38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-5

Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-5
03.10.2024 | 20:09

(սկիզբը` այստեղ)

ԱՄՆ- ի նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը մերձավորարևելյան ներկայիս հակամարտությունը պատերազմ է անվանել, և նրա խոսքում չկա որևէ չափազանցություն:

Իրանական հրթիռները երեկ պատմության մեջ երկրորդ անգամ ուղիղ հարված են հասցել են Իսրայելին, ինչն ապրիլից ի վեր, կես տարվա ընթացքում արդեն երկրորդ ուղիղ հարվածն է իսրայելական թիրախներին: Ապրիլին հնարավոր եղավ լուրջ էսկալացիա թույլ չտալ, խուսափել մերձավորարևելյան մեծ պատերազմից, ինչն այս անգամ դժվար թե հնարավոր լինի: Ապրիլի 14- ի գիշերն ավելի քան 300 հրթիռի և ԱԹՍ- ների օգտագործմամբ Իրանի գրոհը Դամասկոսին ապրիլի 1- ին Իսրայելի հասցրած և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի ԶՈւ էլիտար զորամասեր) յոթ սպաների կյանք խլած ավիահարվածի պատասխանն էր:

Իրանը երեկ երեկոյան հարյուրավոր հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ: Օդային տագնապ է հայտարարվել հրեական պետության ողջ տարածքում։ Իսրայելի «պաշտպանության բանակ» (ՑԱՀԱԼ) կոչվածը բնակիչներին կոչ է արել մնալ թաքստոցներում, քանի դեռ հնչում են տագնապի ազդանշանները: Մոսկվայի ժամանակով 20: 30-ին ՑԱՀԱԼ- ը հայտարարել է, որ բնակիչները կարող են լքել ապաստարանները, քանի որ բանակը նոր հարվածների մասին տեղեկություն չունի:

Ինչպես նշել են ՄԱԿ- ում Իրանի մշտական ներկայացուցչությունում, հարձակումը Թեհրանի շահերի դեմ հրեական պետության գործողությունների օրինական պատասխանն է: ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը հարձակման ավարտից հետո հայտարարել է, որ Թեհրանի «օրինական, ռացիոնալ և լեգիտիմ» պատասխանը «պատշաճ կերպով իրականացվել է»:

ԻՀՊԿ հաղորդագրության մեջ, որը մեջբերել է «Tasnim» գործակալությունը, նշված է, որ իսրայելական ռազմական օբյեկտների վրա հարձակումը պատասխանն է «Հըզբոլահ»- ի առաջնորդ Հասան Նասրալայի, ԻՀՊԿ հրամանատարի օպերատիվ գծով տեղակալ, հատուկ նշանակության «Քուդս» ստորաբաժանման հրամանատար, բրիգադի գեներալ Աբաս Նիլֆորուշանի և Թեհրանում գտնվող իր տանը ՀԱՄԱՍ- ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի նահատակության, որոնցից առաջին երկուսը զոհվել են իսրայելական օդուժի կողմից սեպտեմբերի 27-ին Բեյրութում «Հըզբոլահ»- ի գլխավոր շտաբի ռմբակոծության հետևանքով:

Թեև ՑԱՀԱԼ- ի մամուլի քարտուղար Դանիել Հագարին, Արծրունի նման ստելով, հայտնել է, որ «հակաօդային պաշտպանության համակարգը լիովին աշխատունակ է, հայտնաբերում և որսում է սպառնալիքներն ամենուր, որտեղ դա անհրաժեշտ է», սակայն իրականությունը բոլորովին այլ է: Այլևս չկարողանալով թաքցնել ճշմարտությունը, Հագարին ավելի ուշ հայտարարել է, որ հրթիռները խոցվել են, բայց «հարվածներ էլ են եղել»:

Նույնիսկ այն պարագայում, երբ ամերիկացի զինվորականները, Բայդենի հանձնարարությամբ, օգնել են իսրայելական ուժերին Իրանի հարձակումը հետ մղելու, իրանական հրթիռները խոցելու գործում, նրանց հաջողվել է ոչնչացնել արձակված հրթիռների սոսկ մի մասը:

«Reuters» գործակալությունը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել է, որ Իսրայելի ուղղությամբ հրթիռներ արձակելու հրամանը տվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին, որն այժմ գտնվում է անվտանգ վայրում: Իրանն ու Հորդանանը փակել են իրենց օդային տարածքը:

Ներկայիս հրթիռային զանգվածային հարվածի մասշտաբը և հետևանքները դեռ լիովին պարզ չեն: Իսրայելական ԶԼՄ- ներից «Едиот ахронот»- ը գրել է, որ Իսրայելի ուղղությամբ մոտ 100 հրթիռ է արձակվել։ Դարձյալ իսրայելական մեկ այլ լրատվամիջոց՝ «The Jerusalem Post»- ը, ավելի ուշ հաղորդել է 500 հրթիռների մասին։ Ավելի ուշ պարբերականը հստակեցրել է, որ արձակվել է 181 հրթիռ։

ԻՀՊԿ- ը հայտարարել է, որ «կործանարար հրթիռային հարվածի» թիրախը եղել են կարևոր ռազմական և հետախուզական օբյեկտները (առանց հստակեցնելու, թե որոշակի որ օբյեկտների մասին է խոսքը): Իրանական «Շաֆաքնա» գործակալությունը պնդում է, որ ոչնչացվել է Իսրայելի ռազմաօդային ուժերի ավելի քան 20 F- 35 կործանիչ- ռմբակոծիչ (ամերիկյան արտադրության, 5- րդ սերնդի): Ըստ իրանական FARS լրատվական գործակալության աղբյուրի, թիրախներին հասել է հրթիռների մոտ 80 տոկոսը։ Իրանական IRIB հեռուստաալիքը հայտարարել է, որ ԻՀՊԿ- ն առաջին անգամ հիպերձայնային հրթիռներ է օգտագործել:

Իսրայելական ԶԼՄ- ներից «Ynet»- ի տվյալներով՝ ուղիղ հարված է գրանցվել Թել Ավիվի հյուսիսում գտնվող շենքին, պայթյունների մասին հաղորդումներ են ստացվել երկրի հարավում գտնվող Նեգև և Իսրայելի կենտրոնական մասում գտնվող Շարոն շրջաններից: Իսրայելական մեկ այլ լրատվամիջոց՝ «Jerusalem Post»- ը, գրել է Դիմոնա, Նաբատիմ, Հորա, Հոդ Հաշարոն, Բերշևա, Ռիշոն լե Ցիոն բնակավայրերում տեղի ունեցած պայթյունների մասին:

Իսրայելի ԱԳՆ- ն տեղի ունեցածը խաղաղ բնակչության վրա աննախադեպ հարձակում է անվանել։ ՑԱՀԱԼ- ը խոստացել է, որ այդ հարձակումը «հետևանքներ կունենա»։

«Մենք ծրագրեր ունենք,- ասել է Դանիել Հագարին։- Մենք կգործենք այն ժամանակ և այնտեղ, որտեղ անհրաժեշտ կլինի»։

Ցինիզմով, լկտիությամբ էլ հայտարարել են, որ իրենք ծրագրեր ունեն… Այո, ունեն, Իրանին պատերազմի մեջ ներքաշելու և մերձավորարևելյան մեծ պատերազմ սանձազերծելու ծրագիր վաղուց ունեն, ինչի մասին գրում ենք արդեն տևական ժամանակ: Իր հենց այդ նպատակներին հասնելու համար հրեական պետության սիոնիստական վարչակարգը հետևողականորեն իրականացրեց և իրականացնում է լավ մշակված ու պլանավորած սադրանքների մի ամբողջ շարք, որոնց թվում են նաև Հասան Նասրալայի, Աբաս Նիլֆորուշանի և ՀԱՄԱՍ- ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանությունները, «Հըզբոլահ»- ի ոչնչացման նպատակով հոկտեմբերի 1- ին ՑԱՀԱԼ- ի ներխուժումը Լիբանան…

Այս առումով հարկ է նշել նաև, որ Հասան Նասրալան ոչ միայն «Հըզբոլահ»- ի առաջնորդն էր, այլև Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի պաշտոնական ներկայացուցիչը Լիբանանում: «Հըզբոլահ»- ը թեև, ընդհանուր առմամբ, ինքնավար է Իրանից ներլիբանանյան գործերում, բայց միաժամանակ Խամենեիին ճանաչում է որպես բարձրագույն ատյան և լուրջ քաղաքական տարաձայնությունների լուծման արբիտր:

Իրանը սպառնացել է Իսրայելին, եթե վերջինս «համարձակվի պատասխանել կամ չարամտության հետագա գործողություններ կատարել», ապա նրա ուղղությամբ ջախջախիչ պատասխան կհետևի: ԻՀՊԿ-ն սպառնացել է «էլ ավելի կործանարար գրոհով», եթե Իսրայելը պատասխան հարված հասցնի:

«Ռոսավիացիան» ռուսական ավիաընկերություններին խորհուրդ է տվել զերծ մնալ Իսրայելի, Իրանի և Իրաքի օդային տարածքով թռիչքներից:

Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական լարվածության աճի մասին լուրերը հանգեցրել են նավթի գնանշումների կտրուկ աճի։ Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը Մոսկվայի ժամանակով ժամը 20:10-ի դրությամբ աճել է 5,01 տոկոսով և հասել 75,29 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: Ուշագրավ է նաև այն, որ իրանական հրթիռային հարձակման ֆոնին խափանվել է Telegram մեսենջերի աշխատանքը շատ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում։

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 9628

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ