38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Այն աչքերը, որ չեն լացել, Բան չեն տեսել այս աշխարհում»

«Այն աչքերը, որ չեն լացել, Բան չեն տեսել այս աշխարհում»
14.04.2017 | 11:13

Լսելով մեր երաժշտությունը, ունկնդիրներն անպայման պետք է որ ասեն. «Պատմեք մեզ այդ ժողովրդի մասին, ցույց տվեք մեզ այդ երկիրը, որն ունի այդպիսի արվեստ»։
Ահա կյանքիս երազանքը։
Արամ ԽԱՉԱՏՐՅԱՆ

1997 թվականից Վարշավայում ամեն տարի տեղի է ունենում «Զատկի փառատոն», որի հիմնադիրն է Բեթհովենի անվան ասոցիացիան։ Փառատոնի գլխավոր տնօրենն է ասոցիացիայի նախագահ Էլժբետա Պենդերեցկան։ Ավանդական այդ հանդիսությանը մասնակցում են լավագույն երաժիշտները, նվագախմբերը։ Այս տարի ապրիլին հրավիրվել է նաև Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան)։ Նախքան մեկնելը փառատոնի ծրագիրը ներկայացվեց Երևանում։


«Արամ Խաչատրյան» համերգասրահում մթնոլորտը տոնական էր` Մայրության և գեղեցկության տոնի առթիվ համերգասրահ մտնող կանանց և աղջիկներին նվագախմբի անունից ծաղիկներ էին նվիրում։ Այնպես որ, լեփ-լեցուն դահլիճն ալպիական մարգագետնի էր նմանվում։ Շուտով գարնանային ծաղիկներին գումարվեցին «հավերժածաղիկները», նկատի ունեմ այն հնչյունակերտ ծաղիկները, որ «բացվեցին» բեմում` մեր աչքերի առջև։ Դրանք Ղազարոս Սարյանի «Սիմֆոնիկ պատկերներն» էին` «Նախերգը», «Տոնականը», «Լուսաբացը», «Խնջույքի երգը» և այլ մասերը։ Մարտիրոս Սարյանի արևաշող գույներով, հայոց բնաշխարհի բույրերով շաղախված` Ղազարոս Սարյանի երաժշտությունն իր գունեղ, թափանցիկ գործիքավորմամբ, ժողովրդական «Նուբար-նուբար» երգով համեմված, միանգամից գերեց ունկնդիրներին։ Մանավանդ որ նվագախումբն այն մատուցեց պրոֆեսիոնալ բարձր մակարդակով, բյուրեղ «առոգանությամբ», պոլիֆոնիկ գծերի հստակությամբ, որոնք իր արտահայտիչ ձեռքերով «գծագրում» էր դիրիժորը։


Ղ. Սարյանի կենսախինդ «Սիմֆոնիկ պատկերներին» հաջորդեց Արամ Խաչատրյանի փոթորկալից Կոնցերտ-ռապսոդիան` գրված թավջութակի և նվագախմբի համար։ Մենակատարն էր լեհ թավջութակահար, միջազգային մրցույթի դափնեկիր Բարտոշ Կոզյակը։
Կոնցերտ-ռապսոդիան, իր դրամատիկ բնույթով, խիստ կոնտրաստ էր լուսաշող «Սիմֆոնիկ պատկերներին»։ Խաչատրյանի կոնցերտ-ռապսոդիաները (ջութակի, թավջութակի, դաշնամուրի) նույն կառուցվածքն ունեն։ Ինչպես հեղինակն է նշում. «Բոլոր երեք ռապսոդիաներն իրենցից ներկայացնում են հետևյալ ձևերը. նախանվագ` մենակատարի կադենցիան, դանդաղ թեմա և իր հոմոֆոն զարգացումը, արագ թեմա և իր պոլիֆոնիկ զարգացումը և կոդա` վերջնամաս, որտեղ թեմաները միավորված են մեկ կերպարում, հուզականորեն միմյանց հարստացնելով, հասնում են «վիրտուոզության սահմանագծին»։ Թեպետ երաժշտությունը ամենավերացականն է արվեստներից և ենթակա չէ որևէ լեզվով թարգմանության, այնուամենայնիվ, գոյություն ունեն որոշ խորհրդանիշեր, որոնք հնարավորություն են տալիս շատ, թե քիչ կռահելու բովանդակության ուղղվածությունը։ Կոմպոզիտորները սովորաբար հակված չեն խոսելու իրենց «գաղտնագրության» մասին, և տարբեր պատճառներով` սուբյեկտիվ և օբյեկտիվ։ Պատճառներից մեկն այն է, որ ընկալողի երևակայությունը չկաշկանդվի, մյուսը, որ տեղիք չտա դավանաբանական, ազգայնական բանավեճի։ Մեզ հայտնի չէ, թե ինչու են նշում Խաչատրյանի 1-ին սիմֆոնիայի 1-ին մասի գլխավոր թեմայի նմանությունն Ահեղ դատաստանի թեմային` «Dies Irae» (Օրն ցասման), հայտնի խորալին, իսկ Թավջութակի կոնցերտ-ռապսոդիայի «երկնակամարով» մեկ թնդացող համանուն թեմայի մասին լռում են։ Գուցե չե՞ն նկատել, գուցե մե՞նք չենք հանդիպել։ Չէ՞ որ ռապսոդիան բացող թավջութակի նախանվագն ավելի է նման Ահեղ դատաստանը խորհրդանշող խորալին։


Ռապսոդիայում Դատաստանի թեման առավել ևս բացահայտվում է նվագախմբի բովում, հատկապես փողի նվագաբաժնում, ինչն ակնհայտորեն ակնարկում է Ահեղ դատաստանի ժամանակ հնչելիք հրեշտակապետի փողի տիեզերահունչ գոչյունը։ Գրեթե նույն ձևով քողարկված` դատաստանի թեման առկա է նաև Ջութակի կոնցերտում։ Ով կասկածում է, թող մտաբերի Սերգեյ Ռախմանինովի օպ. 39 էտյուդ-պատկերները կամ Գուստավ Մալերի 2-րդ սիմֆոնիան, որտեղ «Dies Irae»-ն ներկայացված է ընդամենը առաջին չորս հնչյուններով։ Կարող է հարց ծագել, թե ինչո՞ւ եմ այսքան մանրամասնում։ Բանն այն է, որ այս ամենի իմացությունը կատարողի մեկնաբանությունը կարող է մոտեցնել հեղինակի մտահղացմանը և նպաստել կերպարաստեղծմանը։ Այնպես, ինչպես հեղինակի ցուցումները։ Ի դեպ, Օլիվիե Մեսսիանը որոշ գործերի պարտիտուրաներում նույնիսկ պահանջվող հնչողության «գույներն» է նշում` կարմիր, ոսկեգույն, կապույտ և այլն։ Այս և այլ գիտելիքներով, ասոցիատիվ կապերով զինված կատարողի, ունկնդրի սիրտը զորացվում է ուղեղով, հույզը` բանականությամբ։ Փիլիսոփայի լեզվով ասեմ. հույզը դառնում է «խելամիտ հույզ», իմաստուն հույզ։ Նույնը և կերպարվեստում, պոեզիայում, որոնց ընկալումը թերի կլիներ, եթե դիցաբանություն չիմանայինք։ Ահա թե ինչու է անհրաժեշտ Ահեղ դատաստանը, Խաչելությունը, Հարությունը և տիեզերական այլ թեմաները մարմնավորող խորալների, շարականների իմացությունը։ Իսկ թե ինչո՞ւ է Արամ Խաչատրյանն այդքան հաճախ դիմել Ահեղ դատաստանի թեմային, կարելի է պատասխանել Ավետիք Իսահակյանի խոսքերով. նրա տառապանքը փորձ ուներ։ Պոետի պես կոմպոզիտորն էլ կարող էր ասել.
Շա՛տ եմ տանջվել
այս աշխարհում,
Շա՛տ եմ լացել այս աշխարհում.
Այն աչքերը, որ չեն լացել,
Բան չեն տեսել այս աշխարհում։


Մի հանդիսության ժամանակ, հենց «Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմում, Էդվարդ Միրզոյանը, հիշատակելով Արամ Խաչատրյանին, նրան անվանել է «հայ երաժշտության Չայկովսկի»։ Հիրավի, հիշյալ կոնցերտ-ռապսոդիայի կոմպոզիտորական մտածողության, «պայթուցիկ» սիմֆոնիզմի մեջ ընդհանուր եզրեր շատ կան։ Իսկ ավելի կոնկրետ` ռապսոդիայի թեման և դրա զարգացումը նման են Չայկովսկու 4-րդ սիմֆոնիայի գլխավոր թեմային` ճակատագրի թեմային։ Նույնքան են նման, որքան Չայկովսկու թեման է նման հայկական «Պատարագի» «Հավատամք ի մի Աստուած» դրվագը երգվող մեղեդուն, որը Չայկովսկին լսել է Թիֆլիսի հայոց եկեղեցում։
Այսպիսով, ռապսոդիայի թեման այնքան տարողունակ է և բովանդակալից, որ հիշեցնում է ճապոնական «նեցկե» կոչված մանրաքանդակները. մի կողմից թեման նմանվում է Դատաստանի մոտիվին, մյուս կողմից` Չայկովսկու 4-րդ սիմֆոնիայի «ճակատագրի» թեմային։ Էլ չեմ ասում գրիգորյան խորալի ձևավորման վրա հայ հոգևոր երաժշտության «ուղղակի ազդեցության» մասին, ինչը հաստատում են երաժշտագետներ Վ. Կոնենը, Տ. Լիվանովան և այլք։ Այս պարզաբանումներով մենք ոչ թե շեղվեցինք, այլ հակառակը, մոտեցանք խնդրո առարկային, և, ի պատիվ մաեստրո Սերգեյ Սմբատյանի, մենակատար Բարտոշ Կոզյակի և նվագախմբի, նշենք, որ և՛ կերպարաստեղծման իմաստով, և՛ ընդհանուր առմամբ, կոնցերտ-ռապսոդիան կատարվեց անշեղ վերելքով. աշուղական իմպրովիզացիայից մինչև սիմֆոնիկ «պայթյուն»։ Մասնավորապես, երգայնության և վիրտուոզության առումով, որտեղ, սիներգիայով «բռնկված», նվագախումբը և մենակատարը միմյանց զորացնում էին, հատկապես խաչատրյանական «սիմֆոնիկ կրակը» բորբոքելիս։
Վկայությունը ունկնդիրների շռնդալից ծափողջույններն էին։


Համերգի 2-րդ բաժնում հնչեց Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Շեհերեզադա» սիմֆոնիկ սյուիտը։ Ջութակի մենանվագը կատարելու համար Մոսկվայից հրավիրվել էր միջազգային մրցույթների դափնեկիր Ելենա Կորժենևիչը։ Եվ այդ հրավերն արդարացված էր, քանզի Ելենա-Շեհերեզադան այնքան հմայիչ էր, այնքան նրբագեղ էր տավիղի նվագակցությամբ հյուսում իր մենանվագ-«հեքիաթները», որ ակամա հիշեցի Սայաթ-Նովայի խոսքերը` ուղղված իր սիրեցյալին. «Դուն փահլևաններ կու հաղթիս, խոսքդ անց կու կենա շահի մոտ»... Այս սյուիտը, իրավամբ, կարելի է փորձաքար համարել ցանկացած նվագախմբի և դիրիժորի համար։ Եվ ահա թե ինչու։ Սյուիտը ծրագրային երաժշտություն է` ներշնչված արաբական «Հազար ու մեկ գիշերի» հեքիաթների մոտիվներով։ Կոմպոզիտորը մարմնավորել է կերպարների, տեսարանների մի ամբողջ աշխարհ. Արքայազնի, Կալենդերի, Սինդբադի, նրբագեղ Շեհերեզադայի, որն իր հեքիաթներով մեղմում է ահեղ սուլթան Շահրիարին։ Բացի այդ, արևելապաշտական այս սյուիտում պատկերվում են ծովը, տոնախմբությունը Բաղդադում և այլն։ Կոնտրաստային կերպարների այս առատությունը և բազմազանությունը, դրանց համապատասխան թեմաները, մոտիվների համաչափ զարգացումը, կերպարանափոխությունը մեծ վարպետություն են պահանջում բոլոր այս բաղադրիչները օրգանապես միաձուլելու, մեկ «գմբեթի» ներքո հնչեցնելու համար։ Իսկ նվագախմբի ահռելի կազմը առաջ է բերում հնչյունային բալանսի խնդիրներ։ Միով բանիվ, այս սյուիտի նվագախումբը կարելի է բնորոշել որպես գործիքագիտության մի «մենդելեևյան» աղյուսակ, կամ Հեկտոր Բեռլիոզի «Ժամանակակից գործիքավորման մեծ տրակտատի» գեղարվեստական հիմնավորում և ավելին։


Եվ ուրախալի է, որ մեր երիտասարդական նվագախումբը` մեր «օլիմպիական հավաքականը», մաեստրո Սմբատյանի ղեկավարությամբ ոչ միայն կարողանում է հաղթահարել նման դժվարին գործերը, այլև կարողանում է հասնել գեղարվեստական բարձր մակարդակի և երաժշտասերներին էլ հաղորդակից դարձնել մարդու հոգին վեհացնող այդ գլուխգործոցներին, ինչն անհրաժեշտ է առաջիկա Հարության տոնը պատշաճ դիմավորելու համար։

Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 18241

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ