Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Հեռագիրը

Հեռագիրը
17.11.2017 | 11:47

...Որ կարողանաս պարզերես գնալ ծնողիդ շիրմին

Երբ գերմանական ծագում ունեցող ամերիկացի կինոդերասանուհի Մառլեն Դիտրիխը ժամանակին Խորհրդային Միություն էր եկել, նրան հարցրել էին՝ ի՞նչ կցանկանար տեսնել Մոսկվայում. Կրե՞մլը, Մեծ թատրո՞նը, դամբարա՞նը: Եվ այդ անմատչելի աստվածուհին հանկարծ, հազիվ լսելի, պատասխանել էր. «Ես կուզեի տեսնել խորհրդային գրող Կոնստանտին Պաուստովսկուն: Սա իմ երկար տարիների երազանքն է»: Ասել, թե ներկաները ապշել էին, նշանակում է ոչինչ չասել: Աշխարհահռչակ աստղ, և մի ինչ-որ Պաուստո՞վսկի: Զառանցանքի է նման: Բայց բոլորին ոտքի էին հանել: Եվ, երեկոյան կողմ արդեն ծանր հիվանդ Պաուստովսկուն, վերջապես, գտել էին:
Այն, ինչ կատարվեց համերգի ժամանակ, լեգենդ դարձավ: Փոքր-ինչ դողդոջ քայլերով բեմ է ելնում մի ծերունի: Եվ այստեղ մեծահամբավ աստղը՝ Ռեմարկի ու Հեմինգուեյի ընկերուհին, հանկարծ, առանց բառ իսկ ասելու, նրա առջև ծնկի է գալիս՝ ակներով պատված իր երեկոյան զգեստով: Զգեստը նեղ է լինում, կարերն սկսում են քանդվել, և ակները ցրիվ են գալիս բեմով մեկ: Իսկ դերասանուհին համբուրում է գրողի ձեռքը, սեղմում ամենևին ոչ «կինոյական արցունքներով» ողողված դեմքին: Եվ հսկայական դահլիճը նախ քարանում է, ապա հանկարծ՝ դանդա՜ղ, անվստա՜հ, շուրջը նայելո՜վ, ասես ինչ-որ բանից ամաչելով, սկսում է ոտքի ելնել: ՈՒ բառացիորեն պայթում է ծափահարություններից:
Հետո, երբ Պաուստովսկուն նստեցնում են բազկաթոռին, և դահլիճը, երկար ծափահարությունից հետո, լռում է, Մառլեն Դիտրիխը ցածրաձայն բացատրում է, որ իր կյանքի ամենանշանակալի գրական իրադարձությունը համարում է Կոնստանտին Պաուստովսկու «Հեռագիրը» պատմվածքը, որ ինքը թարգմանաբար կարդացել է մի ինչ-որ գերմանական ժողովածուում: «Այդ օրվանից ես պարտքս էի համարում համբուրել այն գրողի ձեռքը, որը գրել է դա: Եվ ահա երազանքս կատարվեց: Ես երջանիկ եմ, որ հասցրի անել դա: Շնորհակալ եմ»:
Ֆ. Ե.

Հ. Գ.- Չգիտեմ՝ ով է այս հուզիչ շարադրանքի հեղինակը, ես այն, ինչպես նաև «Հեռագիրը» պատմվածքի տեքստը՝ երկուսն էլ ռուսերեն, վերցրել եմ համացանցից և, աննշան միջամտությամբ, ընթերցողի ուշադրությանն եմ ներկայացնում իմ թարգմանությամբ: Եվ ասում եմ, հուզված, շատ հուզված եմ ասում. ծնողիդ համար արա ամեն ինչ, քանի դեռ նա ողջ է, այլապես հետո ուշ կլինի… Անշտկելի ուշ…

Հոկտեմբերն անասելի ցուրտ էր, անձրևային: Տախտակե տանիքները սևացել էին:
Պարտեզի խճճված խոտը պառկել էր: Շարունակում էր ծաղկել ու ոչ մի կերպ չէր թոշնում ու տերևաթափ չէր լինում միայն ցանկապատի մոտի կարճլիկ արևածաղիկը: Գետի մյուս ափից մարգագետինների վրայով դանդաղորեն սողում, մերկ ուռենիներին էին փարվում ծանրած ամպերը: Անձրևն անդադար թափվում ու թափվում էր դրանցից:
Ճանապարհներով արդեն անցնել չէր լինում, և հովիվներն այլևս հոտը արոտ չէին տանում:
Հովվի եղջերափողը լռել էր մինչև գարուն: Կատերինա Պետրովնայի համար ավելի էր դժվարացել ամեն օր վեր կենալն ու նույն բանը տեսնելը. սենյակները, որոնցում ծանրացած էր կրակի երես չտեսնող վառարանների մղձուկ հոտը, փոշու մեջ կորած «ԹպրՑվՌՍ ժՉՐՏտօ»-ն, սեղանի վրայի դեղնած գավաթները, վաղուց չմաքրված ինքնաեռն ու պատերի նկարները: Գուցե սենյակները շատ մռայլ էին, իսկ Կատերինա Պետրովնայի աչքերին արդեն սև ջուր էր իջել, կամ գուցե նկարներն էին խունացել ժամանակի ընթացքում, բայց դրանց վրա անհնար էր բան ջոկել: Կատերինա Պետրովնան միայն հիշողությամբ գիտեր, որ այ սա իր հոր դիմանկարն է, իսկ սա էլ՝ փոքրը, ոսկեգույն շրջանակովը, Կրամսկոյի նվերն է, նրա «Անծանոթուհու» էսքիզը: Կատերինա Պետրովնան իր ապրած երկար կյանքի օրերն էր քարշ տալիս հայտնի նկարիչ հոր կառուցած հին տանը:


Ծերության տարիներին նկարիչը Պետերբուրգից վերադարձել էր հայրենի գյուղ, ապրում էր հանգիստ և զբաղվում այգեգործությամբ: Արդեն չէր կարողանում նկարել. ձեռքը դողում էր, ասենք, տեսողությունն էլ այն չէր, աչքերը հաճախ ցավում էին:
Տունը, ինչպես Կատերինա Պետրովնան էր ասում, «հուշակառույց» էր: Գտնվում էր մարզային թանգարանի պահպանության ներքո: Բայց թե ինչ կլինի այդ տունը, երբ մեռնի ինքը՝ նրա վերջին բնակիչը, Կատերինա Պետրովնան չգիտեր: Իսկ գյուղում, Զաբորիե էր անունը, չկար մեկը, ում հետ կարելի լիներ խոսել նկարների մասին, պետերբուրգյան կյանքի, այն ամռան մասին, երբ Կատերինա Պետրովնան հոր հետ ապրում էր Փարիզում և տեսել էր Վիկտոր Հյուգոյի թաղումը:
Այդ մասին հո չե՞ս պատմի Մանյուշկային՝ գյուղի կոշկակար հարևանի դստերը, այն աղջնակին, որն ամեն օր վազելով գալիս էր՝ ջրհորից ջուր բերելու, հատակն ավլելու, ինքնաեռը վառելու:
Կատերինա Պետրովնան օգնության դիմաց մի օր Մանյուշկային մի զույգ շերտածալ ձեռնոց, ջայլամի փետուրներ, ուլունքազարդ սև բոլորագլխարկ նվիրեց:
-Ինչի՞ս են պետք սրանք,- խռպոտ հարցրեց Մանյուշկան` քիթը ֆսֆսացնելով:- Քրջամո՞լ եմ, ինչ է:
-Իսկ դու վաճառիր, սիրելիս,- շշուկով ասաց Կատերինա Պետրովնան: Մի տարի է, ինչ այնքան էր թուլացել, որ չէր կարողանում բարձր խոսել:- Վաճառիր:
-Կտամ հին շոր հավաքողին,- որոշեց Մանյուշկան ու ամենը հավաքեց գնաց:
Երբեմն մտնում էր հրշեջ կայանի պահակը՝ նիհար, շիկահեր Տիխոնը: Նա դեռ հիշում էր, թե ինչպես էր Կատերինա Պետրովնայի հայրը գալիս Պետերբուրգից, տուն սարքում, այգի գցում:
Տիխոնը երեխա էր դեռ այդ ժամանակ, բայց հարգանքը ծեր նկարչի հանդեպ պահպանեց ամբողջ կյանքում: Նայելով նրա նկարներին, բարձրաձայն հոգոց էր հանում.
-Արտակարգ աշխատանք է:
Տիխոնը հաճախ հենց այնպես էր հոգ տանում, խղճահարությունից, բայց, այնուամենայնիվ, օգնում էր տնտեսական գործերում. կտրում էր այգու չորացած ծառերը, սղոցում էր, ցախ ջարդում: Եվ ամեն անգամ դուրս գալիս կանգնում էր դռների միջև ու հարցնում էր.
-Ձեն-ձուն չկա՞, Կատերինա Պետրովնա, Նաստյան մի բան գրու՞մ է, թե՞ չէ:
Կատերինա Պետրովնան լռում էր բազմոցին կուչ եկած նստած, փոքրացած, և շարունակ ինչ-որ թղթեր էր ջոկջկում շիկավուն կաշվե պայուսակում: Տիխոնը քիթը երկար մաքրում, դոփում էր շեմին:
-Դե,- ասում էր նա, առանց պատասխան ստանալու,- ես, երևի, գնամ, Կատերինա Պետրովնա:
-Գնա, Տիշա,- մրմնջում էր Կատերինա Պետրովնան,- գնա, Աստված քեզ հետ:
Նա դուրս էր գնում, զգուշորեն ծածկելով դուռը, իսկ Կատերինա Պետրովնան սկսում էր անձայն արցունք քամել: Քամին սուլում էր պատուհաններից դուրս՝ մերկ ճյուղերի արանքում, թռցնում տանում էր վերջին տերևները: Կերոսինի լամպը պեծպեծում էր սեղանի վրա: Դա, կարծես, միակ կենդանի էակն էր լքված տանը, առանց այդ թույլ ճրագի Կատերինա Պետրովնան չէր էլ իմանա՝ ինչպես լուսացնի:


Գիշերներն արդեն երկարել էին, անքնության նման ծանրացել: Լուսաբացը ավելի ու ավելի էր դանդաղում, ավելի էր ուշանում ու դժկամորեն ծորում անլվա պատուհաններին, ուր շրջանակների արանքում դեռ անցած տարվանից բամբակին կպել մնացել էին երբեմնի դեղին աշնանային, իսկ հիմա փտած ու սևացած տերևները:
Նաստյան՝ Կատերինա Պետրովնայի դուստրն ու միակ հարազատը, ապրում էր հեռու, Լենինգրադում: Վերջին անգամ երեք տարի առաջ էր եկել: Կատերինա Պետրովնան գիտեր, որ Նաստյան հիմա իր՝ պառավի հավեսն ու ժամանակը չունի: Ջահելներն իրենց գործերն ունեն, իրենց անհասկանալի հետաքրքրությունները, իրենց երջանկությունը: Ավելի լավ է չխանգարես: Դրա համար էլ Կատերինա Պետրովնան շատ հազվադեպ էր գրում Նաստյային, բայց նրա մասին մտածում էր ամեն օր՝ տրորված բազմոցի ծայրին նստած այնքան լուռ, որ խաբված մուկը դուրս էր վազում վառարանի հետևից, կանգնում հետևի թաթիկների վրա ու քիթը տնկած երկար հոտոտում էր ծանր օդը:
Նաստյայից նամակ էլ չէր լինում, երկու-երեք ամիսը մեկ ժպտերես, ջահել փոստատար Վասիլին Կատերինա Պետրովնային երկու հարյուր ռուբլի փոխանցում էր բերում: Նա զգուշորեն պահում էր Կատերինա Պետրովնայի ձեռքը, երբ նա ստորագրում էր, որ սխալ տեղ չստորագրի:


Վասիլին գնում էր, իսկ Կատերինա Պետրովնան նստած էր մնում մոլորված, փողը ձեռքին: Հետո դնում էր ակնոցը և ընթերցում ու վերընթերցում փոստային փոխանցաթերթիկի վրայի մի քանի բառը: Միշտ նույն բառերն էին. գործերն այնքան շատ էին, որ ժամանակ չկար ոչ միայն գալու, այլև իսկական նամակ գրելու:
Կատերինա Պետրովնան զգուշորեն տնտղում էր փափուկ թղթադրամները: Նա ծերությունից մոռանում էր, որ դրանք այն փողերը չեն, որոնց դիպել էին Նաստյայի ձեռքերը, և նրան թվում էր, թե փողերից Նաստյայի օծանելիքի հոտն է գալիս:
Մի անգամ, հոկտեմբերի վերջին, գիշերը, ինչ-որ մեկը երկար թակում էր այգու խորքի, արդեն մի քանի տարի մեխված դռնակը: Կատերինա Պետրովնան անհանգստացավ, տաք շալը երկար փաթաթեց գլխին, հագավ հին վերարկուն, այդ տարվա մեջ առաջին անգամ դուրս եկավ տնից: Դանդաղ էր քայլում, խարխափելով: Սառը օդից գլխացավ սկսվեց: Մոռացված աստղերը խորաթափանց նայում էին ցած: Թափված տերևները խանգարում էին քայլելիս: Դռնակի մոտ Կատերինա Պետրովնան ցածրաձայն հարցրեց.
- Ո՞վ է:
Բայց ցանկապատի մյուս կողմից ոչ ոք չպատասխանեց:
- Երևի թվացել է,- մտածեց Կատերինա Պետրովնան ու հետ դարձավ:
Նա շնչահեղձ էր լինում, կանգ առավ հնամյա ծառի մոտ, մատների ծայրով բռնեց սառը, թաց ճյուղն ու ճանաչեց. թխկին էր: Ինքն էր տնկել վաղուց, դեռ թռվռան աղջիկ էր, իսկ հիմա կանգնած էր հողմածեծ, մրսած, ու՞ր պիտի փախչեր այդ անհյուրընկալ, քամոտ գիշերից:
Կատերինա Պետրովնայի մեղքը եկավ թխկին, շոշափեց խորդուբորդ բունը, դանդաղաքայլ հասավ տուն, ու նույն գիշեր նամակ գրեց Նաստյային:
«Իմ աննման աղջիկ,- գրում էր Կատերինա Պետրովնան: - Այս ձմեռը ես չեմ հանի: Գոնե մեկ օրով արի: Արի տեսնեմ երեսդ, բռնեմ ձեռքերդ: Ծերացել ու թուլացել եմ այնքան, որ ինձ համար դժվար է ոչ միայն քայլելը, այլև նստելն ու պառկելը, մահը մոռացել է իմ ճամփան: Այգին չորանում է, էլ առաջվանը չէ, ասենք, ես չեմ էլ տեսնում: Այս տարի աշունը վատն է: Այնքան ծանր է. ամբողջ կյանքը, կարծես, այնքան երկար չի եղել, որքան այս աշունը միայն»:
Մանյուշկան քիթը ֆսֆսացնելով նամակը փոստատուն տարավ, երկար չարչարվեց, որ ծրարը գցի փոստարկղը, ու մեջն էր նայում՝ տեսնելու, թե ինչ կա այնտեղ: Բայց ներսում ոչինչ չէր երևում, միայն թիթեղյա դատարկություն էր:

Նաստյան աշխատում էր որպես նկարիչների միության քարտուղար: Գործը շատ էր: Ցուցահանդեսների, մրցույթների կազմակերպում. և այդ ամենը նրա ձեռքով էր անցնում:
Կատերինա Պետրովնայի նամակը Նաստյան ստացավ աշխատավայրում: Առանց կարդալու դրեց պայուսակը. որոշեց, որ աշխատանքից հետո կկարդա: Կատերինա Պետրովնայի նամակները Նաստյայի հոգում թեթևության զգացում էին առաջացնում. եթե մայրը գրում է, ուրեմն ողջ է: Բայց միաժամանակ դրանցից մի խուլ անհանգստություն էր սկսվում, ամեն նամակն ասես լուռ հանդիմանություն լիներ:


Աշխատանքից հետո Նաստյան պետք է գնար երիտասարդ քանդակագործ Տիմոֆեևի արվեստանոց՝ տեսնելու, թե ինչպես է ապրում, որ այդ մասին զեկուցեր միության վարչություն: Տիմոֆեևը գանգատվում էր արվեստանոցի ցրտից և առհասարակ, որ իրեն ճնշում են ու չեն թողնում բացվի: Սանդղահարթակներից մեկում Նաստյան հանեց հայելին, դիմափոշի արեց ու քթի տակ ծիծաղեց. հիմա ինքն իրեն դուր էր գալիս: Նկարիչները նրան Սոլվեյգ էին անվանում՝ խարտյաշ մազերի ու խոշոր սառը աչքերի համար:
Դուռը բացեց Տիմոֆեևն ինքը. փոքրամարմին, վճռական, չարացած: Նա վերարկուով էր: Վզին մի մեծ շարֆ էր փաթաթել, իսկ ոտքերին Նաստյան կնոջ նրբաթաղիքե երկարաճիտք կոշիկներ նկատեց:
-Մի հանվեք,- քրթմնջաց Տիմոֆեևը,- թե չէ կմրսեք: Խնդրեմ:
Նա Նաստյային տարավ մութ միջանցքով, մի քանի աստիճան վեր բարձրացավ ու բացեց արվեստանոցի նեղ դուռը: Արվեստանոցից ծխահոտ էր գալիս: Հատակին՝ խոնավ կավով լի տակառի մոտ, նավթավառ էր վառվում: Դազգահների վրա թաց լաթերով փաթաթված քանդակներ էին: Լայն պատուհանից դուրս շեղակի ձյուն էր խփում, մշուշում Նևան, հալվում նրա մութ ջրերում: Քամին սուլում էր շրջանակների արանքներում ու հատակին շպրտում հին լրագրերը:
-Աստված իմ, ինչ ցուրտ է,- ասաց Նաստյան, և թվաց, թե արվեստանոցն ավելի է ցրտում մարմարե ճերմակ հարթաքանդակներից, որոնք անկանոն կախված էին պատերին:
-Ահա, հիացեք,- ասաց Տիմոֆեևը, Նաստյային մոտեցնելով կավոտ բազկաթոռը:- Չեմ հասկանում, ես ինչպե՞ս դեռ շունչս չեմ փչել էս որջում: Իսկ Պերշինի արհեստանոցում կալորիֆերները տաքություն են փչում, ոնց որ Սահարայից:
-Դուք չե՞ք սիրում Պերշինին,- զգուշորեն հարցրեց Նաստյան:
-Լպիրշ մարդ է,- զայրացած ասաց Տիմոֆեևը:- Արհեստավոր: Նրա ֆիգուրների ուսերն ասես վերարկուի կախիչներ լինեն: Նրա կոլտնտեսուհին քշտած գոգնոցով քարե ջադուի է նման: Նրա բանվորը՝ նեանդերթալյան մարդու: Փայտե թիակով է ծեփում: Իսկ խորամա՜նկ է, սիրելիս, խորամանկ է կարդինալի նման:
-Ցույց տվեք ինձ ձեր Գոգոլը,- խնդրեց Նաստյան խոսակցությունը փոխելու համար:
-Անցեք,- խոժոռ հրամայեց քանդակագործը:- Չէ, էդտեղ չէ: Ա՜յ, էն անկյուն: Էսպես:
Նա քանդակներից մեկի վրայից վերցրեց խոնավ լաթերը, ուշադիր զննեց բոլոր կողմերից, նավթավառի մոտ պպզեց՝ տաքացնելով ձեռքերը, և ասաց.
-Ահա նա՝ Նիկոլայ Վասիլևիչը, հիմա արդեն խնդրեմ:
Նաստյան ցնցվեց: Ծաղրանքով, ասես իր ամբողջ էությանը ծանոթ, իրեն էր նայում կոր մեջքով սրաքիթ մի մարդ: Նաստյան տեսնում էր, թե նրա քունքին ինչպես է բաբախում բարակ սկլերոտիկ երակը:
«Իսկ նամակը, ախր, առանց բացելու, պայուսակում է,- կարծես ասում էին Գոգոլի շամփրող աչքերը:- Էխ, դու՜, չաչանակի մեկը»:
-Դե, ի՞նչ կասեք,- քննախույզ հարցրեց Տիմոֆեևը,- լուրջ մարդ է, հա՞:
-Հիանալի է,- դժվարությամբ արտասանեց Նաստյան:- Սա իրոք հրաշալի է:
Տիմոֆեևը դառնորեն ծիծաղեց:
-Հրաշալի է,- կրկնեց նա:- Բոլորն ասում են՝ հրաշալի է: Ե՛վ Պերշինը, և՛ Մատյաշչը, և՛ տարբեր կոմիտեների հազարումի գիտակներ: Բայց ի՞նչ օգուտ: Էստեղ հրաշալի է, իսկ էնտեղ, որտեղ որոշվում է իմ, որպես քանդակագործի, ճակատագիրը, նույն Պերշինը քթի տակ անորոշ քրթմնջում է, ու պատրա՜ստ է:
Իսկ եթե Պերշինը մռլտացել է, ուրեմն վերջ... Անքուն գիշերներ ես լուսացնում,- բղավեց Տիմոֆեևն ու ոտքերը թփթփացնելով սկսեց չափչփել արվեստանոցը:- Թաց կավից ձեռներդ ռևմատիզմ են ընկնում: Երեք տարի կարդում ես Գոգոլի մասին եղած ամեն մի բառը: Խոզի մռութներ են երազիդ գալիս:
Տիմոֆեևը սեղանի վրայից վերցրեց գրքերի մի կույտ, օդում թափահարեց և ուժով հետ նետեց: Սեղանից գիպսի փոշու ամպ բարձրացավ:
-Սրանք բոլորը Գոգոլի մասին են,- ասաց նա ու հանկարծ խաղաղվեց:- Ի՞նչ: Ես կարծես ձեզ վախեցրի՞: Ներեցեք, սիրելիս, բայց, Աստված վկա, պատրաստ եմ կռիվ անելու:
-Դե, ուրեմն, կռվենք,- ասաց Նաստյան ու ոտքի ելավ:
Տիմոֆեևը ամուր սեղմեց նրա ձեռքը, և նա գնաց այն հաստատ համոզմամբ, որ այդ տաղանդավոր մարդուն ամեն գնով կազատի անհայտության ճիրաններից:
Նաստյան վերադարձավ նկարիչների միություն, մտավ նախագահի մոտ ու երկար խոսում էր նրա հետ, տաքանում, ապացուցում, որ հարկավոր է անմիջապես Տիմոֆեևի աշխատանքների ցուցահանդես կազմակերպել: Նախագահը մատիտով թակում էր սեղանը, երկար ինչ-որ բան գցում-բռնում և ի վերջո համաձայնեց:
Նաստյան գնաց տուն՝ Մոյկայի մերձակա իր հնամյա, ծեփածո, ոսկերիզ առաստաղով բնակարան, ու միայն այնտեղ կարդաց Կատերինա Պետրովնայի նամակը:
-Ո՞նց եմ հիմա գնում, - ասաց նա ու ոտքի ելավ,- էստեղից պոկվե՞լ կլինի:


Նա սկսեց մտաբերել լեփ-լեցուն վագոնները, տեղափոխությունը նեղուղի գնացք, սայլի ցնցումները, չորացած այգին, մայրական անխուսափելի արցունքները, գյուղական օրերի տանջալի, որևէ մխիթարանքից զուրկ ձանձրույթը և նամակը դրեց գրասեղանի դարակը:
Երկու շաբաթ Նաստյան զբաղված էր Տիմոֆեևի ցուցահանդեսի կազմակերպման գործերով: Այդ ընթացքում մի քանի անգամ գժտվեց ու հաշտվեց ամբարիշտ քանդակագործի հետ: Տիմոֆեևն իր աշխատանքները ցուցահանդես էր ուղարկում այնպիսի տեսքով, ասես դրանք ոչնչացման դատապարտեր:
-Ձեզ ոչինչ չի հաջողվի, թանկագինս,- չարախնդությամբ ասում էր նա Նաստյային, կարծես վերջինս կազմակերպում էր ոչ թե իր՝ Տիմոֆեևի, այլ սեփական ցուցահանդեսը:- Զուր եմ ես էլ ժամանակ վատնում, ազնիվ խոսք:
Նաստյան սկզբում հուսահատության մեջ էր ընկնում ու նեղանում էր, մինչև հասկացավ, որ այդ բոլոր քմայքները խոցված հպարտությունից են, որ դրանք շինծու են, ու հոգու խորքում Տիմոֆեևը շատ ուրախ է իր ապագա ցուցահանդեսի համար:
Ցուցահանդեսը բացվեց երեկոյան: Տիմոֆեևը բարկանում էր և ասում, որ չի կարելի քանդակը դիտել էլեկտրական լույսի տակ:
-Անկենդան լույս է,- մռթմռթում էր նա:- Անտանելի տաղտկություն: Անգամ նավթն ավելի լավ է:
-Ձեզ ի՞նչ լույս է պետք, անտանելի տիպ,- բռնկվեց Նաստյան:
-Մոմե՜ր են պետք: Մոմե՜ր,- տանջալից ճչաց Տիմոֆեևը:- Ինչպե՞ս կարելի է Գոգոլին դնել էլեկտրական լամպի տակ: Անհեթեթություն է:
Բացմանը ներկա էին քանդակագործներ, նկարիչներ: Անտեղյակ մեկը, լսելով քանդակագործների խոսակցությունները, միշտ չէ, որ կարող էր գուշակել՝ նրանք գովու՞մ էին Տիմոֆեևի աշխատանքները, թե՞ փնովում: Բայց Տիմոֆեևը հասկանում էր, որ ցուցահանդեսը հաջողվել է:
Ալեհեր եռանդուն մի նկարիչ մոտեցավ Նաստյային ու թփթփացրեց թևին.
-Շնորհակալ եմ: Լսել եմ, որ Դուք եք Տիմոֆեևին արևերես հանել: Հիանալի բան եք արել: Թե չէ մեզանում, գիտեք, շատ են արվեստագետի հանդեպ ուշադրության, հոգատարության ու սրտացավության մասին շատախոսությունները, բայց հենց բանը գործին է հասնում, հանդիպում ես դատարկ աչքերի: Մեկ անգամ ևս շնորհակալ եմ:


Սկսվեց քննարկումը: Շատ խոսեցին, գովեցին, տաքացան, և մարդու նկատմամբ, երիտասարդ, հանիրավի մոռացված քանդակագործի նկատմամբ ուշադրության մասին ծեր նկարչի արտահայտած միտքը կրկնվում էր ամեն ելույթում:
Տիմոֆեևը նստել էր խոժոռ, աչքերը հատակին հառած, բայց, այնուամենայնիվ, աչքի պոչով հետևում էր ելույթ ունեցողներին, չգիտեր՝ հավատա՞ նրանց, թե՞ դեռ շուտ է:
Դռների մեջ երևաց միության ցրիչը՝ բարի ու միամիտ Դաշան: Նա Նաստյային ինչ-որ նշաններ արեց: Նաստյան մոտեցավ նրան, և Դաշան, քթի տակ խնդալով, նրան մի հեռագիր մեկնեց:
Նաստյան վերադարձավ իր տեղը, աննկատելիորեն բացեց հեռագիրը ու ոչինչ չհասկացավ.
«Կատյան մեռնում է: Տիխոն»:
«Ի՞նչ Կատյա,- շվարած մտածում էր Նաստյան:- Տիխոնն ո՞վ է: Երևի սա իմը չէ»: Նայեց հասցեն. չէ, հեռագիրն իրեն է ուղղված: Դրանից հետո միայն նկատեց թղթե ժապավենի վրայի հազիվ նշմարելի տպագիր տառերը. «Զաբորիե»:

Նաստյան ճմռթեց հեռագիրն ու մռայլվեց: Ելույթ էր ունենում Պերշինը:
-Մեր օրերին,- օրորվելով ու ակնոցը բռնելով ասում էր նա,- մարդու հանդեպ հոգատարությունը դառնում է այն հիանալի իրողությունը, որն օգնում է մեզ աճելու և աշխատելու: Ես երջանիկ եմ մեր միջավայրում, քանդակագործների ու նկարիչների միջավայրում նշելու այդ հոգածության դրսևորումը: Ես խոսում եմ ընկեր Տիմոֆեևի աշխատանքների ցուցահանդեսի մասին: Այս ցուցահանդեսի համար մենք ամբողջովին պարտական ենք, թող չնեղանա մեր ղեկավարությունը, միության շարքային աշխատակցուհիներից մեկին՝ մեր սիրելի Անաստասիա Սեմյոնովնային:
Պերշինը գլուխ տվեց Նաստյային, ու բոլորը ծափահարեցին: Երկար ծափահարեցին: Նաստյան շփոթվել էր արտասվելու աստիճանի:
Ինչ-որ մեկը թիկունքից դիպավ թևին: Դա ծեր, եռանդուն նկարիչն էր:
-Ի՞նչ է,- հարցրեց նա շշուկով և աչքերով ցույց տվեց Նաստյայի ձեռքի ճմլտված հեռագիրը:- Հո վատ բան չի՞ եղել:
-Չէ,- պատասխանեց Նաստյան:- Էնպես... Մի ծանոթից է...
-Ըհը,- մրմնջաց ծերունին ու նորից սկսեց լսել Պերշինին:
Բոլորը նայում էին Պերշինին, բայց ինչ-որ մեկի հայացքը՝ ծանր ու շամփրող, Նաստյան շարունակ զգում էր իր վրա և վախենում էր բարձրացնել գլուխը: «Ո՞վ կարող է լինել,- մտածում էր նա:- Մի՞թե ինչ-որ մեկը գլխի է ընկել: Ինչ հիմար վիճակ է»:- Նորից նյարդերը լարվեցին: Նա դժվարությամբ բարձրացրեց աչքերը ու անմիջապես էլ փախցրեց հայացքը. Գոգոլն էր քմծիծաղով իրեն նայում: Նրա քունքին կարծես ծանր տրոփում էր բարակ սկլերոտիկ երակը: Նաստյային թվաց, թե Գոգոլը սեղմված ատամների արանքից ցածրաձայն ասաց. «Է՜խ, դու՜»:


Նաստյան արագ ոտքի ելավ, դուրս եկավ, շտապով հագնվեց ներքևում ու դուրս վազեց: Անձրևախառը ձյուն էր տեղում: Իսակիևյան տաճարի վրա գորշ սառցաշերտ էր բռնել: Մթնդած երկինքը ավելի ու ավելի էր ծանրանում քաղաքի վրա, Նաստյայի վրա, Նևայի վրա:
«Իմ աննման աղջիկ»,- հիշեց Նաստյան վերջերս ստացած նամակը,- «Աննմա՜ն»:
Նաստյան ծովակալության շենքի մերձակա պուրակում նստեց նստարանին ու սկսեց դառնորեն լաց լինել: Ձյունը հալվում էր դեմքին, խառնվելով արցունքներին:
Նաստյան սրսփաց ցրտից ու հանկարծ հասկացավ, որ ոչ ոք իրեն այնպես չի սիրել, ինչպես այս զառամյալ, այնտեղ, տխուր Զաբորիեում բոլորից լքված ծեր կինը:
«ՈՒշ է, ես այլևս չեմ տեսնի մայրիկիս»,- ինքնիրեն ասաց նա և հիշեց, որ վերջին տարվա ընթացքում ինքն առաջին անգամ է արտասանում այդ մանկական քնքուշ բառը՝ «մայրիկ»:
Նա տեղից վեր թռավ, արագ քայլեց դեմքը ծեծող ձյանն ընդառաջ:
«Ի՞նչ ես անում, մամ: Ի՞նչ,- մտածում էր նա, ու շուրջը չէր տեսնում ոչինչ:- Մամա՜: Ինչպես կարող էր այսպիսի բան լինել: Ախր ես կյանքում ուրիշ ոչ ոք չունեմ, ավելի հարազատ մեկը չկա ու չի լինի: Միայն թե հասցնե՜մ, միայն թե նա ինձ տեսնի՜, միայն թե ների՜»:
Նաստյան դուրս եկավ Նևսկի պողոտա, երկաթուղու քաղաքային կայարանի մոտ:
Նա ուշացել էր: Արդեն տոմս չկար:
Նաստյան կանգնել էր տոմսարկղի մոտ, շուրթերը դողում էին, խոսել չէր կարողանում, զգալով, որ եթե մի բառ անգամ արտասանի, հեկեկոցը կխեղդի իրեն:
Ակնոցավոր տարեց տոմսավաճառուհին նայեց նեղլիկ պատուհանից.
-Ի՞նչ է Ձեզ հետ կատարվում, քաղաքացուհի,- դժգոհ հարցրեց նա:
-Ոչինչ,- պատասխանեց Նաստյան:- Իմ մայրը...- Նաստյան շուռ եկավ ու արագ գնաց ելքի կողմը:
-ՈՒ՞ր եք գնում,- կանչեց տոմսավաճառուհին:- Միանգամից պիտի ասեիք: Մի րոպե սպասեք:
Նույն երեկո էլ Նաստյան մեկնեց: Ամբողջ ճանապարհին նրան թվում էր, թե «Կարմիր նետը» հազիվ է քարշ գալիս, մինչդեռ գնացքը սրընթաց սլանում էր գիշերային անտառների միջով՝ դրանք պարուրելով շոգիով ու խլացնելով երկարաձիգ շչակով:

...Տիխոնը մտավ փոստատուն, փսփսաց փոստատար Վասիլիի հետ, նրանից հեռագրի մի բլանկ վերցրեց, շուռումուռ տվեց և, թևքով սրբելով բեղերը, սկսեց ծուռտիկ-մուռտիկ տառերով երկար ինչ-որ բան գրել բլանկի վրա: Հետո զգուշորեն ծալեց բլանկը, դրեց գլխարկի մեջ ու ոտքերը քարշ տալով գնաց Կատերինա Պետրովնայի տան կողմը:
Կատերինա Պետրովնան արդեն տասներորդ օրն էր՝ անկողնուց չէր ելնում: Ոչ մի տեղը չէր ցավում, բայց անասելի մի թուլություն էր իջել կրծքին, գլխին, ոտքերին ու դժվարացել էր շնչելը:


Մանյուշկան վեցերորդ օրն էր՝ չէր հեռանում Կատերինա Պետրովնայից: Գիշերը նա, առանց հանվելու, քնում էր տրորված բազմոցին: Երբեմն Մանյուշկային թվում էր, թե Կատերինա Պետրովնան չի շնչում: Այդ ժամանակ նա սկսում էր վախեցած դժգոհել ու կանչում էր. ո՞ղջ ես:
Կատերինա Պետրովնան վերմակի տակից շարժում էր ձեռքը, և Մանյուշկան հանգստանում էր:
Սենյակների անկյուններում վաղ առավոտից նոյեմբերյան մթություն էր տիրում, բայց տաք էր: Մանյուշկան վառել էր վառարանը: Երբ ուրախ կրակը լուսավորում էր գերանաշար պատերը, Կատերինա Պետրովնան թեթևացած շունչ էր քաշում. կրակից սենյակը դառնում էր հանգստավետ, ապրելու համար հարմար, ինչպիսին էր վաղեմի ժամանակներում, երբ դեռ Նաստյան այստեղ էր: Կատերինա Պետրովնան փակում էր աչքերը, և նրանցից գլորվում, դեղնած քունքի վրայով ցած էր սահում ու ճերմակ մազերին խառնվում արցունքի մի հատիկ կաթիլ:
Տիխոնը եկավ: Նա հազում էր, քիթն էր սրբում, ու, երևի, անհանգիստ էր:
-Ի՞նչ է Տիշա,- անուժ հարցրեց Կատերինա Պետրովնան:
-Ցրտել է, Կատերինա Պետրովնա,- առույգ ասաց Տիխոնը և անհանգստությամբ նայեց իր գլխարկին:- ՈՒր որ է ձյուն կգա: Լավ կլինի: Ճամփեքը կսառեն, ուրեմն նա էլ կկարողանա գալ:
-Ո՞վ,- Կատերինա Պետրովնան բացեց աչքերն ու վտիտ ձեռքով սկսեց տենդագին շոյել վերմակը:
-Դե, էլ ո՞վ, Նաստասյա Սեմյոնովնան, իհարկե,- պատասխանեց Տիխոնը ծուռ ժպիտով, և գլխարկի միջից հանեց հեռագիրը:- Բա էլ ո՞վ:
Կատերինա Պետրովնան ուզեց բարձրանալ, բայց չկարողացավ, նորից ընկավ բարձին:
-Ահա,- ասաց Տիխոնը, զգուշորեն բացեց հեռագիրն ու մեկնեց Կատերինա Պետրովնային:
Բայց Կատերինա Պետրովնան չվերցրեց, այլ նույն աղերսալի հայացքով շարունակեց նայել Տիխոնին:
-Կարդա,- խռպոտ ասաց Մանյուշկան:- Տատն արդեն կարդալ չի կարողանում: Աչքերը թուլացել են:
Տիխոնը վախեցած շուրջը նայեց, օձիքն ուղղեց, սղալեց նոսր խարտյաշ մազերն ու խուլ, անվստահ ձայնով կարդաց. «Գալիս եմ, դուրս եմ եկել: Մնամ միշտ ձեզ սիրող աղջիկ Նաստյա»:
-Պետք չէ, Տիշա,- ցածրաձայն ասաց Կատերինա Պետրովնան:- Պետք չէ, սիրելիս: Աստված քեզ հետ լինի: Շնորհակալ եմ բարի խոսքերի, գորովանքի համար:
Կատերինա Պետրովնան դժվարությամբ շուռ եկավ դեպի պատը, հետո կարծես քնեց:
Տիխոնը նստել էր ցուրտ նախասենյակի փոքրիկ նստարանին, գլուխը կախ ծխում էր, թքում ու հոգոց էր հանում, մինչև դուրս եկավ Մանյուշկան և նշան արեց, որ Կատերինա Պետրովնայի սենյակ մտնի:


Տիխոնը ոտքերի մատների վրա մտավ ներս և ամբողջ ափով տրորեց դեմքը: Կատերինա Պետրովնան պառկած էր գունատ, մի բուռ դարձած, ասես անխռով քնած լիներ:
-Չդիմացա՜վ,- քթի տակ մռմռաց Տիխոնը:- Է՜խ, դառը բա՜խտ, չգրված-չլսված տառապա՜նք: Իսկ դու տես, հա՜, հիմար աղջիկ,- բարկացած ասաց նա Մանյուշկային,- բարության դիմաց բարություն տուր, դատարկ մի եղիր... Նստիր էստեղ, ես վազեմ գյուղխորհուրդ, զեկուցեմ:
Նա գնաց, իսկ Մանյուշկան ծնկները գրկած նստել էր աթոռին, դողում էր ու աչքը չէր կարողանում կտրել Կատերինա Պետրովնայից:
Կատերինա Պետրովնային թաղեցին հաջորդ օրը: Ցրտել էր: Բարակ ձյուն էր դրել: Օրը ճերմակել էր, իսկ երկինքը չոր, լուսավոր, բայց մի տեսակ մոխրագույն էր, ասես վերևում մաքուր լվացված, սառած կտավ քաշած լինեին: Հեռվում, գետի մյուս ափին, թխագորշ աղավնիներ էին թառել: Նրանցից առաջին ցրտերն առած ուռենու կեղևի սուր ու անուշ հոտ էր տարածվում:
Թաղմանը եկել էին պառավ կանայք ու երեխաներ: Դագաղը տանում էին Տիխոնը, Վասիլին և երկու Մալյավին եղբայրները՝ ասես մաքուր խծուծագնդով պատած ծերուկներ: Մանյուշկան ու եղբայրը՝ Վոլոդկան, դագաղի կափարիչն էին տանում և անթարթ առաջ էին նայում:
Գերեզմանոցը գյուղից դուրս էր, գետի մոտ: Այնտեղ բարձր, քարաքոսից դեղնած ուռենիներ էին աճում:
Ճանապարհին հանդիպեց ուսուցչուհին: Նա վերջերս էր եկել մարզային մի քաղաքից և Զաբորիեում դեռ ոչ ոքի չէր ճանաչում:
-Դասատուն է գալիս, դասատուն, - շշնջացին տղաները:
ՈՒսուցչուհին շատ ջահել էր, ամաչկոտ, գորշաչ մի աղջնակ: Նա տեսավ թափորն ու երկչոտ կանգ առավ, վախվորած նայեց դագաղի միջի փոքրամարմին ծեր կնոջը: Կնոջ դեմքին իջնում էին ծակող փաթիլները ու չէին հալվում: Այնտեղ՝ մարզային քաղաքում, ուսուցչուհին մայր ուներ, հենց այսպես փոքրամարմին, միշտ դստեր հոգսերով տարված և հենց այսպես էլ լրիվ ալեհեր:
ՈՒսուցչուհին մի քիչ կանգնած մնաց, ապա դանդաղ քայլեց դագաղի հետևից: Պառավները նայում էին նրան, շշնջում, թե ինչ խելոք աղջիկ է ու նրա համար սկզբնական շրջանում դժվար կլինի երեխաների հետ, ախր նրանք Զաբորիեում շատ ինքնագլուխ ու չար են:
ՈՒսուցչուհին վերջապես համարձակություն հավաքեց ու հարցրեց պառավներից մեկին՝ Մատրյոնա տատին.
-Երևի միայնակ է եղել այս տատիկը, հա՞:
-Է՜, սիրելի՜ս,- անմիջապես տուտը բռնեց Մատրյոնան,- համարիր, թե լրի՜վ միայնակ էր: Եվ էնքա՜ն բարի էր, էնքա՜ն զգայուն: Պատահում էր՝ անընդհատ նստում ու նստում էր մենակ, բազմոցի վրա, չկար մեկը, որ բառ փոխանակեր հետը: Շա՜տ մեղք էր: Լենինգրադում աղջիկ ունի, նա էլ երևի շատ բարձր է թռել: Էդպես էլ մեռավ մարդկանցից, ազգականներից մոռացված:


Գերեզմանոցում դագաղը դրեցին նոր փորված փոսի մոտ: Ծեր կանայք խոնարհվում էին դագաղին, մուգ ձեռքերը դիպցնում հողին: ՈՒսուցչուհին մոտեցավ դագաղին, կռացավ ու համբուրեց Կատերինա Պետրովնայի ցամքած դեղին ձեռքը: Ապա արագ ուղղվեց, շուռ եկավ ու գնաց քանդված աղյուսե պարսպի կողմը:
Պարսպից այն կողմ, թեթև սորուն ձյան տակ փռված էր սիրասուն, փոքր-ինչ տխուր, հարազատ հողը:
ՈՒսուցչուհին երկար նայում, լսում էր իր թիկունքում փսփսացող ծերունիների խոսքերը, դագաղի կափարիչի վրա լցվող հողի ձայնը ու հեռու բակերում քուջուջ անող աքաղաղների բազմաձայն կանչը. պարզ օրեր, թեթև ցրտեր, ձմեռային լռություն էին կանխատեսում:
Նաստյան Զաբորիե հասավ թաղման հաջորդ օրը: Նա գտավ մի թարմ շիրմաթումբ գերեզմանոցում, որի վրայի հողը գունդ-գունդ սառել էր, և Կատերինա Պետրովնայի ցուրտ ու խավար սենյակը, որտեղից կյանքն ասես վաղու՜ց, շատ վաղուց էր հեռացել:
Այդ սենյակում Նաստյան լաց եղավ ամբողջ գիշեր, մինչև որ պատուհաններից դուրս սկսեց կապտել պղտոր ու ծանր առավոտը:


Նաստյան Զաբորիեից գնաց գաղտագողի, ձգտելով, որ իրեն ոչ ոք չտեսնի և հարցուփորձ չանի: Նրան թվում էր, թե Կատերինա Պետրովնայից բացի ուրիշ ոչ ոք չէր կարող թոթափել անուղղելի մեղքի, անտանելի ցավի ծանրությունը:


Թարգմանությունը՝
Ֆելիքս ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 150812

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ