Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Համմարբերգը խառնեց խաղաքարտերը

Համմարբերգը խառնեց խաղաքարտերը
18.07.2008 | 00:00

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գծով հանձնակատար Թոմաս Համմարբերգի այցելությունը Հայաստան և մամուլի ասուլիսում իշխանություններին և ընդդիմությանը ներկայացված առաջարկները կարող են դառնալ ներքաղաքական տարտամ ամռան շրջանում նոր գործընթացների ակտիվացման պատճառ։ Հիշեցնենք, որ Համմարբերգը կարծիք հայտնեց, թե մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ձևաչափը բավարար չէ այդ իրադարձությունների օբյեկտիվ հետաքննություն իրականացնելու համար, որովհետև ընդդիմությունն այդ ձևաչափում փաստորեն չի մասնակցում։
Ըստ այդմ, մարդու իրավունքների հանձնակատարը կարծում է, որ խորհրդարանական հանձնաժողովին զուգահեռ պետք է ստեղծել փաստահավաք խումբ իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների համատեղ մասնակցությամբ, որն էլ կզբաղվի մարտյան դեպքերի հետ կապված փաստերի հավաքմամբ և դրանք կներկայացնի ԱԺ հանձնաժողովին։ Այդ հանձնաժողովն էլի իր հերթին վերջնական եզրակացության մեջ պետք է հենվի հենց վերոհիշյալ խմբի ներկայացրած փաստերի վրա։ Արմատական ընդդիմության թևից Լևոն Զուրաբյանն արդեն հայտարարել է, որ իրենք պատրաստ են մասնակցելու նման փաստահավաք առաքելության կազմում, եթե այն ձևավորված լինի իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների հավասար մասնակցության սկզբունքով։ Իշխանության թևից կառավարող կուսակցությունների ղեկավարության կամ առաջնային դիրքերում գտնվող պետական պաշտոնյաների մակարդակով առայժմ արձագանք չկա։ Սակայն Համմարբերգի առաջարկը սկզբունքորեն խառնում է ներքաղաքական դաշտում ներկա հարաբերությունների բոլոր կոնֆիգուրացիաները։
Մինչ այժմ ստեղծված իրավիճակը իշխանության մասով կարելի է բնութագրել հետևյալ կերպ. ակտիվ քարոզչություն և որոշ քայլեր պետական համակարգը կարգի բերելու, պատասխանատվության խստացման ուղղությամբ։ Առանձին ակցիաներ, որոնք ուղղված էին հասարակության այս կամ այն շերտի կոնկրետ պրոբլեմների լուծմանը։ Այս համատեքստում ձեռնարկված քայլերից հիշատակելի է շուրջ 20 հազար չսեփականաշնորհված տների տերերին սեփականության վկայականների տրամադրման գործընթացի սկսումը։ Մի խոսքով, իշխանությունը ձգտում էր եղած բոլոր ռեսուրսները համախմբելու ճանապարհով լիցքաթափել ստեղծված լարվածությունը, այդ համատեքստում խուսափել ընդդիմության նկատմամբ կոշտ միջոցառումների ձեռնարկումից։ Դրա վկայությունն են ընդդիմության կողմից անժամկետ նստացույցի նախաձեռնումը Հյուսիսային պողոտայում, հունիսի 20-ին և հուլիս 4-ին Երևանում, հունիսի 28-ին Գյումրիում անցկացված չարտոնված հանրահավաքները, որոնք, այնուհանդերձ, չկասեցվեցին ոստիկանության կողմից։
Ընդդիմությունը հիմնականում կենտրոնացած էր ռեաբիլիտացիոն գործընթացների նախաձեռնման ուղղությամբ։ Այսինքն, տարբեր, այդ թվում հրապարակային միջոցառումներով, ցույց տալ իշխանություններին, որ իր շարքերը չեն նոսրացել, ինքն, ինչպես նախկինում, ազդեցիկ ուժ է, և իշխանությունը ստիպված է լինելու հաշվի նստել այդ փաստի հետ։ Ըստ որում, ընդդիմության գործելակերպի բնորոշի կողմերից մեկը մինչ օրս եղել է իշխանության կողմից երկխոսության առաջարկների մերժումը՝ բնութագրելով դա որպես իմիտացիա։ Արմատական ընդդիմության առաջնորդների հայտարարությունների համաձայն, իրենք նախապատրաստվում են օգոստոսի 1-ին Երևանում մեծ հանրահավաք անցկացնել, և ամառային արձակուրդների ամենաթեժ ժամանակահատվածում ապացուցել, որ ցանկության դեպքում ընդունակ են բազմահազար զանգված բերել հրապարակ։
Հիմա ի՞նչ կարող է փոխվել Համմարբերգի առաջարկի արդյունքում։ Նախ արձանագրենք, որ առաջարկն առայժմ միակն է, որ արմատական ընդդիմության կողմից արժանացել է դրական արձագանքի։ Սա մարտավարական իմաստով ճիշտ քայլ էր, որի արդյունքում ստացվում է, թե Եվրախորհուրդն ու ընդդիմությունը իշխանությանն առաջարկում են մարտի 1-ի իրադարձությունների լիարժեք պարզաբանման գործնական մեխանիզմ ստեղծել։ Այդ առաջարկից խուսափելն իշխանության համար բոլորովին էլ հեշտ չի լինի, որովհետև կստացվի մի կողմից Եվրախորհրդի կողմից հնչեցված առաջարկի անտեսում, մյուս կողմից ընդդիմության հետ երկխոսության իրական հնարավորության մերժում։ Դժվար է ասել, թե իշխանությունն ինչ ելք կփորձի գտնել այս իրավիճակում, սակայն միանշանակ է, որ առաջարկն ընդունելու դեպքում ներքաղաքական զարգացումներում բոլորովին նոր իրավիճակ կստեղծվի։
Գաղտնիք չէ, որ ընդդիմությունը մարտի 1-ի իրադարձությունների կազմակարպման մեջ մեղադրում է նախորդ վարչակազմին և մասնավորապես նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Եթե իշխանություններն ընդունեն Համմարբերգի առաջարկը և ընդդիմության հետ համատեղ փաստահավաք խումբ ձևավորեն, բոլորովին չի բացառվում, որ դրա գործունեության արդյունքում բացահայտվեն մասնակի կամ ամբողջական այնպիսի փաստեր, որոնց հանրության սեփականություն դառնալը բոլորովին էլ ցանկալի չէր լինի Ռ. Քոչարանի և նրա մերձավոր շրջապատի համար։ Մանավանդ որ գործող իշխանությունն արդեն իսկ ընդունել է, որ ցուցարարները չեն կրակել ոստիկանության և բանակի վրա, իսկ արմատական ընդդիմությունն էլ իր առաջնորդի բերանով հաստատել է, թե ոստիկանությունն ու բանակը չէին մարտի 1-ի սպանդի կազմակերպիչներն ու կատարողները։ Այսինքն, կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ ոչ միայն Ռ. Քոչարյանը, այլև նրա մերձավոր շրջապատը կազմող տարբեր պաշտոնյաներ և օլիգարխներ հարկադրված կլինեն բացատրություններ տալ մարտի 1-ին կատարված գործողությունների օրինականության, իրավաչափության և ուժի կիրառման համաչափության հետ կապված։
Առանց կասկածի կարելի է արձանագրել, որ նման հեռանկարն առանձնապես չի հրապուրում նախկին նախագահին։ Բոլորովին պատահական չէին այն խոսակցությունները, որ այսօր քոչարյանամետ շրջանակները նախկին նախագահի գիտությամբ և ակտիվ միջամտությամբ իրենց վերահսկողության տակ գտնվող գործող ու փաստացի չգործող կուսակցություններից մտադիր են ձևավորել, այսպես կոչված, երրորդ բևեռ, որն ինչպես իշխանությանը, այնպես էլ արմատական ընդդիմությանը հարվածելով, նրանց համագործակցության ցանկացած հնարավորություն խափանելով, պետք է կարողանա դառնալ այլընտրանքային ուժ, երկրորդ նախագահի քաղաքական ասպարեզ վերադարձի հենարան։ Միանշանակ է, որ եթե գործող իշխանությունն ընդունի Համմարբերգի առաջարկը և ընդդիմության հետ համատեղ փաստահավաք խումբ ձևավորի, երրորդ բևեռի ձևավորման գործընըթացն աննախադեպ թափ կհավաքի՝ դառնալով Հայաստանի ներքաղաքական կյանքի հիմնական բաղադրիչներից մեկը։
Միաժամանակ, իշխանության այսպիսի մոտեցումը կսրի պայքարը բուն կառավարման համակարգի ներսում։ Ռ. Քոչարյանը բարձրաստիճան և միջին չինովնիկության մեջ քիչ կողմնակիցներ չունի և անկասկած է, որ փորձելու է նրանց միջոցով ազդել իշխանության դիրքորոշումների վրա։ Եվ որքան նոր նախագահն ու կառավարությունն ավելի հակված լինեն ընդդիմության հետ ինչ-որ համաձայնության եզրեր գտնելու, այդ ներքին պայքարն ավելի է սրվելու և ընդունելու է նորանոր ձևեր։ Ըստ այդմ, գլխավոր հարցը հետևյալն է՝ կգնա՞ նոր իշխանությունը Համմարբերգի առաջարկած ճանապարհով, թե՞ կփորձի արմատական ընդդիմության և Ռ. Քոչարյանի խմբավորման միջև խուսանավելով, այս կամ այն չափով գոհացնել երկուսին էլ՝ առանց սենսացիոն բացահայտումների։ Գաղափար, որ սկզբունքորեն շատ դժվար իրագործելի է, քանի որ կամ գայլերն են կուշտ լինում, կամ ոչխարները ողջ, բայց այդ երկու երնեկը համատեղելը խիստ բարդ խնդիր է, նույնիսկ իր քայլերը հաշվարկելու այնպիսի լուրջ կարողություններ ունեցող գործչի համար, ինչպիսին գործող նախագահն է։ Ինչևէ, գնդակն իշխանության դաշտում է, և այս փուլում հիմնականում նրանից է կախված հետագա առանցքային քաղաքական գործընթացների ուղղորդումը։
Վ. ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 6603

Մեկնաբանություններ