Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Շահերի բախման կիզակետում

Շահերի բախման  կիզակետում
15.10.2013 | 00:11

Եվրոպայի առաջատար և որոշ այլ պետություններ իրենց, շատ բաներում տարբեր, շահերն ունեն Արևելյան Եվրոպայում, Եվրասիայում, Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում։ Ֆրանսիան, չկարողանալով Հարավային Կովկասում և Կասպից ծովում իր դիրքերն ամրապնդել էներգետիկ ոլորտում, հակված է Հարավային Կովկասը դիտարկելու, ավելի շուտ, իբրև աշխարհաքաղաքական գործունեության «հենահրապարակ»։ Սակայն այդ նպատակների իրականացման համար Ֆրանսիան անհրաժեշտ քաղաքական ռեսուրսներ չունի։ ՈՒստի ներկա փուլում Հարավային Կովկասում Ֆրանսիայի խնդիրը եվրոպական ազդեցության ու ներկայության հնարավոր հաստատումն է, ԱՄՆ-ի ազդեցության առավելագույնս սահմանափակումը։ Ֆրանսիան Վրաստանի հետ վստահալից հարաբերությունների հաստատման հեռանկար չունի և այդ երկրում իր ազդեցությունն ուժեղացնելու նրա փորձերը շատ արագ խափանվեցին ամերիկացիների կողմից։ ՈՒ թեև քաղաքական փոփոխությունները Վրաստանում, Միխեիլ Սաակաշվիլու թիմի փաստական իշխանազրկումը տեղի ունեցան Ֆրանսիայի որոշ «մասնակցությամբ», բայց հազիվ թե նա դա աներ առանց ԱՄՆ-ի հետ խորհրդակցելու։
Ադրբեջանի առնչությամբ Ֆրանսիայի դիրքերն առհասարակ շատ անորոշ են, ինչը հետևանք է Հայաստանի հետ նրա հարաբերությունների և Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի հետ մրցակցության։
Հարավային Կովկասում Ֆրանսիան սերտ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, ձգտելով «խնամակալություն» ստանձնել նրա նկատմամբ։ Սակայն Հայաստանը կարող է աշխարհաքաղաքական հետաքրքրություն ներկայացնել Ռուսաստանի, Իրանի և Մերձավոր Արևելքի մի շարք երկրների հետ երկարաժամկետ, պարտավորեցնող հարաբերությունների զարգացմամբ, պայմանով, որ Հայաստանը վարի անկախ քաղաքականություն և ոչ թե վասալի դերակատարում ունենա։ Հարավային Կովկասում այդ հնարավորություններից ելնելով, Ֆրանսիան չի կարող մերժել տարածաշրջանի դաշնայնացման դոկտրինն ու եվրոպական քաղաքականության ծավալումը։ Միաժամանակ, Ֆրանսիան չի կարող պնդել Հարավային Կովկասում առկա հակամարտությունների կարգավորման այն տարբերակների վրա, որոնք պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում հանգեցնեին արտաքին հարկադրանքի կիրառման։ Ֆրանսիան բարդ վիճակում է տարածաշրջանային քաղաքականության առումով, քանի որ սկզբունքորեն կողմ լինելով տարածքային ամբողջականության պահպանմանը Եվրոպայում, հասկանում է, որ անհնար է այդ սկզբունքը պահպանել Հարավային Կովկասում ու Մերձավոր Արևելքում։ Ներկայումս Ֆրանսիան շահագրգռված է, փաստորեն, տարածաշրջաններում ամերիկյան քաղաքականության եվրոպական սկզբունքների զարգացմամբ։ Ֆրանսիայի քաղգործիչները, անկախ կուսակցական պատկանելությունից և ԱՄՆ-ի նկատմամբ համակրանքից կամ հակակրանքից, հարկադրված են պաշտպանել համաեվրոպական քաղաքականության հիմնական ուղղությունները, ձգտելով չխաթարել եվրոպական պետությունների միաբանությունը։ Ֆրանսիայի այդ քաղաքականությունն անհնար է գնահատել որպես պասիվ։ Հենց Ֆրանսիայի այդ քաղաքականությունն է հնարավորություն տալիս ի մի բերելու մյուս եվրոպական պետություններին, նախ և առաջ Մեծ Բրիտանիային ու Գերմանիային, որոնք ստիպված են իրենց գործողությունները համապատասխանեցնել այդ սկզբունքներին, որոնք հռչակված են որպես համաեվրոպական։
Ֆրանսիայի այդ դիրքորոշումը, լինելով շատ անհարմար, լուրջ խոչընդոտ է դարձել Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի քաղաքականության ծավալման ճանապարհին։ Քաղաքական նշանակալի հնարավորություններ ունեցող Մեծ Բրիտանիան չի կարող հանդես գալ այնպիսի նախաձեռնություններով, որոնք հակասում են, այսպես կոչված, համաեվրոպական քաղաքականությանը։ Այս իմաստով ֆրանսիական քաղաքականությունը և համաեվրոպական պարտավորությունները դարձել են այն խոցելի կետը Մեծ Բրիտանիայի քաղաքականության համար, ինչի մասին խոսում են բրիտանացի եվրոհոռետեսները։ Հարավային Կովկասի առնչությամբ այդ եվրոպական դոկտրինի բացակայությունը և տարածաշրջանում կիրառվող խաղի կանոնները, անկասկած, պատճառ կդառնային, որ Մեծ Բրիտանիան շատ ավելի համառորեն փորձեր պաշտպանել Ադրբեջանի ու Վրաստանի շահերը։
Ներկայումս նշաններ կան, որ Մեծ Բրիտանիան, զգալով ղարաբաղյան խնդրի առնչությամբ իր քաղաքականության ձախողումը, աշխատում է Հարավային Կովկասի դաշնայնացման եվրոպական դոկտրին մշակել, այնպես, որ դա հարմար ու արդյունավետ լինի բրիտանական շահերի համար։ Մեծ Բրիտանիան, հասկանալով եվրոպական քաղաքականության ուժեղացման նշանակությունը, ձգտում է կոնկրետ նախագծերում ներդնել այնպիսի տարրեր, որոնք կարող էին նպաստել բրիտանական քաղաքական ու տնտեսական ներկայության պահպանմանը Հարավային Կովկասում և Արևելյան Եվրոպայում ու Եվրասիայում` հեռանկարի երկու տարբերակով` Եվրոպական ընկերակցության զորեղացում և Եվրոպական ընկերակցության հետագա ընդլայնման նախագծի ձախողում։ Այս կապակցությամբ Մեծ Բրիտանիան ձգտում է քաղաքական առաջարկությունների ու նախաձեռնությունների մշակման գործը կենտրոնացնել իր վերահսկողության տակ գտնվող հաստատությունների ու կենտրոնների շրջանակներում։ Մեծ Բրիտանիան Կովկասի ու Կասպյան ավազանի տարածաշրջանը համարում է մի տարածություն, որտեղ ինքը պետք է գերակշիռ դիրքեր ունենա, և իր ջանքերի ճանապարհին եղած ցանկացած խոչընդոտ խիստ նյարդայնացնում է նրան, ինչն անդրադառնում է անգամ փորձագիտական ընկերակցության բանավեճերի ռեժիմի վրա։ Մեծ Բրիտանիան հասկանում է, որ իր սեփական ուժերն անբավարար են Հարավային Կովկասում վերահսկողություն հաստատելու համար և ջանում է ԱՄՆ-ի քաղաքականությունն ուղղորդել իրեն անհրաժեշտ հունով։ Այս կապակցությամբ հետաքրքրություն է ներկայացնում հետևյալը. Մեծ Բրիտանիան ձգտում է ամեն կերպ սահմանափակել Արևմուտքի ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում, համարելով, որ անվտանգության և ազդեցության հարցերը կարելի է լուծել նաև առանց նշանակալի ռազմական ներկայության։ Դա համապատասխանում է Մեծ Բրիտանիայի արտքաղաքական դոկտրինին, համաձայն որի, տարածաշրջանում զինված ուժեր կարելի է օգտագործել բացառիկ դեպքերում, երբ չկան անվտանգության ապահովման այլ եղանակներ։
Գերմանիայի քաղաքականությունը Հարավային Կովկասում բավական պասիվ է։ Պատմական հիմնավորումներով իր դիրքերը հաստատելու Գերմանիայի փորձերն 90-ականների սկզբին, հատկապես Վրաստանում, համեմատաբար կարճ տևեցին և հաջողությամբ խափանվեցին ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի կողմից։ Հետագայում Գերմանիան արհեստականորեն տպավորություն էր ստեղծում Վրաստանում իր դիրքերի պահպանման վերաբերյալ, բայց հիմա չի ձգտում ցուցադրական քայլեր անել և նախընտրում է իրատեսական մոտեցումները։ Գերմանիան, որպես առաջատար մետալուրգիական ու մեքենաշինական տերություն, Ֆրանսիայից ու Մեծ Բրիտանիայից ավելի շատ հումքի աղբյուրների կարիք ունի կենտրոնասիական, ինչպես նաև իրանական, չինական և հնդկական շուկաներում։ ՈՒստի «Եվրասիական միջանցք» նախագիծը նրա աշխարհատնտեսական շահերի հետ էր կապված։ Չնայած Գերմանիայի և Ռուսաստանի հարաբերությունները բարեկամական են ու կայուն, Գերմանիան ձգտում է եվրասիական և ասիական շուկաների հետ առնչվելու այլընտրանքային երթուղիներ ապահովել, քանի որ արդի աշխարհում առանց «պահուստային» հաղորդուղիների առկայության քաղաքականությունն ու տնտեսությունը համարվում են անշահեկան ու խոցելի։ Հարավային Կովկասում, նավթի-գազի համալիրից զատ, Գերմանիան առավել նշանակալի ներկայություն ունի հանքարդյունաբերական և արտադրական ճյուղերում։ Օրինակ, Հայաստանում Գերմանիան, ըստ էության, վերահսկում է պղնձի ու մոլիբդենի, ինչպես նաև էլեկտրաշարժիչների արտադրությունը։ Եթե 90-ականներին Հարավային Կովկասի առնչությամբ Գերմանիայի քաղաքականության մեջ գերմանա-թուրքական հարաբերությունների տարրեր էին նկատվում, այսինքն, Գերմանիան աշխատում էր հաշվի առնել Թուրքիայի շահերը, որպես վաղեմի գործընկերոջ, ապա 2000-ականներին այդ գործոնը լրիվ վերացավ։ Ընդհանուր առմամբ, Գերմանիան հետևողականորեն պաշտպանում է Հարավային Կովկասի դաշնայնացման եվրոպական նախագիծը, ինչը նշանակում է, որ նա միաբան է Ֆրանսիայի հետ։ Գերմանիան Ֆրանսիայից փոքր-ինչ ավելի է ուշադրության առնում տարածաշրջանի երկրներում մարդու իրավունքների ու ժողովրդավարության վիճակը, բայց դա սոսկ հնարավորություն է իր քաղաքականության ոճն ու ուղղությունը նշելու։
Ինչ վերաբերում է կուսակցություններին, ապա Հարավային Կովկասում հիմնականում երեք դիրքորոշում է ձևավորվել. Մեծ Բրիտանիայում, փաստորեն, տարբերություն չկա տարածաշրջանի առնչությամբ երկրի երկու առաջատար կուսակցությունների դիրքորոշումներում։ Պահպանողական կուսակցությունն ավելի հետևողական է պաշտպանում ԱՄՆ-ի քաղաքականությունը, լեյբորիստականը նախընտրում է որոշ հարցեր քննարկել, ինչը, ի վերջո, նույն դիրքորոշմանն է հանգեցնում։ Այդ միաբանությունը բացատրվում է Մեծ Բրիտանիայի համար Հարավային Կովկասի ռազմավարական կարևորությամբ։ Հարավային Կովկասի տարածաշրջանային հակամարտությունների առնչությամբ լեյբորիստական կուսակցության քաղգործիչները նախընտրել են ակտիվացնել կարգավորման գործը և դրա համար օգտագործել եվրոպական ընկերակցության լծակները։ Այդ քաղաքականության արտահայտիչը Եվրախորհրդի գլխավոր քարտուղար բրիտանացի Թերրի Դևիսն էր, որը ծայրաստիճան արմատական դիրքորոշում ուներ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ Բրիտանական պահպանողականները նախընտրում են այն նույն դիրքորոշումը, ինչ Բուշի հանրապետական վարչակազմն ուներ ԱՄՆ-ում։ Ղարաբաղյան հակամարտության առումով հայկական շահերի պաշտպանները պահպանողականներն են, այդ թվում` մի շարք ազնվական ընտանիքներ։
Ներկայումս, բրիտանական հանրության զգալի ձախացման կապակցությամբ, ոչ միայն փորձագիտական ու մտավորական շրջանակներում, այլև հանրության մեջ ուժեղանում են նրանց դիրքերը, ովքեր ժխտում են տարածքային ամբողջականության սկզբունքի կիրառման իրավաչափությունը, եթե վտանգված է ազգային հանրությունների գոյատևումը։ Չնայած Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի ու Թուրքիայի լայնածավալ գործունեությանը, ադրբեջանամետ քարոզչախմբերը սահմանափակվում են երկու բաղադրիչով. եվրոպական կառույցներում ղարաբաղյան խնդրի քննարկման միջոցով Հայաստանին մի շարք պարտավորություններ պարտադրելու բրիտանական կառավարության փորձերով և Հայաստանի վրա ավելի կոշտ ճնշում գործադրելուն ԱՄՆ-ի պետդեպին հակելու փորձերով։ Սակայն պարզվեց, որ այդ ջանքերն առանց մեծ դժվարության կարող են չեզոքացվել Եվրոպայում և ԱՄՆ-ում գործող հայկական լոբբիի կողմից։
Ֆրանսիայում չկան այնպիսի քաղաքական կուսակցություններ կամ քաղաքական խմբեր, որոնք հանդես գային հօգուտ այն նախագծերի ու նախաձեռնությունների, որ Հարավային Կովկասի բոլոր հնարավոր խնդիրների առնչությամբ առաջարկած լինի ԱՄՆ-ը։ Ֆրանսիական կուսակցությունները Հարավային Կովկասի վերաբերմամբ իրենց քաղաքականությունը մեծ մասամբ կառուցում են թուրքական խնդրից ելնելով։ Ըստ էության, Հայաստանի ու Ադրբեջանի հետ բոլոր հարաբերությունները ենթարկված են Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը թույլ չտալուն։ Դա Ֆրանսիայի ու Եվրոպայի շատ պետությունների համար շատ ավելի կարևոր խնդիր է, քան Հարավային Կովկասը։ Ֆրանսիայի քաղգործիչները մի կողմ են քաշվել Վրաստանի խնդիրների քննարկումից, քանի որ կարծում են, թե վրացական հակամարտությունների կարգավորման գործի արագացումը կհանգեցնի Բոսնիայի տարբերակին։
Գերմանիայի առաջատար քաղաքական կուսակցություններն այդպես էլ չեն կողմնորոշվել Հարավային Կովկասի խնդիրների առնչությամբ։ Նրանց քաղաքականությունն ու դիրքորոշումները անհետևողական են։ Բունդեստագում ժամանակ առ ժամանակ քննության են առնվում Հարավային Կովկասի հետ կապված առանձին քաղաքական հարցեր։ Ընդհանուր առմամբ, քրիստոնյա դեմոկրատներն ու սոցիալ-դեմոկրատները իրենց դիրքորոշումներով չեն տարբերվում և ձգտում են չհեռանալ եվրոպական կառույցներում տեղի ունեցող գործընթացներից։
Կարևոր է ՆԱՏՕ-ին Հարավային Կովկասի պետությունների ինտեգրման հարցը։ Չնայած Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև Գերմանիայի դիրքորոշումներում ու շահերում լուրջ հակասություններ կան, սակայն նրանք միաբան են այդ հարցում և չեն կարծում, թե անհրաժեշտ է շարունակել Արևելյան Եվրոպայի երկրների ընդունումը ՆԱՏՕ։ Ֆրանսիան ու Գերմանիան միանգամայն որոշակիորեն են արտահայտում այդ դիրքորոշումը։ Մեծ Բրիտանիան ձևացնում է, թե դրականորեն է վերաբերվում այդ հարցին, բայց իրականում նույնպես ոգևորություն չի զգում բալկանյան և հատկապես կովկասյան պետությունները ՆԱՏՕ ընդունելու հարցում։ Եվրոպական պետությունները այդ նախաձեռնությունը համարում են ամերիկյան նախագիծ, ինչը կարող է հանգեցնել քաղաքական լարվածության զգալի սրման, ռազմական ծախսերի ավելացման։
Եվրոպական պետությունները նախընտրում են ընտրովի մոտեցումը Հարավային Կովկասի երկրների հարցերին։ Օրինակ, Ֆրանսիան, չնայած ԱՄՆ-ի կողմից Հայաստանի վարչակազմի խիստ քննադատությանը, նախընտրում է պաշտպանել Հայաստանի քաղաքական ղեկավարներին, ընդ որում` ցուցադրաբար։ Այս իմաստով ֆրանսիական քաղաքականությունը մոտ է ռուսականին։ Ադրբեջանի առնչությամբ ամբողջ Եվրոպական ընկերակցությունը նախընտրում է մշտական քննադատությունը, թեև ամերիկացիները ձգտում են մեղմացնել այն։ Եվրոպայի քաղաքական շրջանակներում կարծիք կա, որ հեռանկարում Հարավային Կովկասի միայն երկու պետություններ` Վրաստանն ու Հայաստանը, կարող են ընդունվել Եվրամիություն, իսկ Ադրբեջանի համար կմշակվեն համագործակցության առանձնահատուկ պայմաններ, քանի որ այդ երկրի սոցիալ-մշակութային իրավիճակը արմատական փոփոխության կարիք ունի։ Կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի նկատմամբ կկիրառվի Թուրքիայի հետ Եվրամիության հարաբերությունների փորձը։ Փորձագետների պնդմամբ, մինչ օրս Հարավային Կովկասի վերաբերմամբ քաղնախագծման գործում, փաստորեն, երբեք հաշվի չի առնվել Ադրբեջանի իսլամական գործոնը, բայց այդ իրողությունն իրեն ավելի ու ավելի է զգալ տալիս, ինչը կարող է լուրջ խնդիր դառնալ Եվրոպական ընկերակցությանն այդ երկրի ինտեգրման ճանապարհին։

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 50098

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ