Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«Վախենում եմ «հետոյից», որ գալու է յուրաքանչյուրիս համար»

«Վախենում եմ «հետոյից», որ գալու է յուրաքանչյուրիս համար»
23.12.2008 | 00:00

«ԷՍՏՐԱԴԱՅԻՆ ԲԵՄԸ ԾԵՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՍԻՐՈՒՄ»
Մոտ երեք ամիս ԱՐՄԻՆԿԱՆ բացակայում էր հայրենիքից։ Մեկնել էր ԱՄՆ` հանգստանալու, սակայն ստացել է նաև գործնական առաջարկներ։ Ձայնագրել է մի քանի երգ` եվրոպական շուկայի համար։ Վերջերս թողարկվեց երգչուհու երրորդ ձայնասկավառակը, որը կոչվում է «Թիվ երրորդ»։ Ընթացքի մեջ է նոր տեսահոլովակը։ Տարեսկզբի համար ունի հրավերներ, մեկնելու է համերգային շրջագայության։
-Ռոմանտի՞կ եք, թե՞ գործնական։
-Ե՛վ ռոմանտիկ եմ, և՛ գործնական։
-Ձեր ոճը, հագուկապը, տեսակը կարելի է բնորոշել մեկ բառով` ինքնատիպություն։ Գեղեցկության, հմայքի նման դա՞ էլ ի վերուստ է տրված, թե՞ իմիջմեյքեր ունենալու դեպքում յուրաքանչյուրն էլ կարող է ինքնատիպ լինել։
-Եթե ճաշակը, ինքնատիպությունը չեն էլ ծնվում մարդու հետ, ապա, երևի թե, ձևավորվում են ընտանիքում։ Իմ դեպքում այդպես է։ Մայրս գուցե չէր հետևում նորաձևության վերջին ճիչերին, բայց միշտ հագնվում էր յուրահատուկ, տարբերվում էր շրջապատից անգամ իր ընտրած գույներով։ Հայրս նույնպես հագնվում էր կոկիկ, ճաշակով, անգամ ոչ աշխատանքային ժամերին նրան չէիր տեսնի առտնին հագուստով։ Կարծում եմ` նուրբ ճաշակը ժառանգել եմ ծնողներիցս։
-Բեմում Ձեզ կարելի է տեսնել «դժվար» զգեստով (ասենք` շատ երկար փեշ), որն ինչ-որ տեղ կաշկանդում է շարժումները, բայց ինքներդ շատ ազատ ու անկաշկանդ եք։
-Նման հագուստ կրելը դժվար է, բայց գոյություն ունի համապատասխան քայլվածք։ Փեշն այնպես պետք է հրես ոտքով, որ այն չգալարվի ոտքերիդ վրա։ Թեև դա միշտ չէ, որ հաջողվում է։ Սրանք բեմի չգրված օրենքներից են։ Ի վերջո, երկար տարիների բեմական փորձը ձևավորում է նաև հագուստ կրելու վարպետություն։ Բեմը սիրում է շքեղություն։ Կյանքում շատ ավելի ազատ եմ հագնվում` ցածրակրունկ կոշիկներ, ջինսեր, որ առօրյա վազքի համար շատ հարմար են։ Եվ չեմ էլ սիրում ցերեկվա ժամերին կիսաերեկոյան զգեստ կրել։
-Ո՞ր գույներն եք նախընտրում։
-Սև և սպիտակ։
- Միացյալ Նահանգներում հետաքրքիր միջադեպեր եղա՞ն։
-Լաս Վեգասի իտալական հյուրանոցում մի ակորդեոնահար կար, չգիտեմ` ինչ ազգի ներկայացուցիչ էր։ Ընկերներս վճարեցին, որ հայկական երաժշտություն նվագի։ Եվ նա նվագեց «Ծփում էր Սևանը...»։ Երբ արդեն հեռանում էինք, նա, ի նշան հարգանքի, նորից կատարեց մեր պատվիրած երաժշտությունը։ Ես սկսեցի երգել։ Նա զարմացավ, թե որտեղի՞ց գիտեմ այդ երգը...
-Բացի երգելուց` ինչո՞վ եք զբաղվում։
-Մի ժամանակ տարված էի նորաձևությամբ, զբաղվել եմ յոգայով` առողջությունս ամրապնդելու համար։ Հիմա ժամանակ չունեմ երգելուց բացի, զբաղվելու այնպիսի բաներով, որոնք շատ սիրում եմ։
-Կարդո՞ւմ եք։
-Այո, շատ։ Հիմա կարդում եմ ժամանակակից համաշխարհային գրականություն։ Շատ եմ սիրում պոեզիա, հատկապես արևմտահայ մեր գրողներին` Վարուժան, Մեծարենց...
-Մեր երգահաններից ո՞ւմ գործերն եք նախընտրում։
-Նախընտրածս երգահաններն այնքան էլ շատ չեն, և լավերն էլ շատ չեն։ Նոր երգահաններից հավանում եմ Վահրամ Պետրոսյանին։ Մեկ անգամ եմ համագործակցել նրա հետ։ Իմ և Սարոյի երգի հեղինակն է։ Հավանում եմ Էդգար Գյանջումյանին, Արման Ղազարյանին։ Իսկ Արթուր Գրիգորյանն ու Ռոբերտ Ամիրխանյանը դարձել են դասականներ և այսօր, ցավոք, շատ չեն ստեղծագործում։ Նրանց գործերը լսում և հիշում ենք որպես մնայուն արժեքներ։
-Մեր երգիչ-երգչուհիներից ո՞ւմ եք սիրում լսել։
-Ժամերով կարող եմ լսել Արման Հովհաննիսյան, Արա Մարտիրոսյան։ Լսում եմ նաև Սիրուշո, Հայկո և չեմ ամաչում, երբ իմ մեքենայից լսվում է հիմնականում հայկական երաժշտություն։
-Իսկ Ձեր երգերը լսո՞ւմ եք։
-Ոչ, իմ երգերը չեմ լսում։
-Ձեզ մեկ տեսնում ենք սևահեր, մեկ` ոսկեհեր և չենք հասցնում ընկալել` ո՞րն է ավելի լավ։ Ինքներդ Ձեզ ո՞ր ձևի մեջ եք դուր գալիս։
-Ես հաճախ եմ փոխում մազերիս գույնը և այս առումով կախվածություն չունեմ։ Բայց երբ դարձա շիկահեր, անցավ մի քանի տարի, և հասկացա, որ չեմ կարողանում հրաժարվել մազերիս այդ գույնից։ Հիմա մազերիս որակը պահպանելու համար որոշել եմ ինչ-որ ժամանակ չներկել։ Բայց ասեմ, որ կարոտում եմ բաց գույնի մազերին։
-Մրցակցություն, ինտրիգներ, բամբասանք... Երբևէ ցանկություն չե՞ք ունենում փախչելու այդ ամենից։
-Ոչ թե մրցակցությունից, այլ ինտրիգներից եմ երբեմն ուզում փախչել։ Բոլոր ասպարեզներում էլ շատ են դրանք։ Բայց շոու-բիզնեսն ավելի երևացող աշխարհ է։ Մեր կյանքը, աշխատանքը հասարակության աչքի առջև է։ Ինչ վերաբերում է մրցակցությանը, ես ինը տարի է` բեմում եմ և շոու-բիզնես մտել եմ այն տեսակով, այն երաժշտությամբ, ինչը չկար այն ժամանակ և հիմա էլ շատ չէ։ Ես գրավել եմ դատարկ, չզբաղեցրած տարածք և առայսօր մնացել եմ նույն հարթության վրա։ Ոչ թե այնքան լավն եմ, որ մրցակից չունեմ, այլ պարզապես ներկայանում եմ իմ ժանրի մեջ։ Կարծում եմ` դա հաղթանակած վիճակ է։
-Կա՞ բեմից հեռանալու ժամանակ։
-Էստրադային բեմը ծերություն չի սիրում։ Պետք է ճիշտ ժամանակին հեռանալ բեմից` ծիծաղելի չդառնալու համար։ Այլ բան է, եթե ֆիզիկական և հոգևոր տվյալները թույլ են տալիս մնալ բեմում և հիացնել։ Կան արտասահմանյան 60-ն անց երգիչ-երգչուհիներ, և միայն տեսնել է պետք` ինչպես են աշխատում, ինչպես են դրսևորում իրենց բեմի վրա։
-Ձեր ապագան ինչպե՞ս եք պատկերացնում։
-Գուցե գա մի օր, որ այլևս ասելիք չունենամ, չիմանամ ինչի մասին երգել։ Չէ՞ որ դա նաև հոգեվիճակի հետ է կապված։
-Այդ դեպքում ինչո՞վ կզբաղվեք։
-Կզբաղվեմ մի գործով, որը կապված կլինի հեռուստատեսության հետ, կինոյի։ Այլ ասպարեզում ինձ չեմ տեսնում։
-Ինչի՞ համար եք ավելի շատ զղջում` արածների՞, թե՞ չարածների։
-Ավելի շատ զղջում եմ չարածների համար։
-Երբ տխուր եք...
-Մեկուսանում եմ։
-Ինչի՞ց եք վախենում։
-Քանի դեռ ապրում եմ այս աշխարհում, ոչնչից չեմ վախենում։ Վախենում եմ «հետոյից», որը գալու է յուրաքանչյուրիս համար` դատաստանի օրը, երբ կկանգնեմ Տիրոջ առաջ։
Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 3564

Մեկնաբանություններ