ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Սպառնալիքների բռնկումներին փոխարինում են համեմատաբար չափավոր գործողությունները

Սպառնալիքների բռնկումներին փոխարինում են համեմատաբար չափավոր գործողությունները
19.04.2013 | 00:28

Սպիտակ տան վարչակազմի և ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի առաջատար նավթային ընկերությունների պատվերներով գլոբալ նավթային և էներգետիկ բիզնեսն սպասարկող նավթային խորհրդատվական ընկերությունները (կոնսալտինգները) իրենց պատկերացումներն են շարադրել նավթի արդյունահանման, առաքման և վաճառքի ոլորտում հնարավոր վտանգների մասին։ Այդ աշխատանքներին մասնակցել են Ռայսի համալսարանին առընթեր Ջորջ Բեքերի անվան ինստիտուտը (Հյուսթոն), Քեմբրիջի էներգետիկ ակադեմիան (Բոստոն), նավթային ֆինանսական ընկերությունը (Վաշինգտոն), Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնը (Վաշինգտոն), վտանգի խմբերի վերահսկողության կազմակերպությունը (Լոնդոն), ինչպես նաև մի քանի այլ հետազոտական կենտրոններ ու առանձին հետազոտողներ։ Այդ կարգի մշակումները վերջին ժամանակներս մեծ ազդեցություն չեն գործում ԱՄՆ-ի վարչակազմի կոնկրետ որոշումների ընդունման վրա, բայց, այսպես թե այնպես, հաշվի են առնվում քաղաքականության ձևավորման ընթացքում։ Դրա հետ մեկտեղ, այդ մշակումները թույլ են տալիս որոշ հետևություններ անել այն առաջարկությունների վերաբերյալ, որոնք ընկած են ԱՄՆ-ի և այլ պետությունների նավթային և տարածաշրջանային քաղաքականության հիմքում։ Այդ մշակումների վերաբերյալ լիակատար տեղեկություններ չունենալով հանդերձ, կարելի է, այդուամենայնիվ, որոշ հետևությունների հանգել։
Այսպես, 2006-2007 թթ. նավթի գներն սկսեցին մոտենալ այն նիշերին, որոնց պայմաններում համաշխարհային տնտեսական շարժը դարձավ բացահայտորեն անբավարար։ Նավթի գների կտրուկ անկումը զուգադիպեց համաշխարհային տնտեսական ճգնաժամին։ Խոշորագույն նավթային ընկերությունները բախվեցին շարժիչի վառելիքի սպառման հարաբերական նվազմանը, նավթային ենթակառուցվածքի արժեքի զգալի բարձրացմանը, նախ և առաջ` նավթարդյունահանման սարքավորումներինը։ Բայց գլխավոր տհաճությունը «նավթային արժույթի»` դոլարի փոխարժեքի անկումն էր, ինչը 15-20 տոկոսով նվազեցրեց նավթի բիզնեսի իրական եկամուտները։ Նավթամթերքների գները դարձան ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրը։ Իսկ ընդհանուր առմամբ, ամերիկյան տնտեսությունը սպառել էր դիվերսիֆիկացման ու այդ վիճակին դիմակայման հնարավորությունները` կապված երկար շարունակվող նավթի թանկության հետ։ Արտաքին քաղաքականության մեջ էներգապաշարների թանկությունը հանգեցրել էր Արևմտյան Եվրոպայի պետություններում, Չինաստանում, Ճապոնիայում ու Հնդկաստանում համապատասխան քաղաքականության ակտվացմանը (խոսքը էներգաարտադրող երկրների, նախ և առաջ Ռուսաստանի նկատմամբ նոր քաղաքականության մասին է)։ Այդ էներգետիկ իրավիճակը հանգեցրեց Ռուսաստանի ու Գերմանիայի, հետևաբար և Ռուսաստանի ու ամբողջ Արևմտյան Եվրոպայի միջև ռազմավարական գործընկերության պայմանների ստեղծմանը։ Նոր, ԱՄՆ-ի համար անընդունելի հարաբերություններ առաջացան Ռուսաստանի ու Թուրքիայի միջև, մեծացավ Իրանի նշանակությունը Եվրոպայի գազամատակարարման գործում։ Արևելյան ուղղությամբ էներգամատակարարման շատ նախագծեր (ռուսական և իրանական էներգապաշարների մատակարարումը Չինաստան, Ճապոնիա, Կորեա, Հնդկաստան և Պակիստան) միանգամայն շահութաբեր դարձան։ Միաժամանակ, ԱՄՆ-ի նկատմամբ թշնամաբար տրամադրված որոշ նավթարտահանող պետություններ կարողացան կուտակել հսկայական ֆինանսական ռեսուրսներ, ինչը նրանց հնարավորություն է տալիս ստեղծելու նավթարդյունահանման սարքավորումների արտադրության տեխնոլոգիաներ և արդիական սպառազինություն ձեռք բերելու։ Երեք տասնամյակում առաջին անգամ նավթաբիզնեսի ոլորտի «լրացուցիչ արգասիքը» արդյունաբերական զարգացած երկրներից սկսեց հոսել էներգաարտահանող երկրներ։ Արևմտյան ընկերակցությունը կանգնեց նավթի արդյունահանման ու փոխադրման կազմակերպական կառուցվածքում նոր իրավիճակի առաջացման գլոբալ վտանգի առջև, ինչը սպառնալիքի տակ դրեց անդրատլանտյան հարաբերությունների ամբողջ համակարգը, հանգեցրեց ՆԱՏՕ-ում և ամբողջ Արևմտյան ընկերակցությունում պառակտման խորացմանը։ Իրականում նավթային ընկերությունների դերը ԱՄՆ-ի տնտեսության մեջ այնքան էլ մեծ չէ, սակայն նավթի թանկությունը չի համապատասխանում ԱՄՆ-ի արտքաղաքական շահերին։ ՈՒստի ԱՄՆ-ը ձեռնամուխ է եղել նավթի գների իջեցման ավելի գործուն քաղաքականության իրականացմանը։
Այդ քաղաքականությունը ենթադրում է հետևյալ ջանքերն ու ուղղությունները։ Հակառակ նախկին ծրագրերի, որոնք նախատեսում էին ևս մի քանի տարով ձգձգել նավթի արդյունահանումը Իրաքում, ԱՄՆ-ը պետք է ամեն գնով.
-ապահովի իրաքյան «մեծ» նավթի մատակարարումները համաշխարհային շուկա,
-ապահովի նավթի հանույթի ավելացումը Անգոլայի առափում և Արևմտյան Աֆրիկայի ատլանտյան ափի այլ շրջաններում,
-աջակցի ծանր նավթի հանքավայրերի, այդ թվում` նավթաբեր ավազուտների շահագործմանը Կանադայում, ավելացնի նավթի հանույթը Ալյասկայում,
-ակտիվացնի բրիտանական և ամերիկյան ընկերությունների գործունեությունը Ռուսաստանում, այդ թվում` Օխոտի ծովում, Արևելյան Եվրոպայում և Բարենցի ծովում,
-ուժեղացնի նավթի արդյունահանման և փոխադրման վերահսկողությունը կասպյան ավազանում և Կենտրոնական Ասիայում, նավթի փոխադրումը արևմտյան և հարավային ուղղությամբ,
-խթանի նավթամեքենաշինական ընկերությունների գործունեությունը` ավելի արդյունավետ նավթարդյունահանման տեխնիկայի արտադրության ուղղությամբ։
Համաշխարհային նավթաբիզնեսի գործունեության բոլոր այդ ուղղությունները նորություն չեն և լավ վերլուծված են քաղաքական և մասնագիտական գրականության մեջ, սակայն առաջ են եկել նոր հանգամանքներ, որոնք կարող են զգալիորեն փոխել ամերիկյան քաղաքականության ոճը օվկիանոսների ափերից հեռու ընկած և նավթի արդյունահանման ու փոխադրման հետ կապված տարածաշրջաններում։ Ամերիկացիները պատրանքներ չեն տածում իսլամական արմատական կազմակերպությունների ու խմբերի գործունեության հնարավոր սահմանափակման առնչությամբ, որոնք մեծ չափով կորցրել են գործունեության ասպարեզները։ Այդ կազմակերպությունները չեն կարող լայնընդգրկուն խարխլիչ գործունեություն ծավալել իսլամական երկրների կառավարող վարչակազմերի դեմ, քանի որ դա կարող է հանգեցնել արմատականների նկատմամբ այդ երկրների հատուկ ծառայությունների ավելի գործուն միջոցառումների, ինչը հարցականի տակ կդնի նրանց գործունեության հնարավորությունը։ Բացի այդ, այդ հնարավոր քայլերը, անտարակույս, կհանգեցնեն արմատական կազմակերպությունների նկատմամբ մահմեդական բնակչության բացասական տրամադրվածությանը, եթե նրանց գործունեությունը բնավ կապ չունենա ազգային շահերի պաշտպանության հետ (ինչպես Պաղեստինում կամ Լիբանանում)։
ԱՄՆ-ի սենատի հետախուզության կոմիտեին հասցեագրված ԿՀՎ զեկույցներից մեկում այն կարծիքն էր արտահայտված, որ շուտով իսլամական արմատական կազմակերպությունների հարձակումների հիմնական օբյեկտները կդառնան նավթահանքերը, նավթամուղները, նավթամբարներն ու հեղուկանավերը, ինչպես նաև ծովային և օդային մյուս փոխադրամիջոցները։ Ընդ որում, հիշատակվում են ոչ այնքան «Ալ-Քաիդան», որքան «ինքնագլուխ» արմատական կազմակերպություններն ու խմբերը, որոնք աշխատում են «ինքնավար» կարգով և ստեղծվել են տարբեր երկրների «նորաթուխ» կրոնական միաբանությունների նախաձեռնությամբ։ Կարծիք կա, որ իսլամական տարբեր պետությունների հատուկ ծառայությունների աշխատանքի շնորհիվ արմատական շատ կազմակերպություններ գործում են «Ալ-Քաիդայից» զատ, ուստի այդ ցանցը շատ ավելի անկառավարելի է դառնում։
Նավթի արդյունահանման և փոխադրման անվտանգության համար առավել բարդ խնդիր է Իրաքում տիրող իրադրությունը։ Բայց եթե ամերիկացիներին հաջողվի կազմակերպել Կենտրոնական Ասիայից դեպի Հարավային Ասիա էներգիայի լուրջ ծավալների փոխադրումը, ապա ավելի վտանգավոր ուղղությունը կդառնա Աֆղանստանը։ Միաժամանակ, ամերիկացիները բացահայտորեն չեն գնահատել Թուրքիայի տարածքով անցնող էներգուղիներին սպառնացող վտանգի մակարդակը։ Մինչդեռ, իրավիճակը Թուրքիայում փոխվում է շատ արագ, ակտիվանում են արմատական խմբերը, նախ և առաջ քրդական կազմակերպությունները։ ԱՄՆ-ի և Թուրքիայի հատուկ ծառայություններն արդեն համատեղ քննարկել են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի անվտանգության խնդիրները։ Հարավային Կովկասը հնարավոր վտանգների մակարդակով համեմատության ոչ մի եզր չունի Մերձավոր Արևելքի, առավել ևս Իրաքի հետ, սակայն մտնելով նավթային շահերի համակարգի մեջ, այդ տարածաշրջանը դիտարկվում է որպես էներգիայի մատակարարման անվտանգության ընդհանուր համակարգի տարր։
Հետաքրքիր է Հարավային Կովկասի այդ խնդիրը քննության առնել Մերձավոր Արևելքի խնդիրների համատեքստում։ Վերջին տարիներին ԱՄՆ-ը այդ տարածաշրջանում որևէ բան չի արել, որ կապված չլինի նավթի արդյունահանման ու փոխադրման անվտանգության ապահովման և այդ առաջադրանքի կատարման վերահսկողության հետ։ Իրաքի նախորդ վարչակազմի ջախջախումից ու երկրի օկուպացումից հետո գլխավոր խնդիրը դառնում է թույլ չտալ, որ Մերձավոր Արևելքում ձևավորվի շիական-իրանական դաշինք, որը նավթի պաշարների նկատմամբ ԱՄՆ-ի վերահսկողության ճանապարհին հիմնական խոչընդոտը կդառնար։ Շիական-իրանական դաշինքի դեմ պայքարի համար նպաստավոր պայմաններ են առաջացել, քանի որ առաջատար արաբական պետությունների ղեկավարները տեսան, որ շիադավանները քաղաքական շարժիչ ուժ են դառնում արաբական աշխարհում, և չեն կարող հաշտվել դրա հետ։ Փաստորեն, Լիբանանի դեմ Իսրայելի ագրեսիան հնարավոր դարձավ առաջատար արաբական պետությունների, բուն Լիբանանի սուննիական ուժերի լռելյայն համաձայնությամբ և Թուրքիայի ու Պակիստանի աջակցությամբ։ Որոշ տեղեկությունների համաձայն, Եգիպտոսի այն ժամանակվա նախագահ Հ. Մուբարաքը տեղյակ է եղել Լիբանանում Իսրայելի առաջիկա ռազմական գործողության մասին, սակայն նրան զարմացրել է այդ գործողության լայն ընդգրկումը։ Իսրայելի այդ ծրագրերի մասին պակաս չափով իրազեկ են եղել նաև Սաուդյան Արաբիայի և մի քանի այլ արաբական պետությունների ղեկավարները, իսկ Հորդանանի թագավորը քայլեր է ձեռնարկել արաբական պետությունների կողմից կոշտ դատապարտող արձագանքը կանխելու ուղղությամբ։ Լիբանանում ազգային ազատագրական, արմատական կրոնական կողմնորոշում ունեցող «Հըզբոլլահ» կազմակերպության գոյությունը սպառնալիքի տակ է դնում ոչ միայն Իսրայելի անվտանգությունը, այլև տարածաշրջանում նավթի փոխադրման համակարգը, հատկապես, եթե ուշադրության առնենք նախագծվող խողովակաշարերը, նավթամբարները։ «Հըզբոլլահը» Լիբանանի համայնքներից մեկի սովորական ջոկատից վերածվել է ռազմական ուժի, որի տրամադրության տակ կան մարտավարական հրթիռներ և էներգամատակարարման ենթակառուցվածքի գծային և կետային օբյեկտների ոչնչացման հնարավոր բոլոր միջոցները։
Իրաքի նավթի պաշարները կազմում են առնվազն 18,5 մլրդ տոննա, իսկ այլ գնահատականներով` մինչև 38,0 մլրդ տոննա, և դրանք առայժմ արտահանման հուսալի երթուղիներ չունեն։ Պարսից ծոցը վաղուց է դարձել արտահանության խիստ անցանկալի ուղղություն, հորդանանյան Աքաբա նավահանգիստը բրիտանական համապատասխան նախագծի շրջանակներում մնում է որպես հեռավոր հեռանկար, թուրքական երթուղիները ԱՄՆ-ը համարում է ժամանակավոր կամ առնվազն ոչ հիմնական։ Խնայողականության և սպառողներին մոտիկության առումով առավել ընդունելին մնում են սիրիական-լիբանանյան երթուղիները և համապատասխանաբար` լիբանանյան ու սիրիական նավահանգիստները` Լաթաքիան, Տրիպոլին և Սայդան։ Չնայած այդ երթուղիների թվացյալ բարդությանը, իրականում Սիրիայի ու Լիբանանի հետ կապված խնդիրների լուծումից հետո այդ երթուղիները կդառնան առավել ապահովները։ ԱՄՆ-ը ծրագրում է Լիբանանի ափամերձ գոտում` Ջբելից 20 կմ հյուսիս, կառուցել բավական խոշոր ռազմածովային և ռազմաօդային բազա իր 6-րդ նավատորմի համար։ Այդ բազան կոչված է լինելու ապահովելու սիրիական-լիբանանյան նավթամուղ ուղղության անվտանգությունը, կարող է ծառայել որպես Թուրքիայի «Ինջիռլիկ» բազայի այլընտրանք և կգործի Կիպրոսի հյուսիսում ու հարավում գտնվող բրիտանական բազաների հետ համագործակցած։
Լիբանանի արմատական կազմակերպությունների չեզոքացման և Սիրիայի խեղճացման ուղղությամբ ԱՄՆ-ի գործադրած երկարամյա ջանքերը շոշափելի արդյունք չեն տվել։ Լիբանանի դեմ այդ ագրեսիան Սիրիայի քաղաքական վարչակազմի դեմ ընդհանուր պայքարի մաս է կազմում։ Այդ իրադարձություններից կարելի է հետևյալ եզրակացություններն անել։
ԱՄՆ-ը վերանայել է պատկերացումները նավթի ոլորտում հնարավոր վտանգների և նախագծերի հաջող իրականացման հետ դրանց կապերի մասին։ Իրաքի գործողությունը ԱՄՆ-ի կողմից դիտարկվում էր իբրև նավթի ոլորտում վտանգի մեծացման և նավթի գների բարձրացման գիտակցաբար իրականացվող առաջադրանք ¥ենթադրվում էր գները բարձրացնել մինչև տակառը 100 դոլար¤, որը ժամանակավոր նշանակություն ունի։ Իրադարձություններն այլ ընթացք ստացան, և Իրաքի պատերազմը մեծապես պայմանավորեց նոր մոտեցումներն արտաքին քաղաքականության մեջ, հատկապես նավթի խնդիրների համալիրի լուծման առումով։ ԱՄՆ-ի այդ մոտեցումները կարելի է արտահայտել հետևյալ կերպ` «նվազագույն վտանգներ ռազմաքաղաքական ճնշման միջոցով»։ Հնարավոր վտանգների գծով համակարգային մասնագետներն իրենց տեսական ու գործնական աշխատանքներում դրանց նվազեցումը մինչև վերջերս մշտապես և փաստորեն անհիմն կերպով կապում էին ռազմական և քաղաքական ճգնաժամերի լիակատար բացառման հետ։ Ճգնաժամային տարածաշրջաններում հնարավոր վտանգների նվազեցման գծով բրիտանացի առաջատար մասնագետներից մեկի` Դենիս Սամութի գնահատմամբ, վտանգների գնահատման ոլորտի բրիտանացի վերլուծաբանների ու հետազոտողների մի ամբողջ սերունդ է մեծացել դասական այն տեսությունների ու դրույթների հետ, որոնք բացառում էին զինված հակամարտությունները որպես վտանգների ու սպառնալիքների նվազեցման միջոց։ Զինված հակամարտությունները ուշադրության էին առնվում որպես վտանգների ու սպառնալիքների օջախներին հասցվող խիստ տեղային, «կետային» հարվածներ։
ՈՒշագրավ է ԱՄՆ-ի խիստ տարօրինակ վարքագիծը Իրանի նկատմամբ, երբ դժգոհության ու սպառնալիքների բռնկումներին փոխարինում են համեմատաբար չափավոր գործողությունները, որոնք գրեթե նման են Իրանի դիրքորոշման հետ հաշտվելուն։ ԱՄՆ-ի այդ քաղաքականությունը, անշուշտ, նպատակ ունի մշտական լարվածության մեջ պահելու հարաբերություններն Իրանի հետ և Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։ Լարվածությունը դարձել է իրավիճակի վերահսկողության, հետևաբար և կայունության մի ինչ-որ «կրիտիկական», «անհրաժեշտ» մակարդակի հասնելու կարևոր եղանակ։ Այդ մշտատև լարված իրավիճակը ներառում է փոխբացառող և փոխհատուցող ճգնաժամեր ու հակամարտություններ, քաղաքական հակակշիռներ, ինչը, ի վերջո, ապահովում է ճգնաժամով հղի, սակայն կայուն ուժերի հավասարակշռություն ու ռազմավարություն։ ՈՒստի, քաղաքական և ճգնաժամային կառավարման տեսակետից այդ քաղաքականությունը միանգամայն ընդունելի է։ Որպեսզի համաշխարհային տնտեսությունն ու արևմտյան քաղաքական համակարգը հաջող գործեն, աշխարհը պետք է ճգնաժամայնության որոշ մակարդակ ունենա։ Պատմականորեն դա նոր դոկտրին չէ, ավելի շուտ գալիս է բրիտանական քաղաքականության դարավոր փորձից։ Նավթի ոլորտում գների ու հնարավոր վտանգների կառավարելիությունը ԱՄՆ-ի կողմից ավելի մեծ է, քան կարող է թվալ։

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2386

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ