ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Քառորդ դար պատմության դեմ հանդիման

Քառորդ դար պատմության դեմ հանդիման
22.02.2013 | 00:56

Տարին նահանջ էր, բայց նահանջելու մտադրություն ոչ ոք չուներ: 1988-ի փետրվարը` տաք ու անսպասելի, որ մտավ բոլորիս կյանքն ու փոխեց կյանքն ընդհանրապես: Շեփորը, որ որտեղ էլ հնչի, եթե նույնիսկ մեկ հայ լինի, ոտքի է հանելու: Ազատության հրապարակի փշաքաղեցնող գվվոցը, որ երբեմն կոչվում էր լռություն, երբեմն միասնություն, իսկ ընդհանրապես այն անսպասելին էր, որ ոչ մեզնից էին սպասում, ոչ մենք էինք սպասում: 25 տարի առաջ մեզնից ոմանք դեռ ծնված էլ չէին, ոմանք արդեն մեզնից հեռացել են, իսկ մենք, որ պատիվն ունենք ապրելու 88-ի փետրվարի ժառանգությունը պահպանելով` նախ և առաջ պահպանում ենք մեր մաքրության ու ընդհանրության հիշողությունը: Մեր տեր ու պատասխանատու լինելու գիտակցությունը: Այս սահմանամերձ հայրենիքի վերջին զինվորը լինելու զգացողությունը: Մենք, որ ապրել ենք ու ապրում ենք այս անդուռ, խորշակյալ Արարատյան դաշտում, մենք, որ տարեցտարի ինքներս մեզ հարցնում ու չենք պատասխանում` ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս և ո՞ւր ենք գնում հարցին, 88-ին շատ հաստատուն տվեցինք այդ պատասխանը: Շրխկոցով: ՈՒ` սիրով: 88-ին` 25 տարի առաջ, մենք, որ տուն ունեինք ոչ միայն Ազատության հրապարակը, այլև ամբողջ Հայաստանը, հայկական երկու պետություն ունեցանք: Բախտ ունեցանք հաղթանակների մեր մայիսները մեկով էլ ավելացնելու: ՈՒ` չնահանջել ոչնչի առաջ: 88-ի դեկտեմբերի ավերիչ երկրաշարժից հետո 88-ի փետրվարն էր մեզ ոտքի վրա պահում ու վերադարձնում կյանք: 88-ի փետրվարն էր մինչև 1994 թ. մեզնից ոմանց մահապարտ դարձրած` հաղթում պատերազմում, որ մենք չէինք սկսել, բայց մենք պարտավոր էինք ավարտել: 88-ի փետրվարն է, որ այսօր Երևանի սրտում Եռաբլուր ունենք ու հավերժական ցավ բոլոր նրանց համար, ովքեր չվերադարձան պատերազմից, ովքեր պատերազմում իբրև Սպարապետ հաղթելով` խաղաղության մեջ սպանվեցին իբրև վարչապետ: 88-ի փետրվարի ոգին այն չկտրվող պորտալարն էր, որ մեզ մեկընդմիշտ կապում է քարոտ այս հողին, քամոտ այս քաղաքին, այս անջուր երկնքին ու անսահման ձգողականության տարածքին: Մեր թվարկությունից հազարամյակներ առաջ իր գոյությունն սկսած որևէ ժողովրդի կյանքում շատ քիչ թվականներ են մոգական ներգործությունը պահպանում ժամանակի միջով: Շատ քիչ թվականներ, երբ դարակազմիկ ու ճակատագրական իրադարձություններ են եղել: Քրիստոնեության ընդունումից, գրերի գյուտից ու 1918-ից հետո 88-ին մենք պարտական ենք Հայաստանի երրորդ Հանրապետության համար, որի իրական բովանդակությանը դեռ չենք էլ հասել, բայց ամենակարևորը պահպանել ենք` մեր հոգու մեջ դեռ հնչում է Շեփորը: ՈՒ` առաջվա պես ոչ ոք նահանջելու մտադրություն չունի: Պատմության դեմ հանդիման ու առավել ևս` ապագայի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2522

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ