Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Հայ արքաների դամբարանը

Հայ արքաների դամբարանը
13.07.2024 | 14:11

Բնավ պատահական չէր, որ 4-րդ դարում Հայաստան ներխուժած պարսկական բանակը փորձում էր Իրան տեղափոխել հայ արքաների աճյունները: Հայաստանի թշնամիները կռիվ էին տալիս, անգամ, մահացած արքաների հետ, քանզի հասկանում էին՝ ժողովուրդը չի կարող ազգ դառնալ, եթե չունի էլիտա և իր հերոսական անցյալի մասին հիշողություն:

Աղցքի արքայական դամբարանը եզակի վայր է, որտեղ ամփոփված են հայկական արքայական տների ներկայացուցիչների աճյունները: Գիտնականների շրջանում ընդունված է կարծիքը, որ Աղցքի դամբարանում վերջին հանգրվանն են գտել մեծամասամբ Արշակունի արքաները, որոնք որպես թագավորներ՝ Հայաստանում իշխել են շուրջ 350 տարի և լրջագույն ներդրում են ունեցել հայկական ազգային, մշակութային, հոգևոր ու քաղաքական ինքնության կայացման գործում:

ԱՂՁՔԻ ՀԱՅՈՑ ԱՐՔԱՆԵՐԻ ԴԱՄԲԱՐԱՆ

Աշտարակի շրջանում, Բյուրականի հարևանությամբ է գտնվում Ձորագյուղը, որը նաև հայտնի է Աղձք կամ Աղցք պատմական անվամբ։ Այս գյուղը նշանավոր է մի հին եզակի հուշարձանով. Արշակունի թագավորների դամբարան-մատուռով։ Շնորհիվ պատմական աղբյուրների` հայտնի է ոչ միայն դամբարանի կառուցման ճշգրիտ ժամանակը, այլև պատճառը։

Այո, պատճառը, որովհետև դամբարանը ժամանակի հայկական սովորույթից դուրս է հայտնվել այս տարածքում։ Հայ թագավորները, հետևելով իրանական աշխարհի ավանդույթին, իրենց տոհմական դամբարանը զետեղել էին ոչ թե գործող մայրաքաղաքներին կից սրբարան-տարածքում, ինչպես շատ այլ հին ու նոր քաղաքակրթությունների և ժողովուրդների մոտ է ընդունված, այլ Միջնաշխարհից` Այրարատյան ոստանից դուրս և հայտնի արքայանիստ քաղաքներից հեռու։

Արշակունիների աճյուններն ամփոփվել են Մեծ Հայքի արևմուտքում գտնվող Անգեղ տուն գավառի Անգեղ ամրոցում և Դարանաղիք գավառի Անի ամրոցում, որտեղ ամբարված էին նաև արքայական գանձերը։ Երկու բերդերն էլ, իհարկե, անառիկ վայրերում էին, լավ ամրացված և դժվար մատչելի` հարձակումների համար։ Սակայն նման պաշտպանվածությունը պայմանավորված չէր միայն գանձերի գոյությամբ։ Այն նաև արքաների աճյունները լավագույնս թաքցնելու համար էր, քանի որ արքաների աճյունները մնացյալ գանձերի թվին էին դասվում։ Եթե, ասենք, արքայական գանձարանը ապահովում էր երկրի նյութական և ռազմական հզորությունը, ապա, ըստ հին հավատալիքի, արքաների ոսկորները ապահովում էին երկրի ոգեղեն հզորությունը, անպարտելիությունը և ազատությունը։

Եվ ահա, չորրորդ դարի վաթսունական թվականներին, երբ Պարսից Շապուհ Բ թագավորը պատերազմում էր Հայոց Արշակ Բ թագավորի դեմ և, ըստ պատմիչի, երկար ժամանակ չէր հաջողում հաղթանակ տանել, շահնշահի կողմն անցած և ուրացած Մերուժան Արծրունին, գլխավորելով պարսկական զորքը, մի հնարքով կարողանում է գրավել Անի ամրոցը։ Դուրս բերելով անհամար գանձերը` նա քանդել է տալիս նաև արքայական գերեզմանները և գերի է տանում Արշակունիների ոսկորները։ Պատմիչն այդպես էլ գրում է` «խաղացուցանէին ի գերութիւն», ինչպես կենդանի մարդկանց, և այդ բառի բուն իմաստով էլ հասկանում է. արքայական ոսկորները գերեվարելով Պարսկաստան` Հայոց արքաների «փառքը, բախտն ու քաջությունը» ոսկորների հետ կտեղափոխվեն, և Հայոց աշխարհն այսպիսով ինքն էլ անպայման գերի կընկնի Պարսից արքային։

Ասպատակելով այլ գավառներ` Մերուժան Արծրունին այսպես գալիս միանում է Պարսից արքայի բանակին Այրարատյան գավառում, և մտադրվում են թիկունքից հարձակվել Արշակի վրա, որը, զորքը հավաքած, պարսկական սահմանի մոտ նրանց սպասում էր հակառակ կողմից։ Գուժկանից պատահածի լուրն առնելով` Արշակն ու սպարապետ Վասակ Մամիկոնյանը մեծ զորք են ժողովում։ Զորքի գլուխ անցած սպարապետը հասնում է թշնամու բանակին և գիշերով հարձակվելով` մեծ ճակատամարտ տալիս։ Հայոց զորքը կրկին հաղթում է, իսկ Վասակը հետ է բերում հազարավոր գերիներին և խլում է արքայական ոսկորները։ Սակայն այդ ոսկորներն այլևս հետ չեն տանում հին տեղը, ըստ երևույթին` Անի ամրոցի քարուքանդ վիճակի կամ էլ` դեռևս թշնամու ձեռքին լինելու պատճառով, այլ որոշում են ամփոփել Այրարատյան աշխարհում։ Եվ դարձյալ, ըստ սովորության, «նեղ ու դժվարամուտ» տեղ գտնելով Արագած լեռան ստորոտին` կառուցում են մի նոր դամբարան։

Սակայն Մովսես Խորենացին այլ կերպ է բացատրում Աղցքի դամբարանի կառուցումը. քանի որ արքայական ոսկորները գերեվարվելիս խառնվել էին իրար, հնարավոր չէր եղել քրիստոնյաներին զատել հեթանոսներից, այդ պատճառով էլ արժանի չի համարվել դրանք ամփոփել Վաղարշապատում, սուրբ կույս նահատակների դամբարանում։ Ճի՞շտ է արդյոք սա, թե լոկ պատմահոր ենթադրությունն է, որ, թերևս անտեղյակ հին իրանական ավանդույթին, զարմանում է, թե ինչու արքայական ոսկորները չեն թաղվել մայրաքաղաքում։

Դժվար է ասել։

Հայտնի չէ նույնպես, թե դրանից հետո այլ Արշակունիներ թաղվե՞լ են, թե՞ ոչ Աղցի դամբարանում։ Բայց դամբարանը կանգուն է հազար հինգ հարյուր տարի հետո, և չնայած արքայական ոսկորները այսօր չեն պահպանվել` պահպանվել է ավանդությունը։

Իսկ երկրի ոգեղեն ուժը, անպարտելիությունն ու ազատությունն ապահովող ոսկորների մասին ավանդության իմացությունը, ընկալումը և պահպանումը ավելի կարևոր ու ավելի զորեղ են, քան բուն ոսկորների գոյությունը։ ՈՒրեմն` ցավալի է, որ հայոց արքաների եզակի դամբարանը այդքան քիչ այցելու ունի։

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 9100

Մեկնաբանություններ