Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Ընդդիմություն, քե՛զ ասեմ, ԲՀԿ, դո՛ւ լսիր»

«Ընդդիմություն, քե՛զ ասեմ, ԲՀԿ, դո՛ւ լսիր»
13.02.2009 | 00:00

ԵՎ ԵՂԱՆ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ
Երեկ մեկնարկած ԲՀԿ չորրորդ համագումարը պետք է համարել, իրավամբ, բեկումնային: Մի շարք առումներով: Բայց ամեն բան` հերթով:
Արարողակարգային. ասենք միանգամից. չկար նախկին էնտուզիազմը, դռների մոտ կանգնած՝ սև կոստյում հագած, փողկապավորված երիտասարդները նախկինի պես կաշվից դուրս չէին գալիս «տոն» սարքելու, քաղաքավարորեն մեզ դուր գալու, ծառայություններ մատուցելու գործում, խիստ գործնական ստուգում էին լրագրողների ու մնացածների «լինելությունը» և առաջ «բրախում»:
Ճոխ սեղաններ, ինչպես նախկինում, էկզոտիկ ձևավորմամբ, նույնպես չկային: Իսկ դահլիճում ահավոր ցուրտ էր, սպասում էին պատվիրակները գան-լցվեն՝ տաքանա: Չէ, սա ԲՀԿ-ի մեղքը չէր, սա կմնա դահլիճի պատասխանատուների «խղճի» վրա:
ՈՒ քանի որ լրագրողներիս «գրագրել» էին նախագահականում, ըստ «պրոտոկոլի» կես ժամ շուտ կանչել, խելոք նստել ցուրտ դահլիճում ու էդպես խելոք հիշում էինք, թե էն տարի էլ ոնց էին ՕԵԿ-ի կանանց (երբ ՕԵԿ-ն ընդդիմադիր էր) շոգից խեղդում այս նույն՝ Մելիք-Ադամյան դահլիճում:
ՈՒ մինչ դահլիճը տաքանում էր, միջանցքում Չինաստանի կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ Չեն Յու Սյանը՝ կոմունիստորեն համոզված պոզա բռնել, ճակատը` բարձր, աչքերը՝ դեպ հեռուն, «Կենտրոն»-ի տեսախցիկի առաջ պատմում էր, թե ինչպես բուռն են համագործակցում ԲՀԿ-ն ու չինական կոմունիստական կուսակցությունը: Կատակ բան չիմանաք՝ գերտերություն են, միջուկային զենք ունեն, ահավոր «դուխովնի» են, Տիբեթն էլ շատ մոտ է. Ամերիկային էլ մարտահրավեր ունեն նետած: ՈՒ հենց այդ պահին ժամանեց ՈՒկրաինայի Ռադայի փոխնախագահը, «վաժնի-վաժնի» անցավ միջանցքով, մտավ դահլիճ: Դահլիճում էր արդեն պարոն Չեռնիշենկոն: Չե՞ք ճանաչում: Մենք էլ չենք ճանաչում: Բայց ներկայացրին ու ասին՝ ՌԴ Պետդումայի պատգամավոր, «Եդինայա Ռոսիայի» ներկայացուցիչ:
Իսկ հիշո՞ւմ եք, ասում էին՝ կգա պարոն Կոնստանտին Կոսաչևը՝ Պետդումայի միջազգային հարցերի կոմիտեի նախագահը. կգա-կասի իր «միակտղամարդկային» խոսքը: Փաստորեն, չէր եկել: Եկած պատգամավորն էլ իր հետ բերել էր Բորիս Գրիզլովի` ԲՀԿ-ին ուղղված ուղերձը, որը վերջինս համբուրելով հանձնեց պարոն Ծառուկյանին:
Չէ՛, ոչ մի ենթատեքստ չենք դնում այս ամենի տակ, այն է՝ «բեկումնային» լինելու հորդոր ԲՀԿ-ին հղվել էր հենց Ռուսաստանից: Չենք դնում ու շարունակում ենք «արարողակարգել». ուղիղ ժամը երկուսին հետևի դռնից դեպ դահլիճ «սլացավ» ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: ԲՀԿ-ն ձգվեց. «եկա՜ն», շշնջացին: Փոքրիկ պաուզայից հետո նույն դռնից եկան, առջևում Գագիկ Ծառուկյանն էր, հետո՝ Սերժ Սարգսյանը, հետո` Հովիկ Աբրահամյանը, հետո՝ Արթուր Բաղդասարյանը, հետո՝ Հրանտ Մարգարյանը:
Հարցնում եք՝ ինչու առաջինը դահլիճ մտավ Տիգրան Սարգսյա՞նը: Ուզում եք ասենք՝ հենց այնպես դա լինել չէ՞ր կարող:
Չգիտենք, բայց ձեր ուշադրությունը հրավիրում ենք Սերժ Սարգսյանի ելույթի վրա:
Ավարտելով համագումարի արարողակարգին վերաբերող գլուխը` տեղեկացնում ենք, որ համագումարը վարում էր սպորտի և երիտասարդության նախարար Արմեն Գրիգորյանը, որը ներկայացրեց բոլոր հյուրերին, իսկ ՕԵԿ առաջնորդին` Անվտանգության քարտուղարին ներկայացնելիս ասաց՝ «ԲՀԿ չորրորդ համագումարին ներկա է Արթուր Աբրահամը» (իրականում ասաց՝ Աբրահամյանը, ու շտկեց՝ Բաղդասարյանը):
Ի դեպ, երբ նա հայտարարեց՝ համագումարը բացված է, դրանից հետո պետք է հնչեր հայոց հիմնը: Հիմնը տևական ժամանակ չէր հնչում, բոլորն իրար երեսի էին նայում ու չգիտեին՝ ինչ անեն, ու մեկ էլ «հանկարծ»՝ հնչեց հիմնը. սա էլ թողնենք դահլիճի պատասխանատուների «խղճի» վրա:
ՈՒ անցնենք համագումարի քաղաքական մասին: Առանց դույզն-ինչ ենթատեքստի և միանշանակ արձանագրենք՝ համագումարն իսկապես հայաստանյան ներքաղաքական կյանքում ունեցավ բեկումնային-անակնկալային բնույթ: Այն պարզ պատճառով, որ վերջ դրեց այն տարընթերցումներին, որ տևական ժամանակ առկա էին ներիշխանական ճամբարում:
Համագումարի ընթացքը միանշանակ արձանագրեց՝ նոր փուլ է սկսվում ներիշխանական կյանքում, և երբեմնի ձևական կոալիցիան հենց այս համագումարից սկսած հայացքը կտրում է Ռոբերտ Քոչարյանից, անջատում նրա հետ ունեցած իր «պորտալարը» և այլևս մտածում՝ «տնակ վարձել ու նոր կյանք սկսել»՝ դե ֆակտո իր կողմից պաշտպանված թեկնածու Սերժ Սարգսյանի հետ:
Համագումարի հաջորդ անակնկալն այն էր, որ ծրագրային ելույթով հանդես եկավ ոչ այլ ոք, քան Սերժ Սարգսյանը: Ընդ որում, եթե Գագիկ Ծառուկյանը, որը ԲՀԿ-ի մեկ տարի առաջվա համագումարում (ուր ԲՀԿ-ն հավաստեց, որ նախագահական ընտրություններում պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը) բավականին լուրջ «դիսկոմֆորտի» մեջ էր, երեկվա համագումարում քաղաքական իրողությունների հետ վերջնական հաշտված մարդու կեցություն ուներ: Ի դեպ, նույն Գագիկ Ծառուկյանի համար այդ վիճակը նույնպես բավականին նախընտրելի է այն պարզ պատճառով, որ անձի «երկվությանը» (երկու կրակի՝ Քոչարյանի և Ս. Սարգսյանի «արանքում» այրվելու անչափ տևական, մաշեցնող պրոցեսը) պետք է, ի վերջո, վերջ դրվեր, և խնդիրն այս կամ այն կերպ լուծվեր՝ լուծման տանելով նաև օդում առկա բազում հարցեր, որոնք լրջորեն խաթարում էին առանց այն էլ մարտահրավերների ու պրոբլեմների պակաս չունեցող իշխանության կյանքը. վերադառնո՞ւմ է Քոչարյանը, թե՞ ոչ, հանո՞ւմ են վարչապետին, թե՞ ոչ, վերահսկո՞ւմ է գոնե իշխանական մերձակայքը Սերժ Սարգսյանը, թե՞ ոչ, ինչ-որ բան ուզո՞ւմ է Հովիկ Աբրահամյանը, թե՞ ոչ, և այդպես շարունակ:
ԲՀԿ համագումարով միանշանակ և վերջնական պատասխան տրվեց. միակ տերն ու պատասխանատուն իշխանությունում իրենց պաշտպանած թեկնածուն է, և իրենք բոլորով «պրիզնատ» են գալիս այդ հանգամանքը:
Սա համարենք ԲՀԿ համագումարի «գ» անակնկալը:
«Դ» անակնկալ. համագումարն արձանագրեց. հայաստանյան նոր իսթեբլիշմենթի ձևավորման սկիզբն է դրվում: Չէ՛, ճշգրիտ արձանագրենք՝ հայաստանյան իսթեբլիշմենթում ստարտ է տրվում նոր հարաբերություններին, ինչն էլ իր հերթին մուլտիպլիկացիայի (ականջդ կանչի, Ռոբերտ Քոչարյան) էֆեկտով կտարածվի հանրային փոխհարաբերությունների մնացյալ ոլորտների վրա:
Ի՞նչն է այստեղ լավը։ Այն, որ Սերժ Սարգսյանը, ձեռքերն ազատելով ներիշխանական «մարտահրավերներից», կկարողանա լրջորեն զբաղվել՝ ա) ձերբակալված տղաների ազատմամբ` ընդդիմության հետ հարաբերություններին վերջապես կառուցողականություն հաղորդելով, բ) տնտեսական ճգնաժամով, գ) միայնակ որոշումներ կայացնելու անչափ անընդունելի պրակտիկայից և կգտնի իր կողքին ոմանց, որոնց գեթ քիչ կվստահի ու կասի, դիցուք, ում է տեսնում Երևանի քաղաքապետի պաշտոնում, և այդպես շարունակ: Եվ որ ամենակարևորն է. դ) ղարաբաղյան հարցում կունենա առավել ազատ մանևրի դաշտ, որովհետև գոնե իշխանության ներսից եկող սպառնալիքներ այլևս չեն լինի:
ԲՀԿ համագումարում, ինչպես ասացինք, ծրագրային ելույթով հանդես եկավ Սերժ Սարգսյանը: Սա երկու «տրակտովկա» ունի. ա) ցույց տալ, թե Հայաստանում վերջապես որտեղ ձմեռեցին խեցգետինները, բ) հաշվետու լինել կուսակցության առաջ, որն իրեն պաշտպանել է:
Չանդրադառնանք նրա ելույթի մանրամասներին, ուր՝ կուժ ասեմ, կուլա՝ լսիր. իմա՝ «ընդդիմություն, քե՛զ ասեմ, ԲՀԿ, դո՛ւ լսիր» ենթատեքստերն էին շրջանառվում: Կարճ արձանագրենք. ասվում էր. ա) պետք չէ սոցիալական պոպուլիզմով տառապել, այլ պետք է առաջնորդվել բացառապես պրոֆեսիոնալիզմով, քանզի կառավարության իրականացրած հարկային-մաքսային օրենսդրական փոփոխությունները միտված են բարեփոխումների վիճակը լավացնելուն: բ) «Մենք պաշտպանելու ենք հայրենական բիզնեսը»: Եվ վերջապես՝ գ) «Հասցեական քննարկումների հուն եմ տեսնում խորհրդարանում»:
Հասկացաք, չէ՞, «մեսիջները»: Դե, ի՞նչ կա չհասկանալու: Սերժ Սարգսյանն ասաց` Գագիկ ջան, հայրենական բիզնեսիդ վտանգ չի սպառնում (դեռ ինչքան՝ չասաց):
Գագիկն էլ իր հերթին անչափ կարճ-կոնկրետ (ի դեպ, պետք է ասել, որ վերջինս հեչ շահագրգիռ չէր այս անգամ երկնքից ամպեր իջեցնելու, գետերի հունը փոխելու, շատ կարճ-իրատեսական՝ տասը րոպեանոց հաշվետվություն ներկայացրեց՝ առաջնության դափնին, ծրագրային ելույթի նախապատվությունը թողնելով Սերժ Ազատի Սարգսյանին) ասաց՝ «շնորհակալ եմ կոմպանի համար, շնորհակալ եմ կենացի համար». քաղաքագիտական և իրական ձևակերպումը հետևյալն էր. Գագիկ Ծառուկյանն արձանագրեց. «Գործարարը պետության հենասյուներից է»:
Դու ասացիր:
Վերադառնանք Սերժ Սարգսյանի հաջորդական մեսիջին. նա «ասաց»՝ վարչապետին ինքն ամբողջովին սատարում է (ա՜յ, դրա համար էլ Տիգրան Սարգսյանն առաջինը մտավ ԲՀԿ համագումարների դահլիճ), և նաև՝ վերջինս խորհրդարանական հասցեական ճիշտ քննարկումներ է անցկացնում` միջին և մանր հարկատուներին բերելով հարկային դաշտ. «ՀՀ կառավարությունն այդ տեսակետից ճիշտ ուղու վրա է»:
Դու էլ ասացիր:
Եվ եթե այս ամենին էլ հավելենք հանգամանքը, թե ԲՀԿ «դահլիճը» Սերժ Սարգսյանի ելույթի թե՛ սկզբում, թե՛ մեջտեղում, թե՛ վերջում ինչպես էր ոտքի կանգնում և «բուռն-երկարատև» ծափահարություններով «ադաբրյամս» անում, ապա կարծում ենք՝ այլ անակնկալներ «մեջբերելու» կարիք այլևս չկա: Այսքանն էլ բավ է:
Հարցնում եք՝ «ա Պոլշա՞»... իսկ Քոչարյա՞նը:
Եսի՞մ…
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3477

Մեկնաբանություններ