ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Թուրքիան դառնում է ՆԱՏՕ-ի ներքին ճգնաժամի պատճառ

Թուրքիան դառնում է ՆԱՏՕ-ի  ներքին ճգնաժամի պատճառ
25.05.2012 | 13:18

Չիկագոյում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կոչված է կարևորագույն փոփոխություններ սահմանելու ՆԱՏՕ-ի քաղաքականության մեջ և նրա առջև դրված խնդիրներում։ Քննարկվել են ՆԱՏՕ-ի ուժերի միասնական շտաբ ստեղծելու հարցերը, ժամանակակից մարտահրավերներին դաշնախմբի վերաբերմունքի կանոնները։ Համարվում է, որ Թուրքիան մի շարք պահանջներ կներկայացնի ՆԱՏՕ-ին և հանդես կգա նախաձեռնություններով, որոնք բխում են նրա հավակնություններից` դառնալու միավորման ամենակարևոր մասնակիցներից մեկը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում վճռորոշ տերությունը։ Որքան էլ «անամպ» լինեն Թուրքիայի ու ԱՄՆ-ի, ինչպես նաև Թուրքիայի ու Մեծ Բրիտանիայի հարաբերությունները, նա դառնում է ՆԱՏՕ-ի առավել բարդ ներքին խնդիր և, այսպես թե այնպես, դաշինքի ներքին ճգնաժամի պատճառ։ Թուրքիայի քաղաքականությունն ավելի ու ավելի է նոր աշխարհաքաղաքական հայացքների պատճառ դառնում ԱՄՆ-ում ու Եվրոպայում, ուր որոշակի ուժեր և պետություններ շահագրգռված են Արևմտյան ընկերակցությունից նրան վանելով և, հնարավոր է, ՆԱՏՕ-ից նրա դուրս գալով։ Ո՛չ հրապարակային, ո՛չ էլ քողարկված բանավեճ այդ թեմայով դեռևս գոյություն չունի, բայց Թուրքիայի խնդիրը գերակա տարածաշրջանային խնդիր է դարձել անդրատլանտյան հարաբերություններում։ Միաժամանակ, միջազգային քաղաքականության մեջ Թուրքիայի տեղի ու դերի հանդեպ հայացքների զգալի տարբերություն կա Վաշինգտոնում ու եվրոպական պետությունների մայրաքաղաքներում։ Պետք է նաև նշել, որ Թուրքիայի նկատմամբ արևմտյան տերությունների քաղաքականությունը ձևավորվել է ոչ թե վերջերս, այլ տարիների ընթացքում, քաղաքական, աշխարհաքաղաքական և տնտեսական տարբեր խնդիրների ազդեցությամբ։
Գերմանիայի վերամիավորումից հետո արևմտյան քաղգործիչներն ու քաղնախագծողները հակված էին պարզեցնելու աշխարհաքաղաքական հեռանկարները Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում։ Տեղի էր ունենում քաղաքական ու քաղաքագիտական լայն բանավեճ, որը մեծապես արտացոլում էր նախկին պատկերացումները եվրոպական իրողությունների մասին, սակայն հաշվի չէր առնում նոր դիրքերի առաջացման հավանականությունը` կապված երեք հիմնական հանգամանքի հետ, այն է` ՆԱՏՕ-ի մեջ տարաձայնությունների սաստկացում, Ռուսաստանի միջազգային դիրքերի վերականգնում և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի պետությունների քաղաքական հավակնությունների մեծացում։ Բացի այդ, թերևս հաշվի չեն առնվել այնպիսի իրողություններ, ինչպիսիք են փոփոխություններն էներգետիկ իրավիճակում և այլընտրանքային էներգամատակարարման նախագծերը, արմատական իսլամական վարչակազմերի և միջազգային կորպորացիաների հետ առճակատման նոր և սկզբունքորեն նոր փուլը։ Հնարավոր է, որ ճիշտ չեն գնահատվել ազգային-քաղաքական հակամարտությունների ու միջազգայնորեն չճանաչված պետությունների կազմավորման հետ կապված խնդիրները։ Շատ քաղաքագետների, անգամ 90-ականների երկրորդ կեսին, թվում էր, թե ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի ընդլայնմամբ ինքնաբերաբար կլուծվեն անվտանգության բոլոր խնդիրները, և կստեղծվի միջազգային հարաբերություններում նոր մարտահրավերներ արտացոլող աշխարհաքաղաքական համակարգ։ Սակայն այդ ծրագրերն ու պատկերացումները խիստ պարզեցված էին, ինչը հանգեցրեց ոչ միայն շատ քաղաքագետների ու քաղնախագծողների, այլև հետազոտական ուղղությունների և ինստիտուտների պահանջարկի վերացմանը։ 2000-ականների սկզբին աշխարհաքաղաքական նախագծման ոլորտում առաջացավ նոր առաջարկությունների ու նախագծերի անհրաժեշտություն, ինչն արտացոլում գտավ նախագծման, խորհրդատվության և օրախնդիր քաղաքականության ներմիավորման մեջ։ 2000-ականները շատ բան փոխեցին Արևմտյան ընկերակցության զարգացման հեռանկարների ըմբռնման գործում, ոչ միայն ԱՄՆ-ի, այլև Եվրոպայի սոցիալական և տնտեսական մոդելում, և այդ մտորումներն ու բանավեճը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառ դարձան։ Այդ նոր պայմանները սրեցին ոչ միայն սպառման կարգավորման անհրաժեշտության և առհասարակ տնտեսության նոր մոդելի, այլև ժողովրդավարական և ազատական տիպի տարածության առանձնազատման, սահմանափակման, այսինքն` Արևմտյան ընկերակցության մասին միտքը։ Իհարկե, «պատմության վախճանի» մասին Ֆ. Ֆուկույամայի դոկտրինի վերաբերյալ բանավեճը հեռու է ավարտված լինելուց և այնքան էլ նոր չէ` արագորեն ավարտին հասնելու համար։ Բայց Արևմտյան ընկերակցության քաղաքական սահմանների խնդիրը շատ ավելի հրատապ է դարձել, քան երբևէ։ Անհնար է պատկերացնել Արևելյան Եվրոպայի, այդ թվում նաև Հարավային Կովկասի երկրների հետագա զարգացումն առանց Արևմտյան ընկերակցության տարածական սահմանափակման մոդելի ըմբռնման, որն արդեն հայտարարել է այն մասին, որ այդ տարածաշրջանը դիտարկվում է որպես այս կամ այն չափով կառույցին ներմիավորված։ Կարևոր են թվում նաև ԱՄՆ-ի ու Եվրոպայի մտավոր ու վերլուծական կենտրոնների մտադրությունները Թուրքիայի ապագայի վերաբերյալ` որպես առանձնազատված Արևմուտքի կազմավորման նախագծում երբեմնի բացահայտ առաջատարի։
Այս կապակցությամբ հատկանշական է ամերիկացի քաղնախագծող Բրյուս Ջեքսոնի գործունեությունը, որն զբաղվում է Արևելյան Եվրոպայի խնդիրներով։ Նրա «Անցումային ժողովրդավարությունների» նախագիծը ծնունդ է առել այն պայմաններում, երբ ամերիկացի փորձագետներն անկարող ու անընդունակ էին մշակելու համարժեք կանխատեսումներ ու առաջարկություններ։ Բրյուս Ջեքսոնը ռազմական հետախույզ է, կարողացել է իր շուրջը համախմբել հրաշալի փորձագետների` այդ աշխատանքը կատարելու համար։ Նրան հաջողվել է կարճ ժամանակամիջոցում կարևոր տեղ գրավել ԱՄՆ-ի փորձագիտական ընկերակցությունում, հասնել այն բանին, որ նրա խումբն ակտիվորեն մասնակցում է ամերիկյան արտաքին քաղաքականության ձևավորմանը։
Բրյուս Ջեքսոնն Արևմտյան և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների անչափ պատրաստված լսարանին առաջարկեց աշխարհաքաղաքական նոր կառուցվածքների ձևավորման որոշ պատկերացումների վերաբերյալ մի դասախոսություն։ Այդ կառուցվածքների սխեմաների բոլոր տարբերակները ներառում էին նաև ՈՒկրաինան։ Ընդ որում, դրանք ունեին «եռանկյան» և «բազմանկյան» ձև` Անկարա-Վարշավա-Կիև, Անկարա-Բելգրադ-Կիև, Անկարա-Սոֆիա-Բուխարեստ-Բելգրադ--Կիև։ Այդ սխեմաներն ուղեկցվում էին տվյալ աշխարհաքաղաքական խմբերի գործառույթների ու խնդիրների մասին մեկնաբանություններով, որոնք պետք է որոշիչ ազդեցություն գործեն «Միջին Եվրոպայի» քաղաքական իրողությունների վրա, այսինքն` այն տարածության, որտեղ տիրող իրավիճակից կախված կլինի իրադրությունը թե՛ Արևմտյան, թե՛ Արևելյան Եվրոպայում, ինչպես նաև հարևան տարածաշրջաններում։ Այդ կառուցվածքները պետք է ազդեցություն և ներմիավորիչ նշանակություն ունենան նախկին Հարավսլավիայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների համար։ Այսինքն, տիպային ու անսքող հակառուսական նախագիծ է, որը նպատակ ունի ամուր շրջափակելու Ռուսաստանը` նրա հարավային սահմանների ամբողջ պարագծով։ Հետաքրքիրն այն է, որ միաժամանակ կասկածի տակ էր առնվում ՎՈՒԱՄ-ի անդամ պետությունների ունակությունն իրականացնելու այդ առաջադրանքը, ինչպես նաև կասկածի տակ էր առնվում ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման հարցը։
Զեկույցի հեղինակը պնդում էր Թուրքիան ընդունել ԵՄ, բայց այդ հեռանկարի հանդեպ հոռետեսական հայացքների տեղ էր թողնում։ Այսպիսով, այդ նախագծի էությունն այն է, որ ՆԱՏՕ-ին` Արևելյան Եվրոպայի, և Եվրամիությանը` Թուրքիայի ներմիավորման «գլխավոր» գծերը խիստ խնդրահարույց են, ու ժամանակն է մշակելու այդ ընդարձակ տարածաշրջանում գործընթացների զարգացման պահեստային տարբերակ, որը կարելի է անվանել Բալթյան-Սևծովյան կամ այլ կերպ։ Դրա հետ մեկտեղ, միանգամայն ակնբախորեն դրսևորվում է Բ. Ջեքսոնի և նրա ներկայացրած շրջանակների պատկերացումն այդ տարածաշրջանի այնպիսի խոշոր պետությունների դերի մասին, ինչպիսիք են Թուրքիան, Լեհաստանը, ՈՒկրաինան։ Զեկույցում նկատելի է ԱՄՆ-ի հիասթափությունն Արևելյան Եվրոպայի փոքր երկրների դիրքորոշումների, առավել ևս` իրական հնարավորությունների առթիվ, որոնք ի վիճակի չեն կատարելու ռազմավարական գործընկերոջ դեր ու, երևի, միշտ կմնան սոսկ որպես անվտանգության սպառողներ և չեն կարող էական ավանդ մուծել Վաշինգտոնի պատկերացրած անվտանգության համակարգի ստեղծման գործում։
Միանգամայն պարզ է, որ Վաշինգտոնի որոշակի շրջանակներ ձգտում են մշակել բազմատարբերակ աշխարհաքաղաքական սխեմաներ և դրանց իրացման համապատասխան մոտեցումներ: Դա վկայում է Արևելյան Եվրոպայի առնչությամբ ԱՄՆ-ի վարչակազմի ծրագրերի հանդեպ եղած էական կասկածների մասին: Ռուսաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված խոշոր պետությունների (Արևելյան Եվրոպայի երկրներ գումարած Թուրքիա) դաշնախմբի ստեղծման գաղափարն ինքնըստինքյան կարող էր հիմք դառնալ արդյունավետ և գործուն աշխարհաքաղաքական միավորման համար, բայց հետագա իրադարձությունները ցույց տվեցին այդ մտադրությունների անիրագործելիությունը: Դեռ մի բան էլ Թուրքիան դիտվում էր իբրև այդ գործառույթի իրականացման հնարավոր պարագլուխ: Լեհաստանը չափազանց մեծ հավակնություն դրսևորեց և բարդ հարաբերությունների մեջ մտավ Եվրամիության ու ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ, կորցնելով այս կամ այն նախագծի ու խնդրի իրականացմանը սատարելու կարողությունը: Թուրքիան ավելի ու ավելի է կտրվում ԱՄՆ-ից ու Եվրոպայից: ՈՒկրաինայում հակասական գործընթացներ են տեղի ունենում, որոնք բառացիորեն արժեզրկում և ի չիք են դարձնում արտքաղաքական շատ նախաձեռնություններ: Այսինքն, ՎՈՒԱՄ նախագծի` Ռուսաստանին հակազդելու գաղափարի շուրջ փոքր պետությունների համախմբման փորձի ձախողումից հետո, փաստորեն, ձախողվեց նաև Արևելյան Եվրոպայի խոշոր պետությունների դաշնախմբի ստեղծման գաղափարը, որոնք, ըստ էության, կարող էին ընդհանուր առմամբ եվրոպական քաղաքականության մեջ ուժեղ դեր ստանձնել: Հետագայում ՎՈՒԱՄ-ին Լեհաստանի «շաղկապումը» ցույց է տալիս ԱՄՆ-ի ձգտումը` նրան օժտելու այդ սահմանափակ աշխարհաքաղաքական սխեմայի պարագլխի գործառույթով: Դա կապված է, իհարկե, ոչ թե այն բանի հետ, որ ՈՒկրաինան չունի տնտեսական կամ ռազմական կարողություն, այլ ներքին խնդիրների: Այդուամենայնիվ, քաղգործիչներն ու քաղնախագծողները քաջ հասկանում են, որ առանց ՈՒկրաինայի անհնար է ստեղծել քիչ թե շատ ամուր և գործուն աշխարհաքաղաքական դաշնախումբ: ՆԱՏՕ-ի ու Եվրամիության հետագա ընդլայնման ցնորական հեռանկարները, համենայն դեպս, մոտ ապագայում, կստիպեն շարունակելու այլընտրանքային աշխարհաքաղաքական «փնջերի» որոնումը, սակայն այդ գաղափարներն ու մտադրություններն ինքնըստինքյան հանգեցնում են լարվածության սրման, էներգետիկայի և աշխարհատնտեսության, ինչպես նաև պաշտպանության ոլորտում սպառնալիքների առաջացման: ՈՒստի Արևելյան երկրների վերնախավերը ժամանակի ընթացքում այդ քայլերին ավելի զգուշավորությամբ են վերաբերվում:
Ըստ էության, Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ճակատագիրը կախված է ոչ միայն դեպի եվրասիական տարածություն ԱՄՆ-ի խորքային ճեղքումից, Սև ծով-Կովկասյան տարածաշրջանի կլանման միջոցով, այլև Վարշավա-Կիև-Անկարա երևակայական դաշնախմբի հնարավորությունից: Թուրքիայի քաղաքականության արմատական փոփոխման կապակցությամբ, որն ավելի ու ավելի է ինքնուրույնություն և ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից անկախություն ցուցադրում, այդ «առանցքը» կամ միավորումը, որը մի տասը տարի առաջ դեռ կարող էր շատ հեռանկարային համարվել, այժմ շատ հեռու է իրատեսական լինելուց: ՈՒկրաինան այնքան էլ բարեհաճ չէ թե՛ ՆԱՏՕ-ի, թե՛ ԵՄ-ի նկատմամբ և կանգնած է տարածքային-քաղաքական տրոհման եզրին: Նրան քաղաքական ու սոցիալական մեծ ցնցումներ են սպասում, և նա չի կարողանում դառնալ Եվրոպայի նպատակների իրականացման գոնե լուսանցքային երկիր: Լեհաստանը խիստ հավակնոտ է և ուզում է ավելի կարևոր տեղ գրավել եվրոպական ու համաշխարհային քաղաքականության մեջ, ընդ որում, շատ ավելի մեծ հաջողություններ ցուցադրելով կայունության և տնտեսական զարգացման գործում, քան Կենտրոնական ու Հարավարևելյան Եվրոպայի այլ երկրներ:
Ներկայումս ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական նկրտումներն արդեն որոշ չափով ճշգրտվել են, և դա, իհարկե, այնքան էլ լավ չի անդրադարձել Արևելյան Եվրոպայի իրադրության վրա: Բայց Արևմտյան ընկերակցության «առանձնազատման» նախագծի համար շատ նպաստավոր ժամանակներ են եկել: Եթե նախկինում Եվրոպայի քաղաքական գործիչները խիստ կասկածով էին վերաբերվում ամերիկացիների այդ ծրագրերին, քանի որ դրանցում եվրոպացիներին ստորադաս դեր էր վերապահված, այժմ իրավիճակը փոխվել է, և «առանձնազատման» խնդիրը դարձել է ոչ միայն «ազատարար», այլև մեծապես եվրոպական երանգ է ստացել: ԱՄՆ-ն ու Եվրամիությունը, հատկապես Եվրոպայի առաջատար պետությունները, չնայած մեծ հակասություններին, ձգտում են մշակել արդի աշխարհում «փրկության» ընդհանուր հայացքներ ու սկզբունքներ, և մոդա են դառնում միջերկրածովյան ու արևելաեվրոպական երկրներից բաղկացած «արտաքին մերձակա գոտիների» ստեղծման նախագծերը: Բայց դրանք սոսկ մասամբ ունեն ներմիավորման խնդիրներ, ավելի շատ դրանք «առանձնազատում» են: Չնայած ԱՄՆ-ը լիովին հասկանում է, որ Թուրքիան Եվրամիություն խցկելը հակասություններ է առաջացնելու իր եվրոպական գործընկերների հետ, նախ և առաջ, Ֆրանսիայի ու Գերմանիայի, սակայն շարունակում է կառուցել Թուրքիան իր քաղաքականության ծիրում պահելու նոր սխեմաներ` տարբեր խաղեր նախաձեռնելով Մերձավոր Արևելքի թատերաբեմում: ԱՄՆ-ը, չնայած Թուրքիայի հետ ունեցած տարբեր հակասություններին, ձգտում է նրա հավակնությունները զսպելու միջոցներ ձեռնարկել, որոնք ներառում են զսպում և ճնշում, համագործակցություն և վերահսկողություն: ԱՄՆ-ի ու Եվրոպայի քաղաքական գրականության մեջ բավականին շատ են պատկառելի ու ավելի հիմնարար բնույթի աշխատանքներն «առանձնազատման» խնդրի վերաբերյալ, բայց Բրյուս Ջեքսոնը կամ, հնարավոր է, նրան նվիրված քաղնախագծողներն այդ բանն արել են ավելի ազնիվ ու բովանդակալից: Հնարավոր է, այդ նախագծի հեղինակները փոքր-ինչ շտապել են, սխալ շեշտադրումներ են արել, հաշվի չեն առել առանձին պետությունների աշխարհաքաղաքական սխեմաների ճշգրտումն ու տեղափոխությունը, բայց նրանք մշակել են, անկասկած, հետաքրքիր հայեցակարգային նախագծեր:
Արևմտյան ընկերակցությունն այլևս չի կարող ընդլայնել իր իրավական, տնտեսական և գաղափարախոսական տարածությունը, իսկ մինչև 2050 թվականը, համաձայն նախագծի հեղինակների, պետք է առանձնազատվեն և մշակվեն ապագայի նոր նպատակներ ու խնդիրներ: Եվ Բ. Ջեքսոնի առաջարկած նախագիծը ամերիկյան աշխարհառազմավարության նախաձեռնություններից մեկն է միայն:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 6701

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ