Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Ստամբուլի հայերն իրենց ձայնը տվել են իշխող կուսակցությանը»

«Ստամբուլի հայերն իրենց ձայնը տվել են իշխող կուսակցությանը»
02.04.2019 | 03:01

Մարտի 31-ին Թուրքիայում տեղ են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Դրանց ընթացքի և արդյունքների մասին զրուցում ենք թուրքագետ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ։

-Ի՞նչ արդյունքներ են գրանցվել Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։ Ո՞ր ուժերն են հաղթանակ տարել։
-2019 թ. մարտի 31-ին Թուրքիայում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, ընտրություններին մասնակցելու իրավունք ուներ 57 093 410 մարդ: Ընտրություններին մասնակցում էր 12 քաղաքական ուժ: Ընդ որում, չորս քաղաքական ուժ որոշ նահանգներում հանդես էր գալիս դաշինքներով. «Արդարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցությունները՝ «Ժողովրդական դաշինքով», իսկ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» և ազգայնական ուղղվածություն ունեցող «Լավ» կուսակցությունները՝ «Ազգային դաշինքով»: Այս ընտրությունները եթե համեմատենք 2014-ի ՏԻՄ ընտրությունների հետ, վստահորեն կարող ենք ասել, որ քրդերն այս ընտրություններում նահանջել են, սակայն իշխող ԱԶԿ-ն չի ցուցաբերել նախկին ընտրության լավագույն արդյունքը: Այս ընտրություններին իրենց դիրքերն են բարելավել գլխավոր ընդդիմադիր ԺՀԿ-ն, ինչպես նաև ազգայնական ԱՇԿ-ն: Ի դեպ, քրդամետ ԺԴԿ-ն ՀՀ-ին սահմանակից Կարսում հաղթել է ազգայնականներին, իսկ Իգդիրում նույնպես հաղթել են քրդերը: Այս ընտրությունների անակնկալներից մեկն էլ այն էր, որ մեկ նահանգում հաղթել է Թուրքիայի կոմունիստական կուսակցությունը: Մեծ հաշվով, այս ընտրություններում, կարող եմ ասել, պարտվել են իշխող և քրդամետ կուսակցությունները, փոխարենը հաղթել են ընդդիմադիր և ազգայնական ուժերը, սա ես ասում եմ համեմատության կարգով, համեմատելով նախորդ ընտրությունների հետ:
-Ընտրությունները ի՞նչ մթնոլորտում են տեղի ունեցել. խախտումներ, բռնություններ գրանցվե՞լ են։
-ՏԻՄ ընտրությունները ոչ միայն գրանցած արդյունքներով էին անակնկալ, այլև միջադեպերի քանակով: Թուրքիայի ողջ տարածքում գրանցվել է ավելի քան 400 միջադեպ, իսկ դրանք ոչ թե ընտրախախտումներ էին, այլ զինված բախումներ, ծեծկռտուք, կան հարյուրավոր վիրավորներ և մեկ տասնյակից ավելի զոհեր։ Ի դեպ, զոհեր կան ինչպես թեկնածուների կողմնակիցների մեջ, այնպես էլ դիտորդների շրջանում՝ երկու զոհ: Բավականին լարված էին այս ընտրությունները, հավանաբար այդ լարվածությունը կանխատեսել էին անվտանգության ուժերը և որոշում էին ընդունել ոգելից խմիչքների վաճառքի արգելման, քվեարկության օրը սրճարանների և ռեստորանների փակման վերաբերյալ, մինչև անգամ արգելվել էր հարսանիքների անցկացումը մինչև ժամը 18:00-ն:
-Ընտրություններից հետո ի՞նչ դիրքում է Էրդողանի իշխանությունը. ամրապնդվե՞լ է, թե՞ թուլացել։
-Ինչպես նշեցի, Էրդողանն այս ընտրություններում գրանցեց ցածր ցուցանիշ, չնայած առաջատար դիրքում է, բայց, նախորդ ՏԻՄ ընտրության համեմատ, գրանցել է նահանջ: Կարծում եմ՝ այս ընտրություններից հետո տեղի կունենան որոշակի քաղաքական վերադասավորումներ, Էրդողանը փորձելու է թուլացնել ընդդիմադիր ԺՀԿ-ն, ինչպես թուլացրեց քրդամետ ԺԴԿ-ն՝ ձերբակալելով քաղաքական ղեկավարությանը:
-Հայկական համայնքը ինչպե՞ս է դրսևորել իրեն, արդյոք կայի՞ն հայ թեկնածուներ։
-Որքանով ուսումնասիրել եմ թեկնածուներին, ոչ մի տեղ չեմ հանդիպել ազգությունը հայ նշած թեկնածուի: Ստամբուլի հայերն իրենց ձայնը տվել են իշխող կուսակցությանը. արդեն ավանդույթ է դարձել, որ ստամբուլահայերը պետք է պաշտպանեն իշխող կուսակցությանը, բացի այդ, Էրդողանի հայատառ թվիթերյան գրառումը ավելի էր «գրավել» հայերի սրտերը: Իսկ հարավարևելյան նահանգների հայերը, կարծում եմ, ձայն են տվել քրդամետ ԺԴԿ-ին:
-Թուրքիայի՝ Հայաստանին սահմանակից բնակավայրերում կարծես ամրապնդվել են ադրբեջանցիների դիրքերը։ Ի՞նչ կարող է մեզ սպառնալ դրա հետևանքով։
-Ինչպես արդեն նշեցի, իշխող կուսակցությունը ԱՇԿ-ի հետ Իգդիրում և Կարսում հանդես էր գալիս միասնական թեկնածուով, և այդ թեկնածուները ԱՇԿ-ից էին: Որպեսզի հասկանանք, թե մեզ ինչ օգուտ կամ վնաս կարող է սպասվել, բերեմ միայն այն փաստը, որ այս թեկնածուներին սատարում է նաև ադրբեջանական զանգվածը, կարծում եմ, դրանով ամեն ինչ ասված է: Կարսի արդեն նախկին քաղաքապետը նույնպես ԱՇԿ-ից էր, որը երկար տարիներ հակահայկական քաղաքականություն էր վարում, իսկ վերջին նմանատիպ գործողությունը Չարենցի ենթադրյալ տունը քանդելն էր:

Զրուցեց
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 51133

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ