ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Խոցոտված շալ

Խոցոտված շալ
09.08.2024 | 08:37

Ամբողջ կյանքը ապրել են միասին՝սկեսուրի հետ, ու հաճախ թվացել է, թե դա իր երազած կյանքը չէ, միշտ երրորդի ներկայությունը աղճատել է երջանկության մասին իր պատրանքները: Նրան անգամ նյարդայնացնում էր, թե ինչպես է սկեսուրը առանց ամանների հեղուկի ափսեները լվանում, առանց արդուկելու ո՜նց է կոշտ ձեռքերով հարդարում երեխայի շորերը, անգամ հոտ առնում, ամեն անգամ հիշեցնում է, որ կերակուրները սոխարածով չեփի, քանի որ երեխաները չեն սիրում, ու շատ-շատ բաներ, որ խաթարում էր կյանքը:

Ինչքան կարելի է հասկացնել, սովորեցնել...

ՈՒ մի անգամ էլ հարց դրեց ամուսնու առաջ՝ կա՜մ ես, կա՜մ նա...

- Նա,-գոռաց ամուսինը,-քեզանից կգտնեմ: Նրանից չեմ գտնի, Նա միակն է ու անկրկնելի:

- Բա երեխանե՞րդ...

- Երեխաներից էլ կունենամ, բայց Նրանից՝ ոչ...

ՈՒ բարկացած բարձրացավ դիրքեր, որովհետև ամեն անգամ այդ հոգետանջ զրույցներից հետո դիրքերը նրան Նիրվանա են թվում:

Այս անգամ թշնամու դիրքերում արտակարգ աշխուժություն ու կուտակում էր, համար մեկ տվին:

Կինը սովորականի պես արթնացավ, ավելի շուտ չքնեց, ամուսնուն էր ճանապարհել դիրքեր:

Մայրը չհամարձակվեց հարսի մոտ «անիմաստ սեր և հոգատարություն խաղալ», միայն պատուհանից երկար ու անմռունչ նայեց տղայի՝ աղջամուղջում անէացող ուրվագծին, հարսն էլ հրահանգներ չտվեց, որովհետև էլ սոխ չկար, որ սկեսուրը սոխարած աներ, ձու չկար ձվածեղի համար, ամանի հեղուկն էլ վաղուց երազանք էր դարձել և վերջապես հոգնել է շատ էս անորոշ կյանքից, հերթերից, ամեն անգամ ղեկավարությունից ներում հայցելուց և, իրենից անկախ, իր «չստացված» կյանքի համար մեղավորներ էր փնտրում և... գտավ:

- Երեխաներին չլողացնես, լողացրել եմ, ճաշ չպատրաստես, գազի վրա է կաստրուլկան, չուտացնես, ես կհասցնեմ ընդմիջմանը գալ, չարթնացնես երեխաներին:

Սկեսուրն ի գիտություն ընդունեց և հասկացավ, որ բան չունի անելու ըստ հրահանգների, կամացուկ փակեց դուռը և գնաց կաթնամթերքի հերթի:

ՈՒշքն ու միտքը երեխաների մոտ էր, հանկարծ չարթնանան. մի բանով արխային էր. ո՜չ լույս կար, ո՜չ գազ...

Հերթերը կամաց-կամաց խտանում էին, ու նա զգում էր, ինչպես են ճարճատում նիհար ու վտիտ ոսկորները. հասցրեց վերցնել մեկ լիտր կաթը ու... պայթյուն: Անշարժացավ ամբոխը և հայացքը ուղղեց դեպի պայթյունը:

Ծուխը բռնեց ողջ երկինքը:

Երեխե՜քը... միտքը շանթահարեց նրան:

Հերթական պայթյունի ցնցումից կաթն ընկավ ձեռից, և բանկան փշուր֊փշուր եղավ, կաթն էլ տագնապով բռնեց իր ճանապարհը:

Նա վազելով չէր գնում, այլ ոստյուններով:

Քամուց ընկավ սև լաչակը, որ ամուսնու մահից հետո երբեք չէր հանել:

Երեխե՜քը...

Տունը սեփական էր, և երեխաների ննջարանը գտնվում էր դիմապատի կողմը, որտեղից գալիս էին պայթյունները:

Պատուհանը թողել էր բաց: Երեխաներին հասցրեց պոկել օրորոցներից և տանել նկուղային մաս:

...Երբ հարսը տեսավ ահռելի խոռոչը երեխաների ննջարանի փոխարեն, գիտակցությունը մթագնեց. ո՜չ, ո՜ո՜չ, ո՜ո՜ո՜չ...

Աչքերը բացեց , և տեսավ, թե ինչպես են անշնչացած սկեսրոջ, որին երբեք «մամա» չէր ասել, թևերի տակից հանում աշխարհի ցավից ու դավից անտեղյակ, լացող երեխաների:

Կնոջ վիզը մի կողմ էր ընկել, և ճերմակած մազերը, որն ամուսնու զոհվելուց հետո երբեք չէր ներկել, պոկվել էին ընդհանուր հյուսվածքից և կպել երկարած պարանոցին:

Կիսաբաց էին նրա աչքերը, և մի չբացված ժպիտ էր սառել շուրթերին:

Առաջին անգամ տեսավ (երբեք ուղիղ չէր նայել նրա աչքերի մեջ), որ մուգ կապույտ գույնի էին:

Հնամաշ, կանաչ-սև համադրությամբ կլեչատի շալն էր գցած ուսերին. երևի երեխաներին փոշուց պաշտպանելու համար էր վերցրել:

Այդ շալը վաղուց մաշած էր և սկեսրոջ օժիտից էր մնացել:

Տղան ամեն անգամ ուզում էր նորը առնել, բայց Մայրն առարկում էր՝ ասելով՝ մորս ջերմությունն եմ առնում։

Փրկարարները երեխաներին դուրս հանելուց հետո, ետ տանելով փլվածքները, փորձում էին հնարավորինս անվնաս դուրս հանել կնոջը:

Այնուհետև նրանք բացասական շարժեցին գլուխները և ծակծկված շալով ուզում էին ծածկել կնոջ կիսաժպիտ դեմքը:

Երբ հասկացավ, թե ինչ է կատարվել, հարսը ներսում մի ցավ զգաց, որը, կամաց-կամաց բարձրանալով, կանգնեց կոկորդում ու սկսեց խեղդել... և մինչ տնից պատգարակով կհանեին սկեսրոջը, նա ընկավ մի բուռ դարձած կնոջ մարմնին և ծղրտաց.

-Մա՜մա՜ա՜ա՜ա՜...

Նրան տվին ծակծկված շալը. զգաց, որ դողում է, փաթաթվեց, որ զգա Մոր՝ դեռևս թարմ բույրն ու ջերմությունը. փաթաթեց ցավող խիղճը խոցոտված շալով...

...Այս անգամ սկեսուրը ականջալուր չի եղել իր հրահանգներին:

Նելլի ՍԱՀԱԿՅԱՆ

27.07.2024 թ.

Դիտվել է՝ 3766

Մեկնաբանություններ