Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«ԲՀԿ-ն ստեղծել է Ծառուկյան Գագիկը, և Ծառուկյան Գագիկը միշտ, որպես նախագահ, ղեկավարելու է այս կուսակցությունը»

«ԲՀԿ-ն ստեղծել է Ծառուկյան Գագիկը, և Ծառուկյան Գագիկը միշտ, որպես նախագահ, ղեկավարելու է այս կուսակցությունը»
06.02.2009 | 00:00

«ԾԱՌՈՒԿՅԱՆԸ, ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ, ՈՉ ՄԵԿԻՑ ՉԻ ՎԱԽԵՆՈՒՄ»
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ԲՀԿ-ի առաջնորդ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ

-Պարոն Ծառուկյան, տեղեկատվություն կար, թե Դուք վերջերս հանդիպել եք նախագահ Սերժ Սարգսյանի հետ, և ընթացել է ԲՀԿ-ի ապագա տեղին, դերին առնչվող անչափ լուրջ խոսակցություն:
-Այդպիսի հանդիպում չի եղել, երևի լավ գիտեք, որ գրեթե մեկ շաբաթ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանում չէր: Հանդիպում չի եղել, այդպիսի հարցադրումներ չեն եղել, ո՛չ:
-Խոսքն ավելի վաղ ժամանակահատվածի մասին է. ձևակերպենք այսպես` վերջին անգամ ե՞րբ եք հանդիպել Սերժ Սարգսյանի հետ:
-Նախագահի հետ վերջի՜ն հանդիպումը... այս տարի երևի թե չենք հանդիպել:
-Երևի՞, թե՞ հաստատ:
-Նոր տարին եմ շնորհավորել:
-«Ֆորում» ռեստորա՞նը նկատի ունեք:
-Ո՛չ:
-Եվ, այնուհանդերձ, «Ֆորումում» կազմակերպված միջոցառման առնչությամբ ասվում է, որ գործադիրի այդ հրավերքին արձագանքել է ընդամենը երեք ԲՀԿ-ական պատգամավոր, երբ հրավիրված էին բոլորը, ինչո՞ւ:
-Որևէ այդպիսի խնդիր չկա, տվյալ միջոցառման մասին մեզ տեղեկացրել են տվյալ օրվա ժամը 4-ին: Հիմնական պատճառը դա էր: Որ երկու-երեք օր առաջ ասեին, բոլորն էլ կնախապատրաստվեին ու ներկա կլինեին: Եթե տվյալ հանդիպման մասին ասում են նույն օրը ժամը 3-ին - 4-ին, Նոր տարվա շեմին, երբ յուրաքանչյուրը մի գործ ունի, բայց ով կարողացել` եկել էր: Խնդիրը միայն դա է եղել:
-Այսինքն` որևէ այլ-ներքին հարց «չի եղել»:
-«Ներքին» չի կարող լինել և չը՛-կա՛, մի՛ փնտրեք:
-Փորձագետները բոլորովին այլ կարծիքի են:
-Փորձագետները երեկոյան քնում են, գիշերը երազ են տեսնում, առավոտյան իրենց երազների համեմատ խոսում-գրում են, բայց իրական փաստը ես Ձեզ ասացի:
-Վերադառնանք ԲՀԿ-ի «դերին-տեղին». ըստ նույն տեղեկատվության` այդ «չկայացած» հանդիպման ժամանակ Դուք Սերժ Սարգսյանին հավաստիացրել եք, որ ԲՀԿ-ն չի պատրաստվում դուրս գալ կոալիցիայից և չի պատրաստվում դառնալ ընդդիմություն:
-Միանշանակ, իհարկե:
-Իսկ ինչո՞ւ նման խնդիր պետք է առաջանար, եթե նման հարց չկար:
-Էդ հարցը պետք է ուղղեք ձեզ` լրագրողներիդ, գրում եք` ԲՀԿ-ն դուրս է գալիս կոալիցիայից, ԲՀԿ-ն ընդդիմություն է, երբ մենք մեր ծրագրերին համահունչ, հավատարիմ` մեր խնդիրներն ենք լուծում և ասում ենք, օրինակ, որ պետք է հնարավորություններ, արտոնություններ տալ փոքր ու միջին բիզնեսին: Բայց երբ դրան հակառակն է կատարվում, մենք իրավունք ունե՞նք հակառակ քվեարկելու, թե՞ չէ:
-Բայց չէ՞ որ կոնկրետ «օրինակին»` հարկային փաթեթին, ԲՀԿ-ի նախարարները կառավարությունում կողմ են քվեարկել։ Պատահաբար նոնսենս չէ՞. ԲՀԿ կառավարության ներկայացուցիչները կողմ են նույն օրինագծին, խորհրդարանական ներկայացուցիչները` դեմ:
-Ո՛չ. այդպես չէ:
-Այդ դեպքում ինչո՞ւ նախարարները նույնպես դեմ չարտահայտվեցին:
-Կառավարության ներկայացրած էդ ծրագիրը դեռ վերջնական չէր. կառավարությունն այն ներկայացրել էր, որ պառլամենտը հաստատի, քննարկի, առաջարկներ անի, մենք էլ նայելով տեսել ենք, որ, համենայն դեպս, տնտեսական այս ճգնաժամի պայմաններում, երբ աշխարհով մեկ ճգնաժամ է, և փոքր ու միջին բիզնեսին ոչ թե միայն ճգնաժամին, այլև միշտ պետք է արտոնություն-հնարավորություն տալ, ինչի մասին մենք միշտ ասել ենք. ասել ենք, որ նրանք պետք է կարողանան աճել-զարգանալ-հզորանալ, որովհետև իրենց աշխատանքը բավարարում է միայն իրենց ընտանիքը պահելու, նորմալ ապրելու համար, էն էլ երևի նորմալ ապրելուն էլ կարող է չապահովել, ուստի դեմ քվեարկեցինք փաթեթին:
-Իսկ հնարավո՞ր է, որ էլի դեմ քվեարկեք կառավարության որոշ` «այլ» նախաձեռնությունների ևս:
-Այն նախաձեռնություններին, որոնք մեր ծրագրին հակառակ կլինեն, մենք կողմ չենք քվեարկելու. մենք հավատարիմ ենք մեր ծրագրերին և կոալիցիայի ծրագրին, որում ընդգրկված ենք:
-«Եկանք» նորից նույն հարցադրմանը. դեմ քվեարկելու դեպքում պետք է առնվազն հետ կանչեք ձեր նախարարներին:
-Ինչի՞ համար:
-Տարընթերցման:
-Չէ՛-չէ՛-չէ՛, նորից եմ ասում, մենք կոալիցիա ենք ստեղծել` համատեղ, մենք հավատարիմ ենք մեր կոալիցիոն հուշագրին, բայց դա չի նշանակում, որ մարդ իր կարծիքը չպետք է ունենա:
-Խոսենք ավելի անկեղծ, բոլոր դեպքերում, պարոն Ծառուկյան, տարաձայնություններ կան:
-Բոլոր տեղերում էլ տարաձայնություններ կան, որ կոալիցիա ենք, հո մեր «հարազատ ընկերոջ» թևերի տակ ձմերուկներ չե՞նք դնելու: Մենք ոնց պատկերացնում ենք ծրագիրը, մեր պատկերացրածն ասում ենք: Կարևորը, որ հավատարիմ ենք մեր սկզբունքին, մեր ծրագրին: Մենք, նորից եմ ասում, ոչ թե անձնական շահի, ոչ թե ձևի, այլ ծրագրի, գործի լիարժեք իրականացման համար ենք անում, ինչ անում ենք:
-Պարզ է: Հաջորդ խնդիրը. ասել էիք, նույնը հաստատել է նաև Ձեր նորանշանակ խոսնակը, որ եթե Դուք ցանկանաք վարչապետ դառնալ, կանխավ կասեք այդ մասին:
-Այո: Բայցև` առայժմ այդպիսի հարց չկա, այդպիսի խնդիր չկա, այդպիսի մտադրություն չկա, այդպիսի հարցադրում չկա. անցանք առաջ:
-Չէ՛, մի բան էլ, պարոն Ծառուկյան, բայց չէ՞ որ պառլամենտական մեծամասնությունն է որոշում վարչապետի «ով» լինելու ֆակտորը: Ասենք` մտադրություն ունեցաք, ո՞նց եք համադրելու այդ երկու ֆակտորները միմյանց հետ:
-ՈՒրեմն ասում եմ. եթե համապատասխան ցանկություն լինի, մենք կասենք: Մենք ասում ենք` ցանկությունը կհայտնենք և ոչ թե ասում ենք` կլինենք, բայց այդպիսի ո՛չ ցանկություն կա, ո՛չ նպատակ, ո՛չ էլ դրա ժամանակն է, ո՛չ էլ այդ խնդիրը դրված է, պարզապես մարդիկ իրենց-իրենց որոշում են կայացնում, խոսում են` ամսի մեկին, ամսի 10-ին, ամսի 15-ին փոփոխություն կլինի` էս կլինի, չկա՛ նման հարց:
-Գիտե՞ք, պարոն Ծառուկյան, մեր թերթը շատ ուղիղ հարց էր ուղղել վարչապետին, թե հարկային փաթեթին և թե մնացյալ «տարընթերցումներին առնչվող», երևի ծանոթ եք, չկրկնեմ:
-Չէ, չեմ կարդացել:
-Ափսոս: ՈՒրեմն` «կրկնվեմ». հարցրել էինք վարչապետին, թե արդյոք ծանր չի՞ տանում հարկային փաթեթին ԲՀԿ-ի «դեմ» քվեարկությունը, և ընդհանրապես, ինչպե՞ս է վերաբերվում «այդ ամենին»` ԲՀԿ-ին, Ձեզ, մնացածներին... Պատասխանն է՞լ չգիտեք:
-Չէ՛:
-Պատասխանել էր, որ ինքը և կառավարությունն ուշադիր են բոլոր կարգի քննադատությունների նկատմամբ, այն համարել էր հասարակության որոշակի շերտերից եկող ազդակ, ապա և` Ձեր, «մնացածի» հետ հարաբերությունները գնահատել առավել քան քաղաքակիրթ, նորմալ, կառուցողական: Դո՞ւք ինչպես եք գնահատում այդ հարաբերությունները:
-Ես գնահատում եմ շատ նորմալ, աշխատանքային, որ այսօր մենք մի բան ասում ենք, դա չի նշանակում, որ մենք վարչապետին չենք հարգում, կամ վարչապետի հետ թշնամի ենք, կամ` որևիցե այլ խնդիր: Ինքնըստինքյան աշխատանքային մթնոլորտ է, մենք գնահատում ենք իրեն, ինքն աշխատում է և իր աշխատանքով ուզում է լավ բան անել, և մենք էլ պետք է իրեն աջակցենք և ոչ թե խանգարենք:
-Այո՜: Իսկ ըստ Ձեզ` նա կայացա՞ծ վարչապետ է:
-Գիտե՞ք ինչ, եթե վարչապետը 5 տարի, 10 տարի աշխատած լիներ, համապատասխան լիարժեք կարծիք կարող ես ասել, բայց նա քայլ-քայլ ուզում է լավ բան անել, աշխատում է, շփվում է, նայում է, ուզում է լավ բան անել` օր օրի:
-Ա՛յ, հիմա անցնենք առաջ և խոսենք ԲՀԿ-ի առաջիկա համագումարի մասին. տեսակետներ կան, որ չի բացառվում` այդ համագումարում կուսակցության ղեկը Դուք հանձնեք Ռոբերտ Քոչարյանին:
-Բացառվա՜ծ խնդիր է. այս կուսակցությունն ստեղծել է Ծառուկյան Գագիկը, և Ծառուկյան Գագիկը միշտ, որպես նախագահ, ղեկավարելու է այս կուսակցությունը:
-Էդ դեպքում ի՞նչ անակնկալների մասին է խոսքը, որոնք սպասվում են համագումարում:
-ՈՒրեմն` ես չեմ ասել` անակնկալ է սպասվում: Լրագրողներն ինձ հարցրել են, թե` ասում են անակնկալներ են լինելու, ի՞նչ անակնկալներ են լինելու: Ես էլ ասել եմ, եթե ասում եք` անակնկալ, թող այդպես անակնկալ էլ մնա:
-Չի՞ լինելու անակնկալ:
-Ես ասացի:
-Ափսո՜ս, որ չի լինելու, չնայած ես այդպես էլ գիտեի: Պարոն Ծառուկյան, իսկ Դուք պատրաստվո՞ւմ եք համագործակցել Վարդան Օսկանյանի «Սիվիլիտաս» հիմնադրամի հետ, և, ընդհանրապես` ի՞նչ առնչություններ են:
-Առայժմ նման հարց դրված չէ, և այդպիսի առաջարկ ինձ ոչ ոք չի արել: ՈՒրի՞շ:
-«ՈՒրիշ» այն, որ համագումարում Ձեր վարչության կազմն ընդլայնվելու է, ինչո՞ւ որոշեցիք ընդլայնվել:
-Քանի որ կուսակցությունը երկրորդ քաղաքական ուժն է Հայաստանում, դրան համապատասխան էլ պետք է ընդլայնվի: Պետք է բջիջներն ավելի շատ լինեն, լինեն համապատասխան մարդիկ, ովքեր պատրաստ են օգտակար լինել մեր գործունեությանը, աշխատանքին, ծրագրին, որովհետև մենք խոստում ունենք ժողովրդին, որ պետք է այդ ծրագիրն իրականացնենք, ու տեսնելով մեր բացթողումները, որոշեցինք վարչության կազմն ավելի ընդլայնել, ընդգրկել ենք նաև երիտասարդ նոր սերնդին, և նաև` ԲՀԿ-ի դռները բաց են բոլորի համար, դա կլինի դիմություն, թե ընդդիմություն. ով կարող է լիարժեք օգուտ տալ կուսակցությանը և ծրագրին, նրանք մեզ մոտ տեղ ունեն:
-Եվ մի այսպիսի վերջին «նուրբ» հարց, պարոն Ծառուկյան. Դուք հնարավորություն տալի՞ս եք Ձեր շրջապատում, կուսակցությունում, մերձակայքում գտնվող մարդկանց` Ձեզ հետ լինել շատ անկեղծ, իրենց կարծիքը շատ բաց արտահայտել, ո՜ւ... հասկացվել:
-Անհամեստ չասես, բայց իմ առավելությունը մյուսներից այն, է, որ ես միշտ ուզում եմ մարդուն լսել, եթե մի որոշում կայացնեմ, մի տասը-քսան հոգու եթե լսեմ, ուրեմն լիարժեք որոշում կկայացնեմ:
-Բայց ասում են, որ Ձեզանից վախենում են:
-Ոչ. ես մարդուն միշտ լսում եմ, ես միշտ ինձ դնում եմ դիմացինի տեղը, Դուք այդքան շփվում եք ինձ հետ, Դուք վախենո՞ւմ եք ինձնից:
-Չէ՜, Դուք եք ինձնից «վախենում», պարոն Ծառուկյան:
-Բա դե` տեսնո՞ւմ ես: Բայց Ծառուկյանը, ընդհանրապես, ոչ մեկից չի վախենում:
Զրույցը` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 4276

Մեկնաբանություններ