ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

ԱՅՆ ԿՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԻՆՁ ՀԱՐԿԱՎՈՐ Է ՈՒՆԵՆԱԼ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԽԻԶԱԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆ

ԱՅՆ ԿՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԻՆՁ ՀԱՐԿԱՎՈՐ Է ՈՒՆԵՆԱԼ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԽԻԶԱԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆ
23.10.2009 | 00:00

Իվան ԻԼՅԻՆ

«Միայն թե ճանաչիր քո մեղքը, որ ապստամբեցիր քո Տեր Աստծո դեմ»:
Երեմիայի մարգարեություն, Գ, 13

Ո՛չ, ես դեռ չեմ սովորել ճանաչել ու կրել իմ մեղքը։ Դրա համար ինձ հարկավոր է ունենալ ավելի շատ խիզախություն և խոնարհություն։ Բայց, հնարավոր է, որ մի օր ես հասնեմ դրան։ Ինչ ծանր է, երբեմն՝ տառապալից, բացահայտել ու ընդունել սեփական մեղավորությունը։ Հոգին սկսում է անհանգիստ այս ու այն կողմ նետվել, իսկ հետո պարզապես կատաղում է ու չի ցանկանում տեսնել ճշմարտությունը։ ՈՒզում ես անպայման արդարացնել ինքդ քեզ, մերժել քո մեղավորությունը, գցել մեղքն ուրիշի կամ ուրիշների վրա, իսկ ամենագլխավորը՝ ապացուցել ոչ միայն ուրիշներին, այլև ինքդ քեզ, այո՛, հենց ինքդ քեզ, որ «ոչ մի կապ չունես» ու որ ամենևին մեղավոր չես դրանում։ Մեղավոր են բոլոր շրջապատողները, վերջին հաշվով՝ ամբողջ աշխարհը, բայց ոչ ես, թշնամիները և բարեկամները, բնությունն ու մարդը, ծնողներն ու դաստիարակները, հանգամանքների դժբախտ զուգադիպումն ու ծանր պայմանները, «միջավայրը» և «ազդեցությունը», երկինքն ու դժոխքը, բայց՝ ոչ ես։ Եվ այդ կարելի է ապացուցել, և որն անհրաժեշտ է հաստատել, քանզի դրանում «ոչ մի կասկած չի կարող լինել»։ Օ, այդ դավաճան ինքնարդարացման «կարիքը»։ Հենց նա էլ ինձ մատնում է գլխովին։ Այդ ապացույցների հետևից ընկնե՜լը։ Ինչի՞ համար են դրանք հարկավոր ինձ, եթե ես հաստատապես ու վերջնականորեն վստահ եմ, որ ես «ոչ մի կապ չունեմ»։ Իսկ ո՞վ է ինձնից ապացույցներ պահանջում։ Ո՞վ է կասկածում, եթե ոչ ես ինքս ինձ։ Իսկ դա վկայում է միմիայն այն բանի մասին, որ հոգուս խորքում, այնուամենայնիվ, համարում եմ ինձ մեղավոր. որ կա ինչ-որ մի կամայական ձայն, որը գաղտնի միևնույն բանն է կրկնում շարունակ և չի թողնում ինձ հանգիստ։ Եվ հանկարծ, այդ անսպասելի կշռադատումների ազդեցության տակ, իմ փախուստը սեփական մեղավորությունից դադարում է։ Վե՛րջ անվճռական տագնապին։ Ես պատրաստ եմ հաշտվել սեփական մեղքի մտքի հետ, հետազոտել, թե հատկապես ո՛րն է իմ մեղքը և ընդունել այն։ Չէ՞ որ այդ վախկոտությունը շատերին է ներքաշել ներքին ծանր հակասությունների մեջ, խռովության մեջ ինքն իր հետ, անձի երկփեղկման մեջ, իսկ ոմանց հասցնում է հալյուցինացիաների։ Բայց ես պատրաստ եմ։ Թող խոսի ինձ մեղադրողը։ Այո՛, արիություն է պետք, որպեսզի հանգիստ ուսումնասիրենք մեր մեղքն ու փրկություն չփնտրենք փախուստի մեջ։ Եվ հետո՝ խոնարհություն է պետք։ Եթե մարդը չի գերագնահատում իր ուժերն ու իր արժանիքները, եթե նա ինքն իրեն չի համարում «ամենախելացի» ու «ամենաբարի» անձնավորություն, ապա նա միշտ կենթադրի, թե մեղավոր է։ Ինչո՞ւ դիտել բոլոր սեփական արարքները լավագույն, ազնվագույն կողմերից։ Ի՜նչ միամտություն։ Որտեղի՞ց է այդ պահանջը՝ իր և ուրիշների առաջ ինքն իրեն ներկայացնելու որպես ամեն ինչ կանխատեսող և չսխալվող բարեպաշտ մի անձ։ Ո՞վ է մեզնից ազատագրված ոչ անբասիր ցանկություններից ու մղումներից։ Ո՞վ է մեզնից արդարացի ու սուրբ՝ ծնված օրվանից։ Ո՛չ, ինձ դեռ հարկավոր է սովորել, թե ինչ է մեղքը, ու ինչպես պետք է ճանաչել այն և կրել կյանքում։ Արդյոք ինչպե՞ս սովորել այդ բանը։ Նախ և առաջ հարկավոր է համոզվել, որ բոլոր մարդիկ, առանց բացառության, քանի դեռ ապրում են երկրի վրա, մասնակցում են ընդհանուր համաշխարհային մեղավորությանը. ցանկանալով թե չցանկանալով, բայց նաև անկամությամբ և երկչոտ խուսափումով կամային որոշումից, անելով թե չանելով, գուցե և անկատար կամ Պիղատոսի «ձեռքերը լվանալով», զգացումներով թե մտքերով, բայց նաև փայտե անզգայությամբ և բութ անիմաստությամբ։ Մենք մասնակից ենք ամբողջ աշխարհի մեղավորությանը՝ անմիջականորեն և ուրիշների միջոցով, որոնց նեղացրել ենք կամ վարակել, և երրորդ անձանց միջոցով, որոնք անհայտ են մեզ, բայց որոնք մեր վատ ազդեցության տակ են։ Քանզի ամբողջ մարդկությունն ապրում է ասես միասնական համընդհանուր հոգևոր եթերում, որը բոլորիս ամփոփում է իր մեջ ու կապում միմյանց։ Մենք կարծես շնչում և արտաշնչում ենք գոյության այդ ընդհանուր հոգևոր օդը և ուղարկում նրա մեջ մեր «ալիքները» կամ «ճառագայթները», մինչև իսկ, երբ չենք էլ մտածում դրա մասին ու չենք էլ ցանկանում այդ, և ընդունում ենք այնտեղից օտար ճառագայթներ, մինչև անգամ երբ ոչինչ չգիտենք դրա մասին։ Յուրաքանչյուր խորամանկ միտք, ամեն մի ատելության զգացում, ամեն մի չար ցանկություն՝ անտեսանելիորեն թունավորում են աշխարհի այդ հոգևոր օդը և տարածվում են նրա միջոցով ավելի հեռու։ Եվ մաքուր սիրո յուրաքանչյուր կայծ, կամքի ամեն մի բարի դրսևորում, յուրաքանչյուր միայնակ և անխոս աղոթք, ամեն մի սրտագին և խղճմիտ մտածմունք ճառագայթվում է այդ ընդհանուր կենսական միջավայրում և բերում իր հետ լույս, ջերմություն ու սրբացում։ Անգիտակցաբար և կիսագիտակցաբար կարդում ենք մենք միմյանց աչքերում և դիմագծերում, լսում ենք ձայնի հնչյունը և թրթիռը, տեսնում ենք ժեստերի, քայլվածքի և ձեռագրի մեջ բազում թաքուն, անկատար և չարտահայտված բաներ և, ըմբռնելով, վերցնում մեզ հետ ու փոխանցում ուրիշներին։ Սատանապաշտներն աննպատակ և անհետորեն չեն զբաղվում իրենց մեդիտացիաներով։
Բայց անհայտ ճգնավորի մենավոր աղոթքը լույս է արձակում աշխարհի վրա՝ փառավորեցնելով և զորացնելով մարդկանց հոգիները։ Այդ անհայտ արդարների աղոթքներով են կանգնած քաղաքներն ու թագավորությունները. նրանք են մարդկային կյանքի իրական հիմքը։ Ահա թե ինչու աշխարհում չկան «մեղավոր» և «անմեղ» մարդիկ։ Միայն նրանք են, ովքեր գիտեն իրենց մեղավորության մասին և կարողանում են կրել և՛ այն, և՛ ամբողջ աշխարհի մեղքը, ու նրանք, որոնք իրենց կուրության մեջ չգիտեն դրա մասին և ձգտում են երևակայել և ներկայացնել ուրիշներին սեփական կարծեցյալ անմեղությունը։ Առաջիններն ունեն բավականին արիություն և խոնարհություն, որպեսզի աչք չփակեն իրենց մեղավորության վրա։ Նրանք գիտեն իրական դրությունն աշխարհում, գիտեն բոլոր մարդկանց ընդհանուր կապվածության մասին և ձգտում են մաքրել ու վնասազերծել իրենց ուղարկած հոգևոր ճառագայթները։ Նրանք ձգտում են չթունավորել, չվարակել աշխարհի հոգևոր օդը, այլ, ընդհակառակը, տալ նրան լույս և ջերմություն։ Նրանք հիշում են իրենց մեղավորության մասին և փնտրում են նրա ճիշտ ընկալումը, որպեսզի հանգցնեն նրա վատ ազդեցությունը և չմեծացնեն նրա ծանրությունը։ Նրանք մտածում են այդ բանի մասին հանգիստ և արժանապատվորեն, չընկնելով չափազանցման աֆեկտացիայի մեջ ու չընկղմվելով մանրուքների մեջ։ Իրենց ինքնաիմացությունը ծառայում է աշխարհին և միշտ էլ պատրաստ է ծառայելու։ Նրանք համաշխարհային մեղավորության կրողներն են, որոնք մաքրում են աշխարհը և ամրացնում նրա հոգևոր հյուսվածքը։ Իսկ մյուսները հավերժ փախստականներ են, անհուսորեն «փախչողներ» իրենց մեղքից՝ քանզի մեղքը սլանում է նրանց հետևից առասպելական Էրինիաների (հունական դիցաբանության մեջ՝ վրեժի չաստվածուհիներ) պես։ Նրանք երևակայում են, որ պատասխանատու են միմիայն այն բանի համար, ինչը նրանք մտածված և դիտավորյալ իրագործում են արտաքին կյանքում և ոչինչ չգիտեն միասնական տիեզերային եթերի ու ընդհանուր համաշխարհային մեղավորության մասին, որի մեջ բոլոր թելերը միահյուսվել են անբաժանելի ընդհանրության մեջ։ Նրանք անդորր են փնտրում իրենց կարծեցյալ անմեղության մեջ, որն իրենց, ինչպես և բոլոր մարդկանց համար մեկընդմիշտ անհասանելի է։ Ինչքա՜ն խելացի և հետևողական են նրանք կշռադատում, ի՜նչ հրաշալի է նրանց դատողության թափը, երբ դիմակազերծում են մերձավորներին, ցույց տալիս նրանց սխալները, մեղադրում և գամում են նրանց անարգանքի սյունին։ ՈՒ այդ ամենը նրա համար, որ նրանց թվում է, թե իբր դրանով կարող են արդարացնել իրենց։ Բայց հենց որ գործը հասնում է իրենց, ապա իսկույն դառնում են խիստ կարճատես, միամիտ և հիմար։ ՈՒ թե նրանք իմանային՝ դրանով ինչքա՜ն են վնասում իրենք իրենց և աշխարհին։ Նրանք ձգտում են ապացուցել, որ իրենք «շատ լավն են» ու «բոլորովին անմեղ», որ իրենց պետք չէ փոխվել կամ կատարելագործվել։ Եվ հենց այդ պատճառով ճառագայթները, որոնք ուղարկում են նրանք դեպի աշխարհ, մնում են առանց հսկողության ու մաքրման, և տիեզերքի օդը, արդեն թունավորված և հիվանդ, նորից ու նորից ներծծում է նրանց արձակած գռեհկության, ատելության և չարության թույները։ Եթե ես տեսա և հասկացա այդ ամենը, ուրեմն արդեն կանգնած եմ ճիշտ ուղու վրա։ Մեզնից յուրաքանչյուրը պետք է, նախ և առաջ, ավլի ու սրբի սեփական կացարանը։ Հենց դրանից էլ սկսում եմ և ես։ Այսպիսով, ես չեմ փնտրում փրկություն փախուստի մեջ։ Ես ընդունում եմ իմ մեղքը և կրում եմ այն այսուհետ հանգիստ, ազնվորեն և արիաբար։ Հավանորեն, կլինեն և ծանր, հիվանդագին պահեր. բայց այդ ցավը սրբացնող է և օգտակար։ Ես կփնտրեմ և կգտնեմ սեփական մեղավորությունս ոչ միայն այն բանում, որ ես կատարել եմ արտաքուստ, խոսքերի կամ արարքների մեջ, բայց և ավելի-ավելի հեռու, խորը, ինտիմ հոգեկան վիճակներում, այնտեղ, որտեղ սկսվում է իմ լիակատար միայնությունը, և որտեղ չի թափանցում իմ ինքնաճանաչումը։ Ամենուրեք, որտեղ ինձ չեն հերիքում սերն ու ներումը, ամենուրեք, որտեղ ես մոռանում եմ միասնական «տարածության» և ոգու ընդհանուր «եթերի» մասին, ամենուրեք, որտեղ ես դադարում եմ Աստծուն ծառայելուց և իր գործը կատարելուց, կամ՝ որտեղ ես, համենայն դեպս, ներամբողջական չեմ այդ ծառայության մեջ։ Եթե ես մի անգամ հասկանամ իմ մեղավորությունը, ապա իմ ափսոսանքը պետք է դառնա իսկական տառապանք, մինչև իսկ զղջում և պատրաստակամություն քավելու այն, և գլխավորը՝ ընդհուպ մինչև որոշումը՝ հետագայում դառնալ ուրիշ ու վարվել այլ ձևով։ Այդպես աճում է իմ մեջ պատասխանատվության իսկական զգացումը, որն այսուհետ յուրաքանչյուր նոր արարքի պահապան կկանգնի։ Հետազոտելով իմ անձնական մեղքը, ես գտնում եմ և արձակում հարյուր այլ տարբեր թելեր, շղթայակցումներ և հարաբերություններ ուրիշ մարդկանց հետ։ Դանդաղ բացվում է իմ առաջ հասարակական կյանքի հյուսվածքը. ես հետզհետե վարժվում եմ հոգևոր գոյության ընդհանուր եթերն ընկալելուն և սկսում եմ հասկանալ, թե ինչ եմ իրականում «ուղարկում» այդ ընդհանուր օդի մեջ, և ինչ եմ այնտեղից «ստանում»։ Դա սովորեցնում է ինձ ճիշտ չափել իմ մեղքն ու չտապալվել նրա ռեալ բեռի տակ։ Խստապահա՜նջ, բայց թանկագին դպրոց։ Յուրաքանչյուր քայլը դառնում է ինձ համար աստիճան, որը տանում է դեպի ոգու ամրացում և ճիշտ բնավորության։ Չընկնելով շփոթմունքի մեջ և չհուսահատվելով, ես տեսնում եմ իմ ամբողջ կյանքը որպես մեղավոր վիճակների և արարքների մի երկար շղթա և քաղում եմ այստեղից է՛լ ավելի արիություն և խոնարհություն։ Եվ ինչքան հասնում եմ դրան, ես իրավունք եմ ստանում հետազոտելու ուրիշի մեղքի խնդիրը. ոչ թե նրա համար, որ մերկացնեմ ուրիշներին ու մատնեմ նրանց պախարակման, դրա պահանջը կամաց-կամաց վերանում է իմ մեջ, այլ այն բանի համար, որպեսզի ներզգալով ըմբռնեմ նրանց կենսական կացությունները և հոգևոր վիճակներն այնպես, ասես ամեն անգամ հայտնվեմ մեղավոր մարդու տեղը, և կարծես նրա մեղքը լինի իմը։ Դա զգալիորեն մեծացնում ու խորացնում է իմ փորձը, ու ես աստիճանաբար վարժվում եմ ոչ միայն իմ մեղքը, այլև ուրիշինը կրելուն, այսինքն՝ հաղթահարել այն ոգով և սրտով։ Բայց, ճիշտն ասած, ես դեռ շատ հեռու եմ դրան հասնելուց։ Արդյոք երբևիցե կտիրապետե՞մ այդ արվեստին, չգիտեմ։ Գուցե և՝ ոչ։ Բայց մի բան աներկբա է ինձ համար, այսինքն՝ դա ճշմարիտ ճանապարհ է։
Տպագրության պատրաստեց
Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 2013

Մեկնաբանություններ