ԵՐԿՈՒ ԽՈՍՔ
Սաղմոսարանը թե՛ Իսրայելում, թե՛ քրիստոնեական աշխարհում առանձնացվել է աստվածաշնչյան մյուս սրբազան գրքերից` գործածվելու իբրև ընդհանրական և առանձնական աստվածապաշտության աղոթագիրք` ծիսարան։ Այսպես. հայոց ծիսարանը, մասնավորապես Ժամագիրքը, հիմնականում սաղմոսներից է կազմված։ Հայ հոգևոր երգերը, շարականները, գանձերը, տաղերը, ինչպես նաև Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալու և այլոց աղոթքները, նրանցից են ներշնչված ու հարասված։ Սակայն աղոթքը կամ հոգևոր երգը սաղմոսների արտաքին ձևն է` գրական ժանրը, մինչդեռ բովանդակային առումով նրանք խտացումն են հինկտակարանյան օրենսդրական, պատմական, իմաստության և մարգարեական գրքերի։ Այս չափածո, երբեմն էլ արձակ բանաստեղծություններն ի հայտ են բերում հայտնութենական ճշմարտություններ, ինչպես նաև` ըստ ամենայնի բացահայտում մարդու ներաշխարհը, նրա իղձերն ու զգացմունքները, մարդկային հոգու հուզումնալից զեղումներն ու ակնկալիքները, կրոնական փորձառությունը։ Սաղմոսերգուները խոսում են Աստծո մասին, բայց և Նրան ուղղում իրենց սրտի խոսքը։
Սաղմոսները ոչ միայն սովորեցնում են ապրել Աստծուն ապավինելով, երկյուղածությամբ և արդարությամբ, այլև ուսուցանում են, թե ինչպես և ինչ խոսքերով պետք է աղոթել կյանքի զանազան իրավիճակներում ու փորձությունների հորձանուտում։ Ի՛նչ խոսքեր պետք է արտաբերել նեղվելիս, ի՛նչ խոսքերով ապաշխարել մեղանչելիս, գոհանալ` հոգևոր և նյութական բարիքներ ստանալիս, ցնծալ` թշնամիներից ձերբազատվելիս։ Այլ խոսքերով` Սաղմոսարանը վայելուչ և աստվածահաճո աղոթքների ձեռնարկ է, որի խոսքերը ժամանակի ընթացքում յուրացվում և յուրաքանչյուրի համար դառնում են հոգեհարազատ։ Ինչպես ասում է Աթանաս Ալեքսանդրացին. «Այնպես` կարծես թե իրենը լինեին, յուրաքանչյուր ոք երգում է այնպես, կարծես թե գրված լինեին իր համար»։
Սաղմոս բառը սկզբից ևեթ մուտք է գործել քրիստոնյա ավանդության մեջ, այսինքն՝ Նոր Կտակարանի գրքերի կազմության ժամանակ (Ղուկ. Ի 41-44, Գործք Ա 20, ԺԳ 33): Բառը փոխառված է Հին Կտակարանի Յոթանասնից թարգմանությունից, ուր հանդիպում ենք Փսալմոս կամ Պիպլոս Փսալմոն եզրերին և կամ Փսալթերիոն: Այս վերջինը նշանակում է լարային նվագարան (Իմաստ. ԺԹ 17, Հոբ ԻԱ 12 և Եսայի ԼԸ 20): Իսկ սաղմոս տիտղոսը տրված է Հին Կտակարանի 150 քնարական երգերին: Գործածված է իբրև Միզմոր եզրի համարժեք, որը դրված է եբրայական բնագրի 57 սաղմոսների սկզբում, վերնագրի մեջ: Միզմոր նշանակում է օրհներգություն: Յոթանասնից թարգմանությունը սրան համապատասխան գործածել է «փսալմոս» բառը, որի պատճենումն է հայերեն «Սաղմոսը»:
Աստվածաշնչի մեջ այս բառը հիշատակված չէ: Սրան հանդիպում ենք միայն սաղմոսարանում և նրանից հետո՝ Նոր Կտակարանում: Սաղմոսարան եզրը նշանակում է թե՛ նվագարան՝ սաղմոս նվագելու, թե՛ տավիղ և թե 150 քնարական երգերի, այսինքն՝ սաղմոսների ժողովածու:
Աստվածաշնչի եբրայական բնագրի մեջ Սաղմոսարանը մասնավոր անուն չուներ: ՈՒշ ժամանակի մեջ կոչված է թէհիլլիմ՝ օրհներգություն: Բառը ծագում է թէհիլլահ եզրից, որ նշանակում է գովաբանություն: Թէհիլլիմ կոչումը, հավանաբար, ներշնչված է սաղմոսարանի բովանդակությունից, ուր տիրող թեման գովաբանությունն է:
Ամբողջ սաղմոսարանը բաղկացած է 151 երգերից, որոնցից 150-ը կանոնական են, իսկ վերջինը՝ 151-րդը, ոչ կանոնական: Այս երգերից յուրաքանչյուրը, իր բովանդակության և շարադրանքի արտաքին ձևի բազմաթիվ մասնավոր առանձնահատկություններով հանդերձ, ընդհանուր է մյուսների հետ մի հարցում, այն է՝ նրանց հեղինակների աղբյուրն ու ներշնչողը Աստված է և Իր բազմազան հատկություններն ու գործերը, որոնք դրսևորվում են արտաքին բնության մեջ և մարդկանց կյանքում: ՈՒստի և գրքի եբրայական անվանումը մատնանշում է սաղմոսների բովանդակության հիմնական, ներքին բնույթը` իբրև Աստծուն ուղղված փառաբանական երգեր, իսկ հունական խորագիրը՝ նրանց կատարման արտաքին եղանակը լարային գործիքի նվագակցությամբ:
«Սաղմոսաց» գիրքը, որ Հնգամատյանի նման իր վրա կրում է նպատակամիտության կնիքը, բաղկացած է հինգ մասերից (Ա-Խ, ԽԱ-ՀԱ, ՀԲ-ՁԸ, ՁԹ-ՃԵ, ՃԶ-ՃԾ), որոնցից յուրաքանչյուրն ավարտվում է փառատրությամբ ու փառաբանությամբ (ամեն, ամեն կամ թող լինի, թող լինի): Սակայն այս ընդհանուր բաժանումը ներառում է առավել կամ նվազ կարևորություն ունեցող մասնակի հավաքածուներ: Նկատելի է, որ սաղմոսների այս հավաքածուները միմյանցից տարբերվում են Աստծու երկու անուններից մեկի նախապատվությամբ. դա կամ Իսրայելի Աստծու հատուկ անունն է՝ Եահվե (Գ-Խ և ՁԹ-ՃԾ), կամ Էլոհիմ-Աստված բառն է (ԽԱ-ՁԲ): Ի շարս այլոց նկատելի են նաև սաղմոսների այլ հավաքածուներ՝ ըստ նրանց թեմաների. օրինակ՝ «Հեսսեի որդի Դավթի աղոթքները» (տե՛ս Սաղմ. ՀԱ 20), Կորխի որդիների մատյանները (ԽԱ-ԽԸ, տե՛ս ՁԳ-ՁԴ և ՁԶ-ՁԷ), Ասափ (ՀԲ-ՁԲ, տե՛ս ԽԹ), օրհներգություններ բարձունքի աստիճանների վրա (ՃԺԹ-ՃԼԳ), Տիրոջ թագավորության օրհներգերը (ՂԲ-ԷԸ), ալելուիական սաղմոսներ (ՃԴ-ՃԶ, ՃԺ-ՃԺԸ, ՃԼԵ, ՃԽԵ-ՃԾ), ուր արձագանքվում է ծիսական «ալելուիա» բացականչությունը: Սրա բացատրությունը հետևյալն է. նախքան այս հինգ մեծ հավաքածուներից մեկում ընդգրկվելը, որոնք, հավանաբար, ձևավորվեցին ն. Ք. 3-րդ դարի վերջին, այս սաղմոսները ներառված էին մեկը մյուսից անկախ ու թվով անհավասար մասնակի ժողովածուների մեջ: Սաղմոսագրքի այս աստիճանական կազմավորումն արդարացնում է որոշ ոչ բնական երևույթների գոյությունը՝ հատկապես որոշ սաղմոսների կրկնությունը (ԺԳ=ԾԲ, ԼԹ 14-18=ԿԹ, ԾԶ 8-12+ԾԹ 7-14=ՃԷ): Սաղմոսարանից դուրս հանդիպում ենք տարբեր ժամանակներում կազմված ու Աստվածաշնչի մյուս գրքերում զետեղված առանձին սաղմոսների. օրինակ՝ Ա Թագ. Բ 1-10, Եսայի ԼԸ 10-20, Հովնան Բ 3-10, Նավում Ա 2-11, Ամբակ. Գ 1-19, Ողբ Ե, Դան. Բ 20-23, Տոբիթ ԺԳ:
Առաջին երկու ներածական սաղմոսները, որոնք երբեմն համարվում են մեկ սաղմոս (Գործք ԺԳ 33), բովանդակ սաղմոսարանի առաջաբանն են: Վերջին ՃԾ սաղմոսը ոչ միայն հինգերորդ մասն է եզրափակում, այլև բովանդակ գիրքը:
ՎԵՐՆԱԳՐԵՐԸ
Եբրայական Աստվածաշնչի սաղմոսները, բացառությամբ 34 սաղմոսների, կրում են զանազան երկարության ու բնույթի խորագրեր: Իրենցից ինքնության վկայական ներկայացնող այս խորագրերը սկիզբ են առել հին ժամանակներում: Հունարենի առաջին թարգմանիչները ստույգ չեն ըմբռնել դրանց իմաստը: Նույնիսկ մեր օրերում, չնայած մեկնաբանների գործադրած ջանքերին, մենք մեծ մասամբ բավարարվում ենք կռահումներով կամ լռություն պահպանելով:
Այս տեղեկությունների մեծ մասն առնչվում է ավանդական հեղինակներին. Մովսես (ՁԹ), Սողոմոն (ՀԱ և ՃԻԶ), Ասափ 1 (ԽԹ և ՀԲ-ՁԲ, Ա Մնաց. ԺԶ 4-7 և ԻԵ 1-2, Նեեմի Է 45), Կորխի որդիները 2 (ԽԱ, ԽԳ-ԽԸ, ՁԳ-ՁԴ և ՁԶ-ՁԷ, տե՛ս Բ Մնաց. Ի 19), Եման (ՁԷ), Եթան (ՁԸ, տե՛ս Ա Մնաց. ԺԵ 17-19 և ԻԵ 5), Իդիթուն (ԼԸ, ԿԱ, ՀԶ, տե՛ս Ա Մնաց. ԺԶ 41-42, ԻԵ 1-3, Բ Մնաց. Ե 12, ԻԹ 14): Այս անունների շարքում հատկապես աչքի է ընկնում Դավթի անունը՝ հիշատակված 73 սաղմոսների սկզբում՝ հատկապես ժողովածուի առաջին գրքում, որն այդ իսկ պատճառով անվանվել է «Դավթյան մեծ ժողովածու»: Ընդ որում, նրա անունը 13 անգամ հիշատակված է թագավորի կյանքի որևէ իրադարձության նշումով: «Իսրայելի երգչի» (Բ Թագ. ԻԳ 1) բազմաթիվ սաղմոսների հեղինակ լինելու հանգամանքը զարմանք չի հարուցում. Դավիթը բանաստեղծի (Բ Թագ. Ա 17 և 19-27, Գ 33-34), երաժշտի (Ա Թագ. ԺԶ 16-23 և ԺԸ 10) և երաժշտական գործիքներ հորինողի հռչակ էր վայելում: Դավթին է վերագրվում պաշտամունքի կազմակերպումն ու ծիսական երգեցողությունը (Ա Մնաց. ԺԵ-ԺԶ, ԻԳ 25, Բ Եզրաս Գ 10 և Նեեմի ԺԲ 36): Իսրայելական բանաստեղծությունն ի հայտ է եկել Դավթից առաջ, վաղնջական ժամանակներում: Ահա մի քանի ապացույցներ. Ղամեքի վրեժխնդրության աղաղակը (Ծննդ. Դ 23-24), ջրհորի երգը (Թվեր ԻԱ 17-18), Մովսեսի երգը և Մարիամի երգը (Ելք ԺԵ 1-21), Դեբորայի հաղթական երգը (Դատ. Ե 1-31): Ավանդությունը, սակայն, մեզ հաղորդում է, որ Դավիթն է զարգացրել սրբազան երգեցողությունը՝ նրան համարելով մեծագույն հեղինակ և սաղմոսների հոգևոր հայր, իբրև հալածված արդար, Աստծու հետ հաշտված ապաշխարող և Մեսիայի նախօրինակ:
Պետք չէ մոռանալ սաղմոսների կենդանի բնույթի մասին: Հրեաները սերնդից սերունդ առանց ձանձրանալու կրկնել են այս օրհներգերը, իսկ հավատացյալները դրանք հարմարեցրել են զանազան իրավիճակների: Հետագայում սաղմոսները, շնորհիվ պաշտամունքի հետ ունեցած աղերսների, դարձան ծեսի բաղկացուցիչ մաս. նրանք ասես երկրորդ անգամ ծնունդ առան նոր պայմանների պահանջների համեմատ: Այսօր մարդկանց պատկերացումները հեղինակի ինքնության և հեղինակային պատկանելության հարցերում անհամեմատ ավելի պահանջկոտ են: Եթե կամենանք այս բանաստեղծություններն Իսրայելի պատմության ծիրի մեջ տեսնել և որոշել դրանց ստեղծման ժամանակը, ապա մեր այս ճանապարհին խոչընդոտների կհանդիպենք: Հավանաբար, ուշ ժամանակի այս հուշարձանը որոշ չափով հնամենի ավանդություններ է ներառում. նոր հեղինակները լծվեցին իրենց նախնիների ավանդած ժառանգության վերակազմավորման գործին: Նրանք որդեգրեցին ու ձևափոխեցին հին նյութերը՝ հավանաբար շատ հին մասերի վրա նոր թանկարժեք քարեր ընդելուզելով: Բնագրերի տարիքի շուրջ ծավալված բանավեճերը դեռևս երկար են մխալու. դրանք ամենախճճված ու ամենաբարդ խնդիրներից են: Սակայն որևէ սաղմոսի թվագրության ստուգությունը, փառք Աստծու, այն տարրերից չէ, առանց որի անհնար է ի հայտ բերել նրա էական իմաստն ու հոգևոր նշանակությունը:
Կան խորագրեր, որոնք բացահայտում են ստեղծագործության առանձնահատկությունն ու բնույթը: Դրանք մեր ուշադրությունը հրավիրում են այն բանի վրա, որ մենք լարային գործիքներով նվագակցվող սաղմոսի («Միզմոր» 75 անգամ) կամ աղոթքի («Թիֆիլլաթ» (ՁԵ, ՁԹ, ՃԱ և ՃԽ), կամ օրհնության («Թեհիլլաթ» ՃԽԴ), կամ սիրերգի, կամ հարսանեկան երգի (ԽԴ), կամ պարզապես երգի («Շիր» 30 անգամ) առաջ ենք կանգնած: Կան բառեր, որոնց նշանակություննանհնար է ստուգապես իմանալ. օրինակ «Մասքիլ» (ԼԱ, ԽԱ, ԽԳ, ԽԴ, ԾԱ-ԾԴ, ՀԳ, ՀԷ, ՁԷ, ՁԸ և ՃԽԱ) և «Շիկկայոն» (Է): «Մասքիլ» բառը թարգմանվում է «ուսուցում», իսկ «Շիկկայոն» բառը՝ «փառաբանություն»: Այս եզրերը, չնայած իրենց անորոշությանը, բավական կարևոր են. նրանք վկայում են իսրայելական սաղմոսների զանազան տեսակների գոյության մասին: Այս հատկանիշները քաջալերեցին մեկնաբաններին` ուսումնասիրելու «գրական ժանրերը». այս աշխատանքների շնորհիվ վերջին տարիներին կարելի եղավ կատարել մի շարք դասակարգումներ:
Կան նաև երաժշտական կատարմանն առնչվող տեղեկություններ: Այս տեսակետից բնորոշ է հաճախ հիշատակվող (55 անգամ) «երգեցողության ղեկավարը». սա (տե՛ս Ա Մնաց. ԺԵ 22 և ԻԳ 5) հին թարգմանություններում առկա այդ անհասկանալի բառի ենթադրվող իմաստն է: Նշվում էին նաև երաժշտական գործիքները. փողային գործիքներ (Ե), սովորական լարային գործիքներ (Դ, ԾԳ, ԾԴ, Կ, ԿԶ, ՀԵ), լարային գործիքներ ութերորդ աստիճանի վրա (Զ, ԺԱ), կիթթիթը (հավանաբար` կիթառի մի տեսակ է) (Ը, Ձ և ՁԳ), եթե դրանցով հատուկ մեղեդի նկատի չունեին: Այս գործիքները երգչախմբի նվագակցության համար էին նախատեսված: Գործիքները բազմազան էին. ինչպես՝ շեփոր, կիթթիթ, տավիղ, քնար և թմբուկ: ՃԾ սաղմոսը թվարկում է «Աստծուն փառաբանելու» (Ա Մնաց. ԺԶ 42) գործիքները: Որոշ հանելուկային արտահայտությունների միջոցով կռահում ենք երգերի մեղեդիները. օրինակ՝ «Այելեթ Ալսուբհ» (ԻԱ), «Շոշան» (ԽԴ և ԿԸ), «Մի՛ ապականիր» (ԾԶ, ԾԷ, ԾԸ և ՀԴ):
Վերջապես, գոյություն ունեն ծիսական նշանակությունը մատնանշող որոշ օրհներգեր. օրինակ` ԻԹ սաղմոսը, որ «տան նավակատիքի օրհնություն» է, ՂԱ սաղմոսն առնչվում է շաբաթօրյա օրհնությանը, իսկ Ճ սաղմոսը «փառաբանության» համար է: Հավանաբար, ցանկալի է «հիշատակի» (ԼԷ և ԿԹ) բառի և պաշտամունքի գործառություններից մեկի միջև աղերսներ տեսնելը: Ինչ վերաբերում է «աստիճանների» սաղմոսներին, ապա, անկասկած, դրանք Երուսաղեմ «բարձրացող» ուխտավորների երգերից էին:
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Փառաբանության» ժողովածուն ամբողջությամբ կազմված է բանաստեղծական տներից: Բանաստեղծական տունը մեծ մասամբ բաղկացած է երկու, իսկ երբեմն էլ երեք կիսատողերից: Տաղաչափությունը հիմնված է արտասանվող բառերի հնչյունների շեշտադրության վրա: Տաղաչափությունները հիմնականում կառուցված են յուրաքանչյուր կիսատողի երեք շեշտերի վրա: Երկրորդ կիսատողում հավանաբար միայն երկու շեշտ կա: Այս անհամաչափությունն ի հայտ է գալիս թարգմանության մեջ, որովհետև երկրորդ կիսատողն ավելի կարճ է, քան առաջինը: Սակայն իսրայելացի բանաստեղծները բոլորովին ազատ էին տաղաչափության և նրա կարգավորման ընտրության մեջ: Այդուհանդերձ, պետք է խոստովանել, որ որոշ բանաստեղծություններ մոտ են արձակին: Շնորհիվ պարբերաբար կրկնվող կրկներգերի (ԽԱ, ԽԲ, ԽԵ, ԽԸ, ԾԸ, ԿԶ, ՀԹ, ՂԸ և ՃԶ)՝ մենք կարող ենք մի շարք բանաստեղծական տներ միավորել, որը հավասար կլինի բանաստեղծական մեկ հատվածի: Ըստ երևույթին՝ օրհներգությունների սրտում և հատկապես ժողովածուի առաջին երեք գրքերում հանդիպող «Սելա» բառը որոշ դեպքերում մատնանշում է տների բաժանումը հատվածների: ՃԺԸ սաղմոսն ուրույն տեղ է զբաղեցնում. նրա բանաստեղծական հատվածները հավասար են եբրայական այբուբենի տառերի թվին: Այն կազմված է 8 տներից բաղկացած քսաներկու հատվածներից, որոնցից յուրաքանչյուրը սկսվում է նույն տառով՝ ըստ այբբենական հերթականության: Եբրայական սաղմոսների կազմության և սեմական տաղաչափության մեջ մի անվիճելի տարր կա. դա զուգահեռականությունն է: Սա նախադասությունների հավասարակշռության տեսակ է և նման է գաղափարների հանգավորմանը: Այս երևույթը հանդես է գալիս բազում ձևերով. օրինակ՝ միևնույն գաղափարի կամ պատկերի կրկնությունը հավասար արտահայտությունների մեջ, որը կոչվում է հաստատական զուգահեռականություն.
«Ինչո՞ւ խռովություն արեցին հեթանոսները, և ժողովուրդները դատարկ բաներ խորհեցին»:
«Արդ, թագավորնե՛ր, ո՛ւշ դարձրեք սրան, և խրատվեցե՛ք ամենքդ, որ մարդկանց եք դատում»
(Սաղմ. Բ 1 և 10):
Երբեմն հեղինակը դիմում է հակադրության եղանակին. սա կոչվում է հակադրական զուգահեռականություն.
«Ովքեր օրհնում են Տիրոջը, կժառանգեն երկիրը,իսկ ովքեր անիծում են, կջնջվեն Տիրոջ ձեռքով»
(Սաղմ. ԼԶ 22):
Լրացուցիչ զուգահեռականության միջոցով երկրորդ կիսատողում ընդլայնվում է առաջինում արտահայտված գաղափարը.
«Օրհնեցե՛ք Տիրոջը նոր օրհներգով,
օրհնեցե՛ք Տիրոջը, համայն աշխարհի մարդիկ»
(Սաղմ. ՂԵ 1):
Ամեն դեպքում զուգահեռականությունը միշտ չէ, որ ամբողջական է և ոչ էլ ամենուրեք սփռված, թեպետ և այն հրեական տաղաչափության ոչ անկարևոր առանձնահատկությունն է դրսևորում:
(շարունակելի)
Տպագրության պատրաստեց
Գրիգոր ԴԱՐԲԻՆՅԱՆԸ