չինովնիկ ու պատգամավոր «ֆոտոպանելիստները» դրանց աշխատանքի նրբություններին ծանոթ չեն, բայց իրենց թույլ են տալիս «հեռանկարային» նոր գաղափարներ առաջարկել: Նույն Միքայել Մելքումյանը կարծիք հայտնեց, որ արևային էլեկտրական էներգիան կարելի է արտահանել այլ երկրներ: Այս անհեթեթ գաղափարը շատերն են թմբկահարում, հայտնի չէ, թե որն է դրա տնտեսագիտական իմաստը: Հարևան երկրները ինչու՞ են գնելու մեր արևային էներգիան, եթե նույն ֆոտոպանելները նրանք կարող են ներկրել ու տեղադրել իրենց երկրներում, որտեղ, արևից բացի, շատ փող էլ ունեն: Ֆոտոպանելների հուսալի աշխատանքը կազմակերպելու համար անհրաժեշտ է դրանք սառեցնել, որը բավականին ծախսատար, բարդ ու նաև էներգատար է: Բացի այդ, ֆոտոէլեմենտները պարունակում են այնպիսի խիստ թունավոր նյութեր, ինչպիսիք են բորը (B), կապարը (Pb), կադմիումը (Cd), մկնդեղը (As), գալիումը (Ga), ֆոսֆորը (P):
Արևային պանելները մեր տանիքներին տեղադրելուց առաջ պետք է մտածել, թե, 10 տարի անց, ով, ինչպես և որտեղ է կազմակերպելու թունավոր նյութերի ուտիլիզացիան: Այո, մեր ընթերցողը իրավացի է, այդ մասին մտածող չկա, որովհետև մեր չինովնիկությունը գիտի, որ 10 տարի հետո «յա էշը կսատկի, յա իշատերը», երկրի հերն էլ անիծած: Համոզված եմ, որ այս գաղափարով է առաջնորդվել ՀՀ առաջին նախագահ ԼՏՊ-ն, ում օրոք մենք կորցրինք մեր կայացած արդյունաբերական երկրի տեխնիկական-տեխնոլոգիական պոտենցիալը և, որպես դրա անմիջական հետևանք, նաև մեր մտավոր պոտենցիալը: Հիմա հարց է ծագում, թե ինչ անել, ինչից սկսել, հույս ունենալ, թե սահմանադրական հանրաքվեից հետո մի բան կփոխվի՞: Ոչ մի բան էլ չի փոխվի, պետք է օր առաջ ընդունել Պարիս Հերունու գիտական ժառանգությունը, կյանքի կոչել Համազասպյանի հելիոֆիկացիայի ծրագիրը՝ օգտագործելով, ինչպես քանդակագործ-պրոֆեսոր Տարիել Հակոբյանն էր արձագանքել, «Հայաստան» համահայկական հիմնադրամի «արևային» գումարները: Մեր փառապանծ չինովնիկությունը կարող է մտածել, թե մի քիչ փող էլ կարելի է այստեղից «շինել», միևնույն է, մի օր «էշը» սատկելու է: Իհարկե, ես էլ եմ մտածում ազգի գլխին նստած մեծամեծ «էշերի» սատկելու կամ դրանց ասպարեզից հեռացնելու մասին, բայց ինչպե՞ս, եթե նրանք են հիմնական տոն տվողները, սահմանադրություններ գրողներն ու փոփոխողները: Այ այստեղ է, որ ես լուծումներ չեմ գտնում, թե չէ ժամանակակաից արդյունաբերություն կազմակերպելը դժվար գործ չէ, անմիջապես կարվի, դժվարը մեր գործերի համար խոչընդոտներ ստեղծողներից ազատվելն է:
Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ