Երբ թշնամին քթիդ տակ զենք է խաղացնում, հասկացնելով, որ 3 օր հետո էդ զենքով մտնելու է տունդ, իսկ դու 30 տարվա ռազմավարական հեքիաթով տնեցիներիդ համար օրորոցային ես երգում, ստանում ես այն, ինչ հիմա ստացանք: Լայնածավալ հարձակում, որի անունը պատերազմ է:
Երբ երկրիդ գերագույն գլխավոր հեքիաթասացը, յոթգլխանի դևին թողած, ոսկե ձկնիկի, թռչող գորգի ու կախարդական փայտիկի հեքիաթն է պատմում, դևը գալիս-չոքում է աղբյուրիդ բկին, ու չկշտացող աչքն էլի ջահել-ջիվաններիդ կողմն է:
Մեր ջահելները հենց հիմա աղբյուրի գլխին են, դժոխքն են ցույց տալիս դևին, որ արքայությունը միտն ընկնի: Բայց դևն էլ իր դևությունը պիտի անի, չէ՞, յոթ գլուխներից յոթ ուղղություններով կրակ է թափում ու մինչև անմեղ արյուն չլափի, լեշն առած չի քաշվի իր «արքայությունը»:
Եվ սա 30 տարիների հեռվից ապագային միտված ռազմավարական տեսլական չէ: Սա պատերազմ է՝ իր դաժան օրենքներով ու սարսռեցնող իրողությամբ: Այս պատերազմը կարող էր և չլինել, եթե իր տեղում լիներ երկրի գերագույն հրամանատարը, որի շուրջ համախմբվելու կոչերով հեղեղված է facebook կոչվող սոցիալական ցանցը, մյուս ցանցերն էլ, առավել կամ պակաս ակտիվությամբ, դուդուկահարների օժանդակ խմբի պես դամ են պահում: Հանդարտվեք, ի սեր Աստծո, օրհասի պահին համախմբվելու ինքնապաշտպանական բնազդը միշտ է արթուն, մերկապարանոց կոչերն ու պաթոսախեղդ ստատուսները պահեք նախընտրական քարոզարշավի խաղաղ օրերի համար: Թշնամին մե՛ր տան շեմին է չոքել, ու էս կռիվն էլ, ինչպես միշտ, մե՛ր կռիվն է: Հա, հաղթելու ենք, ես էլ կրկնեմ ֆեյսբուքյան հայրենասիրության այցեքարտ դարձած բառը, որ վիրտուալ էս տարածքում բառի արժեք էլ ունի ընդամենը, սահմանի վրա՝ կյանքի: Քանի՞ կյանք է արժենալու էդ թանկ հաղթանակը՝ կհաշվենք հետո: ՈՒ էլի շատ բան կհաշվենք՝ նման գնով հաղթանակներ այլևս չունենալու համար:
Խելացի մեկը ժամանակին ասել է՝ դիվանագիտությունը նույն պատերազմն է խաղաղ պայմաններում: Մեզ խաղաղ օրերում հաղթելու խելք է պետք, գրո՛ղը տանի:
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ