«ՄԻԱԿ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԸ ՈՐԴԻՍ ԷՐ, ՆՐԱՆԻՑ ՀԵՏՈ ԴՊՐՈՑԸ ՓԱԿՎԵՑ»
Հայաստանի սահմանամերձ համայնքների ցանկում ներառված Սյունիքի մարզի Մեղրի խոշորացված համայնքի Տաշտուն բնակավայրը Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ հիշատակվում է դեռևս Տաթևի վանքին պատկանող (10-րդ դար) գյուղերի ցուցակում։ ՈՒշ միջնադարում Տաշտունը եղել է գրչության կենտրոն։ Տաշտուն է անվանվել (Դաշտոն ձևով) նաև Սյունիք նահանգի Արևիք գավառի մի մասը։ Գյուղում պահպանվել է գմբեթավոր բազիլիկ Սբ. Ստեփանոս եկեղեցին (17-րդ դար)։ Շրջակայքում կան գյուղատեղիներ (Ռոմելանց, Քյիլդիզանց, 14-17 դարեր), խաչքարերով գերեզմանոցներ։
Այն, ինչ այսօր կարելի է տեսնել Տաշտունում, կողպած դռներ են, հին տներ, անբարեկարգ, բայց աղբարկղերով լի փողոցներ: Տնամերձերում աշխատող հատուկենտ տաշտունցիները զրուցասեր են, գործը կթողնեն ու սիրով կպատասխանեն անծանոթի հարցին, ու չես էլ նկատում, թե սովորական հարցուպատասխանն ինչպես է ձգվում ու ավարտվում իր հողամասի բարիքից քեզ բաժին հանելու կամեցողությամբ:
Կար ժամանակ, երբ Տաշտունը 160 ծուխ ուներ, այսօր թեև հաշվառված է 37-ը, բայց իրականում մնացել է 22-ը՝ 60 բնակչով: Տաշտունի վարչական ղեկավար ՀԵՆՐԻԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ մտահոգված է երիտասարդների արտագաղթով, դպրոցի բացակայությամբ: «Գյուղի միակ շրջանավարտը որդիս էր, նրանից հետո դպրոցը փակվեց»,- ասում է նա: Հետո պատմում է, որ նախկինում գյուղում խոստացված վերամշակման գործարանն այդպես էլ չբացվեց, հարևան Լիճք գյուղին կից «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող Զվարի հանքը նույնպես փակվեց: Ի դեպ, շինարարական աշխատանքները, որոնք իրականացվում էին «ԱՏ-ՄԵՏԱԼՍ»-ի կողմից, ապօրինի էին, որոնց անօրինականությունը պետական մարմինների կողմից հաստատվեց, իսկ շինարարությունը կասեցվեց, թեև Տաշտուն և Լիճք համայնքների բնակիչների հավաստմամբ` հանքավայրում աշխատանքներն ամենևին էլ դադարեցված չեն, ու գյուղից մի քանիսը գումարի դիմաց պահակություն են անում այնտեղ:
Տաշտունի վարչական ղեկավարն ամենևին դեմ չէ հանքի շահագործմանը՝ աշխատատեղ էր, ի՞նչ վատ էր, աշխատատեղ կլիներ, երիտասարդները կմնային գյուղում, մանավանդ որ գյուղապահպանության խնդիր կա:
-Ձմեռը յոթ սարի հետևում չի, փայտի հարցն էլ դժվար է,- ասում է Հենրիկ Գաբրիելյանը:- Նախընտրում եմ, որ արևային մարտկոցներ օգտագործվեն, ավելի ձեռնտու է, քան ծառ հատելը: Հավատացեք, այլընտրանքային միջոց է, ծառ կտրելն ու փայտը տեղ հասցնելը դժվար բան է: Ես առաջարկել եմ անգամ էս փոքր գյուղի բնակիչների ծախսած էներգիայի գումարը հատուցվի Ագարակի կամ Քաջարանի կոմբինատների կողմից, հզոր կոմբինատներ են, ի՞նչ կա որ, բնակիչների ծախսած էլեկտրաէներգիան կոմբինատների կես ժամվա ծախսած հոսանքն է, թող մի քանի ամիս բնակիչներին անվճար հոսանք մատակարարվի, սահմանամերձ գյուղ է,- ասում է վարչական ղեկավարը, որը երկու տարի առաջ ստեղծել է 28-հոգանոց «Արոտօգտագործողների կոոպերատիվ», ձեռք է բերել գուղտեխնիկա: Սա գյուղի միակ աշխատատեղն է:
Վերադառնալով ջեռուցման խնդրին` նշեմ, որ նախորդ տարի համայնքապետարանի կողմից բնակիչներին ջեռուցման համար բաժանված բրիկետները ջերմություն չեն արձակում, այս տարի դրանք էլ չեն բաժանվելու: «Չգիտեմ ի՞նչ առաջարկեմ, կամ պիտի գյուղովի դատվեն, քանի որ անտառից ծառեր են հատելու, կամ էլ չգիտեմ ինչ անել: Մնում է արտագաղթեն»,- ասում է Հենրիկ Գաբրիելյանը:
Համայնքապետն այս ամենին տեղյակ է, սակայն դեռ լուծում չկա, անտառն էլ արգելված է հատել, անգամ թափուկներ չկան, բայց եթե նույնիսկ լիներ, ճանապարհներն անգամ ձիերի ու ջորիների համար անանցանելի են:
Տաշտունում բուժկետ չկա, գյուղի միակ բժիշկը ծեր է, ինքն էլ շատ հաճախ օգնության կարիք ունի: Գյուղամիջյան ճանապարհներն ասֆալտապատվել են տասը տարի առաջ, միակ դրականն այն է, որ գյուղն ունի խմելու և ոռոգման ջուր:
ՀՈՂԱՄԱՍՆ ԷԼ ԱՇԽԱՏԱՏԵՂ Է
Տաշտունի բակերից մեկում տանտերը մորթած ոչխարի միսը պատրաստվում էր տանելու Մեղրի ու Կապան, խանութների վաճառողների հետ նախապես պայմանավորվել էր։ Մինչ նա զբաղված էր, իր գործով զրուցեցի նրա դստեր՝ ԱՍՏՂԻԿԻ հետ։ Նա անուսնացել էր Շինուհայր գյուղում: Նրա պատմելով, երիտասարդները չեն ուզում մնալ գյուղում, դպրոց ու մանկապարտեզ չկա, հիմնականում մարդիկ անասնապահությամբ են զբաղվում, ոչխարի միսը կիլոգրամը 3000 դրամով հանձնում են: «Լավ կլինի որ մեր գյուղում մի բոյնի սարքեն, հերս էդքան չչարչարվի, անասուն մորթելը դժվար գործ է: Էն սարը որ կա, դրանից դենը ադրբեջանցիներն են, հերս պատմում է, որ էն ժամանակները դրանք սարից իջնում գալիս էին մեր ոչխարները գողանում, տանում էին: Մեր կողմերում 7 ամիս ձմեռ է, ոչ ոք աթար չի վառում, թափուկով յոլա են գնում, բայց քիչ է, դա ի՞նչ է, որ ջանդ տաքացնի: Մենք մի խնդիր էլ ունենք, ոչխարները խուզում ենք, մի տեղ չկա, տանենք, որ բոլորը հանձնենք, տանում թափում ենք, բայց, դե, ափսոս է, էլի»,- ցավով պատմում է Աստղիկը:
Գյուղի բնակիչներից 44-ամյա ՄԱՍԻՍՆ ավանակի հետ վերադառնում էր անտառից, համաձայնեց մի փոքր դադար առնել ու զրուցել: Դեռ չի ամուսնացել, իր ասելով շատ անգամ է սիրահարվել, սակայն չի ամուսնացել, «Դժվար է, պտի վստահ լինես, որ կարաս ընտանիք պահել, թե չէ, աղջիկն եկավ, կարճ ժամանակ անց տեսավ, որ չենք կարողանում լավ ապրել, կթողնի կգնա, բա ամոթ չի՞: Իմ հողամասի հին ծառերը կտրում բերում եմ ձմեռվա վառելիք անեմ, աշխատատեղ չկա, թեև հողն էլ աշխատատեղ է, ամբողջ օրը հողամասում եմ, միտք չունեմ գյուղից հեռանալու, մորս ու ախպորս ու՞մ թողնեմ: Մեր գյուղի լավը մեկ բնության գեղեցկությունն է , մեկ էլ էն, որ աղբահանությունը տեղը տեղին արվում է»: Իրոք, մի քանի փողոցներում միմյանցից ոչ հեռու շարված էին աղբամաններ, որոնց շրջակայքը մաքուր էր:
Տաշտունում օրեր առաջ քամին լուրջ վնաս էր հասցրել մրգատու այգիներին: Ամբողջ բերքը՝ խնձորը, տանձը, սերկևիլն ու ընկույզը, թափել էր ծառերի տակ: Տաշտունի բնակիչ ՌՈՒԲԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ խնձորը հավաքել էր արկղերի մեջ ու պատրաստվում էր բաժանելու բարեկամներին: «Բա ինչ անեմ, էսքանը չենք կարա ուտել, օղի քաշելու ժամանակ էլ չունեմ, աշխատում եմ Ագարակի կոմբինատում»,- ասում է Ռուբիկը:
1997 թվականից աշխատում է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում` վարորդ է: Ագարակում երկար տարիներ աշխատելուց հետո տեղափոխվել է Տաշտուն, տուն ու տեղ դրել, երեխաներ մեծացրել ու աշխատանքին զուգահեռ հող ու այգի մշակել: Նրա խոսքով նախկինում կոմբինատի տերերն ավելի առատաձեռն էին աշխատողների առողջական խնդիրների ու աշխատավարձի վճարման հարցերում: Հիշում է, որ լեղապարկի ու ճողվածքի վիրահատման համար կոմբինատն աջակցել է ֆինանսապես, սակայն հիմա այլ է: Աշխատավարձի չափից չի դժգոհում, աշխատավարձն ու հավելավճարն իրար հետ կազմում են 200 հազար դրամ, կան վարորդներ, ովքեր կրկնակի ու եռակի ավելի են ստանում՝ կախված աշխատանքի ծանրությունից: Վերջերս հանքում քարաթափման պատճառով բանվորներն ինքնակամ դադարեցրել էին աշխատանքը, սակայն հետո շարունակել էին աշխատանքը: Նախկինում երեք հերթափոխով 7-ժամյա աշխատաժամանակի գրաֆիկն այսօր փոխվել է, բանվորներն աշխատում են 12 ժամ, երկու հերթափոխով՝ առավոտյան ժամը 7:00-ից մինչև երեկոյան 19:00-ն և երեկոյան 19:00-ից առավոտյան 7:00-ն, սակայն աշխատավարձը չի բարձրացել:
-Գյուղը դժվար է ոտքի կանգնեցնել, ջահելը գնացել է, դպրոց չկա, հանքը ո՞նց փակվի, բա մենք ի՞նչ անենք, ախր տես ինչ է ստացվում, հանքը բացում ես, մարդն է վնասվում, փակում ես, էլի մարդն է վնասվում, ո՞նց անես որ ճիշտ լինի,- մտախոհ ասաց Ռուբիկն ու շարունակեց խնձորները դասավորել արկղերում:
Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ