«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Ռոմանոս Գ Արգիրոս (1028-1034)

Ռոմանոս Գ  Արգիրոս (1028-1034)
17.06.2023 | 21:50

1028 թվականին Բյուզանդիայի գահ բարձրացավ Ռոմանոս Գ Արգիրոս կայսրը՝ Արգիրոսների հայկական տոհմից և գահակալեց մինչև 1034 թվականը։

Ռոմանոս Ագիրոսը ծնվել է 968 թվականին՝ Փոքր Հայքում։ Նա Արմենիակների բանակաթեմի մեծ հողատերերից էր, միաժամանակ՝ Արգիրոսների տոհմը մեծ համարում ուներ մայրաքաղաք Կոստանդնուպոլսում։ Արգիրոսներն ազգական էին իշխող Մակեդոնական հարստության գահակալներին։

Մինչև գահ բարձրանալը՝ Ռոմանոս Արգիրոսը սենատոր էր և մայրաքաղաքի էպարքոսը՝ քաղաքապետը։

Նա անվանի գործիչ էր նաև Բյուզանդիայի սահմաններից դուրս, քանզի ազդեցիկ խնամիական կապեր էր ստեղծել՝ իր դուստր Մարիային ամուսնացնելով Վենետիկի դոժ Օրսեոլոյի որդու՝ Պետրոյի հետ։

Ռոմանոս Արգիրոսը գահը ժառանգեց Կոստանդին Ը կայսրից։ Կայսրը երեք դուստր ուներ։ Ավագը՝ Եվդոկիան, մենաստան մտավ, չամուսնացավ։ Իսկ Զոյան և Թեոդորան մեծ էին տարիքով։ Կայսրը կանգ առավ Զոյայի վրա, և 50 ամյա Զոյան 1028 թվականի նոյեմբերի 12-ին ամուսնացավ Ռոմանոսի հետ։

Ռոմանոսը մինչ այդ ամուսնացած էր։ Նա իր կնոջը մենաստան ուղարկեց, Զոյայի հետ պսակվեց և նույն օրն ևեթ կայսր հռչակվեց։ Երեք օր անց Կոստանդին Ը կայսրը մահացավ, և Ռոմանոս Գ Արգիրոսը միահեծան կայսր դարձավ։

Ռոմանոս Արգիրոսին իր ժամանակակիցները նկարագրում են որպես ուսյալ, բարեհոգի անձնավորություն։ Նա, սակայն, ռազմատենչ ու պատերազմիկ չէր, սովոր էր պալատական փափկասուն կյանքին։ Կայսրը հովանավորում էր գիտնականներին, մշակույթի գործիչներին, սիրում էր իրեն շրջապատել խելացի մարդկանցով։ Նրա սիրելի կերպարներն էին Օգոստոս Օգտավիանոս կայսրը և Մարկոս Ավրելիոսը։ Ռոմանոս Արգիրոսը շատ էր ուզում նմանվել այդ կայսրերին, սակայն նրա երազանքը մնաց անկատար։ Արգիրոսը ո՛չ զորավարի տաղանդ ու հմտություն ուներ, ոչ էլ գիտնականի խորաթափանցություն։

Ռոմանոս կայսրը հավատացյալ էր, սիրում էր հոգևորականներին, կատարում նրանց ցանկացած խնդրանք, հոգևորականությանը մեծ պատիվների ու շնորհների էր արժանացնում, կալվածքներ նվիրում։ Նրա կառավարման տարիներին կտրուկ աճեցին եկեղեցիների ու հոգևորականների թվաքանակը։

Արգիրոսը գահ բարձրանալով՝ համաներում հայտարարեց և աքսորից վերադարձրեց այն ազնվականներին, որոնք աքսորված էին նախորդ գահակալների օրոք։

Կայսրը ոսկով փրկագնեց պեչենեգների մոտ գերի պահվող բյուզանդական բանակի զինվորներին։

1030 թվականին կայսրը արշավանք ձեռնարկեց արաբների դեմ դեպի Հալեպ։ Սակայն բյուզանդական բանակը խայտառակ պարտություն կրեց և անկանոն փախուստի դիմեց՝ ողջ գումակն ու գանձարանը թողնելով հաղթողներին։ Կայսրը գերությունից փրկվեց միայն բյուզանդական բանակում ծառայող ռուս և նորվեգացի վարձկանների քաջության շնորհիվ, որոնք շրջապատումից հանեցին Ռոմանոսին։ Կայսրի հրամանով թիկնազորը ձևավորվեց ռուս և նորվեգացի վարձկաններից։ Այս անհաջող փորձից հետո Ռոմանոս Գ Արգիրոսն այլևս որևէ արշավանք չձեռնարկեց։

Նա գանձարանը լցնելու նպատակով բարձրացրեց ժողովրդից գանձվող հարկերը, ինչը դժգոհությունների ալիք բարձրացրեց։

Ռազմական անհաջողությունները Ռոմանոս Գ կայսրի դեմ մեծ ընդդիմություն ձևավորեցին։ Ընդդիմության գլուխ կանգնած էր կայսրի կնոջ քույրը՝ Թեոդորան, և ազդեցիկ ազնվական Կոստանդին Դուկասը։ Կայսրը մենաստան ուղարկեց Թեոդորային, իսկ Դուկասին բանտ նետեց, ուր նա ինքնասպան եղավ։

Ռոմանոսը, չնայած Զոյայի հասուն տարիքին, շատ էր ցանկանում զավակ ունենալ՝ որպես գահի ժառանգորդ։ Նա բազում բժիշկների դիմեց, շատ հմայություններ փորձեց, բայց Զոյան արդեն հիսունն անց էր։ Կայսրը նաև սեր և կիրք չէր տածում Զոյայի հանդեպ ու շուտով դադարեց կատարել ամուսնական պարտականությունները։ Ռոմանոս Գ կայսրը աչք էր փակում Զոյա կայսրուհու սիրային արկածների վրա։ Ինքն էլ սիրուհի ուներ, որին պալատ էր բերել և առանձին հարկաբաժին հատկացրել։ Իսկ Զոյան իր սանձարձակ բնույթով որևէ մեկից չէր թաքցնում իր սիրային կապը երիտասարդ Միքայելի հետ։ Այդ մասին գիտեր նաև Ռոմանոս կայսրը, բայց որևէ նշանակություն չէր տալիս։ Անգամ, երբ պալատականները կայսրին հայտնեցին, թե Զոյան ու Միքայելը դավ են նախապատրաստում իր դեմ, Ռոմանոսը բավական համարեց այդ մասին խոսել Միքայելի հետ։ Եվ լսելով նրա բացատրությունը՝ իրեն լուր տվողներին մեղադրեց, թե վարկաբեկում են ազնիվ երիտասարդին։

Նա Միքայելին դարձրեց իր մտերիմ պալատականներից մեկը։ Հաճախ, երբ Ռոմանոսն ու Զոյան միասին նույն հարկաբաժնում կամ անկողնում էին, կայսրը կանչում էր Միքայելին, որպեսզի վերջինս մերսի կայսրի հիվանդ ու թույլ ոտքերը։

Բայց Զոյան, փառատենչ ու իշխանատենչ Զոյան, չէր բավարարվում միայն ֆավորիտների հետ սիրային արկածներով։ Նա իր ֆավորիտ Միքայելի հետ դանդաղ գործող թույն խմեցրեց ամուսնուն, որի արդյունքում 1033 թվականին Ռոմանոս կայսրը ծանր հիվանդացավ։

Անգամ ծանր հիվանդության ժամանակ կայսրը պետական գործերը չթողեց բարձիթողի և փորձում էր բարեփոխել վարչական ապարատը։ Նա գունատ էր, ինքնուրույն դժվար էր քայլում, մազերը թափվում էին, դժվար էր շնչում և ոտքերը թուլացել էին, և ինչպես նշում է Հովհաննես Սկիլիցես պատմիչը՝ նրան դժվար էր տարբերել դիակից։

1034 թվականի ապրիլի 11-ին Ռոմանոս Գ կայսրը տոնական ընդունելությունից առաջ որոշեց բաղնիք գնալ։ Նա այդ օրը փոքրիշատե լավ էր զգում և ինքնուրույն էր քայլում։

Ցնցուղ ընդունելուց հետո կայսրը լողավազան մտավ իր մերձավորների հետ։ Երբ կայսրը սուզվեց ջրի մեջ, նրա մերձավորները գլուխը բռնեցին և երկար ժամանակ ջրի տակ պահեցին՝ ցանկանալով խեղդել նրան։ Կայսրն անշարժացավ։ Կարծելով, թե նա մահացել է՝ դավադիրները կայսրին թողեցին ջրավազանում և հեռացան։ Քիչ անց կայսրը ուշքի եկավ, օգնություն կանչեց և պահակախմբի զինվորների օգնությամբ տեղափոխվեց պալատի իր հարկաբաժին։

Նրան այցելեց կինը՝ Զոյա կայսրուհին, և հասկանալով, որ կայսրը հոգեվարքի մեջ է՝ անձայն հեռացավ։ Ժամեր ան Ռոմանոս Գ Արգիրոսը մահացավ։

Երբ կայսրի մահն իմանալով պալատ այցելեց Պոլսի պատրիարք Ալեքսեյ Ստուդիտը, և տեսնելով Ռոմանոսի դեմքին բռնության հետքեր, այդ մասին հարցրեց Զոյա կայսրուհուն՝ վերջինս 50 լիտր ոսկի կաշառք տվեց պատրիարքին՝ լռության դիմաց։

Ռոմանոսի դիակը դագաղում դրեցին և եկեղեցի տարան։ Ժողովուրդը վերջին հրաժեշտը տալով կայսրին՝ ահավոր կերպար տեսավ։ Թույնի ազդեցության տակ ժամ առ ժամ դիակը կապտում էր, դեմքի և գլխի մազերը թափվում էին։

Նույն օրն ևեթ Զոյան ամուսնացավ Միքայելի հետ և նրան գահ բարձրացրեց։

Հատված «Բյուզանդիայի հայեիը» գրքից

Վահե ԼՈՌԵՆՑ

Դիտվել է՝ 2299

Մեկնաբանություններ