ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Ժողովուրդը ժողովրդավարության համն ու հոտն առել է»

«Ժողովուրդը ժողովրդավարության համն ու հոտն առել է»
04.07.2008 | 00:00

«ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ՄԻԱՅՆ ԱՄԵՆԱԼԱՎ, ԱՅԼԵՎ ՄԻԱԿ ԵԼՔՆ Է»
Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության շուրջ իր դիտարկումներն է ներկայացնում Ամերիկայի հայկական համագումարի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի գրասենյակների տնօրեն ԱՐՓԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ:
-Որպես ԱՀՀ-ի ներկայացուցիչ Հայաստանում և համագումարի գործունեությանը լավատեղյակ անձ, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի այսօրվա ներքաղաքական իրավիճակը և արտաքին քաղաքականության ասպարեզում ի՞նչ նկատառումներ ունեք։
-Մարտի 1-ի դեպքերը շատ ողբերգական էին հայ ժողովրդի համար։ Ողջ աշխարհը Հայաստանի նախընտրական և հետընտրական, ինչպես նաև ներկա զարգացումներին ուշիուշով հետևում է։ Այդ ամենին հետամուտ է և՛ երկրի, և՛ դրսի հայությունը։ Մեզ, իհարկե, անհանգստացնում է, թե ինչպես կլուծվեն Հայաստանում առկա խնդիրները։ Կատարվածից մենք պետք է դասեր քաղենք։ Խիստ կարևորում եմ, որ այս իրավիճակում իշխանությունը, ընդդիմությունը և հասարակությունը միմյանց հետ փոխհամագործակցված աշխատեն։ Բոլորս լումա պետք է ունենանք ներքաղաքական խնդիրները լուծելու մեջ, որպեսզի ոչ մի բռնություն այլևս չկրկնվի։ Հայաստանին ներկայացված ԵԽԽՎ-ի պահանջները պետք է կատարվեն հստակ ժամանակացույցով։
-Առաջին նախագահի մեծ քաղաքականություն վերադառնալը, ըստ Ձեզ, ինչպիսի՞ քայլ էր, և որքա՞ն է նրա դերն ու ազդեցությունը համաժողովրդական շարժման գործում։
-Հայաստանում ժողովուրդը միշտ ակտիվ մասնակցում է իշխանության ձևավորման գործընթացին, իսկ երիտասարդությունը քաղաքականապես բավականին ակտիվ է։ Այսօր երկրի տարբեր ոլորտներում բազմաթիվ խնդիրներ կան, և մարդիկ ուզում են, որ իրենց ձայնը լսելի դառնա։ Ահա այս ամենից դրդված՝ քաղաքացիները մասնակցում են այդ հանրահավաքներին։ Առաջին նախագահը կարողացավ մարդկանց հավաքել և հույս տալ։ Սա չի նշանակում, որ այնտեղ հավաքված քաղաքացիները հարյուր տոկոսով նրա աջակիցներն են։ Այս ամենում լավն այն է, որ մարդկանց մեջ ժողովրդավար դառնալու մեծ կամք կա։ Ժողովուրդը ժողովրդավարության հոտն ու համն առել է և, տեսնելով այն այլ երկրներում, ուզում է մեր երկրում էլ այդպես լինի։ Համոզված եմ, այս առումով լավ է լինելու։ Ժողովրդավարությունը դժվար ճանապարհով է տրվում, սակայն այն շատ թանկ է։
-Ձեր ասածից կարելի՞ է եզրակացնել, որ հանրահավաքին մասնակցող քաղաքացիները ներկայացնում են հասարակության այն հատվածը, որը ձգտում է ժողովրդավարության։
-Որքան ես եմ այդ մարդկանց հետ շփվել, նրանք փոփոխություններ են ուզում։ Հանրահավաքի մասնակիցներից յուրաքանչյուրն այնտեղ գտնվելու իր պատճառն ունի՝ անկախ այն հանգամանքից, թե ում օգտին է քվեարկել։
-Ձեր դիտարկմամբ, շարժումը հեռանկար ունի՞։
-Չեմ կարող ասել։ Դժվարանում եմ հավատալ, որ արտահերթ ընտրություններ կլինեն։ Եթե Տեր-Պետրոսյանի և իշխանությունների միջև երկխոսություն չլինի, ինչը չի նշանակում միայն մի կողմի համար փոխզիջում, ճգնաժամը հնարավոր չէ հաղթահարել։
-Երկխոսությունը միա՞կ ելքն է։
-Ոչ միայն ամենալավ, այլև միակ։ ՈՒրիշ ձև չկա, քան նստել սեղանի շուրջ և զրուցել։
-Հավատո՞ւմ եք, որ կնստեն։
-Իհարկե, պիտի նստեն։ Այսպես չի կարելի շարունակել։ Չնայած չգիտեմ՝ երբ կլինի դա։ Եթե երկկողմ կամք կա, ապա անհնարին ոչինչ չկա։
-Իշխանությունների կողմից հաճախ հնչող տեսակետներից մեկն էլ այն է, որ Տեր-Պետրոսյանը ստանում է ԱՄՆ-ի կառավարության աջակցությունը, հատկապես ֆինանսական առումով։ Հավանական համարո՞ւմ եք այս հանգամանքը։
-Չեմ հավատում այդ լուրերին։
-Իսկ Սերժ Սարգսյանի հայ-թուրքական համատեղ հանձնաժողով ստեղծելու փաստին հավատո՞ւմ եք և ինչպե՞ս եք գնահատում նախագահի այդ հայտարարությունը։
-Պետք է ճիշտ հասկանալ նրա խոսքը, քանի որ մամուլում սխալ ըմբռնում է ստեղծվել այս հարցի շուրջ։ Չեմ կարծում, որ նախագահի նպատակը հենց ցեղասպանության փաստի ուսումնասիրությունն է եղել։ Հանձնաժողով ստեղծելիս նախ նրա նպատակները և հարցադրումները պետք է ճշգրտել։ 2001-ին ևս եղել է հայ-թուրքական հաշտեցման մի հանձնաժողով, որի եզրակացություններն այդպես էլ կյանքի չկոչվեցին։ Այսօր Թուրքիան մեղավոր է, որ չի ցանկանում ճանաչել ցեղասպանությունը, սահմանները բացել և անպատեհ օգտագործում է ԼՂ-ի կոնֆլիկտը։ Չի կարելի, որ հարևան երկրներն ապրեն կողք կողքի և իրար հետ չունենան դիվանագիտական հարաբերություններ։

Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 6590

Մեկնաբանություններ